Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Մայիսին Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը»

«Մայիսին Հայաստանը կարող է ստորագրել  Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը»
11.03.2014 | 00:42

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված ուկրաինական իրադարձություններին Հայաստանի իշխանությունները, կարծես, անտարբեր են: Ինչո՞վ եք դա բացատրում:
-Ամենևին համաձայն չեմ այդ գնահատականին: Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները, որ արտահայտվեր անտարբեր չլինելը: ՀՀ նախագահը Դուբլինում ամեն ինչ ասաց` ՈՒկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև, բայց հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնեն նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Կարծում եմ` դա իրեն արդարացնող և միակ հնարավոր բանաձևն է ոչ միայն այս կոնկրետ իրավիճակում, այլև բոլորի համար և ընդհանրապես: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը: Այս դիրքորոշումը համահունչ է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և օրինաչափ է մեկ անկախ պետության նկատմամբ մեկ այլ անկախ պետության դիրքորոշման համար:
-Հավանական համարո՞ւմ եք ՈՒկրաինայի տրոհումը:
-Քաղաքականությունը հնարավորի արվեստն է` ասված է վաղուց և ասված է դիպուկ: Եթե վերհիշեք ԽՍՀՄ-ի կազմավորման պատմությունը, կհիշեք նաև, որ Ղրիմը Նիկիտա Խրուշչովը, տնտեսական նպատակահարմարության պատճառաբանությամբ, ուղղակի նվիրեց ՈՒկրաինային: Ի վերջո, ռուս և ուկրաինացի ժողովուրդների պատմությունը Կիևյան Ռուսիայի ժամանակներից այնքան է հատվել, որ ցանկացած բաժանում ցավոտ է լինելու կողմերից յուրաքանչյուրի համար: Ես կարծում եմ, որ ուկրաինական իրադարձությունները դեռ լինելու են անորոշության ու անկայունության փուլում: Համենայն դեպս մինչև մայիսին նշանակված նախագահական ընտրությունները: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ ՈՒկրաինայի ժողովուրդը պետք է վճռի իր հետագա ճակատագիրը, և այդ վճիռը պետք է արտահայտի ՈՒկրաինայի և արևելքում, և արևմուտքում ապրողների շահերը:
-Ղրիմի ժողովրդի հանրաքվեն տեղի կունենա այս կիրակի, արդյունքը, կարծես, արդեն հայտնի է: Ազգերի ինքնորոշման սկզբունքի հերթական կիրառումը իր ազդեցությունը կունենա՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` իբրև նախադեպ:
-Իրադարձություններից առաջ չընկնենք: Հանրաքվեն տեղի կունենա, արդյունքները հայտնի կդառնան, այն ժամանակ հնարավոր կլինի գնահատական տալ: Բոլոր դեպքերում, մեկ հակամարտության հաղթահարման տարբերակը մյուս հակամարտությունների դեպքում օգտագործելը համարում եմ աննպատակահարմար: Աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն էլ ունեն նմանություններ ու տարբերություններ, չի կարելի բացարձակացնել ո՛չ նմանությունը, ո՛չ տարբերությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և դա այն ձևաչափն է, որի շրջանակներում հակամարտությունը վաղ թե ուշ գտնելու է իր կարգավորման բանալին: Իհարկե, նախադեպերն ունենում են իրենց քաղաքական, իրավական ու բարոյական ներգործությունը և որոշակի լծակ են, բայց միայն այդ հիմքով հարցերը լուծվել չեն կարող: Սա ցույց է տվել պատմությունը:
-Վերադառնանք Հայաստան. չե՞ք կարծում, որ խորհրդարանում վերջապես սկսում է ընդդիմություն ձևավորվել, օրինակ, կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:
-Գիտեք, ՀՀԿ-ին այնքան են մեղադրել, որ Հայաստանում ընդդիմություն չկա, որ ընդդիմության առկայության Ձեր արձանագրումը ուղղակի ողջունելի է: Թեպետ ես երբեք չեմ համարել, որ ՀՀԿ-ն որևէ մեղք ունի ընդդիմության գոյության կամ չգոյության հարցում, ՀՀԿ-ն միշտ էլ կողմ է եղել ուժեղ ընդդիմության առկայությանը` համարելով, որ դա ուժեղացնում է պետականությունը: Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելուն, ապա ընդդիմությունն ինքն է այդ գործընթացի մեջ խճճվել: Սա` մեկ, և երկրորդ` նոր կառավարությունն էլ ՀՀԿ-ն է կազմավորելու` ՕԵԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում: Այլ հարց է` ինչ ես ցանկանում և ինչ կարող ես անել: Ո՞վ է ստանձնելու երկրի կառավարման պատասխանատվությունը: Ոչիշխանական ուժե՞րը: «Բարգավաճ Հայաստա՞նը», որ խորհրդարանական ընտրություններից մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել իր քաղաքական կարգավիճակի հարցում: Իսկ ԲՀԿ-ն, իր նախագահից սկսած մինչև իր մյուս խոսափողերը, ի՞նչ է առաջարկում, որ ՀՀԿ-ն չի արել կամ չգիտի ինչպես անել: Գիտեք` այլընտրանքային նիշան չափազանց հարմար տեղ է քաղաքականության մեջ` ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն կարգավիճակը հնարավորություն է տալիս ոչ մի հարցում հստակ ոչինչ չասել, բայց միևնույն ժամանակ քննադատել ու քննադատել` առանց պատասխանատվություն կրելու: Բայց քաղաքականության մեջ կա նաև ժամանակ հասկացությունը` հնարավոր չէ անվերջորեն երկու լարի վրա խաղալ ու չդիմազրկվել: Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրախավը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում ձայն տվեց Գագիկ Ծառուկյանին, հաջորդ ընտրություններում արդեն այլ պայմաններում է լինելու, լավ հիշելով թե՛ նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելը, թե՛ անցած ու անցնող տարիներին ԲՀԿ-ի երկիմաստ պահվածքը: Ինչը չներվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, չի ներվելու և Գագիկ Ծառուկյանին, որքան էլ նա ինքնատիպ քաղաքական գործիչ լինի: ԲՀԿ-ն այսօր անազնիվ խաղ է խաղում իր ընտրողների հետ` տալով խոստումներ, որ մտադիր չէ կատարելու:
-Իսկ համեմատությունը Բիձինա Իվանիշվիլու հե՞տ:
-Այդ համեմատությունը ես համարում եմ ոչ կոռեկտ: Ի՞նչ է նշանակում` Գագիկ Ծառուկյանը ևս պիտի հեռանա՞ քաղաքականությունից, ինչպես հեռացել է Բիձինա Իվանիշվիլին:
-Բայց խորհրդարանում միայն ԲՀԿ-ն չի ընդդիմադիր պահվածք դրսևորում:
-ՈՒղղեմ Ձեզ` ոչ թե ընդդիմադիր, այլ ոչիշխանական: Այս եզրույթը լրագրողներդ եք շրջանառության մեջ դրել` ձեր հրապարակումներում արտահայտվելով իշխանական ու ոչիշխանական ուժերի մասին:
-Թերևս, բայց հաստատ` ոչ լավ կյանքից:
-Լավ, թե վատ, դիպուկ բնորոշում է: Եթե ուզում եք անդրադառնալ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», ապա ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթը, իսկ նա արդեն միայն հանրահավաքներում է քաղաքականությանը մասնակցում, ցույց տվեց, որ ՀՀ առաջին նախագահը մնացել է երկրի ու ժամանակի 2007-2008 թթ. ունեցած իր պատկերացումների մեջ` չնկատելով փոփոխությունները, որոնք նույնիսկ նրա մերձավոր շրջապատն է գնահատել: Ընդունեք, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» այլևս չունեն երբեմնի ժողովրդական աջակցությունը, և այդ փաստը բոլորովին էլ իշխանության մեղքով չէ: Իրենց քաղաքական որոշումների ու դիրքորոշումների մեջ պատճառը որոնելու փոխարեն նրանք ընտրել են քաղաքական պատեհապաշտության քաղաքականությունը` մեղադրելով իշխանությանը, այդպես հարմար է: Հաջողության հասնելու համար անգամ ամենաօբյեկտիվ ու անհերքելի քննադատությունը շատ քիչ է, պետք են իրավիճակ փոխելու ռեալ ծրագրեր ու այդ ծրագրերի կենսագործման մեխանիզմներ: Թե որքան են ոչ իշխանական ուժերը հեռու այդ ծրագրերից, չասեմ, ասեմ միայն, որ նրանց քննադատությունն էլ շատ հաճախ օբյեկտիվ չէ: Հիմնականում իրավիճակային է, հիմքում ունենալով զգայական գնահատականներ ու պոպուլիստական բնորոշումներ: Լուրջ չէ, տիկնայք ու պարոնայք, լուրջ չէ, քաղաքականությունը և ճարտասանությունը, անգամ երբ բառերը հևիհև են արտաբերվում ու ջղային, տարբեր հասկացություններ են:
-Դուք համարում եք, որ իշխանությունն անխոցելի է ու անթերի՞:
-Բնավ: Որևէ իշխանություն որևէ երկրում անթերի ու անխոցելի չի եղել ու չի էլ կարող լինել, ուր մնաց Հայաստանում, որտեղ այսքան պրոբլեմներ կան: Իշխանությունն ամեն օր ու ամեն պահի գործ ունի որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտության հետ, որտեղ հաջողություններն ու անհաջողությունները բազում հանգամանքներ են պայմանավորում: Այսօր արվում է հնարավորը եղած պայմաններում, եղած ռեսուրսներով ու ֆինանսներով: Իհարկե, կա նաև արդյունավետ կառավարման խնդիր, որ ունեն անգամ ամենահին ու կայացած ժողովրդավարությունները: Հայաստանում շարունակվում են բարեփոխումները, շարունակվում է կառավարման համակարգի արդյունավետ ձևերի որոնումը, և չտեսնել այդ գործընթացները կամ անխնա քննադատել, նվազագույնը ազնիվ չէ:
-Մաքսային միությանն անդամակցելու որոշումը և՞ս այդ նպատակն ուներ:
-Մաքսային միությանն անդամակցելու որոշման հիմքում անվտանգության խնդիրներն էին, նոր միայն տնտեսական: Արդեն մեծ աշխատանք է կատարված, և հաստատված ժամանակացույցով մայիսին Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որը, հակառակ բոլոր հոռետեսների ու պայծառատեսների, նոր հեռանկարներ է բացելու մեր տնտեսության զարգացման ու ներդրումների համար: Այո, որոշակի ապրանքատեսակների թանկացումներ հնարավոր են, բայց հաստատ է ու ռեալ նաև որոշակի ապրանքատեսակների էժանացումը: Հիմա մոդա է դարձել Մաքսային միությունը պախարակելը, բայց պախարակողներից որևէ մեկը հաշվարկե՞լ է ու կարո՞ղ է ասել, թե ինչքան ու ինչ թանկացումներ էին լինելու Հայաստանի եվրաասոցացման արդյունքում: Չէ՞ որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան դրախտ է միայն դրսից, իսկ ներսից բարձր կենսամակարդակը պահանջում է ապրանքների ու ծառայությունների գների բարձրացում: Իսկ մենք կձգեի՞նք այդքանին: Կլինեի՞ն այդքան ներդրումներ և ինչի՞ դիմաց:
-ՈՒկրաինական իրադարձությունները չե՞ն հետաձգի Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման գործընթացները:
-Կարծում եմ` ոչ: Իհարկե, իրենց ազդեցությունը կունենան, բայց բուն գործընթացը կշարունակվի: ՈՒկրաինան, իր քաղաքական խնդիրների պատճառով, բարդ տնտեսական իրավիճակում է հայտնվել: Գլոբալացված աշխարհում բոլոր երկրներն էլ սերտ շաղկապված են իրենց քաղաքական, սոցիալ-տնտեսական, ֆինանսական հարցերի լուծումների մեջ: ՈՒկրաինան միայնակ չի կարողանում իր կենսապահովման հարցերը լուծել, սա այն հարթակն է, որտեղ Արևմուտքը և Ռուսաստանը կարող են ու պետք է համագործակցեն` ելնելով նաև իրենց շահերից: ՈՒկրաինական տնտեսության անկումը չի կարող չներգործել թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի ապրանքաշրջանառության ու առևտրատնտեսական կապերի վրա: Արդեն իսկ երկու երկրներն էլ միլիարդավոր դոլարների կորուստ են ունեցել: Պարզ է, որ ՈՒկրաինան գնում է դեպի Եվրամիություն, բայց առաջին հերթին ՈՒկրաինայի ու նաև Եվրամիության շահերից է բխում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, այնպես որ, Մաքսային միության հետ այս կամ այն կերպ ՈՒկրաինան հարկադրված է լինելու առնչվել:
-Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը վտանգի տակ չի՞ դնում Մաքսային միությունը:
-Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի քաղաքական մեկուսացում: ՌԴ-ն շարունակում է մնալ միջազգային կառույցների անդամ` պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Սառը պատերազմի ժամանակներն անցել են, 21-րդ դարն է, ժամանակակից տեխնոլոգիաների ու փոխներթափանցված շահերի պարագայում «երկաթե վարագույր» ոչ ոք չի կարող կախել իր սահմանի ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Եթե նկատի ունեք պատժամիջոցների կիրառումը, դեռ հարց է` այդ պատժամիջոցները կկիրառվե՞ն, թե՞ ոչ. սա` մեկ, և երկրորդ` այդ պատժամիջոցներից ո՞վ ավելի կտուժի` սահմանո՞ղը, թե՞ նա, ում նկատմամբ սահմանել են: Այդ հարցում, եթե նկատել եք, ԱՄՆ-ը և Եվրոպան տարբեր դիրքորոշումներ ունեն: Հին աշխարհը, որ ավելի սերտ է ինտեգրված Ռուսաստանի տնտեսության հետ, չի կարող ո՛չ հանուն ՈՒկրաինայի, ո՛չ հանուն որևէ այլ երկրի վտանգել իր էկոնոմիկայի գործունեությունը:
-Սկսեցինք ու վերադարձանք ՈՒկրաինային, իսկ Հայաստանի քաղաքական զարգացումներն ինչպե՞ս եք տեսնում 2014-ի գարնանը:
-ՈՒզում էիք հարցնել` թեժ գարուն է լինելո՞ւ, թե՞ ոչ:
-Ոչ, ես ալերգիա ունեմ այդ «թեժությունից»: Պարզապես ուզում եմ իմանալ` ի՞նչ է մեզ սպասում այս գարնանը:
-Արդեն հիանալի է, որ ցրտերն անցան, գարունը կենսական ուժերի վերադարձի ժամանակ է, ու կարծում եմ` արտառոց ոչինչ չի լինելու, Հայաստանը վստահ, դանդաղ, բայց կայուն ընթացքով գնալու է իր նախանշած ճանապարհով: Հայաստանի հասարակությունը միշտ էլ եղել է ու մնում է կիրթ ու զարգացած, քաղաքացիական շարժումները վկայում են, որ մարդիկ երբեք էլ անտարբեր չեն իրենց երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ և հանձնառու են լավագույն ներկայի ու ապագայի իրենց ծրագրերի կատարմանը: Ինձ հատկապես ուրախացնում է երիտասարդների ակտիվությունը. նրանք չեն հեռանա, նրանք կպայքարեն իրենց երկիրը իրենց նպատակների կատարման վայր դարձնելու համար, ու դա լավագույն երաշխիքն է, որ գարունը, ամառը, աշունը ու բոլոր ժամանակները Հայաստանում ունենալու են մեկ նշանաբան. «Սա Հայաստանն է, ու վերջ»:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ