Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Մայդանը շարունակվում է, որովհետև խնդիրները չեն լուծվել»

«Մայդանը շարունակվում է,  որովհետև խնդիրները չեն լուծվել»
25.02.2014 | 00:29

«Իրատես de facto»-ի հյուրն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով՝ ի՞նչ կատարվեց ՈՒկրաինայում:
-ՈՒկրաինայում գործընթացները շարունակվում են և ասել՝ ինչ կատարվեց, դեռ վաղ է: Փետրվարի 22-ի կեսօրվա դրությամբ ակնհայտ է, որ ՈՒկրաինայում ժողովուրդը պայքարեց իր նպատակների համար և հաջողության հասավ՝ տալով զոհեր: Լուրջ ձեռքբերում էր, որ գործող իշխանությունների հետ ստորագրվեց պայմանագիր կառավարման համակարգի փոփոխության, իրավունքների վերաբաշխման և արտահերթ նախագահական ընտրությունները 2014-ին անցկացնելու մասին, դա թույլ տվեց կանխել հետագա արյունահեղությունը: Ավելին՝ խորհրդարանն իշխանության ղեկավարությունը վերցրեց իր ձեռքը, կայացրեց կարևորագույն որոշումներ իրավապահ մարմինների հետագա գործողությունների վերաբերյալ:
-Կարելի՞ է դա համարել Վիկտոր Յանուկովիչի հրաժարական, ինչին ձգտում էին և՛ ընդդիմությունը, և՛ Արևմուտքը:
-Սկսվեց Յանուկովիչի հրաժարականի գործընթացը, բայց ՈՒկրաինայում միայն այդ խնդիրը չէր դրված: Երկիրը գնում էր համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհով և գտավ թունելում իր լույսը: ՈՒկրաինան իրականացնում է համակարգային փոփոխություններ, ոչ թե բավարարվում է անձերի փոփոխությամբ: Ես կասկած չունեմ, որ հրաժարականը լինելու է: Յանուկովիչը բացառիկ հնարավորություն ուներ համակարգային փոփոխություններ անելու, բայց չարեց:
-Յանուկովիչը քանիցս փորձեց, ինչո՞ւ ձախողվեց:
-Երբ ցանկանում ես՝ անում ես, նա փորձեց խարդախել և խարդավանքներով խուսանավել: Դա ընդունված ճանապարհ է նախկին ԽՍՀՄ տարածքում գործող շատ ղեկավարների համար: Յանուկովիչը չընկալեց, որ ժողովուրդը լուրջ է տրամադրված, և ժամանակ ձգելով՝ ինքը խնդիր չի լուծի, ժողովուրդը չի հոգնի ու հրապարակներից չի հեռանա: Նա և իր շրջապատը ադեկվատ չընկալեցին իրավիճակը և զարգացումները:
-Իբրև սկիզբ նշվում է երկու իրադարձություն. առաջինը, երբ 2013-ի նոյեմբերին ՈՒկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, երկրորդը՝ շատ ավելի վաղ, Յանուկովիչի ընտրության ժամանակ, երբ ՈՒկրաինայում չընտրվեց այն նախագահը, որը կարող էր բարեփոխումներ կատարել: Ո՞րն է սկիզբը:
-Սկիզբը շատ ավելի շուտ էր՝ ուկրաինական առաջին հեղափոխությունը, որը դեռ չի ավարտվել և շարունակվելու է այնքան, քանի դեռ ժողովուրդը չի հասել իր վերջնանպատակին՝ ապրել այնպիսի երկրում, ինչպիսին ցանկանում էր կառուցել առաջին հեղափոխությունից հետո: Այդ ընթացքում եղան աշխարհաքաղաքական գործընթացներ, ներքաղաքական փոփոխություններ, Արևմուտք-Ռուսաստան շահերի բախում տեղի ունեցավ:
-Եթե համեմատեք ՌԴ-ի և ԵՄ-ի պահվածքը այս ընթացքում, չե՞ք կարծում, որ Ռուսաստանը սկսեց ու հետ քաշվեց:
-Ռուսաստանը միշտ փորձում է նպատակին հասնել խարդավանքներով, հետո փորձում է գնել, ապա, որպես կանոն, իր հատուկ ծառայությունների միջոցով այդ խարդավանքներին արյունալի բնույթ է տալիս: Երբ դա էլ չի ստացվում, սկսվում է ռուսական շոկը: Պուտինը հասկացավ, որ Մայդանում կանգնած են մահապարտներ, որ մեռնելուց չեն վախենում: Չեչենական պատերազմում Ռուսաստանը փոքր, բայց կամային ժողովրդի պարտվեց, և դրանից դասեր չքաղելով՝ շարունակում է հովանավորել գործընթացներ, որ ոչ մի տեղ չեն տանում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դադարեցնելու է իր գործողությունները ՈՒկրաինայի տարածքում: Հիմա սկսվում է ամենավտանգավոր շրջանը ՈՒկրաինայում՝ ինչպես անել, որ իրենց որոշումները կայացնեն երկրի ներսում, և խոշոր խաղացողները հնարավորինս չխանգարեն իրենց վճիռները կայացնելիս:
-ԵՄ և ԱՄՆ տարբեր մակարդակների պաշտոնյաներ ակտիվ մասնակցում էին Մայդանի կյանքին՝ բարոյակա՞ն աջակցություն էր, նյութակա՞ն, ֆինանսակա՞ն, գաղափարակա՞ն, ռազմակա՞ն: Նրանք խանգարեցի՞ն, թե՞ օգնեցին ՈՒկրաինային:
-Նրանք չէին կարող մասնակից չլինել Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցող գործընթացներին, երբ ոտքի էր կանգնել ժողովուրդը: Ի վերջո, հարցն առնչվում էր հենց ԵՄ-ին՝ դեպի Եվրոպա ՈՒկրաինայի գնալ-չգնալուն, բնականաբար եվրոպական կառույցները պիտի մասնակցեին և միայն դրական դեր են ունեցել:
-Ռուսաստանը համոզված է, որ Արևմուտքը քաղաքական ճնշում է գործադրել Կիևի վրա և տնտեսապես էլ ի վիճակի չէ ՈՒկրաինայի տնտեսությունը պահել: ՈՒկրաինան Արևելք-Արևմուտք-Ղրիմ և այլ բաժանումների սպառնալիքի առաջ է, որի համար ռուսները մեղադրում են Արևմուտքին: Այդպե՞ս է:
-Ռուսները կարող են մեղադրել բոլորին, բայց լավ կանեն՝ իրենցից սկսեն և վերանայեն իրենց քաղաքականությունը հարևան պետությունների և այլ ժողովուրդների նկատմամբ: Նրանք մինչև հիմա չեն ընկալել, որ ՈՒկրաինան անկախ պետություն է, ընդհանրապես՝ նախկին ԽՍՀՄ տարածքի հանրապետությունները անկախություն են ձեռք բերել և ռուսական ենթակայության տակ չեն, նրանց հետ պետք է ունենալ գործընկերային հարաբերություններ: Քանի դեռ այդ ըմբռնումը չկա, Ռուսաստանը փորձելու է այդ երկրներին թելադրել իր քաղաքականությունը, բայց այդ երկրների ժողովուրդները չեն ուզում վերադառնալ այնտեղ, որտեղից վաղուց դուրս են եկել: Նրանք ուզում են տնօրինել սեփական ճակատագիրն անձամբ: Գնալով այդ ժողովուրդների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կլինի շատ ավելի կոշտ, և դա լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի հետագա մեկուսացման հարցում: Առայժմ Ռուսաստանը շարունակելու է նույն ոգով, որովհետև քաղաքական էլիտան հասունացման ու վերափոխման խնդիր ունի: Միայն այդ գործընթացները կբերեն նոր Ռուսաստանի՝ քաղաքական համակարգի փոփոխության, որը առաջ կտանի աշխարհը՝ քաղաքական նոր փոխհարաբերությունների շրջանակներում:
-Ինչո՞ւ ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը չստորագրեց համաձայնագիրը, ինչո՞ւ Ռուսաստանն իրեն գործընթացից դուրս դրեց:
-Ռուսաստանը հիմա մեղավորներ է որոնում և ամբողջ գործընթացը համարում է իր դեմ՝ չհասկանալով, որ ինքն է ապահովում եվրակառույցների գործողությունները ՈՒկրաինայի ներիշխանական գործընթացներում: Եթե Ռուսաստանը կարողանար խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հեռանկար տալ, այսօր Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ահագնացող անջրպետ չէր առաջանա, և դա է պատճառը, որ Լուկինը չստորագրեց համաձայնագիրը եվրոպացիների պես: Չստորագրեց՝ ունենալով լիբերալ մտածողություն: Բայց ի՞նչ հաստատեց, որ կողմ է արյունահեղությա՞ն: Ռուսաստանը նորից չկարողացավ իր անմիջական հարևանի հանդեպ քաղաքական մտածողություն դրսևորել և իրեն մեկուսացրեց համաշխարհային կառույցներից, հերթական անգամ հաստատեց նրանց տեսակետը, որ ինքը համաշխարհային վտանգ ներկայացնող պետություն է:
-Այնուհանդերձ, ՈՒկրաինան ունի ապրելու խնդիր, որ կսրվի, եթե երկիրը տրոհվի: Չի՞ ստեղծվի վիճակ, որ Եվրոպան կտանի Արևմուտքը, Ռուսաստանը՝ Արևելքն ու Ղրիմը:
-Մի մոռացեք, որ 21-րդ դարն է, աշխարհի քարտեզը փոփոխելը շատ բարդ է այսօր: Չեմ կարծում, որ երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք, նման փոփոխություններ լինում են պատերազմի հետևանքով: Այսօր էլ, իհարկե, կան չլուծված խնդիրներ ու կոնֆլիկտներ, բայց դրանք աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների պատճառ չեն: Աշխարհը քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհներով է լուծում, և ուժերի բալանսը այնպիսին չէ, որ բերի ՈՒկրաինայի բաժանման: ՈՒկրաինական քաղաքական էլիտան որոշումներ կայացնում է՝ ելնելով իր երկրի քաղաքական շահերից: Իշխանություն-ընդդիմություն համաձայնագրի փաստը վկայում է, որ քաղաքական լուծումներ կգտնեն, որը կբացառի տրոհումը: Տրոհման վտանգ Ռուսաստանի կողմից կառաջանար, եթե իշխանությունները ընդդիմության հետ համաձայնության չգային: Խնդիրը հիմա քաղաքական կայունության հաստատումն է, այդ ճանապարհը կպահպանի ՈՒկրաինայի ամբողջականությունը՝ քաղաքական լուծումներ, արտահերթ ընտրություններով լարվածության լիցքաթափում, համակարգային բարեփոխումներով կայունության վերականգնում, մյուս խնդիրները ինքնին կլուծվեն: Ամենահեշտը տնտեսական խնդիրների լուծումն է. և եվրակառույցները կօգնեն, և Ռուսաստանը, որ ուզի-չուզի ՈՒկրաինայի հետ տնտեսական հարաբերություններ պետք է ունենա, որովհետև ՈՒկրաինան Ռուսաստանի և Եվրոպայի արանքում է, և գազատարների զգալի մասն անցնում է ուկրաինական տարածքով:
-ՈՒկրաինայում ընդդիմության առաջնորդները շատ տարանուն են, ակնհայտ է, որ Յուլյա Տիմոշենկոն էլ շուտով նրանց կմիանա, ո՞վ կլինի նախագահի հաջորդ թեկնածուն: Այդ հարցը չի՞ դառնա բաժանարար գիծ:
-Դա իրենց լուծելիք հարցն է: Ես շատ նմանություններ եմ տեսնում 88-ի մեր շարժման և այսօրվա ՈՒկրաինայի հետ: Այն ժամանակ էլ նման գործընթացներ եղան, զենք հայտնվեց մարդկանց ձեռքին, այդ զենքը Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանն էր ուղղված, բայց մի մասն էլ Երևանի փողոցներում էր՝ տարբեր ջոկատների ձեռքին, ի վերջո «Ղարաբաղ կոմիտեն» կարողացավ ձևավորել իշխանություն: Երբ իշխանությունը լեգիտիմ ուժ է դառնում, խնդիրները սկսում են հերթականությամբ լուծվել: Ո՞վ կլինի նախագահի թեկնածու՝ Տիմոշենկո՞ն, Կլիչկո՞ն, Տյագնիբո՞կը, Յացենյո՞ւկը, թե՞ մեկ ուրիշը՝ իրենց որոշելիք խնդիրն է, և իրենք անպայման կորոշեն: Առավել ևս՝ իրենք ոչ թե անձի խնդիր են դնում, այլ ամբողջ երկրի համար համակարգային փոփոխությունների: Հիմա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով փորձում են հավասարակշռել իշխանության թևերը: 2004-ից հետո Յանուկովիչին հաջողվեց սահմանադրական փոփոխություններ անել և իշխանությունը նախագահի ձեռքում կենտրոնացնել, բայց դա այն ճանապարհն էր, որ բերեց Մայդանի: Իր համակարգային փոփոխությունների ընթացքում ՈՒկրաինան պետք է լուծի նաև Մայդանի խնդիրը, բայց Մայդանը կմնա որպես իրենց առաջընթացի հավաքական կենտրոն, ինչպես Հայաստանի համար Ազատության հրապարակն է:
-Հնարավո՞ր է, որ Մայդան ունեցող հաջորդ երկիրը Բելառուսը դառնա:
-Ամեն ինչ հնարավոր է: Այսօրվա Մայդանը նարնջագույն հեղափոխության ավարտված չլինելու հետևանքն է: Բելառուս ժողովուրդն էապես տարբերվում է սլավոնական մյուս ժողովուրդներից: ՈՒկրաինացիները ցույց տվեցին, որ իրենք սլավոնների մեջ դոմինանտության ունակ ուժ են, և այդ ուժը իր ազդեցությունը կունենա ոչ միայն Բելառուսի, այլև Ռուսաստանի վրա, սպասման մեջ գտնվող շատ ժողովուրդների վրա: Ես չեմ ընդունում, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ կախված է ՈՒկրաինայի իրադարձություններից, բայց այդ իրադարձություններն ազդելու են առաջին հերթին անմիջական հարևանների վրա: Այդ պատճառով էլ Ռուսաստանը խիստ անհանգստացած է:
-Արաբական գարունը Հայաստանում ընդդիմադիր տրամադրությունների վերելք առաջացրեց, ուկրաինական ձմեռը նույն ազդեցությունը կունենա՞:
-Ես հեռու եմ այն մտքից, որ ՈՒկրաինայում որոշվում են Հայաստանի խնդիրները: Հայաստանի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանում, ՈՒկրաինայում ուկրաինացիները լուծում են իրենց խնդիրները: Ճակատագրով մենք կապված ենք եղել ընդհանուր մեծ կայսրության մեջ և համարյա միաժամանակ անջատվել ենք այդ կայսրությունից: Հայաստանի իշխանություններն էլ, ընդդիմությունն էլ մտածելու շատ բան ունեն այս գործընթացների հետևանքների մասին: Ի վերջո, Մայդանը շարունակվում է, որովհետև խնդիրները չեն լուծվում, Հայաստանում էլ կան հանգած հրաբուխներ, որ ամեն վայրկյան կարող են ժայթքել: Եթե մեր երկիրն էլ համակարգային փոփոխությունների ճանապարհը չգտնի, մենք էլ կունենանք մայդաններ: Բայց մենք այդ շռայլությունը չենք կարող մեզ թույլ տալ, մենք փոքր ժողովուրդ ենք, և ամեն կորուստ աղետալի է մեր պետականության համար:
-Հայաստանում Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ եվրաինտեգրումը շարունակվում է: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ նոր փաթեթում:
-Եվրոպացիները մեզ առաջարկներ են անում և ասում են՝ ընտրեք: Մենք դեռ չենք կողմնորոշվել մեր ընտրության հարցում: Ընտրության համար պետք է հասկանալ համակարգերի տարբերությունները: Հանրային քննարկումներ, որոնցից Հայաստանը պետք է հասկանար՝ ուր գնալ, չեղան: Անիմաստ է սպասել, որ Եվրոպան անընդհատ պետք է առաջարկներ անի, նաև մենք պիտի առաջարկենք: Բայց մենք չենք առաջարկում:
-Մենք կա՞նք որպես սուբյեկտ, որ առաջարկենք:
-Նախ պետք է վերականգնել ինքնիշխանության կորցրած հնարավորությունները: Օգտագործելով սուբյեկտի կարգավիճակը՝ պետք է կարողանանք ղարաբաղյան հաղթանակների արդյունքները պահել, այդ հաղթանակները պահելով՝ պետք է մեր ինքնիշխանությունը վերականգնենք: Մենք պիտի կողմնորոշվենք՝ մեր երկրի անվտանգության համար ո՞ր ճանապարհն է ավելի հարմար: 21-րդ դարում երկրները պետք է կարողանան գնահատել 21-րդ դարի էությունը: Անընդհատ ինչ-որ օջախներ են ծնվում՝ արաբական գարուն, ուկրաինական ձմեռ, հետո նրանց շուրջը սկսվում են աշխարհաքաղաքական խաղեր, հետո ծագում են էներգետիկ պրոբլեմներ, ճգնաժամեր: Աշխարհը ճգնաժամերը հաղթահարելով՝ առաջ է գնում, մենք պիտի կողմնորոշվենք մեր հնարավորությունները ավելացնելու օգտին, ոչ թե պակասեցնելու: Մենք ոչնչացնում ենք մեր ռեսուրսները, զարգացնելով ոչ թե տնտեսությունը, այլ կոռուպցիան, ինքնիշխանության մասերը տալով օտարներին՝ հասել ենք այն վիճակին, որ սուբյեկտ չենք ընկալվում խոշոր խաղացողների համար: Այս խնդիրները համակարգային փոփոխություններով են լուծվելու: ՈՒկրաինան էլ կորուստների ընթացքում ընկալեց, որ պետք է սուբյեկտ մնա, որ կարողանա իր խնդիրները լուծել: Եվ կլուծի: Մենք էլ այդ հնարավորությունն ունեցել ենք և լուծել ենք շատ խնդիրներ, բայց նաև կորուստներ ենք ունեցել: Կորուստների վերականգնման փուլ պետք է սկսենք, բայց դրա համար այդ ընկալումն ունեցող քաղաքական էլիտա պետք է լինի: Նպատակներ ձևավորող անհատներ ի հայտ գան, որ նախաձեռնեն և իրականացնեն գործընթացը:
-Սերունդ պե՞տք է փոխվի, ուրեմն:
-Ոչ, ինչո՞ւ: Այս սերնդի մեջ էլ ունակ ուժեր կան, պայմաններ լինեն՝ ի հայտ կգան: Որևէ մեկը ժամանակին գիտե՞ր, որ Մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը կդառնա Հայաստանի առաջին նախագահ: Որ «Գարունում» առաջին պատմվածքները տպագրող Վազգեն Սարգսյանը կդառնա երրորդ հանրապետության հաղթանակները կերտող ու Սպարապետ: Բայց եղան: Մթնոլորտ կար: Հիմա մենք ոչնչացնում ենք միջավայրը, որտեղ արժեքներ են ստեղծվում, որտեղ անհատներ են ծնվում: Արժեհամակարգը կորցնելու դեպքում այդ սերնդին մենք փնտրելու ենք տարբեր երկրների տարածքներում: Պիտի վերադարձնենք ու պայմաններ ստեղծենք, որ տեր լինեն որոշակի արժեքների, որը մեր երկիրը իսկապես կդարձնի սուբյեկտ: Դա խոսքերով չի լինում, գործողություններ են պետք: Առաջին հերթին իր նպատակներին հավատացող մարդկանց խումբ պիտի ի հայտ գա:
-Եթե Ռուսաստանի գործոնը չլիներ, ՈՒկրաինան այդպես կհամախմբվե՞ր:
-Եթե Ռուսաստանի գործոնը ՈՒկրաինայում համախմբման բերեց, ի վնաս Հայաստանի է աշխատում: Մենք չենք կարողացել հաղթահարել մեր վախերը: Ռուսաստանը շատ արդյունավետ խաղում է այդ վախերի վրա և մեզ պարտադրում գործողություններ, որ ձեռնտու են իրեն: Եթե մենք Ադրբեջանի հետ պատերազմից չենք վախենում, վախենում ենք Թուրքիայի հետ պատերազմից: Մենք պարզապես որպես անկախ պետություն՝ չենք գիտակցում մեր քաղաքական կշիռը: Անկախ պետությունների հետ պատերազմները և ցեղասպանութունները հնարավոր են դառնում, երբ դու սխալ աշխարհաքաղաքական խաղերի տիրույթում ես հայտնվում: Մեր ուժերն ավելացնելու փոխարեն, մենք անընդհատ պակասեցնում ենք ու հայտնվում վախերի շրջանակում, իսկ վախեցած ժողովուրդներին շատ հեշտ է կառավարել, և Ռուսաստանը դա շատ լավ օգտագործում է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ