Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«21-րդ դարում երկրները պետք է կարողանան գնահատել 21-րդ դարի էությունը»

«21-րդ դարում երկրները պետք է կարողանան գնահատել 21-րդ դարի էությունը»
24.02.2014 | 13:25

Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին խնդրեցի անվանել մեր առաջնահերթ խնդիրը.


-Նախ պետք է վերականգնել ինքնիշխանության կորցրած հնարավորությունները: Օգտագործելով սուբյեկտի կարգավիճակը՝ պետք է կարողանանք ղարաբաղյան հաղթանակների արդյունքները պահել, այդ հաղթանակները պահելով՝ պետք է մեր ինքնիշխանությունը վերականգնենք: Մենք պիտի կողմնորոշվենք՝ մեր երկրի անվտանգության համար ո՞ր ճանապարհն է ավելի հարմար: 21-րդ դարում երկրները պետք է կարողանան գնահատել 21-րդ դարի էությունը: Անընդհատ ինչ-որ օջախներ են ծնվում՝ արաբական գարուն, ուկրաինական ձմեռ, հետո նրանց շուրջ սկսվում են աշխարհաքաղաքական խաղեր, հետո ծագում են էներգետիկ պրոբլեմներ, ճգնաժամեր: Աշխարհը ճգնաժամերը հաղթահարելով՝ առաջ է գնում, մենք պիտի կողմնորոշվենք մեր հնարավորությունները ավելացնելու օգտին, ոչ թե պակասեցնելու: Մենք ոչնչացնում ենք մեր ռեսուրսները, զարգացնելով ոչ թե տնտեսությունը, այլ կոռուպցիան, ինքնիշխանության մասերը տալով օտարներին՝ հասել ենք այն վիճակին, որ սուբյեկտ չենք ընկալվում խոշոր խաղացողների համար: Այս խնդիրները համակարգային փոփոխություններով են լուծվելու: ՈՒկրաինան էլ կորուստների ընթացքում ընկալեց, որ պետք է սուբյեկտ մնա, որ կարողանա իր խնդիրները լուծել: Եվ՝ կլուծի: Մենք էլ այդ հնարավորությունն ունեցել ենք և լուծել ենք շատ խնդիրներ, բայց նաև կորուստներ ենք ունեցել: Կորուստների վերականգնման փուլ պետք է սկսենք, բայց դրա համար այդ ընկալումն ունեցող քաղաքական էլիտա պետք է լինի: Նպատակներ ձևավորող անհատներ ի հայտ գան, որ նախաձեռնեն և իրականացնեն գործընթացը:
-Սերունդ պե՞տք է փոխվի, ուրեմն:
-Ոչ, ինչո՞ւ: Այս սերնդի մեջ էլ ունակ ուժեր կան, պայմաններ լինեն՝ ի հայտ կգան: Որևէ մեկը ժամանակին գիտե՞ր, որ Մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը կդառնա Հայաստանի առաջին նախագահ: Որ «Գարունում» առաջին պատմվածքները տպագրող Վազգեն Սարգսյանը կդառնա երրորդ հանրապետության հաղթանակները կերտող ու Սպարապետ: Բայց՝ եղան: Մթնոլորտ կար: Հիմա մենք ոչնչացնում ենք միջավայրը, որտեղ արժեքներ են ստեղծվում, որտեղ անհատներ են ծնվում: Արժեհամակարգը կորցնելու դեպքում այդ սերնդին մենք փնտրելու ենք տարբեր երկրների տարածքներում: Պիտի վերադարձնենք ու պայմաններ ստեղծենք, որ տեր լինեն որոշակի արժեքների, որը մեր երկիրը իսկապես կդարձնի սուբյեկտ: Դա խոսքերով չի լինում, գործողություններ են պետք: Առաջին հերթին իր նպատակներին հավատացող մարդկանց խումբ պիտի ի հայտ գա:
-Եթե Ռուսաստանի գործոնը չլիներ, ՈՒկրաինան այդպես կհամախմբվե՞ր:
-Եթե Ռուսաստանի գործոնը ՈՒկրաինայում համախմբման բերեց, ի վնաս Հայաստանի է աշխատում: Մենք չենք կարողացել հաղթահարել մեր վախերը: Ռուսաստանը շատ արդյունավետ խաղում է այդ վախերի վրա և մեզ պարտադրում գործողություններ, որ ձեռնտու են իրեն: Եթե մենք Ադրբեջանի հետ պատերազմից չենք վախենում, վախենում ենք Թուրքիայի հետ պատերազմից: Մենք պարզապես որպես անկախ պետություն՝ չենք գիտակցում մեր քաղաքական կշիռը: Անկախ պետությունների հետ պատերազմները և ցեղասպանությունները հնարավոր են դառնում, երբ դու սխալ աշխարհաքաղաքական խաղերի տիրույթում ես հայտնվում: Մեր ուժերն ավելացնելու փոխարեն, մենք անընդհատ պակասեցնում ենք ու հայտնվում վախերի շրջանակում, իսկ վախեցած ժողովուրդներին շատ հեշտ է կառավարել, և Ռուսաստանը դա շատ լավ օգտագործում է:


Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի փետրվարի 25-ի համարում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ