Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Եթե նրանք խոսափող լինելն են համարում իրենց դերը, մենք մեր դերը տեսնում ենք գործ անելու մեջ»

«Եթե նրանք խոսափող լինելն են  համարում իրենց դերը, մենք մեր դերը տեսնում ենք գործ անելու մեջ»
17.02.2014 | 22:58

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Շաբաթ օրը երկու համագումար եղավ, Ձեր կարծիքով՝ ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ կային:
-Երկու համագումարներն էլ, բնականաբար, պետք է անդրադառնային երկրի համար կենսական ու կարևոր հարցերի: ԵԿՄ համագումարը ոչ քաղաքական կազմակերպության աշխատանքների ամփոփում էր, կազմակերպության, որ ստեղծվել է երկրի համար օրհասական պայքարի օրերին և համախմբել է մարդկանց, ովքեր վասն հայրենյաց վայրկյան անգամ չեն հապաղել պայքարի դուրս գալ, գիտակցել են, որ իրենց պայքարով է կայանալու ու ամրանալու Հայաստանի պետականությունը: Հրաշալի է, որ հայ ժողովուրդը ունի իր երկրապահ-զավակ տեսակը և, ղարաբաղյան ազատագրական շարժման ծնունդ այս Միությունը քսան և ավելի տարիներ հավատարիմ և համախմբված է պետականության գաղափարի շուրջ ու իր մեծագույն դերակատարությունն է ունեցել և ունի մեր երկրում: Լինելով ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակահատվածում չհանգած հրաբխի վրա ապրող երկիր, պիտի կարևորենք երկրապահի գոյությունն ու ներկայությունը, հայոց բանակի և երկրապահի անքակտելի կապը: Այդ խնդիրներին անդրադարձավ ՀՀ նախագահը, և երկրի համար կարևոր խոսք հնչեց՝ ոչ միայն երկրապահի դերի և կատարած աշխատանքի գնահատական, այլև բնութագիրը թե մեր անցած ճանապարհի, թե անցնելիքի: Բացառիկ էր նաև նախագահի հետ ուղղակի հարց ու պատասխանը՝ ձևաչափն աննախադեպ էր, բայց և բնորոշ երկրապահների հետ բաց և ազատ անկաշկանդ զրույցի համար:
-Չե՞ք կարծում, որ ԵԿՄ համագումարը հիշեցնում էր ՀՀԿ համագումար:
-Ես կարդացել եմ համագումարի վերաբերյալ տարբեր գնահատականներ մամուլում և այդ գնահատականների մեջ, անկեղծ ասած, ոչ թե իրադարձության գնահատում, այլ չարության հերթական դրսևորում եմ տեսնում, որովհետև նախ ՀՀԿ-ի անդամների զգալի մասն իրենց լուրջ ներդրումն են ունեցել և Արցախյան ազատամարտում, և ազգային-ազատագրական պայքարում, ու բոլորովին զարմանալի չէ, որ ԵԿՄ համագումարին ՀՀԿ-ականներ կային: ՀՀԿ-ն այսօր ստանձնել է երկրի կառավարման պատասխանատվությունը և բնական է, որ բոլոր կարևորագույն հիմնախնդիրների լուծումը ակնկալվում է ՀՀԿ-ից, բացի այդ, ՀՀ նախագահը նաև ՀՀԿ նախագահն է և ԵԿՄ անդամ ու արցախյան պայքարում մեծագույն ներդրում ունեցող անձ, ուստի զարմանալի ոչինչ չկար: Ի վերջո, ընկալման խնդիր է, ինչպես ՀՀ նախագահն ասաց: Չարությունը բոլորովին չեմ ընդունում և անթույլատրելի եմ համարում, երբ խոսքն ու գործը երկրի համար կենսական խնդիրների են վերաբերում, այդ խնդիրները լուծող ու լուծած մարդկանց:
-Չե՞ք կարծում, որ համագումարում ՀՀ նախագահը սենսացիոն հայտարարություն արեց գազային համաձայնագրի վերաբերյալ՝ եթե այլընտրանք լինի, ինքը կարող է համաձայնագիրը հետ կանչել:
-Ես կարծում եմ, որ մինչև այդ հայտարարությունը նախագահն ավելի կարևոր և էական հայտարարություններ արեց պարզ իրողությունների մասին, որոնք չարչրկվում ու շահարկվում են, ինչ-ինչ շահերից ու մտադրություններից ելնելով նենգափոխվում: Խոսքը վերաբերում է գազային համաձայնագրի բուն էությանը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ կլիներ երկրում, եթե բանակցությունները չտային այս արդյունքը և մենք չունենայինք այս պայմանագիրը, ինչ կկատարվեր սպառողների ընտանեկան բյուջեի հետ, ինչ կկատարվեր տնտեսավարողների, նրանց արտադրությունների, տնտեսական զարգացման հարցերի հետ, մամուլում ինչ աղմուկ կբարձրանար ամեն ինչ ձախողելու ու կործանելու պատրվակով: Մի քանի ամիս առաջ խորհրդարանը հատուկ նիստում քննարկեց գազի սակագնի հարցերը: Բոլորս հիշում ենք՝ ինչ հայտարարություններ, վերլուծություններ ու կանխատեսումներ էին հնչում Հայաստանի մոտալուտ վախճանի մասին: Ոմանց թվում է՝ ամեն ինչ կախարդական փայտիկի հարվածով է կատարվում: Փաստորեն՝ կարողացանք բանակցությունները վարել մեզ համար նպաստավոր ելքով, գազի գինը չբարձրացավ, մենք հասանք ռուսական կողմի լուրջ ու էական զիջումներին:
-Նկատի ունեք գազի սպառման դիմաց պարտքի մարման տարբերա՞կը:
-Գազն ու էլեկտրաէներգիան համակարգաստեղծ ապրանքներ են, հաշվեք՝ սպառողական գների ինչ փոփոխություններ կլինեին: Շատ շուտ մոռացաք, ինչպես Սերժ Սարգսյանը նկատեց, բարձրացված աղմուկի մեջ արդեն ոչ մեկին գազի սակագինը, կարծես, չի հետաքրքրում: Իսկ պարտքի մարումը կատարվել է էական նշանակություն չունեցող, կարելի է ասել սիմվոլիկ դեր և արժեք ունեցող բաժնետոմսերի 20 տոկոսով, որոնց մասին տարիներ շարունակ ոչ մեկը չէր էլ հիշում: Միայն այս պահին արժևորեցին: Այսինքն՝ ոմանց համար կարևորը ոչ թե մարդու կենսամակարդակն է, ՀՀ քաղաքացու կյանքի որակը, այլ՝ ուրիշ էլ ինչի՞ մեջ կարելի է մեղադրել ՀՀԿ-ին:
-Ո՞րն է այդ վերաբերմունքի պատճառը:
-Պատճառն այն է, որ քաղաքական դաշտում կան նաև անազնիվ խաղացողներ, որ իրենց խմբային կամ անձնական շահերը վերադասում են ժողովրդի և երկրի շահերից, պատրաստ են ցանկացած որակում տալ՝ միայն հնչեղ լինի և իշխանություններին ամեն ինչում մեղադրեն: Այս օրերին ինչ ասես ասվեց ¥լեզուն ոսկոր չունի¤, աջ ու ձախ, թե խորհրդարանի քննարկումների, թե միտինգների ժամանակ «վասալային պայմանագիր» էին որակում գազային համաձայնագիրը: Ո՞րն է վասալայինը, որ մի երկիր մեկ այլ երկրի գազ է վաճառում այն գնով, ինչ ինքն է իր քաղաքացուն տալի՞ս, ապրանք է վաճառում իր ներքին գնով: Մնում էր միայն նվեր տային, սա՞ է վասալայինը: Ամոթ է, չէ՞:
-Իսկ համաձայնագրի երեսուն տարի՞ն:
-30 տարին իր տնտեսական հիմնավորումն ունի: Բայց մեր այսօրվա այլընտրանքային տեսակետներ հայտնող գործընկերներն ինչո՞ւ չեն հիշում, որ ոչ վաղ անցյալում էլ ունեցել ենք պայմանագրեր ու կոնցեսիաներ 30-35 տարով, և նրանք, որ ներկայացված էին գործադիր իշխանությունում, կային քաղաքական դաշտում, բոլորովին չէին զարմանում, չէին զայրանում, չէին առարկում, ահավոր աղետ չէին որակում:
-Հիմա իրավիճա՞կ է փոխվել:
-Հավանաբար, իշխանություն են եղել և համարել են, որ ճիշտ է, նաև իրենց շահերն է պաշտպանում, հիմա իշխանությունից դուրս են, ուրեմն այն ամենը, ինչ իշխանությունն անում է, չարությամբ ու մեղադրանքներով պիտի ընդունեն: Երկաթգիծը կառավարման ենք տվել 35 տարով, և պայմանագիրն էլ այնպիսինն էր, որ մեզ համար բազմաթիվ լրացումների կարիք եղավ և այսօրվա մեր այլընտրանքային գործընկեր պարոն Օսկանյանը, այն ժամանակվա արտգործնախարարը, բոլորովին չէր բորբոքվում, ողջունում էր:
-Եթե համեմատում ենք ԲՀԿ համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը ծրագրային ելույթ ունեցավ, և ԵԿՄ համագումարը, որտեղ Սերժ Սարգսյանի ելույթը չէր հավակնում ծրագրային լինել՝ իրավիճակի առումով, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև մեկ տարբերություն կա՝ տրամագծորեն տարբեր վերաբերմունք պարտադիր կուտակային համակարգին: Դա այն հի՞մքն է, որ կառավարության հրաժարականի հարց բարձրացվի:
-Ընդամենը երեք տարի առաջ ԲՀԿ-ի գործընկերները խորհրդարանում ողջունում էին կենսաթոշակային բարեփոխումը և խմբակցության անունից ելույթում տիկին Նաիրա Զոհրաբյանը բառացիորեն ասում էր, որ գործող համակարգը արդյունավետ չէ, և բացարձակ անհրաժեշտ է բարեփոխումը, որովհետև գործող համակարգը խզում է մարդու աշխատանքի արդյունքների և ստանալիք կենսաթոշակի միջև կապը: Որևէ մեկը ԲՀԿ խմբակցությունից ոչ խորհրդարանական քննարկումներում, ոչ մամուլում չի ասել, որ իրենք դեմ են բարեփոխմանը, սխալ են համարում, կամ կարծում են, որ դեռ ժամանակը չէ: Որևէ մեկը դեմ կամ ձեռնպահ չի քվեարկել: Այդ ընթացքում օրինագիծը գզրոցում փակված չի եղել, քննարկվել է, աշխատանք է կատարվել և զարմանալի է, որ այսօր դիրքորոշման արմատական փոփոխություն է կատարվում: Ինչո՞վ կարող է դա բացատրվել՝ բացի նրանից, որ ԲՀԿ-ն այլևս իշխանության մեջ չէ:
-ԲՀԿ համագումարից սպասվում էր, որ Գագիկ Ծառուկյանը վերջապես կասի՝ գնում ենք դեպի իշխանություն կամ գնում ենք դեպի ընդդիմություն, բայց նա հերթական անգամ ասաց՝ դառնալու ենք ժողովրդի խոսափողը: Անշնորհակալ գործ չէ՞:
-Ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում իր ասելիքն ու անելիքը: Եթե նրանք խոսափող լինելն են համարում իրենց դերը, մենք մեր դերը տեսնում ենք գործ անելու մեջ: ՀՀ նախագահը ԵԿՄ համագումարում շատ լավ ասաց՝ ոչ ծնկներին խփելով է հարց լուծվում, ոչ էլ նվնվալով, այլ գործ անելով: Ես Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթում որևէ թեմա չգտա, որ ՀՀԿ-ն որպես իշխանություն չի նշել իբրև խնդիր ու լուծումները գտնելու ու տալու կամք չի ցուցաբերել ու բարձրաձայնել: Այնպես որ՝ խոսափողի կարիք էլ առանձնապես չի զգացվում: Խոսափողի կարիք կլիներ, եթե խնդիրները շրջանցվեին կամ լռության ու անուշադրության մատնվեին: Մենք տարբերվում ենք նրանով, որ կարողանում ենք սթափ գնահատել իրավիճակը, իրերն անվանել իրենց անուններով, խնդիրները բարձրաձայնել և լուծումներ գտնել: Իհարկե, հիվանդության ախտորոշումը շատ կարևոր է, բայց հիվանդին բուժումն է ոտքի կանգնեցնում:
-ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը բառ անգամ չասաց Մաքսային միությանն անդամակցության մասին, բայց հետհամագումարյան ճեպազրույցում նրա խոսափողները հիմնավորում էին, թե ինչով է վտանգավոր ՄՄ-ն Հայաստանի համար: Տարակուսելի չէ՞, ո՞րը համարել ԲՀԿ-ի տեսակետ:
-Տարակուսելի է ոչ թե Գագիկ Ծառուկյանի լռությունը (նրա դիրքորոշումը հայտնի է, առանց օսկանյանական դեմագոգիաների, նա շատ էլ լավ գիտակցում է ճիշտ քայլը): ԲՀԿ նախագահը բազմիցս ողջունել է ինչպես Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը, այնպես էլ ՌԴ-Բելառուս համագործակցությունը, և այլն, և այլն: Այս թեմայով բազմաթիվ հրապարակումներ եղել են: Համագումարի ծրագրային ելույթում որևէ բառ այս մասին չկա, բայց կան նրա, ինչպես Դուք եք անվանում, «խոսափողների» մեկնաբանությունները: Երբ 2013-ի մայիսին հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության նիստում ՌԴ Պետական Դումայում և Բելգորոդի մարզում ռուսաստանցի մեր գործընկերների հետ քննարկում էինք, թե ինչ խնդիրներ կարող են ծագել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, ԲՀԿ-ի մեր գործընկերներն այնպիսի հուզական ելույթներ էին ունենում, այնպիսի մեղադրանքներ էին ուղղում մեզ՝ կո՞ւյր եք, չե՞ք տեսնում, որ ճանապարհը միայն Ռուսաստանն է, պետք է ռուսների հետ լինել, Ռուսաստանն այն երկիրն է, որ այսպիսի շուկա ունի, այսքան կիլոմետրերով երկաթուղի (տեսագրությունը կա), մեղադրում էին, որ դժվարացնում ենք, պրոբլեմներ ու խութեր ենք տեսնում, այսօր, երբ մենք ՄՄ-ին միանալու որոշում կայացրինք, նորից են մեզ մեղադրում: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է՝ չկա դիրքորոշում, չկա սկզբունք, կա պարզապես այլընտրանք լինելու ցանկություն, և իշխանությանը միշտ ու ամեն ինչում մեղադրելու որոշում:
-ՄՄ-ին միանալը իսկապե՞ս անհրաժեշտություն էր Հայաստանի համար:
-Բազմիցս ասվել է, որ ամենակարևորը անվտանգության ապահովման խնդիրն է: Եթե հարցն է՝ ՄՄ մտնելը շահավետ է, թե ոչ, միմիայն անվտանգության ապահովման բաղադրիչով ակնհայտ է, որ շահավետ է: Իբրև տնտեսական միություն, բնականաբար, ՄՄ-ն ունի որոշակի պայմաններ, և մենք պետք է կարողանանք գտնել մեզ համար առավել շահավետ լուծումներ: Դրանով են այսօր զբաղված իշխանությունը, կառավարությունը: Իսկ ինչ է, մեկ այլ ձևաչափում ինտեգրվելու դեպքում մեզ միայն շոկոլադե կոնֆետնե՞ր էին սպասում: Այն ժամանակ, երբ մյուս ուժերը պարզապես մեղադրում են, կամ «չեն կողմնորոշվում» իրենց ցանկությունների մեջ, մենք աշխատում ենք գտնել առավելագույն շահավետության բանաձևը: Մենք շատ լավ հասկանում ենք, որ որոշ ապրանքներ կթանկանան, որոշ ապրանքներ կէժանանան: Բնականաբար, հաշվի են առնվում նաև այս կամ այն ապրանքատեսակի գծով Հայաստանի սպառման պահանջները և ծավալները: Վստահ եղեք, հատուկ աշխատանք է կատարվում, որ էժանանան համակարգաստեղծ ապրանքները, որ ռազմավարական նշանակություն ունեն տնտեսության ու սպառողի համար և պահանջարկի մեծ ծավալներ ու կարևորություն ունեն: Կատարվող աշխատանքի նպատակն է հնարավորինս շահավետ պայմաններ ստանալը: Մաքսային միության մեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ նաև խոսել ենք այդ թեմայով, և նրանք այս գործընթացը նկարագրում էին, որ հիմա կառավարության ֆինանսական և տնտեսական գերատեսչությունները պիտի սկսեն պայքար ամեն տողի, ամեն ապրանքատեսակի համար, քննարկումներ, հիմնավորումներ, առևտուր, որպեսզի կարողանան իրենց տնտեսությունների համար լավագույն պայմանների հասնել: Այդ ճանապարհով անցել են այսօրվա ՄՄ-ի անդամները: Մյուս կողմից, հսկայական շուկա է բացվում մեր արտադրողների առաջ, իսկ սպառման շուկան տնտեսության գլխավոր խնդիրն է, որովհետև սպառումն է որոշում արտադրության զարգացումը: Մենք 3-միլիոնանոց փոքր շուկա ենք, ճանապարհներ չունենք և շրջափակման մեջ ենք: Երբ համադրում ենք մեր տնտեսական վիճակից բխող հնարավորություններն ու բացվող հեռանկարները, անհամեմատելի պատկեր ենք ստանում: Մի քանի անգամ ասել եմ, ՄՄ-ի 200-միլիոնանոց սպառողական շուկայում, ազատվելով արտահանման հետ կապված ֆինանսական ծախսերից և թղթաբանական-բյուրոկրատական պահանջներից (որ տնտեսավարողի համար պակաս կարևոր չէ), մեր տնտեսվարողները հսկայական տնտեսական տարածքում հայտնվում են բավականին շահեկան, այդ տարածքի տնտեսավարողների պայմաններին հավասարվող պայմաններով:
-Խորհրդարանի ընդդիմադիր չորս կուսակցություններ առաջիկա քառօրյայում կարող են բարձրացնել վարչապետի հրաժարականի հարցը: Ռեալ համարո՞ւմ եք նախաձեռնությունը, թե՞ դա հերթական անգամ ընդդիմադիր կեցվածքի դրսևորում է:
-Կարծում եմ, որ, բացի ընդդիմադիր կեցվածքի դրսևորումից, այլ խնդիր չկա: Զարգացումները մեր երկրում, քաղաքացիական հասարակության պահվածքը վկայում են, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տենդագին վիճակի մեջ են, որովհետև զգում են, որ դուրս են մնում քաղաքական գործընթացներից և լուրջ վտանգ է առաջացել լուսանցքից դուրս մնալու: Մանավանդ որ ներսից էլ լրջորեն քայքայված են: Կառավարության հրաժարականի պահանջը նաև տենդագին վիճակում ձեռքները փրփուրին գցելու քայլ է: Մեծամասնությունը դրան էլ պատրաստ է, նույնիսկ եթե ֆանտաստիկ բան կատարվի ՝ չորս կուսակցությունների համաձայնությունը կայանա, որ բոլորովին էլ ռեալ չէ (մի ամիս է՝ մի հարցի շուրջ չեն կարողանում մի հայտարարի գալ)՝ բացի մեր դեմ միավորվելուց այլ ընդհանրություն նրանք չունեն: Վաղուց հայտնի է, որ ընդդեմ միավորումները ոչինչ չեն ստեղծում:
-Կմիավորվեն, թե ոչ, ինչ կանեն-չեն անի, երկրում բավականաչափ խնդիրներ կան, ի՞նչ է անելու ՀՀԿ-ն:
-ՀՀԿ-ն անելու է՝ ինչ մինչ օրս արել է, այսինքն՝ տեսնել, գնահատել խնդիրները և լուծել: Գազի պայմանագիրը այդ լուծումներից մեկն է, լուծում, որը թույլ է տալիս առաջիկա հինգ տարում ունենալ կայուն իրավիճակ, որը շատ կարևոր է տնտեսության համար, սպառողների համար: Հիշեք վերջին տարիները, երբ ամեն գարնան սկսվում էին խոսակցությունները՝ Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի, պատկերացրեք տնտեսավարողի վիճակը, որ փորձում է կանխատեսել ու հասկանալ՝ իր արտադրության հետ ինչ կլինի, իր արտադրանքը ինչ գին կունենա, ինչպես կսպառվի: Մենք ունենք մինչև 30 տարով գազային պրոբլեմներ չունենալու կայուն երաշխիքներ, ուրեմն և՝ տնտեսության զարգացման:

-Պարտադիր կուտակային համակարգը որքան էլ վաղվա խնդիրներ լուծի, չե՞ք կարծում, որ այսօր է ապրելը դժվարացնում:
-Եկեք հասկանանք հարցի գինը՝ աշխատավարձի 5 տոկոս: Այսօր էլ կենսաթոշակային հիմնադրամին վճարումներ են կատարվում, ընդ որում՝ վճարում ես՝ չիմանալով ո՞ւմ, պետական բյուջեի ո՞ր հաշվին, ինչպե՞ս է այդ գումարը կառավարվում, ի՞նչ է կատարվում այդ փողի հետ: Պարտաճանաչ քաղաքացին վճարում է հարկը և չգիտի՝ ինչ է լինում հետո: Այսօրվա թոշակառուները նույն պարտաճանաչությամբ տասնամյակներ վճարել են՝ չիմանալով ուր գնացին ու ինչ եղան իրենց փողերը, հնարավորություն չունենալով վերահսկել, այսօր ոչ ոք չի կարող ասել 30-40 տարի աշխատել է, բարձր աշխատավարձ է ստացել, բայց ցածր կենսաթոշակ է ստանում, ինչո՞ւ: Փոխարենը ստեղծվում է մի համակարգ, որը բաց ու թափանցիկ է լինելու, անվանական, և դու ամեն օր կարող ես վերահսկել քո գումարը, հիմնադրամի կառավարչին չես ուզում՝ կարող ես կառավարչին փոխել, քո հնարավորությունները անհամեմատ լուրջ են ու էական, դու ստանում ես համակարգի աշխատանքին մասնակցելու ու նրա վրա ներգործելու հնարավորություն՝ առաջին: Երկրորդ՝ գումարային խնդիրը, պետությունն ավելացնելու է 5 տոկոս քո վճարումին: Ես չեմ ասում, որ բազմաթիվ ձեռնարկություններ բարձրացրել են իրենց վճարումները, գոնե այնքան, որքան աշխատողը «կորցնելու» է իր հինգ տոկոս վճարման պատճառով: Ընդամենը 3-4 ամիս հետո լինելու է պետական համակարգի աշխատողների (շուրջ 200 հազար մարդ) աշխատավարձերի բարձրացում, այսինքն՝ եկեք կշեռքի մի նժարին դնենք վճարումները վերահսկելու հնարավորությունը և պետության 5 տոկոսի հավելումը, մյուս նժարին՝ 5 տոկոս պահումը: Ո՞րն է ավելին:
-Խնդիրը ոչ այնքան ֆինանսական է, որքան վստահություն չկա, որ համակարգը կգործի և կգործի կատարած վճարին համարժեք հետդարձով:
-Իսկ այսօր, երբ այդ 5 տոկոսը չես տալիս և հին համակարգով ես վճարումդ կատարում, ունե՞ս այդ վստահությունը:
-Չունեմ, բայց առանձնապես սպասելիք էլ չունեմ:
-Սպասելիք արդեն կարող ես ունենալ, որովհետև այլևս ռեալ գործիք ունես, գործող համակարգի պայմաններում երկար տարիներ փողը տվել են չիմանալով՝ ինչ է լինելու, այդ համակարգը ԽՍՀՄ-ից ենք ժառանգել, նաև եվրոպական երկրներն են վաղուց արդեն անցել այդ եղանակին: Այսինքն՝ ԽՍՀՄ-ն անվստահելի էր, այսօրվա իշխանությունն անվստահելի է, վաղվա իշխանությունն էլի անվստահելի է լինելու, ուրեմն պիտի նստենք ու ասենք՝ քանի որ բոլորը համատարած անվստահելի են, բացի այս չորս ընդդիմադիր վստահելի ուժերից, ոչինչ պետք չէ անե՞լ ու ոչնչի մասին պետք չէ մտածե՞լ: Այսօրվա իշխանությունն այդպես չի մտածում: Այսօրվա իշխանությունն ունի այդքան քաղաքական կամք ու համարձակություն, որ ստանձնի պատասխանատվությունն ու իր հեղինակության, իր իմիջի գնով սկսի մի բարեփոխում, որի արդյունքները ստանալու են բոլորովին այլ կառավարություններ, բայց վայելելու է հայ մարդը 20-25 տարի հետո:

Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ