Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Մաքսային միության անդամակցության և Եվրամիության հետ ասոցացման միջև Հայաստանն ընտրում է ՀԱՊԿ-ը»

«Մաքսային միության անդամակցության և Եվրամիության հետ ասոցացման միջև Հայաստանն ընտրում է ՀԱՊԿ-ը»
14.02.2014 | 01:53

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ անդամակցումը Մաքսային միությանը, տնտեսականից բացի, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում, հնարավոր համարո՞ւմ եք, որ մնացած ոլորտներում ռուսական մոդելն աստիճանաբար պարտադրվի մեզ:
-Ես ընդհանրապես չեմ կարծում, որ Մաքսային միությանն անդամակցումը լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, որովհետև այդ որոշումը ես համարում եմ քաղաքական: Դա ոչ միայն և ոչ այնքան տնտեսական որոշում էր մեզ համար: Իսկ Ռուսաստանի համար Հայաստանի տնտեսությունը լուրջ տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում, մենք ՈՒկրաինա չենք, ոչ էլ անգամ Բելառուս: Բելառուսը Ռուսաստանի համար մեծ մասամբ տնտեսական բեռ է, բայց այնտեղ կան տնտեսության ոլորտներ, որ Ռուսաստանի համար կարևոր են: Հայաստանն այդ որոշումն ընդունել է՝ ելնելով անվտանգության ոլորտի, ոչ թե տնտեսության գերակայություններից: Երբ կա անվտանգության հարցը, Հայաստանի համար որոշում ընդունելու միջակայքը ոչ թե փոքրանում, այլ անհետանում է: ՈՒկրաինան, Վրաստանը, Մոլդովան չունեն իրենց Ադրբեջանը: Անվտանգության ոլորտում նրանց և Հայաստանի իրավիճակները շատ տարբեր են: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Իրանը, Չինաստանը, մյուս գերտերությունները չեն փոխարինի ՀԱՊԿ-ին: Այդ պատճառով, երբ անվտանգության հարց է ծագում, Հայաստանը որոշում է ընդունում: Դա Մաքսային միությանն անդամակցելու-չանդամակցելու որոշում չէ, դա անվտանգության ապահովման որոշում է: Մաքսային միության անդամակցության և Եվրամիության հետ ասոցացման միջև Հայաստանն ընտրում է ՀԱՊԿ-ը:
-Որքանո՞վ է այդ որոշումն արդարացված՝ ՀԱՊԿ-ը միայն Ռուսաստանը չէ և այն կազմակերպությունն է, որ այսքան ժամանակ սահմանային միջադեպերին չի արձագանքել: Արդյո՞ք դա միայն իրավական անվտանգություն չէ:
-Անվտանգությունը համալիր հասկացություն է, ոչ միայն իրավական, իրավաբանական, ռազմական, այլև քաղաքական բաղադրիչներ ունի: Դա կարելի է տեսնել՝ պարզապես կարդալով ադրբեջանական թերթերը: Նրանք ամեն ինչ հասկացել են: Դա կարելի էր հասկանալ և հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին: Նա միանգամից գնաց ռուսական ռազմաբազա. դա դիրքորոշման դրսևորում էր: Մինչ այդ նա գնացել էր Ադրբեջան, որտեղ խոսք էր եղել չորս միլիարդի զենքի վաճառքի մասին: Հասկանանք, որ անվտանգությունը միայն տանկերն ու հրանոթները, ինքնաթիռները չեն, անվտանգությունը նաև քաղաքական ձևաչափերն են: ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի անվտանգությունն ապահովում է արդեն քսան տարի և շարունակելու է հետագայում էլ: Հիշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եզակի է՝ երբեք ներգրավված չեն եղել խաղաղարար ուժեր: Հակամարտությունը սառեցված է մնում ուժերի հավասարակշռության պատճառով: Նախանցյալ տարի սեպտեմբերի 21-ի շքերթի ժամանակ ես Հանրապետության հրապարակում էի և իմ մասնագիտական դիտարկումների շրջագծում ուղղակի գնահատում էի ռազմական տեխնիկան՝ որը ի՞նչ արժի: Տասնհինգ րոպեում իմ կողքով անցավ Ադրբեջանի մի քանի բյուջե: Որտեղի՞ց է դա: Պարզ է, չէ՞, որ Հայաստանն ապահովում է իր անվտանգությունը՝ իր իրավիճակին համապատասխան: Կար նախագիծ, որ նախաձեռնվել էր երեք-չորս տարի առաջ: Նախագիծը հետևյալն էր. ռուսներին ասվում էր՝ անվտանգության ոլորտում մենք ձեզ հետ ռազմավարական դաշինքի մեջ ենք, բայց մենք ունենք ուրիշ ոլորտներ էլ: Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ոչ մի լուրջ տնտեսական նախագիծ չի իրականացվել փող չլինելու պատճառով: Համապատասխանաբար՝ այդ ոլորտների զարգացման համար մենք կգնանք ասոցիատիվ համագործակցության Եվրամիության հետ: ԵՄ-ն անվտանգության համակարգ չունի, այդ խնդիրը ՆԱՏՕ-ն է լուծում: Մի քանի տարի այդ մոտեցումը գործեց, ինչ-որ պահից՝ ոչ: Հիմա արդեն Հայաստանը որոշումն ընդունել է: Վստահ եղեք, որ տնտեսագետները չեն նստել-որոշել կամ ստորագրել, ոչ էլ վարչապետները, արդեն չեմ ասում՝ նախարար-փոխնախարարների մասին: Դա նախագահի որոշումն է: Եվ քանի որ այդ որոշումն արդեն ընդունվել է, հիմա մշակվում են կատարման ձևաչափերը՝ մշակվել է ճանապարհային քարտեզը: Արդյունքում կհանգենք փոխգործակցության ինչ-որ ձևաչափի: Բայց Հայաստանը չի դառնա ո՛չ Ղազախստան, ո՛չ Բելառուս, ո՛չ Ռուսաստան: Կլինի համագործակցություն նոր որակով: Հակասություններ հիմա էլ կան Մաքսային միության ներսում, բայց կա այդ հակասությունները վերացնելու ձևաչափ, և դա այն ճանապարհն է, որով հիմա մենք գնում ենք նոր քաղաքական իրականության մեջ:
-Արդյո՞ք այդ համաձայնությունների ընթացքում Հայաստանը ներքին ռեսուրսներ ունի հավասարը հավասարի հետ հարաբերվելու, թե՞ հանդես է գալիս իբրև համաձայնող կողմ իրենից հզորների տեսակետների հետ:
-Բոլորն էլ հասկանում են, որ բոլորին բավարարող ունիվերսալ ստանդարտների, իրավահավասար բանակցությունների մասին խոսակցությունները իրատեսական չեն: Մենք հավասար չենք ոչ Ռուսաստանին, ոչ Ղազախստանին, ոչ Բելառուսին:
-Ինչքանո՞վ կարող ենք մենք մեր շահերը պաշտպանել այդ դեպքում:
-Այնքանով, որքանով կկարողանանք: Աշխարհի բոլոր երկրներն էլ ունեն որոշակի առավելություններ, և չկան արտաքին գործոններից բացարձակապես անկախ երկրներ:
-Ռեալ քաղաքականությունն այն չէ, ինչ ասվում է, ինչ փաստաթղթավորվում է, արդյո՞ք լիովին մտնելով ՄՄ-ի կամ Ռուսաստանի ուղեծիրը, չենք սկսելու ենթարկվել ռուսական մոդելին:
-Լիովին Ռուսաստանի ուղեծիր մտնելը բացարձակապես անհնար է: Յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ առանձին քննարկում և որոշում է ընդունվելու. իր գյուղատնտեսության առանձնահատկություններից ելնելով Ղազախստանին ձեռնտու էր գնել ռուսական էժան տրակտորներ, ՄՄ-ի կանոններով դա հնարավոր չէր, երկարատև ու դժվար բանակցություններից հետո, ի վերջո, համաձայնության եկան Ղազախստանին ՄՄ-ի շրջանակներում քվոտա հատկացնելու մասին: Սա այն հարցը չէ, որ կարգախոսներով առաջնորդվես, կամ սիմվոլներով, սա աշխատանք է, լուրջ աշխատանք, մի կողմը սահմանափակումներ կունենա, մի կողմը՝ արտոնություններ, դա փոխադարձ պայմանավորվածություն է, հնարավորի արվեստ՝ մենք այդպես ապրում ենք քսան տարուց ավելի, ՄՄ-ից առաջ էլ, հետո էլ: Այդպես ապրում են բոլոր պետությունները՝ փոխգործակցելով միմյանց հետ, միություններ ու դաշինքներ կազմելով ու վերակազմելով:
-Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները Ձեր կարծիքով՝ ո՞ր ոլորտներում կարող են զարգանալ նոր պայմաններում:
-Մինչև սեպտեմբերի երեքը կար երեք ոլորտ՝ անվտանգություն, տնտեսություն, բարեփոխումներ: Ակնհայտ էր, որ անվտանգությունը ՀԱՊԿ-ի հետ է կապվում: Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերով:
-Ռուսաստանը երբեք ՆԱՏՕ-ի մուտքը Հայաստան թույլ չի տա՝ անվտանգության ապահովման նպատակով:
-Դա այլ հարց է: Տնտեսական ոլորտում մեր գլխավոր գործընկերը ԵՄ-ն էր, և մենք ուզում էինք փոխգործակցության նշաձողը բարձրացնել: Երրորդը բարեփոխումներն էին՝ ժողովրդավարություն, օրենսդրության համապատասխանեցում, մշակութային համագործակցություն և այլն: ԵՄ-ի հետ ասոցացումը չստացվեց, բայց ոչ ոք չի խանգարում շարունակել բարեփոխումները: Ռուսաստանը չի ասում ներքին բարեփոխումներ մի իրականացրեք՝ Ռուսաստանի համար ի՞նչ հարց է դա, եթե Հայաստանն իրականացնում է այն քաղաքականությունը, որ Ռուսաստանին պետք է աշխարհաքաղաքական առումով: Հայաստանը, սակայն, համենայն դեպս, հայտարարությունների մակարդակով, ցանկանում է ոչ միայն բարեփոխումներ իրականացնել, այլև խորացնել համագործակցությունը: Եվրոպան չի հրաժարվում: Օրինակ, վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը սեպտեմբերի երեքից հետո է կնքվել: Եվ աշխատանքները շարունակվելու են: Առաջ ՀՀ-ԵՄ հարաբերությունների գլխին կախված էր ԵՄ-ի դամոկլյան սուրը՝ իրականացրեք բարեփոխումներ, որպեսզի ասոցացվեք: Այլևս չկա այդ սուրը: Բայց ոչ ոք մեզ չի արգելում շարունակել այդ ճանապարհը:
-Ճանապարհ դեպի Ռիգայի՝ ԵՄ գագաթնաժողով:
-Ինչո՞ւ ոչ:
-Այս պայմաններում ԵՄ-ի ինչի՞ն է պետք Հայաստանը: Արևելյան հարևանության ծրագրի շարունակման նոր ձևաչափի հիմքում ի՞նչը կարող է լինել հիմա:
-Կար եվրոպական հարևանության ծրագիրը, որ ընդունվել էր, որովհետև Եվրոպան հասկացել էր, որ աշխարհից անջրպետվել հնարավոր չէ: Կարելի է աշխարհի հետ փոխգործակցել, իսկ դրա համար պետք են որոշակի պայմաններ, և ընդունվեց եվրոպական հարևանության ծրագիրը, որտեղ ներառվեցին տասնյոթ երկրներ՝ Մարոկկոյից Պաղեստին: Աշխատանքի ընթացքում հասկացան, որ տարածքը չափազանց տարանուն է, Մարոկկոյի ու Հայաստանի հետ հնարավոր չէ նույն ձևերով աշխատել, ուստի ծրագիրը նեղացվեց: Արևելյան հարևանության ծրագրում ընդգրկվեցին վեց երկրներ՝ բոլորը եվրոպական կազմակերպությունների անդամներ: Վեց երկրներն էլ հետխորհրդային տարածքից էին. երեքը՝ Կովկասից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), երեքը՝ եվրոպական տարածքից (ՈՒկրաինա, Բելառուս, Մոլդովա): Աշխատանքի ընթացքում նորից պարզվեց, որ չի ստացվում, Բելառուսն ու Ադրբեջանն այլ երկրներ են՝ քաղաքականապես, տնտեսապես: Ընտրվեց ասոցացման համաձայնագրի տարբերակը չորս երկրների հետ: Դա էլ չստացվեց: Համապատասխանաբար՝ աշխատանքը շարունակելու համար պետք է նոր ձևաչափ, և այս դեպքում Եվրամիությունը յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները պետք է ելակետ ունենա:
-Ի՞նչ ձևաչափով պիտի հիմա ԵՄ-ն հարաբերվի ՈՒկրաինայի հետ:
-Սպասենք՝ տեսնենք, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում:
-Իսկ ի՞նչ է կատարվում ՈՒկրաինայում:
-Պետական կառավարման կոլապս: ՈՒկրաինան պետություն է, որ չի կարողանում ընտրություն կատարել: Որովհետև բազմակազմ է: ՈՒկրաինայի ցանկացած նախագահ չի կարող հաշվի չառնել Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Ղրիմի կարծիքը: Երբ հաշվի չի առնում, պետական կառավարման համակարգը սկսում է վատ աշխատել կամ չաշխատել: Քաղաքական միջավայրի տարտղնվածությունը, անորոշությունը, որոշակի կողմնորոշում չընտրելով գոյություն ունենալը հաջողվում է, հենց ՈՒկրաինան սկսում է կոնկրետ ընտրություն կատարել, երկրում ճգնաժամ է սկսվում: Երկրի նորագույն պատմության մեջ դա մի քանի անգամ տեղի ունեցել է, և ամեն անգամ ճգնաժամը հաղթահարվել է դեպի անորոշություն վերադարձով: Գունավոր հեղափոխությունը՝ ապացույց: Որովհետև ՈՒկրաինային հակացուցված է որոշակիությունը: ՈՒկրաինան բոլորովին էլ ՄՄ կամ ԵՄ ընտրության առաջ չէ, իրական ընտրությունը ներքին է, և այն, որ երկիրն այդ ընտրության առաջ կանգնեց, հասցրեց լրջագույն ճգնաժամի: Իշխանությունը շատ ուժեղ է, չարացած ու մարգինալացված, ընդդիմությունը՝ մարգինալացված, տրոհված և չի կարող իշխանության գալ:
-Ընդդիմությունը պատրաստ է իշխանության գալ, բայց իր պայմաններով:
-Ընդդիմությունը՝ Յացենյուկը, Տյագնիբոկը, Կլիչկոն շատ տարբեր են, Մայդանում, նրանցից բացի, նոր հրամանատարներ են հայտնվել, այն, ինչ սովորաբար անվանվում է՝ քաղաքացիական հասարակություն: Այս նորերը չեն պատրաստվում ընդդիմությանը լսել, բացի այդ՝ Մայդանը ծնել է մայդաններ, ռեգիոններում իշխանությունը սկսել է կորցնել իրավիճակի վերահսկողությունը, և սկսվել են բռնություններ: Դա ճգնաժամ է: Հիմա կարևոր չէ՝ ով կհաղթի, կցրեն Մայդանը, թե ոչ, Յանուկովիչը կլինի, թե Կլիչկոն: Կարևոր է՝ կկարողանա՞ ՈՒկրաինան պահպանել ներքին փոխգործակցությունը՝ պետության ու հասարակության միասնականությունը պահպանելու համար:
-Չե՞ք կարծում, որ այս վիճակից ելք կարող է լինել հենց երկրի տրոհումը, և դա այնքան էլ սարսափելի չէ իրականում:
-Ոչ, նախ՝ ՈՒկրաինայում դա ոչ ոք չի ցանկանում, ճիշտ չէ, թե այդպես է ուզում Արևելյան ՈՒկրաինան, կամ Արևմտյանը:
-Ի վերջո, ՈՒկրաինայի համար դա նորություն չէ՝ արևելյան ու արևմտյան հատվածների հակասությունները անցյալ դարից են գալիս:
-Իբրև պետություն ՈՒկրաինան ստեղծվել է 1939-1940 թթ., մինչ այդ այս սահմաններով ՈՒկրաինա չի եղել: Տնտեսապես զարգացած Արևելքի և գաղափարապես զարգացած Արևմուտքի փոխգործակցություն միշտ եղել է: Մի կողմից՝ գաղափարախոսության տեսակետից ՈՒկրաինան Արևմուտքի նախագիծ է, մյուս կողմից՝ Արևելքը ասում է՝ մի մոռացեք, որ մեր հաշվին եք ապրում: Սոցիալական արդարության ցանկացած պահանջ կհանգեցնի նրան, որ Արևմտյան ՈՒկրաինան սովի կմատնվի: ՈՒկրաինան ամեն ինչ արտադրում է Արևելքում:
-Իսկ որտե՞ղ է սպառում:
-Ներմուծումը Արևելքից է, արտահանումը՝ Արևելք: ՈՒկրաինայի համար ընտրություն կատարելը շատ դժվար է, և մինչև հիմա ՈՒկրաինային փրկում էր ընտրությունից խուսափելը: Այսօր որ կողմ էլ ՈՒկրաինան գնա, այդ կողմի համար մղձավանջ է լինելու՝ թե ԵՄ-ի, թե ՄՄ-ի:
-Ո՞րն է ելքը:
-Պետք է դադարեն ընտրել: Պետք է պետություն կառուցեն:
-Ինչպե՞ս: Ինչո՞ւ է Արևելք-Արևմուտք բևեռացումը հնարավոր դարձել, ինչո՞վ է բացատրվում հակառուսականությունը, որ երեկվա կամ այսօրվա փաստ չէ:
-Հետխորհրդային տարածքի համար Եվրոպա նշանակում է՝ լավ: Փաստաթուղթ ստորագրեցիր՝ կյանքդ կլավանա: Ոչ, չի լավանա, եվրոպացու պես ապրելու համար երկիրդ պետք է այնպես կառուցես, որ աշխատի: Նոր Զելանդիան ԵՄ անդամ չէ և չի լինի, բայց Նոր Զելանդիան գործառնում է ԵՄ-ի պես, Ալբանիան Եվրոպայի կենտրոնում է, բայց բոլորովին չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Մեզ թվում է՝ ընտրություն կկատարենք ու Ձմեռ պապի պարկից մեզ վրա կթափվեն անվտանգությունը, բարեկեցությունը, աշխատանքի կուլտուրան, ժողովրդավարությունը, ազատությունը: Չի լինի: ՈՒկրաինան պատմականորեն եղել է տարբեր տարածքների մաս, և այդ տարածքները ուկրաինացիներին շատ տարբեր են դաստիարակել: Լվովում ապրող և Մակեևկայում ապրող մարդիկ ոչ թե պետք է ընտրեն, այլ սովորեն իրար հետ ապրել, որ շատ դժվար է և երբեմն բռնությունների է հանգեցնում: Նրանք պետք է սովորեն երկրի ներսում միմյանց հետ հարաբերվել: Դա ընտրություն չէ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև, ընտրություն է երկրի ներսում՝ ազգաշինարարություն: Նրանք տարբեր բարբառներով են խոսում, տարբեր կրոններ են դավանում և միմյանցից շատ են տարբերվում, մշակութային տարբեր նախապատվություններ ունեն: Ներքին միասնականության խնդիրը շատ լուրջ է ՈՒկրաինայի համար: Տասը տարի առաջվա և ներկա Կիևը շատ տարբեր քաղաք է՝ փոփոխվում է անընդհատ, և ներքին այդ տարբերակվածությունը հաղթահարելը շատ ավելի լուրջ ու դժվար խնդիր է, քան Եվրամիության ու Ռուսաստանի միջև ընտրությունը: Դա նաև երկար տարիներ է պահանջելու և, իհարկե, քաղաքական կամք:

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ