Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Չնայած խոչընդոտներին, շարունակում ենք մեր արդար գործը»

«Չնայած խոչընդոտներին,  շարունակում ենք մեր արդար գործը»
11.02.2014 | 01:42

Հայ-արաբական իրավական խորհուրդն արդեն մեկ տարեկան է։ Ցեղասպանության ճանաչման և Հայ դատի խնդիրներն են այս կառույցի գործունեության «թիրախը»։ Խորհրդի գլխավոր քարտուղար ՎԱՀԵ ՄԱՀՇԻԿՅԱՆՆ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց աշխատանքներն ու հայկական դիվանագիտության սեփական գնահատականը։


-Մեկ տարի է, ինչ գործում եք, ի՞նչ եք հասցրել անել այդ ընթացքում։
-Այո, խորհուրդը հիմնադրվեց ճիշտ մեկ տարի առաջ՝ 2013-ի փետրվարի 12-ին։ 15 հոգով սկսեցինք մեր գործունեությունը։ Այսօր արդեն ունենք մեր հստակ գաղափարախոսությունը և նպատակները, որոնք հասանելի են դարձել 66 երկրների։ Մեզ անդամակցում են տարբեր երկրների քաղաքացիներ, մտավորականներ՝ առանց ազգային, կրոնական և ռասայական խտրականության։ Ստեղծել ենք շրջանային խորհուրդներ շուրջ տասն արաբական երկրներում՝ Թունիսում, Հորդանանում, Լիբիայում, Մարոկկոյում, Պաղեստինում, Լիբանանում, Եմենում, Իրաքում և այլն։ Ամենահզոր ու կայացած խորհուրդներից մեկը Եգիպտոսում է, և մեր խորհրդի հիմնադիրներից մեկը նաև այս կառույցի ղեկավարն է՝ Եգիպտոսի փաստաբանների միության նախագահ, տեղական կուսակցության ղեկավար, փաստաբան Սամեհ Աշուրը։ Ազդեցիկ խորհուրդներից մեկն էլ Սիրիայում է։ Մեզ մշտապես անդամակցելու ցանկություն են հայտնում մտավորականներ, պատմաբաններ, լրագրողներ, դատավորներ, փաստաբաններ և այլն։
-Այս պահին ինչո՞վ եք զբաղված։
-Մշտապես համալրման, նաև քարոզչական աշխատանքներ ենք տանում։ Կազմակերպում ենք դասախոսություններ, սեմինարներ, գիտաժողովներ, որտեղ բարձրաձայնում ենք ցեղասպանության ճանաչման և մեր պահանջատիրական հարցերը։ Դրանց մասնակցում են տարբեր երկրների դասախոսներ, գիտնականներ, որոնք նաև ելույթներով են հանդես գալիս։ Ցանկանում ենք հայոց պահանջատիրության իրավական գործընթաց սկսել։
-Այս ընթացքում Հայաստանից ինչպիսի՞ աջակցություն եք ստացել։
-Երբևէ որևէ աջակցություն կամ արձագանք Հայաստանից չի եղել։ Պարբերաբար լսում եմ արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, թե արտաքին քաղաքականությունում Հայաստանի առաջնահերթությունը ցեղասպանության ճանաչումն է։ Բայց խոսքը գործ չի դառնում։ Ավելին, սփյուռքին շատ վրդովեցնում է Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացումը։ Սա քաղաքական անբարոյականություն է։ Շատ հայեր աշխարհով մեկ ցեղասպանության ճանաչման համար ակտիվ գործողություններ են ձեռնարկում, իսկ Հայաստանի իշխանությունը համարձակություն չունի անգամ նրանց աջակցելու։ Ե՞րբ պիտի սթափվի Հայաստան պետությունը։ Այսօր փոխանակ ցիրուցան եղած հայերին հայրենիքում մեկտեղեն և զբաղվեն ազգային հարցերով, իրենց շահերն են առաջ տանում։ Սա է ողբերգությունը։ Մշտապես լսում ենք, թե Հայաստանի բնակչությունը որքան է պակասել, ու ինչ թափով են մարդիկ արտագաղթում։ Արդյոք ճիշտը սխալից զանազանելու կարողություն չունի՞ հայ ժողովրդի ներկայիս ղեկավարությունը, չե՞ն տեսնում` ինչ է կատարվում երկրի հետ։ Թե՞ չեն հետաքրքրում նրանց Հայաստանի խնդիրները։
-Դուք հաճախ եք գիտաժողովներ կազմակերպում, վերջերս նաև Սիրիայում ընդգրկուն միջոցառում անցկացրիք։ Տեղի հայ համայնքը, դեսպանատունը, հոգևոր թեմը որոշակի օգնություն ցուցաբերե՞լ են։ Ընդհանրապես, տարբեր երկրներում գործող ձեր խորհուրդներն ինչպե՞ս են համագործակցում հայ համայնքի հետ։
-Իրավացի եք, վերջերս Դամասկոսում գիտաժողով էինք կազմակերպել, սակայն հայ համայնքի հետ համագործակցությունը, դժբախտաբար, զրոյական է։ Առանձին անհատներ շատ հարցերում մեզ աջակցում են, բայց միությունները, եկեղեցիները, դեսպանությունները բացակա են նման հարցերում։ Ցավոք, սա է իրականությունը։ Իհարկե, հաճախ ենք հանդիպում համայնքի, դեսպանատան, հոգևոր թեմի հետ, լսում են մեր աշխատանքների մասին, հիացմունք հայտնում, իսկ երբ գործը հասնում է իրական քայլերին, կասկածելիորեն ամեն ինչ փոխվում է։ Ավելին ասեմ Ձեզ. Եգիպտոսում իմացանք, որ Հայ դատի ներկայացուցիչը Լիբանանից զանգել է ու զգուշացրել, որ խորհրդի ներկայացուցիչներին չընդառաջեն, խափանեն նրանց առաքելությունը։ Չնայած խոչընդոտներին, շարունակում ենք մեր արդար գործը, պատմական առիթ է ստեղծված համախմբվելու և մեր պահանջատիրական իրավունքները պաշտպանելու։ Հայաստանի գոյության ու բարգավաճման գրավականը ցեղասպանության հետևանքով գոյացած խնդիրների լուծումն է։ Իսկ սա մեկ կազմակերպության գործ չէ։ Մի ձեռքով հնարավոր չէ ծափ տալ։ Բոլորի ջանքն ու ներդրումն է պետք այս գործում։

Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ