«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հետազոտվում և ախտորոշվում են հանրապետությունում վերամշակվող, արտադրվող, իրացվող կենդանական ծագմամբ հումքն ու սննդամթերքը»

«Հետազոտվում և ախտորոշվում են  հանրապետությունում վերամշակվող, արտադրվող, իրացվող կենդանական  ծագմամբ հումքն ու սննդամթերքը»
07.02.2014 | 12:40

Արդեն մեկ տասնամյակ է, ինչ հանրապետությունում հիմնվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հատուկ արտոնագրով գործում է «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊ ընկերությունը: Այն սանիտարահիգիենիկ (վարակազերծման-ախտահանման) աշխատանքներ է իրականացնում գյուղատնտեսական, առողջապահական, մշակութային կենտրոններում, կրթօջախներում, ձեռնարկություններում և այլ տիպի արտադրական կառույցներում:
Բացի դրանից, ինֆեկցիոն, գյուղկենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություններն ու շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով, ընկերությունը անասնաբուժասանիտարական փորձաքննություն է անցկացնում նաև կենդանական ծագմամբ հումքի, մթերքի վերամշակման, պահպանման, արտադրման, իրացման, առաքման և մատուցման կազմակերպություններում:
«Անցյալ տարի քանի՞ ընկերություն է օգտվել «Հակահամաճարակային արշավախմբի» ծառայությունից» հարցով սկսեցինք զրույցը ընկերության տնօրեն, հացամթերքների և վերամշակման ձեռնարկությունների ամբարային վնասատուների դեմ պայքարի կիրառման մասնագետ, ազգային խորհրդատու ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Շուրջ 400: Դրանց մեջ են հացաբուլկեղենի, գարեջրի գործարանները, ալրաղացները, հատիկաընդեղեն, սերմ, ձավարեղեն արտադրող, պահպանող, վերամշակող, առաքող ձեռնարկությունները:
Բացի նշված կառույցներից, կազմակերպությունը նույնատիպ աշխատանքներ է իրականացրել առողջարաններում, ջրային օբյեկտներում, սպասարկման կառույցներում, հիվանդանոցներում, ծննդատներում, պոլիկլինիկաներում, դեղագործական կազմակերպություններում, թաղապետարաններում, հյուրանոցներում, թատրոններում, թռչնաֆաբրիկաներում, շուկաներում, սահմանային, մաքսային պահեստներում, ջերմատներում, անասնապահական մի շարք ձեռնարկություններում:
-Կազմակերպությունը ի՞նչ եղանակներով և ի՞նչ ժամանակահատվածում է վերոնշյալ օբյեկտներում իրականացնում ախտահանման-վարակազերծման աշխատանքները:
-Կարճ ժամանակահատվածում, այսինքն՝ մի քանի օրում:
Ախտահանման աշխատանքներն իրականացնում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղամիջոցներով և պատրաստուկներով` կատարելով դեզինսեկցիա (միջատազերծում), դեզինֆեկցիա (ախտահանում-վարակազերծում), ֆումիգացիա (ծխեցում) և դեռատիզացիա (կրծողների ոչնչացում):
Վարակազերծման ընթացքում (սանհիգիենիկ կանոնների պահպանման հետ մեկտեղ) կիրառվում են նաև էկոլոգիապես անվտանգ սոսինձներ, ինչպես նաև տարբեր տեսակի միջատների, սողունների և կրծողների համար նախատեսված թակարդներ: Շնորհիվ դրա, կենցաղային, ամբարային միջատներից (երկարկնճիթ, փայտոջիլ, կաշեկեր), բուսական ծածկույթի վնասատուներից, կարիճներից ու կրծողներից բացի, ոչնչանում են նաև չոր մրգերի ու բուսատեսակների մեջ բնադրած վնասակար օրգանիզմները:
Նշված աշխատանքներից հետո, վերոնշյալ կազմակերպություններում սանհիգիենիկ միջավայրի ստեղծման հետ մեկտեղ, կայուն հիմքերի վրա է դրվում սննդի արտադրման-իրացման էկոլոգիապես մաքուր գործընթացը:
-Որտեղի՞ց է ձեռնարկությունը ձեռք բերում դեղամիջոցներն ու պատրաստուկները:
-Գերմանական «Դետիա Դեգեշ», «Բայեր», շվեյցարական «Նովոարտիս», «Սինգենտա», ամերիկյան «ԷՖՄ.Ս», «Դյուպոն», ֆրանսիական «Անիոս», ճապոնական «Սումիտիոն», ռուսական «Ալինա Նովա» և այլ ֆիրմաներից:
Ասեմ, որ վերոնշյալ կառույցների արտադրության կենսապատրաստուկները գրանցված են գյուղատնտեսության նախարարության հաստատած հատուկ ցուցակում և մարդկային առողջության համար վտանգ չեն ներկայացնում:
«Հակահամաճարակային արշավախումբը» միաժամանակ հանրապետություն է ներկրում բնակարանային վնասակար միջատների տարածումը կանխող, համեմատաբար փոքր տարաներում զետեղված, փաթեթավորված, արդյունավետ և ներգործող պրեպարատներ, պատրաստուկներ` դրանք վաճառքի ներկայացնելով անասնաբուժական դեղատներում ու մասնագիտացված խանութներում:
Մինչև տարեվերջ ընկերությունը Բելգիայից, Հոլանդիայից և Ռուսաստանի Դաշնությունից հանրապետություն կներկրի պատրաստուկների ևս մեկ նոր խմբաքանակ, որը, ապահովելով էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությունը, կկանոնակարգի նաև դրանց արտահանման գործընթացը:
-Պարոն Սահակյան, բացի վերոնշյալից, ընկերությունը ուրիշ ի՞նչ բնույթի աշխատանքներ է կատարում:
-Բացի դրանից, ընկերությունը 15 տարի է, ինչ խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում ուսումնական հաստատություններում, հյուրանոցներում, բար-ռեստորաններում և համատիրություններում: Այս տարի նույնպես, կամավոր սկզբունքներով, աշխատանքներ կկատարվեն նաև Արցախի, Ջավախքի թռչնաբուծարաններում, ալրաղաց կոմբինատներում, գինու գործարաններում, հյուրանոցներում:
Ստացված դեղամիջոցների, կենսապատրաստուկների ճիշտ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ ընկերությունը արտադրական ձեռնարկություններում և կառույցներում կազմակերպում, անցկացնում է խորհրդատվական միջոցառումներ ու գիտական սեմինարներ, իսկ սննդի արտադրման ընթացքում արտանետումների նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ` գիտագործնական աշխատանքներ:
Հավելեմ, որ գյուղկենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունները կանխարգելելու նպատակով ընկերությունը վերջերս առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարություն` հանրապետությունում անասնաբույժ-մասնագետների հսկողությամբ գործող միկրոմիսկոմբինատի ստեղծման, ինչպես նաև կենդանական ծագմամբ մթերքների արտադրման ու վաճառքի ճիշտ կազմակերպման վերաբերյալ:
-ՈՒնե՞ք համապատասխան լաբորատորիա:
-Անշուշտ: Ընկերությունն ունի պետականորեն հավատարմագրված և ժամանակակից սարքավորումներով կահավորված լաբորատորիա, որտեղ էկոլոգիապես անվտանգ եղանակներով ստուգվում, հետազոտվում և ախտորոշվում են հանրապետությունում վերամշակվող, արտադրվող, իրացվող կենդանական ծագմամբ հումքն ու սննդամթերքը:
Բացի դրանից, արշավախմբի 34 մասնագետներն ու 12 անասնաբույժները վերահսկողություն են իրականացնում նաև հանրապետության մսի, կաթի վերամշակման ձեռնարկություններում, դրանք իրացնող կառույցներում, խանութներում:
Հանձն առած աշխատանքների անթերի կատարման և հանրապետության հակահամաճարակային վիճակի կայուն պահպանմանն աջակցելու համար ընկերությունը բազմիցս արժանացել է մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ