Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Հայոց ցեղասպանությունը որոշ պետությունների համար դարձել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու խաղաքարտ»

«Հայոց ցեղասպանությունը որոշ պետությունների համար դարձել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու խաղաքարտ»
07.02.2014 | 01:06

Հայոց ցեղասպանության հարցը վերջերս արծարծեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` նշելով, որ այն, ինչ կատարվում է Սիրիայում, շատ նման է Հայոց Ցեղասպանությանը: Նշենք, որ Սիրիան այն երկրների թվում է, որոնք չեն ճանաչել հայերի Ցեղասպանությունը: Ի՞նչ նպատակ ուներ այդ հիշատակումը: Այս հարցով դիմեցինք պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ:


-Հետաքրքիր է, որ մինչև 2011 թվականը Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքն արգելված էր Սիրիայի կառավարության կողմից,- նշում է Գ. Մելքոնյանը:- Անգամ օտարերկրացի ֆիլմ նկարողներին թույլ չէին տալիս լինել Դեր Զորում, ցեղասպանության մասին ֆիլմեր պատրաստել, քանի որ Ասադի կառավարությունն ուներ շատ լավ հարաբերություններ Թուրքիայի հետ, և մինչև 2011 թվականն ամեն ինչ անում էին, որ ցեղասպանության մասին նյութերի տարածումը, ճանաչման գործընթացը Սիրիայի մասով չիրականացվի: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Ընդամենը մի քանի տարի անց Հայոց ցեղասպանության հարցում տեղի է ունենում Սիրիայի քաղաքականության կտրուկ շրջադարձ: Դա պայմանավորված է այսօր Թուրքիայի կողմից Սիրիայի ներքին գործերին անմիջական միջամտությամբ: Եվ Սիրիայի պատասխաններից մեկը Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումն է: Սրանով սիրիական իշխանությունները փորձում են դիվիդենդներ շահել և ճնշման ևս մի մեթոդ օգտագործել Թուրքիայի իշխանությունների վրա, որ վերջիններս չօգնեն սիրիացի ապստամբներին: Ավելին, անցած շաբաթ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին Ժնևում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որի ընթացքում 1,5 միլիոն մարդ է սպանվել»: Սա նշանակում է, որ Սիրիան որոշել է այս հարցը լրջորեն բարձրացնել, իհարկե, նպատակ ունենալով ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա:
-Չե՞ք կարծում, որ նման հայտարարությունները կմնան զուտ հայտարարության մակարդակում:
-Կարծում եմ, եթե Թուրքիան շարունակի Սիրիայի ներքին գործերին անմիջական միջամտության քաղաքականությունը, ապա հարցը կարող է ստանալ նաև օրենսդրական լուծում: Սակայն ինչո՞ւ այսօր Սիրիայի իշխանությունները չեն գնում օրենսդրական նախաձեռնությունների: Պարզապես նրանք առայժմ թուրքական իշխանություններին փորձում են զգուշացնել հայտարարություններով:
-Անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Օլանդը նույնպես Թուրքիայի իր գործընկերոջը կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
-Օլանդը կոչ արեց Թուրքիայի նախագահին, որքան էլ ցավալի է թուրքերի համար, այնուամենայնիվ, ճանաչել ցեղասպանությունը: Անցած շաբաթ 2 պետությունների ղեկավարները խոսեցին այս թեմայով: Որո՞նք են այս երկու հայտարարությունների նմանություններն ու տարբերությունները: Նախ, մենք չենք մոռացել, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ֆրանսիայի իշխանությունները, մասնավորապես, Սահմանադրական դատարանը, թույլ չտվեցին, որ ցեղասպանությունը մերժող մարդկանց ենթարկեն քրեական պատասխանատվության: Օլանդը միաժամանակ Թուրքիայում չհայտարարեց, որ պատրաստվում է քրեականացնելու Հայոց ցեղասպանության մերժումը: Ցավոք, տասնամյակների ընթացքում այն պետությունները, որոնք Թուրքիայի հետ ունեցել են տարածքային, տնտեսական և այլ խնդիրներ, փորձել են շահարկել Հայոց ցեղասպանությունը: Եվ, այո, Հայոց ցեղասպանությունը դարձել է միջազգային հարաբերություններում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, տարբեր երկրների կողմից սեփական պետական խնդիրները լուծելու, այնուհետև` մոռացության մատնելու միջոց: Եվ այն մարդիկ, ովքեր անմիջապես ոգևորվում են Ֆրանսիայի կամ Սիրիայի նախագահների հայտարարություններից, պետք է ընդամենը հիշեն` մի քանի տարի առաջ ինչպիսի քաղաքականություն էր վարում, օրինակ, Սիրիան: Հիշենք նաև, որ Սիրիայի նախագահը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին խորհուրդ էր տալիս բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և չապրել անցյալով: Մի քանի տարի հետ նայելով` պարզ կդառնա, որ այսօրվա հայտարարություններն ընդամենը դիվանագիտական խաղաքարտ են, որպեսզի դիվիդենդներ շահեն Թուրքիայի հետ հարաբերություններում:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ