Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Առիթն ավելի քան պարտավորեցնող է՝ Սևակին նորովի վերարժևորելու իմաստով»

«Առիթն ավելի քան պարտավորեցնող է՝  Սևակին նորովի վերարժևորելու իմաստով»
31.01.2014 | 11:58

Պարույր Սևակի 90-ամյա հոբելյանը լրացավ օրերս, գյուղի ծխամատյանում 1924-ի հունվարի 24-ն է նրա ծննդյան օրը, բայց քանի որ այդ օրը ՈՒլյանով-Լենինի հուղարկավորությունն էր, ծննդյան օրը պաշտոնապես վավերացվում է երկու օր անց, հունվարի 26-ին։ Մեր ճանապարհի առաջին կանգառը Երևանի Կասյան-3 շենքի մոտ էր, ուր ապրել ու ստեղծագործել է Սևակը։ Մարմարե հուշաքարի վրա ընդամենը մի համեստ ծաղկեզամբյուղ էր դրված և գրավոր հիշեցում, որ այն Շիրվանզադեի անվան դպրոցի սաների կողմից է։
Մեր հաջորդ հուշականգառը վթարի վայրը մատնանշող կոթողն էր։ Դարձյալ մի քանի ծաղիկ էին «արժանավորում» բանաստեղծի հիշատակը, քիչ այն կողմ էլ բրգաձև վրաններն էին և մետաղյա սեղանիկները, այստեղ քեֆի սիրահար «սևակապաշտները» բաժակ են բարձրացնում և շրջակայքն ապականում։ Սա թողնելով Արարատի մարզպետարանին ի լուծում՝ շարժվենք առաջ։ Զանգակատանն ենք, Պարույր Սևակի տուն-թանգարանում։ Մեզ դիմավորում է տնօրեն Ավետիք Գրիգորյանը, և մինչ շրջում էինք թանգարանում, ժամանեց ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ, ում հետ էլ կայացավ մեր առաջին զրույցը։

-Տիկին Սամուելյան, Դուք այստեղ եք ժամանել ընդունված ձևաչափից դուրս, այսինքն՝ առանց պաշտոնական պատվիրակության։
-Ես բերել եմ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակը։ Նա այս օրը հիշում է մշտապես։ Տարին, անշուշտ, հոբելյանական է, նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ և՛ մշակույթի նախարարության, և՛ գրողների միության կողմից։
-Դուք վերահսկում եք մշակութային ժառանգության ոլորտը, հանրապետության հուշարձանները, թանգարաններն ու գրադարանները։ Մենք Սևակի տուն-թանգարանում ենք, որի շինարարությունը ժամանակին անավարտ մնաց, իսկ այսօր այն չի ջեռուցվում, և այս ձմռան օրը ակամա շտապում ես հապշտապ դիտել սևակյան մասունքներն ու հեռանալ։
-Այս թանգարանը գտնվում է Արարատի մարզպետարանի ենթակայության ներքո։ Սակայն, ինչ խոսք, այն մշտապես մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է, ի մասնավորի մշտական ցուցադրության ողջ ծախսն ենք հոգացել, մոտ երկու տարի առաջ էլ վերականգնեցինք Սարգիս Մուրադյանի հայտնի որմնանկարը։ 2013-ին, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, թանգարանի պայմաններն են ուսումնասիրվել, գաղտնիք չէ, որ բավականին աշխատանքներ կան իրականացնելու։ Մասնավորապես, վերստին անդրադարձ եղավ ջեռուցման խնդրին, նաև հանձնարարվեց նախագիծ պատրաստել կառուցելու փոքրիկ մի շինություն, որն այս տարի պիտի կառուցվի, ու կպահպանվեն թանգարանի ֆոնդերը, աշխատասենյակ կլինի թանգարանի տնօրենի և գիտաշխատողի համար։
-Երբ անցաք տուն-թանգարանի դարպասով, Սևակը հնչե՞ց Ձեր ներաշխարհում։
-Իհարկե։
-Ո՞ր բանաստեղծությունը։
-«Էրեբունի-Երևանը»։
-Անկեղծ լինենք, առհասարակ մեր օրերում շատ արժեքներ են լուսանցքում։ Նաև Սևակի աշխարհը։
-Այսօր կարո՞ղ եք ասել, թե ով է մայրաքաղաքում, առհասարակ հանրապետությունում լայն տարածում գտած ցայտաղբյուրների տեղադրման գաղափարի հեղինակը։
-Ես ընկա հարցիս թակարդը, տեղյակ չեմ։
-Ռաֆայել Իսրայելյանն է, և երբ նրան ասել են, թե ժողովուրդն անտեղյակ է, որ Դուք եք հեղինակը, ուրախացել է ու պատասխանել, նշանակում է՝ մարդիկ մտածում են, որ դա հնուց եկող ավանդույթ է։ Այսպիսին է Սևակի՝ երգի վերածված և Էրեբունի-Երևանին ձոնված երգը։ Առհասարակ Սևակն այն բանաստեղծներից է, ով յուրաքանչյուր տարիքում յուրովի է դառնում ընթերցողի բարեկամն ու խորհրդատուն։
-Նախարարության հաշվեկշռում գտնվող թանգարանների վիճակը, ըստ Ձեզ, այսօր կարելի՞ է գոհացուցիչ համարել։
-Մենք ժառանգել ենք Խորհրդային Հայաստանից մեզ հասած թանգարանային մշակույթը, 111 թանգարան կա, 17-ն էլ Արցախում են, անկախ նրանց ենթակայությունից։ Մենք համագործակցում ենք բոլոր թանգարանների հետ, այսօր մշակվում է թանգարանների մասին օրենքը, որը ոլորտի իրավական դաշտը մի ընդհանուր հայտարարի կբերի։ Առհասարակ վերջին տարիներին ոլորտում խոշոր ներդրումներ են կատարվում, հիշենք թեկուզ Մատենադարանի մասնաշենքի կառուցումը, Կոմիտասի հոգևոր կենտրոնը շուտով դռները կբացի, Սարյանի թանգարանն է վերակառուցվում և այլն։ Բացի սրանից, պետական թանգարանների հաշվառման գործընթացն է ավարտված, և պատահական չէ թանգարանների այցելուների կտրուկ աճը։ Շատ կարևոր մի բան նշեմ. երիտասարդների հոսքն է մեծանում դեպի թանգարաններ։

Իմ հաջորդ զրուցակիցը Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է։
-Ի՞նչ պայմաններում է ապրում այսօր տուն-թանգարանը։
-Տեղաբնակ եմ, այստեղ եմ աշխատում 1980-ից։ Այցելուների պակաս չունենք, ինչին նպաստում է թանգարանի դիրքը Երևան-Արցախ մայրուղու վրա։ Սակայն 2013-ին այցելուների քանակը հազար մարդով նվազեց։ Սա, ցավոք, բնորոշ է մի շարք այլ թանգարանների ևս։ Գուցե արտագաղթն է պատճառը։ Տարիներ առաջ բավականին ստվար խմբերով սփյուռքահայեր էին այցելում, ցավոք, այժմ նրանց գրեթե չենք հանդիպում։ Ինչով է սա պայմանավորված, դժվարանում եմ ասել։ Սակայն մի պատճառ էլ եմ տեսնում այցելուների հոսքի նվազման խնդրում. զբոսաշրջային գործակալություններն անտեսում են մեզ, իրենց երթուղում ընդգրկում են զբոսաշրջիկի համար ավելի ակնահաճո վայրեր։
-Հունվարի 24-ին ովքե՞ր այցելեցին։
-Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները, մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Սևակի պոեզիայի սիրահարները։ Ավանդույթի համաձայն հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Սևակի գերեզմանին, եղան թանգարանում, սակայն ջեռուցման բացակայությունը թույլ չտվեց մեզ միջոցառում անցկացնել, այն տեղի ունեցավ Զանգակատան դպրոցում։ Սակայն հուսանք, որ սա վերջին տարին է, որ նման պայմաններում ենք դիմավորում մեր հյուրերին, ինչպես տիկին Սամուելյանը նշեց, երկրի նախագահը հանձնարարականներ է տվել, և շուտով կսկսվեն նախագծային աշխատանքները, որ իրականացնում է Սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Այնուհետև կսկսվեն շինարարական աշխատանքները և, ինչպես խոստացել են, մինչև այս տարվա հունիսի 17-ը աշխատանքները կավարտվեն։ Օգտվելով առիթից, ցանկությունս հայտնեմ, որ Կասյան-3 շենքում գտնվող բնակարանը, ուր Պարույրն ապրել է 1960-1971-ին, դառնա թանգարան։
Միջոցառմանը ներկա Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ զրույցով ամփոփենք մեր հանդիպումը։
-Պարոն Արիստակեսյան, տեղյակ եմ, որ առանձնահատուկ սեր եք տածում Սևակի հանդեպ։ Բայց որքա՞ն է այսօր այս պրկուն մտքի ու կրքի տեր բանաստեղծը գնահատված։
-Նա լիարժեքորեն ուսումնասիրված չէ, հետևապես նաև լիովին գնահատված չէ։ Ժամանակը ցույց տվեց, որ նրա շատ ու շատ ստեղծագործություններ այսօր էլ, գրեթե կես դար անց, չափազանց արդիական են։ Նա, անվերապահորեն, հավերժի բանաստեղծն է։ Եվ մենք պիտի մարենք նրա առջև մեր հոգու պարտքը։ Այս տարի լրացավ նրա 90-ամյակը, առիթն ավելի քան նշանակալից է և պարտավորեցնող Սևակին նորովի ընկալելու, վերարժևորելու իմաստով։
-Թերևս 2014-ը հայտարարվի Սևակի տարի՞։
-Գուցե։ Նրա ժառանգության մի ստվար մասն առայժմ անծանոթ է ընթերցողին։ Սևակի վեցհատորյակը կազմել է հայրս՝ գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։ Նա ցանկանում էր հրատարակված տեսնել նաև յոթերորդ հատորը։ Հորս արխիվում պահպանվում է ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանին հասցեագրված մի նամակ, որը վկայում է հորս ցանկությունը՝ տպագրելու նրա յոթերորդ հատորը, ուր պիտի ընդգրկվեին Սևակի «Սայաթ-Նովա», «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը» աշխատությունները, ինչպես նաև «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» անավարտ ուսումնասիրությունը։ Հրատարակչական և այլ բազմաթիվ գործեր կան իրականացնելու։ Ինքս անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ աջակցելու դրանց լուծմանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երևան-Զանգակատուն-Երևան

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ