Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել Սևանա լճի մակարդակի բարձրացման ծրագիրը»

«Անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել Սևանա լճի մակարդակի բարձրացման ծրագիրը»
27.01.2014 | 12:01

Օրերս տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանը նշանակվեց Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։ Վերջինս մասնագիտությամբ բնապահպան է, և անմիջականորեն առնչվում է Սևանի հիմնախնդիրներին։ Վահան Դավթյանն ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում: Բակալավրիատն ու մագիստրատուրան սովորել է «Շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանություն (քիմիական արդյունաբերությունում)» մասնագիտությամբ, իսկ ասպիրանտուրան՝ «Բնապահպանություն»: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գյուղատնտեսական աղտոտիչներից հոսքաջրերի մաքրման տեխնոլոգիայի մշակումը» թեմայով՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Թեկնածուական ատենախոսությունը գրելիս համապատասխան գիտական հետազոտություններ է կտարել նաև Սևանի ավազանի հոսքաջրերի աղտոտվածության ուղղությամբ: Ունի 23 տպագրված գիտական հոդված և 2 արտոնագրված գյուտ, որոնք վերաբերում են հոսքաջրերի մաքրմանը, Սևանա լճի, լիճ թափվող գետերի հիմնախնդիրներին, դրանց լուծման ուղիներին։

Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։
-Պարոն Դավթյան, ծնունդով Գավառից եք։ Հավանաբար ավելի սրտացավ կլինեք Սևանի խնդիրների նկատմամբ։
-Այո, սրտացավ եմ և վստահ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի է սրտացավ Սևանա լճի խնդիրների նկատմամբ, քանի որ մեր կապուտաչյա գեղեցկուհին քաղցրահամ ջրի եզակի պաշար է և ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն: Ե'վ որպես գավառցի, և' բնապահպան՝ առավել քաջատեղյակ եմ Սևանա լճի առկա խնդիրներին, Սևանի ավազանի բնակչության մտահոգություններին: Լինելով «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ 2004թ.-ից ՀԿ-ի գործունեության ընթացքում մշակվել և իրականացվել են Սևանա լճի պահպանմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում լուծել Սևանա լճի վերականգնման ու պահպանման խնդիրները։ Ի՞նչ ծրագրեր են անհրաժեշտ դրանք առավել արդյունավետ դարձնելու համար:
-Սևանա լճի վերականգնման ու պահպանման խնդիրների լուծման համար առաջնային է լճի մակարդակի բարձրացումը և լիճ թափվող գետերի ջրերը սահմանային թույլատրելի արժեքին հասցնելը: Անհրաժեշտ է, որպեսզի հետևողականորեն շարունակվի Սևանա լճի մակարդակի բարձրացման ծրագիրը, կատարվեն գիտական հետազոտություններ Սևան թափվող 28 գետերի ուղղությամբ, մշակվեն դրանց մաքրմանն ուղղված համապատասխան տեխնոլոգիական նախագծեր և միջոցներ գտնել դրանք կյանքի կոչելու համար:
-Սևանի մակարդակը վերջին տարիներին բարձրացել է մոտ 3.8 մ-ով։ Սակայն ինչքան էլ բարձրացվի ջրի մակարդակը, եթե ջրի մաքրությունը չի ապահովվում, մնացած միջոցառումները դառնում են ապարդյուն։ Ի՞նչ պետք է արվի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ջրի մաքրությունն ապահովելու համար:
-Մաքրությունն ապահովելու համար լիճ թափվող գետերի ջրերը սահմանային թույլատրելի արժեքին հասցնելուն զուգահեռ անհրաժեշտ է ջրի տակ անցնող հողատարածքներն ամբողջությամբ մաքրել կենցաղային թափոններից, կանաչապատ տարածքներից, ինչպես նաև ծրագրեր իրականացնել լճում ձկնային պաշարների վերականգնման ուղղությամբ:
-Լճի կենսաբազմազանությունը պահպանելու ուղղությամբ ի՞նչ ծրագրեր կան:
-Ներկայումս Հայկական բերքի առաջմղման կենտրոնի կողմից մշակվել և համապատասխան կարգով շրջանառության մեջ է դրվել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
-Սևանի խնդրի լուծումը մեծ ներդրումներ է պահանջում։ ՀՀ կառավարությունն ունի՞ բավարար միջոցներ այն լուծելու համար:
-Կարծում եմ՝ միայն ՀՀ կառավարության միջոցներով հնարավոր չէ Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Օգտագործելով իմ կապերն արտասահմանի բնապահպան-գիտնականների հետ և ՀԿ նախագահի գործունեության փորձը՝ կաշխատեմ միջոցներ հայթաթել Սևանի ավազանում առկա խնդիրների լուծման համար:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ