Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հոգեպես բավարարված եմ զգում, քանզի կատարված աշխատանքն իր պտուղներն է տալիս»

«Հոգեպես բավարարված եմ զգում, քանզի կատարված աշխատանքն  իր պտուղներն է տալիս»
24.01.2014 | 14:11

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ:

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԵՔ ԵՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ՄԻՏՎԱԾ ՉՈՐՍԻ»


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը ներառում է նաև թանգարանը։ Բացառիկ է հուշահամալիրի նշանակությունը մեր իրականության համար։ Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված հոյաշեն շենքը միաձուլում է հայ ճարտարապետական ըմբռնումները վաղնջական դարերից մինչև մեր օրերը։ Այն Հայաստանի այցեքարտերից է, խորհրդանշական մի երևույթ։ Սակայն հուշահամալիր-թանգարանը կենդանի օրգանիզմ է՝ իր հոգսերով և հույսերով, իր բազմաբնույթ տեղեկատվական և պատմամշակութային արժեքներով։ Ցավոք, մեր հեղհեղուկ օրերում շատերն են անտեղյակ՝ ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է ապրում հուշահամալիրը։ Բացը լրացնելու նպատակով հանդիպեցինք հուշահամալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ հետ։


-2007-ից եք այստեղ, վստահված գործը անծանոթ չէ՞ր Ձեզ։
-Երբ աշխատում էի որպես ՀՀ մշակույթի փոխնախարար, համակարգում էի հանրապետության թանգարանների աշխատանքը, մասնակցել էի միջազգային թանգարանագիտական դասընթացների և գիտեի, թե ի՛նչ է թանգարանը։ Ինքս մշակել եմ «Ազգային թանգարանային հավաքածուի և թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր ենթաօրենսդրական ակտերով հանդերձ։ Բնականաբար, գործս սկսեցի թանգարանի «գույքագրմամբ»։ Թանգարանն ընդունեցի 2007-ի հոկտեմբերին, իսկ դեկտեմբեր ամսին «հաճելի անակնկալի» եկա. սեղանիս հայտնվեց «ՀայՌուսգազարդի» ծանուցումը, ըստ որի թանգարանը բնական գազի մատակարարման դիմաց պարտք է 38 մլն դրամ։ Չհապաղեց երկրորդ ծանուցումը. էլեկտրաէներգիայի պարտք էր գոյացել, շուրջ 5 մլն դրամ։ Հուշահամալիրի տարածքում երկու ռեստորան էր գործում։ Դրանց վարձակալները պատշաճ ձևով և երկար ժամանակ չէին մուծել վարձակալական գումարները։ Անմիջապես զրույցի հրավիրեցի «Վարդավառ» և «Հացատուն» ռեստորանների տնօրեններին։ Աստիճանաբար պարտքերը մարվեցին։ Այս ոչ այնքան դյուրին գործընթացում բավականին աջակցեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ պարոն Վարդան Ավետիսյանը։ Այսինքն, տնօրենությունս բնավ դյուրին սկիզբ չուներ։
-Որքանո՞վ էր նպատակային թանգարանի փոխադրումը ՀՀ մշակույթի նախարարությունից ՀՀ պաշտպանության նախարարություն։
-Տեղափոխումը կատարվել է 1998-ին, Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք։ Այն տարիներին թանգարանում ծանր տնտեսական իրավիճակ էր, և մշակութային քաղաքականությունը միտված էր մշակութային օջախների պահպանությանը։ Այս առումով նպատակային էր։ Այսօր խնդիր է՝ առավել ինքնուրույնություն ապահովել թանգարանի համար։ Այսինքն՝ սուբսիդիան և արտաբյուջետային միջոցները պետք է առավել ծանրակշիռ դարձնել ընդհանուր տնտեսական հաշվեկշռում։ Սա ընդունված է ամենուր, անգամ ամենազարգացած երկրների թատրոններն ու թանգարաններն անկարող են գործելու ինքնաֆինանսավորմամբ, պետությունն այս կամ այն ձևով աջակցում է մշակույթի կենտրոններին։ Երբ սկսեցի պաշտոնավարումս, արտաբյուջետային միջոցները 6 մլն դրամի կարգի էին, երկու ամիս անց 9 մլն-ի հասանք։ Վերջին շրջանում մոտեցել ենք 18 մլն դրամի սահմանագծին։

«ՁԳՏՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ՀԵՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ, ԱՅԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՎՐԱ»


-Թանգարանից զատ ի՞նչ է ներկայացնում հուշահամալիրը։
-Հուշահամալիրի տարածքը 31 հա է, Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքը 8 հա է։ Հուշահամալիրի պահպանական գոտում թանգարանն է, զբոսայգին, ռեստորանները և օժանդակ շինությունները։ Հուշահամալիրն իմ օրոք ստացել է անշարժ գույքի գրանցման վկայական, կադաստրավորվել է, սա կարևորագույն խնդիր էր։ Թանգարանը երկհարկ շինություն է՝ իր նկուղներով, ուր մեր պահոցներն են։ 2010-11-ին 35 տարվա ընթացքում առաջին անգամ նորոգվեցին պահոցները։
-Վաղամեռիկ գեղանկարիչ Սուրեն Շահվերդյանի ժառանգությունը պահպանված չէ։ Սակայն ուրախությամբ Ձեր թանգարանի պահոցներում նրա երկու աշխատանքը գտա, հետագայում հնարավոր կլինի նրա արվեստի մասին վերլուծական նյութ պատրաստել՝ հիմք ունենալով «Անավարտ պատմություն» և «ՈՒրարտական կառք» կտավները։
-ՈՒրախ եմ նման բան լսելու հենց լրագրողից, հավելեմ միայն, որ պահոցների վերանորոգումը ենթադրում է նոր, նաև էլեկտրոնային, քարտարանների ստեղծում, առհասարակ, ձգտում եմ ոչ թե հենվել Հայաստանի թանգարանների առաջավոր փորձի, այլ համաշխարհային առաջավոր փորձի վրա։
-Երբ մշակույթի փոխնախարար էիք, վերահսկում էիք նաև թանգարանների ոլորտը, այժմ Ձեզ են վերահսկում, նախորդ փորձը, հուսամ, օգտակար է։
-Անշուշտ։ Ինձ բախտ է վիճակվել ղեկավարելու ոչ միայն եզակի մի կառույց, այլև բավականին բարդ մի կոլեկտիվ։
-Դա ուրախությամբ եմ հաստատում, տառապանքս փորձ ունի, 2002-ին աշխատել եմ գրողների, 2003-ից նկարիչների միությունում։ Արվեստի մարդը որքան խոր, նույնքան էլ բարդ, անկանխատեսելի երևույթ է։
-Դա բնական է։ Միաժամանակ ինձ հոգեպես բավարարված եմ զգում, քանզի կատարված աշխատանքն իր պտուղներն է տալիս, տեսանելի է թե՛ գործընկերներիս, թե՛ այցելուներին։ 2013-ին շուրջ 25 հազար այցելու է բախել մեր դուռը, կեսն արտերկրից։ Շատ են դպրոցահասակ այցելուները, թանգարանը յուրօրինակ կրթարան է նրանց համար։ Այսօր փորձում եմ կարգավորել թանգարան հասնելու խնդիրը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը մոտ 60 կմ-ի վրա է մայրաքաղաքից, և շուտով նախատեսում ենք հատուկ ավտոբուս ունենալ, որը կսպասարկի այցելուներին։
(Զրույցին միանում է թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Ներկայացրեք թանգարանը որպես գիտամշակութային երևույթ։
-Ի սկզբանե թանգարանն զբաղվել է գիտական գործունեությամբ։ Սրանք գիտահետազոտական, գիտաֆոնդային և գիտամասսայական ուղղություններն են և գիտահրատարակչական գործունեությունը։ ՈՒնենք գիտական անձնակազմ, յուրաքանչյուրն ունի իր թեման։ Մեր գլխավոր նպատակը հայոց ազգային մշակույթի ներկայացումն է իր ենթահամակարգերով։ Ահա՛ թանգարանի ուղեցույցը. հնագույն շրջան (ձկնակերպ «Վիշապ» քարակոթողը, 3-2-րդ հազարամյակ, 4-5-րդ հազարամյակների ժայռապատկերները, «Առյուծաձև Մհեր» արձանադրոշը, որը ներկայացնում է մ.թ.ա. 14-13-րդ դարերը, ՈՒրարտուի մ.թ.ա. 7-րդ դարի սեպագիր արձանագրությունը և այլն), միջնադարյան մշակույթ (9-13-րդ դարերի քրեղան, սնդկաման, դրոշմազարդ կարաս, 1548-ի խաչքար և այլն), ավանդույթային մշակույթ (18-19-րդ դդ. հացահատիկի ամբար, գաթանախշի փայտ, թուր, վահան, դաշույն, բուխարու ճակատքար, քարե ծիսագլուխ ջրհորդան, գորգեր, գոտիներ, տարազ, կահույք, ազգագրական այլևայլ չքնաղ նմուշներ, երաժշտական գործիքներ և այլն) և Կենտրոնական սրահը։ Մենք առաքելություն ունենք՝ հայոց մշակույթի համակարգերը, ժառանգորդումը, ավանդույթները, ծեսերը պահպանելը։
-Հրաշալի երաժշտական գործիքներ տեսա այստեղ։
-Հարուստ հավաքածու ունենք, 300-ից ավելի նմուշ, և նպատակ ունենք հատուկ ցուցադրությամբ ներկայացնելու հոգևոր մշակույթի այս կարևոր ոլորտը, մեր ազգային նվագարանները։ ՈՒնենք գեղարվեստական գործվածքի բավականին մեծ հավաքածու, ութուկես հազար նմուշ, այստեղ գորգեր են, կարպետներ, ասեղնագործություն, ժանյակ, գոբելեններ, տարազ, թանկարժեք մետաղների հավաքածու, ապակու հավաքածու, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, կերպարվեստի հիանալի հավաքածու։ Պահոցներում խստորեն պահպանվում է ջերմախոնավային ռեժիմը հատուկ սարքերի միջոցով։ Պահոցների նախկին անմխիթար վիճակը թանգարանի աքիլլեսյան գարշապարն էր, բարեբախտաբար, այսօր բարվոք է ամեն բան։
-Պարոն Արիստակեսյան, ծավալուն շինաշխատանքներ եք իրականացրել և, կարծես թե, դժգոհ չեք։
-Ի պատիվ շինարարական կազմակերպության (տնօրեն՝ Յ. Ադյան), ամեն բան սկսվեց և ավարտվեց ժամանակին ու որակով։ Նրանք պատվով և պատասխանատվությամբ մոտեցան գործին։ Այսօր մտածում եմ պահոցների օդափոխության խնդրի մասին։ Առհասարակ, 2014-ը բեկումնային պիտի լինի թանգարանի կյանքում, չէ՞ որ 2015-ին Մուսա լեռան, 2018-ին՝ Սարդարապատի հերոսամարտի մեկդարյա հոբելյաններն են։ Ավելացնեմ, որ հուշահամալիրի տարածքը մշտապես բարեկարգվում է, սակայն խնդիր կա, այն պիտի լինի զբոսաշրջային սպասարկման տեսանկյունից հարմարավետ և գայթակղիչ։ ՈՒնենք «Հազարաշեն» հացատունը՝ ազգային խոհանոցով, ունենք հուշանվերների մի գողտրիկ վաճառակետ, տեսանելի հեռանկարում հյուրատունը կնորոգենք, արհեստական լիճը կբարեկարգենք։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտահղացմամբ հայտնի արծվի հոյաշեն քանդակը համարժեքվում է Արարատ լեռանը և այցելուին պատկերվում է երկու դոմինանտ՝ արծիվն ու լեռը։ Այստեղ գեղադիտակ եմ տեղակայելու, որով զբոսաշրջիկները հիանալու են Արարատով, փորձելով գտնել Նոյյան տապանը։ Ավելացնեմ, որ ծիրանի այգի ունենք, հուշահամալիրի պատմության մեջ առաջին անգամ մեր ուժերով ծիրանի բերքը հավաքեցինք և վերամշակման հանձնեցինք։
-Ես երիտասարդ մասնագետների հանդիպեցի Արմավիրից, որոնց ցանկանում եք ընդունել աշխատանքի թանգարանում։ Սա որոշակի ծրագրային մոտեցո՞ւմ է։
-Այո, երիտասարդների մուտքը ողջունել եմ միշտ, հատկապես տեղաբնակների։ Մշակութային քաղաքականությունը պիտի ապակենտրոնացվի նաև այս ձևով, պիտի տեղում բարձրորակ կադրեր աճեն, համալրեն թանգարանի աշխատակիցների շարքերը։ Իսկ սա պատասխանատու գործ է, թանգարանում պիտի յուրահատուկ ներքին նվիրական և բարեկիրթ մշակույթի կրողն աշխատի։ Տեղին է հիշել, որ մենք «Թանգարանների միջազգային խորհրդի» (ԻԿՕՄ) անդամ ենք և արդեն այս տարի թանգարանային-միջազգային համագործակցությունը որոշակի կայուն հիմքերի և առաջընթաց քայլերի վրա պիտի խարսխենք։ Ավելացնեմ, որ թանգարանի աշխատակցից այսօր պահանջվում է իր վարքագծով համապատասխանել «Թանգարանների միջազգային խորհրդի», վարքագծի կանոններին։

«ԿՀՐԱՏԱՐԱԿԵՆՔ «1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ» ԳԻՐՔԸ»


-Մշակութային ներկա օրենսդրությունը բավարարո՞ւմ է Ձեզ։
-Թանգարանային օրենսդրության դաշտը կարգավորված չէ, քանի որ բացակայում է թանգարանների մասին օրենքը, իր ենթաօրենսդրական ակտերով։ Անհրաժեշտ է օրենքի ստեղծումը, որը կնպաստի թանգարանների գործունեության արդյունավետությանն ու դրանց համապատասխանեցմանը միջազգային հանրաճանաչ նորմերին։ Ժամանակին, ի դեպ, հեղինակել եմ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքը, որից պիտի բխեին առանձին բնագավառները կարգավորող օրենքները։
-Առաջիկա ծրագրերին անդրադառնանք։
-Վերջապես կհրատարակենք (մինչև սույն տարվա մայիսի 28-ը) «1918 թ. մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» գիրքը։ Օգտվել ենք նաև մեր պահոցների նյութերից։ Երբ խմբագրում էի հուշագրությունը, այլ լույսի ներքո ընկալեցի այդ բախտորոշ ժամանակը, ընկալեցի հերոսամարտի անմիջական մասնակցի աչքերով։ Շատ ուշագրավ հուշագիրք է դրվելու ընթերցողի սեղանին։ Սրանից զատ, քաղաքակիրթ աշխարհի իրողություններին հարիր մի բան էլ ենք նախաձեռնելու, ստեղծելու ենք «Թանգարանի բարեկամների խորհուրդ»՝ ձևավորված կորպորատիվ անդամներից և անհատներից։ Ավելի ընդգրկուն ենք դարձնելու մեր կանոնադրական գործունեությունը՝ կանոնադրական և կառուցվածքային փոփոխություններ կատարելով։ Առաջիկայում մեր կայքէջը կունենանք, որը շատ թափանցիկ է գործելու, և մեր գալիք հովանավորները վստահ կլինեն, թե ինչպես են ծախսվում իրենց տրամադրած միջոցները։ Դուք անդրադարձաք մեր ազգային նվագարանների հավաքածուին։ Կամենում ենք նվագարանների փորձանմուշներ ունենալ, որոնք այցելուները կարող են տեղում հնչեցնել։ Նպատակ ունենք Սարդարապատի հերոսամարտը ներկայացնելու եռաչափ, հերոսների «կենդանացմամբ»։
-Տիկին Պողոսյան, Ձեր գիտական ծրագրերը ներկայացրեք։
-Առաջիկա գերակա խնդիրներից մեկը հայ ազգագրությանը նվիրված փուլային ցուցադրության կազմակերպումն է։ Պետք է նպատակային համալրումներ կատարենք, հասկանանք, թե մեր պահոցներում թանգարանային ինչ կարևորագույն առարկաներ են պակասում, և ցուցադրության լրամշակված հայեցակարգի հիման վրա կազմակերպենք մեր բազմահարուստ մշակույթին վայել հիմնական ցուցադրություն։
-Պարոն Արիստակեսյան, ՊՆ-ի հետ աշխատելը դժվար չէ՞ քաղաքացիական անձի համար, չէ՞ որ զինվորական ղեկավարությունը սովոր է հրամայելու և սպասելու հրաման-հրահանգների անշեղ կատարմանը։
-Ձեր պատկերացումը չափազանցված է, ՊՆ-ում ես հանդիպել եմ կարգապահության և լիարժեք պատասխանատվության՝ ցանկացած գործի հանդեպ։ Բացի այս, այնտեղ, հավատացեք, հիանալի շատ մարդիկ կան։ Ավելացնեմ, որ ծրագրային խնդիր ունենք՝ Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հուշահամալիրները ներառել կազմակերպության կառուցվածքում՝ մասնաճյուղի կարգավիճակով, և ամբողջացնել դարակազմիկ պատմական իրադարձությունը, ինչպես նաև ՀՀ մարզերում ստեղծել Հայոց ազգագրության թանգարանի մասնաճյուղեր՝ ներկայացնելով ազգագրությունն ըստ պատմա-աշխարհագրական շրջանների։ Շատ եմ կարևորում զբոսաշրջային երթուղիների խնդիրը, այն է՝ Սարդարապատի հերոսամարտի կարևորագույն բլուրներից մեկը՝ «440-րդ» բարձունքը, որի գրավմամբ հաղթեցինք թշնամուն, ներառվի պատմամշակութային հողերի ցանկում։
-Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի մասին մի քանի բառով։
-Թանգարանը ներկայացնում է Մուսա լեռան հերոսամարտը և մուսալեռցիների ազգագրությունը։ Թանգարանին կից զբոսայգի կա, և կան լուծման կարոտ բազում խնդիրներ։ Զբոսայգու լուսավորության խնդիրն է կարգավորվել։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում էլ ենք կարգավորել լուսավորության, ոռոգման և այլ տեխնիկական խնդիրներ՝ հուշահամալիր-թանգարանի շահագործման և պահպանության գծով փոխտնօրեն Արման Գուլքանյանի բանիմաց և նվիրված աշխատանքի շնորհիվ։ Այստեղ, մշակման տեսանկյունից, բավականին քմահաճ հողեր են, այնուամենայնիվ, պարբերաբար ծառ ու ծաղիկ ենք տնկում, խնամում օրնիբուն։ Չափազանց գեղեցիկ է Սարդարապատի հուշահամալիրը, հատկապես գարնանից աշուն։
-Զրույցն ավարտվում է, տիկին Պողոսյան, անաչառ գնահատեք Կարեն Արիստակեսյանի աշխատանքը 5-բալանոց համակարգով։
-Չորս եմ գնահատում, առանց այլևայլության։
-Պարոն Արիստակեսյան, այժմ էլ ինքներդ գնահատեք Ձեր գործունեությունը հետևյալ ձևաչափում՝ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը գնահատում է տնօրեն Կարեն Արիստակեսյանի աշխատանքը։
-Երեք։
-Կարծես թե անտեղի խստապահանջ եք։
-Ոչ, երեք եմ գնահատում՝ միտված չորսի։


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ