Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Բանակը մեր ժողովրդի երեխան է»

«Բանակը մեր ժողովրդի երեխան է»
24.01.2014 | 00:34

Հայոց բանակի 22-ամյակին ընդառաջ ցավալի կորուստներ ունեցանք. հիվանդությունից մահացան զինվորներ, ադրբեջանական դիվերսիային զոհ գնաց Արմեն Հովհաննիսյանը։ Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ չցանկացավ մեկնաբանել հիվանդությունից մահացած զինվորների հետ տեղի ունեցածը, պատճառաբանելով, թե պատասխանատուները կքննեն գործը և լույս կսփռեն փաստերի վրա։ Հետո էլ այդ թեմային անդրադառնալը, ըստ նրա, մահացած զինվորների ծնողների վերքին հերթական անգամ «աղ ցանել» է նշանակում։

-Հայոց բանակը 22 տարեկան է։ Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք։
-Այդ հարցի պատասխանը «հնչում» է այն ժամանակ, երբ թշնամին անօրեն գործողությունների է դիմում։ Նրանք հասկանում են, որ գործ ունեն կայացած բանակի հետ։ Մեր տարածաշրջանում Հայաստանի բանակն ամենամարտունակն է։ Բանակն առաջին իսկ օրից ստեղծվել է մարտի դաշտում, ոչ թե ինչ-որ դասասենյակներում՝ կազմավորելու համար հատուկ ժամանակ տրամադրելով։ Հասարակության միջից առանձնացավ հայրենասերների այն բանակը, որը կամովին կռվեց ու դրեց բանակի հիմքերը։ Այլ խոսքով, բանակը ստեղծվել է փորձի և կրած կորուստների արդյունքում։ Այսօր հենց այն ժամանակն է, երբ պետք է մեր զոհված տղաներին արժանին մատուցենք, խոնարհվենք նրանց կյանք տված ծնողների առջև։ Բանակի օրն ինձ համար և՛ տխրության, և՛ ուրախության օր է։ Արժանին պիտի մատուցել նաև այն զինվորականներին ու ազատամարտիկներին, ովքեր այս սոցիալ-տնտեսական վատ վիճակում շարունակում են իրենց առաքելությունը, անձնվեր ծառայում։ Բանակի ծննդյան առաջին իսկ օրից նրա հետ եմ ու հրաշալի գիտեմ այդ ոլորտի և՛ լավը, և՛ վատը։ Ցավալի է, որ վերոնշյալ դեպքերի պատճառով լավն ամբողջովին ստվերվում է։ Լավը քիչ է երևում, արձանագրվող տխուր իրողությունները լավը զրոյացնում են։ Իհարկե, լինում են խաղաղ պայմաններում նման զոհեր, բայց հիմնականում հայոց բանակի զոհերը հակառակորդի հարձակումներից են լինում։
-Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությանը ինչպիսի՞ գնահատական ունեք։
-Ոչ մի դեպք պատահական չի լինում։ Դա լինում է, երբ նախագահական ընտրություններ են, երկրում ճգնաժամային ինչ-որ վիճակներ են կամ էլ այլ իրողություններ։ Կարծում եմ, սա պայմանավորված է նաև նրանով, որ տարիներ առաջ ռուսական զորքերը մտան Բաքու։ Բայց մինչ ռուսների գալը, լավ գիտենք, թե ինչ էին արել հայերի հանդեպ։ Նրանց փորձը հիմնված է թուրքական, ֆաշիստական գաղափարախոսության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ պետություն են։ Մեր ազգի առաջ մշտապես պաշտպանվելու խնդիր է դրված, ու մեր բանակն արժանապատվորեն իրականացնում է այն։ Մեր ժողովուրդը գիտակցում է այս լուրջ խնդիրը և, չնայած տարբեր դժվարություններին, շարունակում է դիմագրավել այդ հարվածներին։
-Դժվարություններից մեկն էլ այն է, որ պատերազմում կռված որոշ տղաներ այսօր Ազատության հրապարակում են, որովհետև ապրելու միջոց չունեն։
-Այո, մեր ազատամարտիկները վատ վիճակի պատճառով են այնտեղ։ Շատ սիրուն, ջերմ խոսքեր ենք ասում մեր ազատամարտիկների հասցեին, բայց նրանց վիճակը թեթևացնելու քայլեր, կարծես, չեն արվում։ Չնայած վերջին երեք տարիներին դրական փոփոխություններ կան այս հարցում։ Սպաների ու զինվորների հարաբերությունները կարգավորվում են։ Ավելին, բանակը բաց է դարձել հասարակության համար, և լրատվամիջոցներն այս կամ այն դեպքի առնչությամբ տեղեկատվություն ստանում են։ Տեղեկանում են և՛ լավին, և՛ վատին։ Հարցն այն է, որ չափը չանցնեն ու չխառնեն թացը չորի հետ։ Բոլորն էլ թերություններ ունեն, բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն։ Բայց ժողովուրդը պիտի իմանա, որ բանակը առողջ օրգանիզմ է։ Բանակ-հասարակություն կապը շատ ամուր է։ Իհարկե, բացառությամբ որոշ հրամանատարների, զինվորների հետ վերադասների հարաբերությունները կարգավորվել են, նորմալացել։ Իմ տղան, թոռները ևս ծառայում են, ու ես շատ լավ գիտեմ, որ մարդկային գործոնը սկսել է շատ ավելի կարևորվել։
-Ռազմական մասնագետների պատրաստվածությունը մեզանում ի՞նչ մակարդակի վրա է։
-Մենք համագործակցում ենք շուրջ 30 պետության հետ, որտեղ պատրաստվում են մեր մասնագետները։ Ի դեպ, բոլոր տեղերում մերոնք առաջնային դիրք են զբաղեցնում։ Հայ ժողովրդի մեջ կա «ռազմական» գենը։ Սարոյանը շատ լավ է ասել այս առումով, թե յուրաքանչյուր հայ կարծում է, որ ինքը գեներալ է։ Սա շատ լավ հատկություն է բանակի համար, բայց պետության կերտման առումով մի քիչ խանգարում է մեզ։ Բանակը մեր ժողովրդի երեխան է, որին փայփայում, մեծացնում, առողջ մարմին են կերտում։
-Մշտապես խոսվում է Ադրբեջանի ռազմական հագեցածության մասին։ Ի՞նչ եք կարծում, հավասարակշռությունը չի՞ խախտվել, և, Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, մենք զինտեխնիկայի առումով որքա՞ն ենք պատրաստ։
-Կան զինվորական օրենքներ, որոնք չի կարելի խախտել։ Ինչ ունի թշնամին, նույնն էլ մենք ունենք, այսինքն, հավասարակշռությունը պահպանվում է։ Խորհրդային տարիներին Ռուսաստանն ուներ 1000 ռումբ, նույնքան էլ՝ ԱՄՆ-ը, եթե մի անգամ իրար հարվածեին, ո՛չ Ամերիկա կլիներ, ո՛չ էլ Ռուսաստան։ Հարցը զինտեխնիկայի քանակը չէ։ Սա շախմատային քայլերի նման է։ Ամեն տարի իրենք էլ են իրենց զինուժը ցուցադրում, մենք էլ։ Այդ հարաբերությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ մի հիմք չունի հոխորտալու, այլապես վաղուց էր պատերազմ սկսել։ Ինչպես իրենք, մենք էլ ունենք հետախուզություն, և երկուստեք շատ լավ տիրապետում ենք մեկս մյուսի պատրաստվածությանը։ Մենք իրենց մասին ամեն ինչ գիտենք, իրենք էլ՝ մեր։
-Բանակի օրվան ընդառաջ ի՞նչ եք մաղթում զինվորներին։
-Ամենակարևորը՝ առողջ լինեն. ոչ միայն մարմնապես, այլև միմյանց հետ հարաբերություններում։ Կուզենամ շատ ավելի լավ հարաբերություններ լինեն զինվորների ու սպաների միջև։ Ամեն զինվոր երկրի պատասխանատուն է, ու երկիրն առանց նրա չի կարող զարգանալ, գոյատևել։ Շատ կարևոր է նաև մարտական ոգի ունենալը, գիտակցելը, որ իրենք այն մարդկանց զավակներն ու թոռներն են, որոնց արյունով հետ բերեցինք մեր պատմական տարածքները, հաղթեցինք այնպիսի ուժեղ երկրի, որի դաշնակիցը Թուրքիան էր։ Միշտ պետք է հիշել, որ իրենք այդ փառապանծ հաղթանակի կրողներն են։


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ