Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Եթե արտադրողն ինքը, ընտանյոք հանդերձ, չի գործածում իր իսկ արտադրածը, ապա նա ազնիվ չէ սպառողի նկատմամբ»

«Եթե արտադրողն ինքը, ընտանյոք հանդերձ, չի գործածում իր իսկ արտադրածը, ապա  նա ազնիվ չէ սպառողի նկատմամբ»
21.01.2014 | 11:46

Օրեր առաջ մեր հանրային կյանք մուտքագրվեց մի նոր կազմակերպություն՝ «Անվտանգ ապրելակերպ» խոստումնալից անվանմամբ։ Նրա անելիքների և ստեղծման նախադրյալների շուրջ է մեր զրույցը կազմակերպության գլխավոր փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։

«ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԵՐՈՎ ԱՆԱՐԽԻԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԴԱՐՁԱՎ ՏԵՐ ՈՒ ՏՆՕՐԵՆ»

-Պարոն Ստեփանյան, նման նախաձեռնությունը ենթադրում է որոշակի դաշտի առկայություն։
-1997-ից զբաղվում եմ սննդի անվտանգության, մասնավորպես դրա փաթեթավորման խնդիրներով։ Եվ ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում, ըստ էության, հնարավոր չէ առողջ սնունդ գնել վաճառատներից։ Այս ամենը սկսվել է 1988-ին, երբ նախ ձևական բնույթ ստացան խորհրդային վերահսկիչ կազմակերպությունները (հանրահայտ ГОСТ-ը), հետո առհասարակ վերացան, անկախ պետականության շրջափուլում էլ շուկայական ազատականության հովերով անարխիան շուկայում դարձավ տեր ու տնօրեն։
-Դուք գործարարական հարուստ անցյալ ունեք, ներկայացեք մեր ընթերցողներին։
-Սիրով։ 1980-ականներից ապրում եմ Ռուսաստանում։ Տակավին երիտասարդ` պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում, ի դեպ, Մոսկվայում բարձրագույն կրթություն եմ ստացել, ավարտելով ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտի շահագործման բաժինը։ Երբ ընդունվեց կոոպերացիայի մասին հայտնի օրենքը, ստեղծեցինք «Խաչեն» կոոպերատիվը և մերձմոսկովյան շրջաններից մեկում հիմնեցինք ֆերմերային տնտեսություն, խոզ ու խոշոր եղջերավոր անասուն էինք աճեցնում, մի քանի տասնյակ հազար գլուխ։ Հետո աշխատեցի որպես մարզադաշտի տնօրեն, Մոսկվայի տրանսպորտի մատակարարման բաժնի պետ և այլն։ Սակայն, միևնույն է, ազատ տնտեսական գործունեությունն էի համարում իմ գլխավոր խնդիրը։ Եկավ ժամանակը, վաճառեցինք մեր ֆերմերային տնտեսությունը Մոսկվայի երկաթգծին, քանի որ այն տարիներին խոշոր ձեռնարկությունները հիմնում էին սեփական օժանդակ տնտեսություններ։ Հետո խորացանք նոր, ալկոհոլային խմիչքների շուկայում, արտադրում էինք մեծ պահանջարկ վայելող «Գորոխովսկի» օղին, ռուսական շուկայում այն աննախադեպ որակ և քանակ էր ապահովում։ 1999-ին վաճառեցի իմ բաժնեմասերը, անցա այլ ոլորտ։
-Դուք խմո՞ւմ էիք Ձեր արտադրած օղին։
-Հարցի ենթատեքստը հասկանալի է. գործածել եմ այն, ինչն ինքս էի արտադրում, քանի որ եթե արտադրողն ինքը, ընտանյոք հանդերձ, չի գործածում իր իսկ արտադրածը, ապա նա ազնիվ չէ սպառողի նկատմամբ, ինքն իր նկատմամբ։

«ԳԼԽԱՎՈՐԸ ՓՈՂԻ ՔԱՆԱԿԸ ՉԷ, ԳԼԽԱՎՈՐԸ ՄԻՏՔԸ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»


-Մեր հայրենական շուկան ողողված է էժան ապրանքատեսականիով։ Ըստ իս, խախտվել է «էժան և որակով» նշանաբանը, մեզ մոտ վաճառվող տեսականին, եթե էժան է, ապա, անպայման, անորակ է, հաճախ էլ ուղղակի վտանգավոր սպառողի առողջության համար։
-Էժան ապրանքը չի կարող որակյալ լինել, չէ՞ որ կան չափանիշներ, որոնք պահպանելով անհնար է որակյալ ապրանքատեսակ արտադրել և շուկա դուրս բերել էժան գնով, ապրանքն ունի իր ինքնարժեքը, որը ձևավորվում է բազում գործոններից, դրանք անհնար է խախտել։
-Բարի, գորբաչովյան ձնհալի շրջափուլում ձևավորվեց ձեռներեց մարդկանց մի խավ, ովքեր ազնիվ էին իրենց գործերում և խելահաս, նպատակասլաց, պատասխանատու թե՛ սպառողի առջև, թե՛ իրենց պատվի համար։ Նրանք անկախությամբ կարծես վերացան, հեռացան բիզնեսից կամ էլ երկրից։ Հայաստանի ներկա գործարար միջավայրն ու գործարար անհատը Ձեր տեսանկյունից։
-Գործարարությունից, բիզնես հասկացությունից շատ են հեռու մեր շատ գործարարներ, քանզի մեր շուկայում նախ չկա մրցակցություն։ Որակը գցելով՝ մարդիկ գերշահույթներ են հետապնդում։ Բայց մինչև ե՞րբ։
-Մեր գործարար աշխարհում առհասարակ շատ բան է գլխիվայր, մարդիկ բողոքում են հարկային դաշտից, հայկական շուկայի մանրակերտ պայմաններից, արտահանման դժվարություններից, սակայն միաժամանակ ապրում են միլիոնանոց դղյակներում, երեկոները մաշում լուկուլոսյան խրախճանքներում։
-Նրանց մեջ բացակայում է գաղափարը, բիզնեսը նախ և առաջ սեփական մտահղացումների կենսագործումն է, հանրությանն ու երկրին ծառայելու քաղաքացիական պարտքը, բնականաբար, որևէ մեկը չի արգելում գործարարին բարեկեցիկ ապրել։ Ես լուրջ գումարներ եմ վաստակել ՌԴ-ում, ՈՒկրաինայում և Մոլդովայում, սակայն երբևէ չեմ թաքնվել վարձու պահակազորի թիկունքում։ Գլխավորը փողի քանակը չէ, գլխավորը միտքը գործի վերածելն է։ Մի խոսքով, մեր շուկայում նախ անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, վստահեցնում եմ՝ էժան սնունդը չի կարող որակյալ, հետևապես անվտանգ լինել։ Ինչո՞ւ են մեր շուկայում այսքան իշխող էժան և անորակ ապրանքները։ Աշխատավարձերն ու կենսաթոշակները բավականին ցածր են, բնակչության մի ստվար խավը գերաղքատ է, և նրանց համար որևէ էական նշանակություն չունի ապրանքի որակը, գլխավորը մի կերպ սնվելն ու հագնվելն է։ Այսինքն, տնտեսական քաղաքականությունն այսօր միտված է ցածրորակ տեսականիով բնակչությանն ապահովելուն։ Սակայն ելքը, անգամ այս պայմաններում, կա. անապահով խավը պիտի անպատճառ վերափոխի իր մոտեցումները, գնի քանակով քիչ, սակայն որակյալ ապրանք նույն սակավ գումարով։ Թե չէ էժան և վտանգավոր սնունդ է գնում, կորցնում առողջությունը և վազում դեղորայքի հետևից։ Բաց չէ՞ որ դեղն էլ փողով են գնում, հաճախ սննդի որակին համարժեք անորակ դեղը։


«ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԸ ԽԵՂԴԵԼ ԵՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»


-Ասացիք, որ մեր շուկայում բացակայում է մրցակցությունը։ Ինչո՞ւ։
-Առհասարակ ներկա հայ գործարարներին կարծես ձեռք չի տալիս որակյալ ապրանքատեսակ արտադրելը։ Քանզի, այո, բացակայում է մրցակցությունը, առանց որի շուկան անկարող է զարգանալ։ Մարդիկ ահա պոմիդոր են արտադրում, բավականին որակյալ, առողջ պոմիդոր (կամ այլ պտուղ-բանջարեղեն), սակայն մենաշնորհատերը Թուրքիայից ավելի էժան պոմիդոր է ներկրում, հեղեղում է տեղական շուկան և հարյուրավոր գործարարների մղում անկյուն։ Սակայն չէ՞ որ տեղական արտադրողները ծախսեր են իրականացրել, հաճախ վարկային պարտավորություններ ստանձնել։ Այսինքն, նախ անհրաժեշտ է հիմնովին վերափոխել մեր տնտեսության կառուցվածքը, վերացնել մենաշնորհները (չմոռանանք, որ հենց մենաշնորհներն են գլխավորապես ձևավորում ահռելի ստվերային դաշտը մեր տնտեսությունում), նոր շուկայական, մրցակցային մտածողություն ձևավորել։ Մի դեպք եմ հիշում, որը վերաբերում է մեր գործարար որոշ հատվածի մտածողական խաթարումներին։ 1990-ականներին եղա Արարատյան դաշտի պահածոյի գործարաններից մեկում. ինձ խնդրել էին աջակցել նշյալ գործարանին, իրացնել նրանց արտադրած և կուտակած մեծաքանակ տոմատի մածուկը։ Հանդիպեցի տնօրենին և առաջարկեցի ամենանպաստավոր, միջազգային շուկայում ընդունված գնով իրացնել իր արտադրանքը։ Նա փոխադարձեց ինձ անհավանական բարձր գին առաջարկելով։ Տարիներ անց նույն գործարանում էի, տոմատի ողջ արտադրանքը փչացած-թափված էր։ Ասացի, մի՞թե այժմ ցավ չի զգում տեսնելով ողջ փչացած ապրանքը, ասաց՝ իմ գինը դա էր։ Այստեղ են ասել՝ խնդա՞մ, թե՞ լամ։
-Ձեզ քաջ ծանոթ և ցավալի մի ոլորտ «ներխուժենք»։ 2013-ի դեկտեմբերին գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը «Գրական թերթում» ուղղակի զարմանալի փաստեր էր հրապարակել. պարզվում է, որ մեր գործարարներն օգտագործում են (սուպերմարկետներն էլ վաճառում են) հորմոններով աճեցրած կենդանիների 12 հազար տոննա, թռչունների 35 հազար տոննա միս, ներկրված Բրազիլիայից, Արգենտինայից և Հնդկաստանից։ Միաժամանակ տեղական գործարանները տեղական և էկոլոգիապես անարատ միս չեն ընդունում, մենաշնորհատերերը դա արգելել են։
-Սա հանրահայտ է և մեր ցավալի իրականությունն է։ Բայց եկեք մի այլ խնդիր դիտարկենք։ Հայաստանում գործում է սննդի անվտանգության ապահովման պետական կոմիտեն։ Անշուշտ, ինչ-ինչ խնդիրներ ապահովում են, սակայն էական ոչ մի բան, քանզի նրանց կարգավիճակն է շատ լուսանցքային. սույն կոմիտեն գործում է գյուղնախարարության հովանու տակ, այնինչ նրա լիազորությունները շատ ավելի ծանրակշիռ պիտի լինեն, քանզի սննդի անվտանգությունը նախ ազգային անվտանգության խնդիր է, և վերոնշյալ կոմիտեն պիտի շատ բարձր կարգավիճակ ունենա (ասենք, լինի անմիջապես երկրի նախագահին կամ վարչապետին առընթեր կառույց), տարեկան մի քանի անգամ հաշվետվությամբ հանդես գա խորհրդարանում։ Բայց չէ՞ որ միայն սնունդը չէ անորակ, անորակ է նաև փաթեթավորումը, լավորակ սնունդը վատորակ փաթեթավորմամբ վտանգավոր է, վտանգավոր սնունդը վտանգավոր փաթեթավորմամբ՝ առավել ևս։ Ի դեպ, մինչև 2012 թ. ես էի Հայաստան ներկրում դեռևս 1786-ին հիմնադրված ՌԴ Տրոիցկ քաղաքի թղթի ֆաբրիկայի արտադրանքը, որը մաքուր սննդային թղթի համաշխարհային շուկայի շուրջ 70 տոկոսի տերն է։ Այս ֆաբրիկայի 100-տոկոսանոց մաքրություն և անվտանգություն ապահովող թղթով փաթեթավորվում է սկզբունքորեն ամեն բան։ Մեր շուկայի որոշակի հատվածներ ապահովել ենք տրոիցկյան հանրահայտ թղթով՝ սկսած 2000-ից։ Սակայն 2012-ին մեր գործընկերները գերադասեցին ձեռք բերել ավելի էժան, բնականաբար նաև ցածրորակ թուղթ։
-Հայրենական շուկայում խիստ բողոքներ կան և՛ մսամթերքի, և՛ արագ սննդի, և՛ կաթնամթերքի որակից։ Ցավոք, զույգ ոտքով կաղում է նաև հացի որակը։
-Ցանկացած հացամթերք պետք է, որ մեկ օր անց էլ ուտելի լինի։ Ցավոք, մեր հացամթերքի շուկայում այնպիսի խառնուրդներով են հացը թխում, որ դրանք ժամեր անց անհնար է օգտագործել։ Հացի մեջ ալյուրը շարունակ պակասում է։ Շատերին ծանոթ մի դեպք հիշեմ. հանրապետությունում «սեռի» տեսակի ալյուր չկար մի քանի ամիս, սակայն «սեռի» հացը վաճառվում էր ամենուր, պարզ չէ՞, որ ներկանյութ էին ավելացնում։ Ոչ պակաս անվերահսկելի է կաթնամթերքի հայկական շուկան. ներկրվող կաթնափոշու մեջ գերակշռում է ՈՒկրաինայի, Բելառուսի և ՌԴ այն մարզերի տեսականին, որը չեռնոբիլյան ծագում ունի։ Մերոնք ներկրում են, քանի որ այն էժան է, բայց չէ՞ որ կաթի փոշին, որպես վտանգավոր սննդամթերք, վերոնշյալ արտադրող երկրներում չեն օգտագործում, արգելված է։ Մերոնք կաթնամթերքը հիմնականում ներկրում են Հյուսիսիային Կովկասի բազաներից։ Ինքս կարող եմ առաջարկել ավելի հաճախ դիմել մեր գյուղաբնակներին, գնել նրանց տնտեսություններում արտադրված պանիրը, թթվասերը, կաթը։ Առհասարակ անվտանգ ապրելակերպը միայն անվտանգ սնունդը, անաղմուկ միջավայրը և բարվոք վիճակում գտնվող բնաշխարհը չեն։ Անտեսելով գյուղի բնամթերքը՝ մենք դատարկում ենք հայոց գյուղերը։ Դիցուք, սահմանամերձ գյուղի գործունյա բնակիչը մի քանի գլուխ անասուն, այգի և բանջարանոց ունի, սակայն իր անարատ բնամթերքը և միրգ-բանջարեղենն անկարող է իրացնել։ Նրան, այսպիսով, մի բան է մնում՝ արտագաղթել։ Այսինքն, անվտանգ ապրելակերպի գաղափարահենքը խարսխվում է մեր ազգային-պետական անվտանգությանը։ Այսինքն, այս ամենի հիմքում միջազգային դիվերսիոն ծրագրերն են, սա պետք է քաջ գիտակցենք։
-Որքան դղրդուն է եզրահանգումը, նույնքան հզոր պիտի լինեն հիմնավորումները։
-Անշուշտ, Թուրքիայի կամ Ադրբեջանի ռազմավարական հավակնությունները մի՞թե փոխվել են, մի՞թե «Հայաստանն առանց հայերի» մարմաջը լքել է նրանց։ Նրանց կառավարությունները սուբսիդավորում են իրենց գյուղմթերք արտադրողներին, որպեսզի վերջիններս ամենացածր գներով գյուղմթերք արտահանեն հայկական շուկա և սպանեն երկրի գյուղատնտեսությունը։ Սա հանրահայտ դեմպինգային քաղաքականությունն է, ռազմավարական հեռանկարներով։
-Թուրքն ու ազերին սուբսիդավորում են իրենց գյուղատնտեսությունը, մենք զուգահեռաբար մենաշնորհում, այստեղ են ասել. «Ողբամ զքեզ, Հայաստան աշխարհ»։
-ՀՀ կառավարությունը, անշուշտ, տեղական շուկայի շահերը պաշտպանող բազմաթիվ որոշումներ ունի, մասնավորապես, որպեսզի Թուրքիայից գյուղմթերք, ասենք պոմիդոր, չներմուծվի։ Ձևական մակարդակում որոշումը, ինչ խոսք, պահպանվում է, սակայն զարտուղի ճանապարհներով, շրջանցելով մաքսակետերը, ոչ բարեկամ երկրների գյուղմթերքը պարբերաբար հեղեղում է տեղական շուկան։
-Ձեր հետագա գործունեության ուղղվածությունը։
-Նախ` ձևավորել հասարակական կարծիք, որը կստիպի անորակ արտադրանք հրամցնողներին հասկանալ, որ իրենց համար այլևս շահավետ չէ անորակ ապրանքով շուկան հեղեղելը։ Մենք ակումբ ենք ստեղծելու, ուր կներգրավվեն այն արտադրողները, ովքեր միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերք կարտադրեն և պաշտպանված կլինեն մեր կողմից, մենք ամենատարբեր միջոցներով հանրահռչակելու ենք նրանց տեսականին, մատնանշելով, թե որ վաճառատներում են դրանք վաճառվում։ Ասենք, ակումբը փորձաքննություն է կազմակերպելու, հրավիրելու է լրատվամիջոցներին և նրանց աչքի առջև, դիցուք, եփելու է երկու կարգի նրբերշիկ՝ անորակն ու որակյալը։ Որակյալ նրբերշիկը կարտազատի անուշ բույր, անորակը՝ տհաճ հոտ, անորակի եփաջուրը գունավորվում է, որակյալինը՝ ոչ։ Բացի սրանից, ակնհայտ տարբերություններ կլինեն համային հատկանիշներում։ Եվս մի կարևոր բան. մենք չենք մատնանշելու վատորակ ապրանքը և նրա արտադրողին, մենք ջատագովելու ենք որակյալն ու նրա արտադրողին։ Այսինքն, սպառողին ընտրության հնարավորություն ենք տալու՝ գնել էժան ու անորա՞կը, թե՞ համեմատաբար թանկն ու որակյալը։ Անշուշտ, ակումբին անդամակցելու են հեղինակավոր փորձագետներ ամենատարբեր ոլորտներից։ Մի ուշագրավ բան պատմեմ. երբ գառը (հաճախ գառան անվան տակ ոչխարը) մորթում են, թոքերի մեջ վաղօրոք ջուր են սրսկում, ավելացնում քաշը, գցում որակը։ Սակայն գառասեր մեր ժողովուրդն անտեղյակ է այս խարդախությանը։
-Ինքներդ, որպես սպառող, ի՞նչ հարաբերության մեջ եք շուկայի հետ։
-Գյուղական մթերք եմ օգտագործում, օգտվում եմ փորձված բրենդներից, օրինակ, բելառուսական սննդամթերք վաճառող վաճառատներից։ Սակայն հասարակական որոշակի խավեր չունեն նման հնարավորություն, բանակի համար գնում են անորակ, հաճախ էլ վտանգավոր մսամթերք, 18-20 տարեկան տղաները սնվում են դրանով։ Իսկ նրանք տարիներ անց ունակ կլինե՞ն առողջ սերունդ տալու, այս է խնդիրը։ Ավելացնեմ, որ այսօր ոչ բոլոր պանդոկներն ու ռեստորաններն են որակյալ սնունդ մատուցում։ Այսինքն, միշտ չէ, որ ապահով խավն ապահովված է բարձրորակ սննդով։ Վիճակը ոչ պակաս ծանր է արագ սննդի բնագավառում, կարելի է ասել, համատարած խախտումներ են։ Ի դեպ, տարիներ առաջ ՌԴ-ում առհասարակ արգելվեց շաուրմա կոչվող ուտեստի վաճառքը, մեզ մոտ բարգավաճում է։ Նույնն է «պեռաշկի» կոչված ժողովրդական ուտեստի բնագավառում։ Ի դեպ, «Գրաֆ» անունով շանս համար պարբերաբար միս եմ գնում շուկայից, կգ-ն 300 դրամ, դա ավելցուկ միսն է, հագեցած զանազան ուռուցքներով։ Եվ, խնդրեմ, վաճառողները հաճախ են հարցնում. «Օբյեկտի համա՞ր ես վերցնում»։ Այսինքն, «պեռաշկիի» կամ «լահմաջոյի» համար։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ