Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Երևանի գլխավոր հատակագիծը չի համապատասխանում ժամանակի պահանջներին»

«Երևանի գլխավոր հատակագիծը  չի համապատասխանում ժամանակի պահանջներին»
17.01.2014 | 15:33

Հաճախ ասում են, թե Երևանի կառուցապատումը կատարվում է մեծ շեղումներով՝ անտեսելով գլխավոր հատակագիծը: Շատերը մեղադրում են գլխավոր հատակագիծն իրականացնողներին՝ ներդրողներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին, կառավարությանը, բայց այդ ամենի պատճառները գուցե շատ խո՞ր են: Հարցի պարզաբանման համար դիմեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:


-Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որը հաստատվել ու ընդունվել է 2005-ին և գործում է 2006 թ. հունվարի 1-ից, չի համապատասխանում ո՛չ կապիտալիզմին, ո՛չ 21-րդ դարի մտածելակերպին, ո՛չ էլ Երևան քաղաքին: Դա են վկայում նաև բացառությունները, որ ամենուրեք արվում են՝ գլխավոր հատակագծից շեղվելու համար, կամ էլ այն, որ 2009 թվականը հայտարարվել է գլխավոր հատակագծի վերանայման տարի: Գլխավոր հատակագիծն անվանվում է «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգ»: Այն պարունակում է քաղաքաշինական գործընթացների և տարրերի խառնիճաղանջություն՝ միևնույն ժամանակ չներառելով ոչ մի հայեցակարգային տարր: Մյուս կողմից, փաստաթուղթը մեխանիկորեն ընդգրկել է այն ժամանակվա Երևանում առկա քաղաքաշինական ծրագրերը, և կրելով հայեցակարգային անվանումը, պարունակում է տարածքների կոնկրետ կառուցապատման առաջարկներ: Հավանաբար հայեցակարգի գաղափարը գալիս է աշխարհի քաղաքաշինական արդի միտումներից: Բայց այն, ինչպես և քաղաքի համաչափ զարգացումը, բնապահպանությունը և էկոլուծումները Հայաստանում սոսկ գաղափարներ են դարձել, որոնց ներառումը գլխավոր հատակագծի մեջ կենսագործ չէ:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ ամենը կենսագործ չէ:
-Ընդհանուր գաղափարը վերցնել կամ այն պարտադրված կիրառել, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, թե ստեղծված քաղաքաշինական փաստաթղթերը համապատասխանում են միջազգային պահանջներին (պարտավորություններին), անթույլատրելի է: Անթույլատրելի է նաև վերցնել պատրաստի օտար քաղաքաշինական մտքերն ու լուծումները և դրանք կիրառել Երևանի պայմաններում: Այս ամենը հանգեցնում է այդ լուծումների ոչ կենսագործ լինելուն: Միջազգային մարտահրավերներն ընդունելով և որդեգրելով՝ Հայաստանը և Երևանը պետք է մշակեն սեփական կենսագործ մոդելները՝ ելնելով իրենց սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքաշինական, ճարտարապետական և այլ տեսանկյուններից, ինչպես նաև պահպանելով բազմազանությունը: Այսօր դա չի արվում: Եվ ստացվում է, որ Հայաստանի քաղաքաշինական գործադիր փաստաթղթերը կենսագործ չեն, չեն համապատասխանում հայկական իրականությանը, նաև չեն կարող համապատասխանել միջազգային պահանջներին և դրանց իրականացմանը:
-Ի՞նչն է, որ չի ընդունվում գլխավոր հատակագծում:
-Երևանի գլխավոր հատակագիծը չի համապատասխանում կապիտալիզմին: Կապիտալիզմի ժամանակաշրջանում պետության դերը տարբեր պատճառներով նվազում է՝ զիջելով իր տեղը մասնավոր սեկտորին: Նաև 21-րդ դարի պոստմոդեռնիզմի դարաշրջանում, երբ զարգանում է մանր և լոկալ մասշտաբ հասկացությունը, Երևանի գլխավոր հատակագիծը շարունակում է առաջադրել մեծածավալ օպերացիաներ: Ինչպես խորհրդային տարիներին, այն առաջնորդվում է նույն վերլուծության մեթոդներով, առաջարկում է նույն լուծումները, որոնք հակասության մեջ են մտնում կապիտալիստական հասարակարգի հետ, էլ չեմ խոսում պոստմոդեռնիզմի սկզբունքների մասին: Երևանի Կենտրոն վարչական շրջանի գոտևորումը (միակ շրջանն է, որի համար արվել է այն) արված է մակերեսային վերլուծության հիման վրա, բացակայում է քաղաքի դիագնոստիկան արդի չափանիշներով և Երևանի սոցիալ-տնտեսական իրականությանը համապատասխան վերլուծությունը, ինչն էլ առաջարկված լուծումները դարձնում է ոչ կենսունակ: Գլխավոր հատակագծի և գոտևորման մյուս ոչ կենսագործ պատճառներից մեկն էլ այն է, որ կապիտալիզմի պայմաններում առաջարկում է կոնկրետ կառուցապատման տարբերակներ, որոնց իրականացումը գլխացավանք է դառնում բոլոր մասնակից և ոչ մասնակից կողմերի համար: Հակառակ այդ ամենին, քաղաքի գլխավոր հատակագիծը պետք է ունենա կոնցեպտուալ սկզբունք, տարբեր քաղաքաշինական ռազմավարություններ, ճկուն գոտևորման համակարգ, իսկ կառուցապատումը պետք է որոշվի, իրականացվի և կարգավորվի ճկուն համակարգի կիրառմամբ, տարբեր գործակիցների առկայությամբ, մի բան, որ ամբողջությամբ բացակայում է Երևանի նոր գլխավոր հատակագծում: Մի խոսքով, այն ամենը, որ պետք է առկա լինի և ներդաշնակություն ստեղծի կառուցապատման, երևանցու ապրելակերպի, Երևանի ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգության միջև, լիովին բացակայում է Երևան քաղաքի գործող գլխավոր հատակագծում:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ