Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է, որից հետո՝ վարչական ողջ ռեսուրսն իր ձեռքը հավաքելը»

«Քոչարյանի  նպատակն իրեն վարչապետ կարգելն է, որից հետո՝ վարչական  ողջ ռեսուրսն իր ձեռքը հավաքելը»
17.01.2014 | 00:33

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
(Ազգային անվտանգության նախկին փոխնախարար)

-Ռոբերտ Քոչարյանը նորից խոսել է ու խախտել է ՀՀԿ-ի անդորրը։
-Թիրախը, որ ընտրել է նա, ավելի քան խոցելի է։ Օֆշորային սկանդալից հետո Ռոբերտ Սեդրակիչն իր քննադատության վեկտորն այլ շառավիղով պիտի ուղղեր։ Այնուհանդերձ կատարվածը գնահատում եմ որպես ուղիղ կոչ Սերժ Սարգսյանին։ Քննադատության ողջ վեկտորն ուղղված է նրան։ Սա ինչ կուզեք համարեք՝ զգուշացում կամ քաղաքականություն վերադառնալու քայլ։ Քոչարյանն իրեն լրջորեն վտանգված է զգում։
-Ի՞նչ վտանգ է սպառնում նրան։
-Այսօրվա իշխանության քաղաքականությունն ամեն ինչ տանում է դեպի կործանում։ Նման պարագայում Ռոբերտ Քոչարյանը կմտնի դատարան ու այնտեղից այլևս դուրս չի գա։
-Այսի՞նքն։
-Վերջերս մամուլում 30-ից ավելի դիակների վերաբերյալ փաստեր հրապարակվեցին։ Եվ այդ ամենը վերագրվեց Ռոբերտ Քոչարյանին։ Ես երեք տասնյակի մասին չեմ ասում, բայց բավական է 30-ից երկու դրվագ էլ հաստատվի, որ նա կորցնի միլիարդներն ու հայտնվի բանտում։ Կարծում եմ, հիշյալ հրապարակումը Բաղրամյան 26-ի պատասխանն էր Քոչարյանին, որ նա հանդարտվի, այլևս չխոսի, հակառակ պարագայում այլ փաստեր էլ կհրապարակվեն։
-Ինչո՞ւ եք համոզված, որ այդ պատասխանը Բաղրամյան 26-ից է հնչել։
-Որովհետև միայն դատախազությունը կարող էր այդ ժամանակագրությամբ դեպքերը ներկայացնել։ Շատ հաշվենկատ է ներկայացված, միտումնավոր երկու տեղ սխալ էին թույլ տվել, որ դատախազության վրա չկասկածեն։
-Արդյո՞ք Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի արդյունք է այդ հրապարակումը։
-ՈՒղիղ։ Ռոբերտ Քոչարյանի նպատակն իրեն վարչապետ կարգելն է, որից հետո՝ վարչական ողջ ռեսուրսն իր ձեռքը հավաքելը, իսկ հետո՝ Սերժ Սարգսյանին մեկուսացնելը։
-Փաստորեն, Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու հնարավորություն, այնուամենայնիվ, ունի։
-Միանշանակ։
-Ըստ Ձեզ, ո՞ր ուժերը կսատարեն նրան։
-Անհրաժեշտ պահին դրանք կհայտնվեն։
-Հետաքրքիր է, որ նրա երկրորդ հարցազրույցից հետո ՀՀԿ-ն Քոչարյանին որակեց «անցյալում մնացած գործիչ»։ Ձեր կարծիքով ՀՀԿ-ից սատարողներ շա՞տ կլինեն։
-Ես տեսել եմ, թե այդ հանրապետականներն ինչպես են հոկտեմբերի 27-ին «հակադրվել» Ռոբերտ Քոչարյանին ու, ինչպես մեկ տարի հետո, երբ նա «սպիտակ ձիու» վրա էր, ապավինեցին նրան։ Հանրապետականների համար դժվար չէ ամեն անգամ նոր տեր ընտրելը։ Անմիջապես կկողմնորոշվեն «տեր» գտնելու հարցում։ Թեկուզ այդ տերը լինի նորից Ռոբերտ Սեդրակիչը։ Ի՞նչ վատ է որ։
-2014-ին ի հայտ կգա՞ն նոր քաղաքական ուժեր, թե՞, ինչպես միշտ, պիտի «ապավինենք» երեք նախագահների «ժառանգությանը»։
-Մինչև այսօր կարծում եմ, որ միակ մարդը, որ հնարավորություն ունի պետությունը հանելու այս փոսից, Լևոն Տեր-Պետրոսյանն է։
-Չնայած Ձեր ցանկությանը, կարծես թե Տեր-Պետրոսյանն ամենևին էլ մտադիր չէ դուրս գալու փոսից։
-Ես այդպես չեմ կարծում։ Ի վերջո, ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից։
-Հասարակությունն ամենևին էլ այսօր նման պահանջ չունի, առավել ևս քաղաքական կամք։ Սա է վկայում ՀԱԿ-ի հանդեպ հետաքրքրության նվազումը։
-Կլինի այդ կամքը, որովհետև այսօր խղճալի վիճակում ենք։ Արտագաղթը շարունակվում է, սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է։
-Համաձայն եմ Ձեր ներկայացրած խնդիրների հետ։ Հավելեմ, այս ֆոնին բարձրացվել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, նպաստը «կտրել» են, բայց, միևնույն է, Տեր-Պետրոսյանի հանրային «պահանջը» չի մեծանում։
-Կլինի կամք, կվերադառնա։ Իհարկե, «բարձրացնում» են նաև թոշակառուի «աշխատավարձը»՝ 3000 «պատվավոր» դրամով։ 3000 անգամ այդ դրամը «կպնի» սրանց գլխին։ Մի հայտարարություն ևս կուզեմ ձեր թերթի միջոցով անել։ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անաշխատունակության համար տրվող նպաստների 90 %-ը գողացել են ու, որպեսզի չգողանան, կրճատում են։ Ո՞վ է մինչև այսօր պատժվել դրա համար։ Անցել է երկուսուկես ամիս այդ հայտարարությունից հետո, իսկ պատժվածներ չկան։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ