Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Քոչարյանը զգացել է վարչապետի նախագահական ամբիցիաները

Քոչարյանը զգացել է վարչապետի նախագահական ամբիցիաները
09.01.2014 | 16:14

Քաղաքական տարին ավարտվեց Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխհրաձգությամբ։ Նախկին նախագահն իր արտահայտչամիջոցներում բավականին խիստ էր։ Ի՞նչ էր ուզում հասկացնել Ռոբերտ Քոչարյանը։ Այս հարցով դիմեցինք քաղտեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։

-Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է կոնկրետ որևէ ոլորտի վերաբերող քննադատությանը։ Ընդ որում, վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հնչեցրածն այնքան էլ թիրախային քննադատություն չէր։ Իշխանությանը հրաժեշտ տալուց հետո երկրորդ նախագահի հասցեին շատ ավելի ցավոտ և հիմնավոր քննադատություններ էլ են հնչել, քան վերջինն էր։ Ըստ իս՝ Քոչարյանի համար ահազանգ էր վարչապետ Տիգրան Սարգսյանի բուն ասուլիսը, ավելի շուտ՝ նրա ֆորմատն ու ձևը, որը նախ նման չէր հեռացող վարչապետի ասուլիսի, երկրորդ՝ գործող վարչապետի 4-ժամանոց հանդիպումը լրագրողների հետ որոշակիորեն հիշեցնում էր Պուտինի տված ասուլիսների ձևաչափը, ինչի ենթատեքստում շատերը, այդ թվում՝ գուցե նաև Ռոբերտ Քոչարյանը, զգացին նախագահական ամբիցիաներ։

-Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանին հուզել գործող վարչապետի նախագահական նկրտումները։

-Կարծում եմ՝ այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ կողմից ընտրված ներկա աշխարհաքաղաքական ուղենիշների պայմաններում իշխանության վերադառնալու մտադրություններ ունի։ Այդ առումով, վարչապետի ասուլիսը նրա համար բավականին տհաճ անակնկալ էր, ու գուցե որոշեց կանխարգելիչ հարված հասցնել։

-Քոչարյանը, ի դեմս Տիգրան Սարգսյանի, տեսնում է ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուի։ Այսօրվա դրությամբ հնարավո՞ր է արդյոք ուրվագծել նախագահի թեկնածուների կամ Քոչարյանի մրցակիցների շրջանակը։

-Այսօր, երբ ֆորս մաժորային իրավիճակներ կարծես թե չեն ենթադրվում, շատ վաղ է խոսել ոչ միայն հնարավոր թեկնածուների, այլև արտաքին քաղաքական կենտրոնների նախասիրությունների մասին։ Այս ընթացքում կհայտնվեն նաև բավականին շատ կեղծ թիրախներ։ Ակնհայտ է, որ ով որպես նախագահի թեկնածու ուրվագծվի, դառնալու է բավականին կոշտ քննադատության առարկա։ Պետք է խոստովանել, որ Հայաստանում շատ քիչ գործող քաղաքական գործիչներ կան, որոնք անթերի են։

-Քոչարյանն իր անդրադարձում հիշատակել էր նաև նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Ի՞նչ նպատակ ուներ այդ հիշատակումը։

-Կարծում եմ՝ Քոչարյանը նաև կոնսոլիդացնում է իր թիմակիցներին իր շուրջ, այդ թվում նաև՝ Հանրապետական կուսակցության այն զանգվածին, որը կայացել է իր կառավարման ժամանակ և հույսեր է կապում նրա վերադարձի հետ։ Անդրանիկ Մարգարյանի անունը հնչեցնելը նպատակ ունի գրավել հասարակության (նաև ՀՀԿ) այն հատվածին, որը բավականին լավ է վերաբերվում Անդրանիկ Մարգարյանին, գուցե նաև դժգոհ է այսօրվա իրավիճակից։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ