Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Րաֆֆի Հովհաննիսյանի «սֆինքսյան» լռությունը

Րաֆֆի Հովհաննիսյանի «սֆինքսյան» լռությունը
04.01.2014 | 15:26

Անցյալ տարվա սկզբին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները, և քաղաքական դաշտում ամենաշատ աղմուկն առաջացրեց այդ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Աղմուկ առաջացրեց՝ ընտրությունների արդյունքները վիճարկելով, հանրահավաքներ ու հացադուլ անելով: Հացադուլին զուգընթաց՝ նա Ազատության հրապարակում նաև մամուլի ասուլիսներ էր հրավիրում, և բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ մի անգամ ձեռնոց նետեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ չի ճանաչում նրան: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը հավաքվեցին մի շարք ընդդիմադիր գործիչներ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին ընդդիմադիր թեկնածուին: Չնայած տարեսկզբի աղմուկին, ապրիլի 9-ից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանափոխություն տեղի չի ունենալու, ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր:

Թե ինչ է մտածում հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչ քաղաքական ծրագրեր ու պլաններ ունի՝ անհայտ է: Տևական ժամանակ է, ինչ նրա «սֆինքսյան» լռությունը իր քաղաքական կուսակիցները պատճառաբանում են Հովհաննիսյանի՝ արտերկրում լինելու հանգամանքով: Այս ընթացքում ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավորի իր մանդատից հրաժարվեց Թևան Պողոսյանը, որն էլ նոր, առայժմ աներևույթ խմորումների հիմք դրեց այս կուսակցության ներսում:

«Ժառանգություն»-ից առայժմ իր նախկին ակտիվությունը պահպանում է ԱԺ-ում խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որի մատուցած վերջին անակնկալը հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորների էլեկտրոնային քարտերը հավաքելն էր: Արդյունքում՝ նրանք զրկվեցին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորությունից:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տարեսկզբին փորձում էր ներկայանալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչ՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով երեք նախագահների եռանկյունուց դուրս գալու անհրաժեշտության մասին, առայժմ չի փորձում գործնականում ցույց տալ այդ եռանկյունուց դուրս իր գործունեությունը և օգտագործել տարեսկզբին ձեռք բերած իր հանրային վստահության ոչ փոքր ռեսուրսը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ