Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ձմեռ պապի քաղաքական «տոպրակը»

Ձմեռ պապի քաղաքական «տոպրակը»
24.12.2013 | 01:20

«ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ԽՆԴՐԵՆՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ»
ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Որո՞նք են անցնող տարվա քաղաքական ձեռքբերումներն ու ձախողումները։
-Դժվար հարց եք տալիս։ Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության մեջ հաջողություն կարելի է համարել Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարը։
-Շատերի պնդմամբ՝ դա տարվա ձախողումն է։
-Չեմ կարծում, իսկ ընդհանուր առմամբ, մեծ ձախողումներ չեն եղել։ Դժգոհ եմ տնտեսության զարգացման տեմպերից։ Բավականին ձախողված քաղաքականություն ունենք արտագաղթի կանխարգելման առումով։ Պետք է ավելի ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ։ Ամենալավ ձեռքբերումը խաղաղության առկայությունն է։ Կուզենայի, որ այս տարի լինի կայուն խաղաղություն, որ մեր տնտեսությունը զարգանա՝ սոցիալապես անապահով խավերի համար ապահովելով բարեկեցիկ կյանք։
-Այս տարեվերջյան արտահերթ նիստերում ընդդիմությունն ամենասուր քննադատության ենթարկեց իշխանությանը։ Մի տեսակ ծանրացած սրտով չե՞ք դիմավորում Նոր տարին։
-Ամենևին։ Ինքս քննադատական ոգի ունեմ, բայց նման կարգի քննադատություններ չեմ ընդունում։ Իրենցը քննադատություն չէ, անուժ մարդու հայհոյախոսություն է։ Անեծքի ընդդիմություն է։ Ոչ թե քաղաքական ընդդիմություն է, այլ անեծք տալու։ Ավելին, կանացի լաչառ կռվի ընդդիմություն է։ Եթե ընդդիմությունը հավաքական չէ, այդպես էլ պետք է լինի։ Փորձում են մեկը մյուսին հրմշտելով առաջ անցնել, և դա ուղեկցվում է հայհոյախառն արտահայտություններով։ Նաև ընդդիմության լիդերի բացակայությունն է, որ մարտավարություն և ռազմավարություն չունեն։ Դա բանակ է, որ հրամանատար չունի։
-Ձմեռ պապից խնդրե՞նք ընդդիմության նոր «հրամանատար»։
-Այո, խնդրենք, որ ընդդիմությանը կարգին ղեկավար բերի։

«ՀՀ ՍԱՀՄԱՆԸ ԼՔՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԿՈՐՈՒՍՏ Է»
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)


-Ըստ Ձեզ, ի՞նչ քաղաքական ձեռքբերումներ ու ձախողումներ ունեցանք 2013-ին։
-ՈՒնեցանք շատ կորուստներ։ ՀՀ սահմանը լքող յուրաքանչյուր քաղաքացի կորուստ է։ Սա ուղղակիորեն տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունք է։ Բոլոր նրանք, ովքեր որոշումների կայացման դաշտում են և ունեն սիրտ ու հոգի, պետք է այս հարցով մտահոգ լինեն։
-Ի՞նչ ձեռքբերում կառանձնացնեք։
-Ձեռքբերումների շարքին պետք է դասել բարոյական ինչ-որ նվաճումներ, որոնք կարող են հուսադրել, որ իրավիճակը կշտկվի և կորուստները կփոխհատուցվեն վերադարձող մարդկանց տեսքով։ Այլ բան թվարկելն անէական է։ Ձեռքբերումները հարկավոր է գույքագրել՝ իրավիճակի փոփոխության վրա ազդելու համար։
-Ի՞նչ կուզենայիք, որ 2014-ին Ձմեռ պապը բերեր հայ ժողովրդին։
-Ձմեռ պապը և Ձյունանուշը թող այցելեն բոլոր այն ընտանիքներին, որոնք հնարավորություն չունեն գոնե հայ ընտանիքի համար ընդունելի կերպով ամանորյա խորհուրդը նշելու։ Ցավոք, այսօր այդ մարդկանց թիվը շեշտակի աճել է։
-ՀՀԿ ներկայացուցիչը Ձմեռ պապից ընդդիմության համար «կարգին լիդեր» խնդրեց։ Դուք այս առումով ի՞նչ ակնկալիքներ ունենք։
-ՈՒզում եմ ողջախոհ միտք ծնելու, գեներացնելու, հավուր պատշաճի մատուցելու և իրականացնելու, արդյունավետ աշխատելու կարողության տեր մարդիկ գերիշխեն և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություններում։ Եթե սա պետք է սպասել Ձմեռ պապից, եկեք ժպիտները դեմքներիս նստենք ու սպասենք։ Բայց, կարծում եմ, ամեն ինչ մեր ձեռքում է։ Դրան ուղղված քայլեր պետք է իրականացնել։

«ԱՌՈՂՋ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱԼ»
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ («Ժառանգություն» խմբակցության քարտուղար)


-Անցնող տարվա քաղաքական ձեռքբերումներն ու ձախողումները։
-Ձախողումը ասոցացման համաձայնագրից հետ կանգնելն էր, իսկ ձեռքբերումն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն է տիրում, մեր բանակն էլ հզոր է և ամուր։
-2014-ին Ձմեռ պապը քաղաքական դաշտին ի՞նչ բերի։
-Մարդը, ով սիրում է իր երկիրը, ցանկացած որոշում հօգուտ նրա է իրականացնում։ Իսկ հասարակությանը ցանկանում եմ բարեկեցություն։
-Ձմեռ պապից քաղաքական սպասելիքներ չունե՞ք։
-Թող առողջ քննադատությունը լսելու ունակություն բերի, ոչ թե կույր արհամարհանք։ «Առողջ» լսողները վերցնեն դրանք ու իրագործեն։

Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ