Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Պոլիսն արևմտահայության միջնաբերդն է»

«Պոլիսն արևմտահայության միջնաբերդն է»
17.12.2013 | 11:41

«Իրատես de facto»-ի հյուրն է արվեստաբան ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԸ, ով վերջերս է վերադարձել Թուրքիա կատարած ուղևորությունից։


-Ի՞նչ է Ձեզ համար Կոստանդնուպոլիսը:
-Պոլիսն ինձ համար նախևառաջ մեր ինքնության խորհրդանիշն է և մեր մշակութային մայրաքաղաքներից մեկը: Անցած դարասկզբի հայ ոսկեղենիկ գրականության կենտրոնն է: Համոզված եմ, որ Պոլիսը նստած է ամեն հայի գենի մեջ: Ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր, որ յուրաքանչյուր հայ մտավորական լինի Պոլսում, որպեսզի կարողանա ինքն իրեն կոչել հայ մշակույթն ամբողջապես ընկալած մեկը: Օրինակ, Պոլսում ես բոլորովին նորովի ընկալեցի Գրիգոր Զոհրապի նովելները, նոր տեսողություն, նոր ընկալում բացվեց: Որպես նկարիչ էլ շատ կուզեի Հայաստանում ցույց տալ հայ Պոլիսը, որովհետև բոլորը չէ, որ հնարավորություն կունենան այնտեղ լինելու: Ես կարծում եմ, որ Պոլիսը մենք կրում ենք մեր մեջ, եթե մի քիչ մշակույթին մոտ ենք մեզ զգում, թեպետ Պոլիսն ինչքան մոտ, այնքան էլ հեռու է մեզ համար:
-Քաղաքականությո՞ւնը նկատի ունեք:
-Բոլոր առումներով, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Բեյրութը ավելի մոտ են, իսկ հարևան Պոլիսը շղարշով է պատած, և այղ շղարշը պիտի բացվի:
-Ի՞նչ առիթով էիք Պոլիս մեկնել:
-Պոլսում, ի շարս ազգային տասնյակ վարժարանների ուսուցիչների, 1909-ին ունեցել ենք Հովհաննես Հինդլյան մանկավարժ, ով ուսանել է Եվրոպայում, ապա մանկավարժության նոր մեթոդները կիրառել հայ դպրոցում` շրջադարձ նշանավորելով հայ մանկավարժության պատմության մեջ: Նա ստեղծեց նոր դպրոց և Պոլսո կրթական քարտեզի վրա կարողացավ նոր հասցե բացել: 1909 թ. նա ստեղծեց իր վարժարանը, որը գոյատևեց մինչև 1989 թիվը: Չունենալով մշտական շենք` վարժարանն ունեցավ հիանալի սաներ: Պոլսահայերի մեծ մասն արտագաղթեց: Նյու Ջերսիում հավաքված պոլսահայերից շատերը, որ ավարտել էին Հինդլյան վարժարանը, շատ էին ուզում վերականգնել իրենց դպրոցը: «Որտե՞ղ բացել Հինդլյան նոր վարժարանը» հարցին նրանք գտան ամենախելամիտ պատասխանը` Հայաստանում, որպեսզի դպրոցը լինի մնայուն և միշտ սաներ ունենա: 2005 թ. Տավուշի մարզի սահմանամերձ Կայան ավանում, որտեղից Ադրբեջանի սահմանը 200 մետրի վրա է, որոշվեց կառուցել դպրոցը: Համաշխարհային բանկի սոցներդրումների հիմնադրամը հատկացնում էր գումարը, որի 10 տոկոսը պիտի համայնքը մուծեր: Պոլսահայերն ապահովեցին այդ գումարը` միակ խնդրանքով, որ ավարտելուց հետո վարժարանը կոչվի Հովհաննես Հինդլյանի անունով: Հանգամանքների բերումով ես սկսեցի համակարգել այդ աշխատանքները, ինչն անում եմ մինչ օրս: Դպրոցն այսօր արդեն գործում է` 70 աշակերտով սկսեցինք, հիմա կրկնապատկել ենք` արդեն 140 աշակերտ ունենք: Պարզվեց, որ Հինդլյանի շրջանավարտները լուրջ ներկայություն ունեն նաև Պոլսում: Ֆեյսբուքում ստեղծվեց վարժարանի սաների էջ և արագ 200 արձագանք հավաքեց: Հոկտեմբերի վերջին Պոլսում Պեշճյան սրահում կազմակերպվեց հինդլյանցիների հավաքույթը, որին, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցեցի և ես: Պոլսում լինելը լավ առիթ էր ծանոթանալու մտավորականների հետ: Ես ինձ հետ տարել էի իմ կտավները, որ նվիրեցի դպրոցին և հիմնադրամին: Հյուրընկալներս ինձ մեծ սիրահոժարությամբ տարան «պտույտի Պոլսո թաղերուն մեջ»: Ես ամենուր հայկական հիշատակներ էի փնտրում ու երկու շաբաթում հասցրի և՛ հանդիպումներ ունենալ, և՛ լինել հայկական հաստատություններում:
-Եթե նայում ես ոչ հայի աչքով, ինչ-որ կերպ զգացվո՞ւմ է, որ այդ հաստատությունները հայկական են:
-Գրեթե ոչ: Դոլմա բաղչան` սուլթանի ծովամերձ պալատը, որի ճարտարապետը հայ է` Կարապետ Պալյանը, եվրոպական բարոկկոյի ոճով է կառուցված: Հայերը եվրոպականացրին Թուրքիան: Եթե հայկական գրառումներ չկան, արտաքուստ դժվար է տարբերակել հայկականն ու ոչ հայկականը: Եթե դու ծանոթ ես այդ քաղաքի պատմությանը, տեսնում ես, թե 300 տարում Պալյան ճարտարապետական գերդաստանն ինչ է արել այդ և մյուս քաղաքների համար: 19-րդ դարում նրանք կառուցեցին սուլթանական պալատը, և եթե Պոլսում ուրիշ ոչինչ չլիներ, միայն այդ պալատով զբոսաշրջային Պոլիսը կարող էր ապրել: Ընդհանրապես, Պոլսում շատ դժվար է հայեցի ապրելն ու հայ մնալը:
-Հայ գաղութի հետ հանդիպումներից ի՞նչ զգացողություններ մնացին:
-Առաջինը հպարտությունն է, որ այդպիսի նախնիներ ենք ունեցել, երկրորդը տագնապն է, թե այդ հսկա ժառանգությանը կկարողանա՞նք տեր կանգնել:
-Ի՞նչ եք հասկանում «տեր կանգնել» ասելով:
-1914 թ. Պոլսում եղել է 600000 բնակիչ, 150000-ը հայեր էին, դա շատ լուրջ ներկայություն է: Անցել է 100 տարի, Ստամբուլն այսօր ունի 17 միլիոն բնակիչ, հայերը 50000 են: Ի պատիվ հայ համայնքի, որ կենսունակ է բավականին, աշխույժ ու համակրելի, պիտի ասեմ, որ կարողանում են տակավին տեր մնալ հայկական հաստատություններին: Պոլսում գործում է հայ առաքելական 33 եկեղեցի` մեկը մեկից գեղեցիկ: Օրինակ, Պեշիկթաշի սուրբ Աստվածածին եկեղեցին ¥ճարտարապետը Կարապետ Պալյանն է¤ մի քանի ամիս առաջ էր նորոգվել: Ձեռնհաս մարդիկ ունենք Պոլսում, մեկենասներ, որ գումարներ են տրամադրում, գործունեությունն են ապահովում, բայց հարցերի հարցը հայերի թիվն է: Պեշիկթաշում 17 հայ ընտանիք կա ընդամենը: Տերունական տոներին ու կիրակի օրերին միայն գնում են պատարագի: Նույնն է վիճակը մյուս եկեղեցիներում: Ցավոտ հարց է լեզվի նահանջը: Հայության առաջին հատկանիշը լեզուն է:
-Թուրքիայի պետական քաղաքականությունը նպաստո՞ւմ, թե՞ խանգարում է ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը:
-Պետական քաղաքականությունը շատ դիվանագիտորեն կտրում է հայ տարրի արմատը: Գավառներում երբեմն ավելի հեշտ է հայ մնալը, բայց գավառներում էլ չկան հայկական դպրոցներ: Գավառների հայերը հիմնականում քրդախոս են: Թուրքիայի կառավարությունը նպաստում է նրանց Պոլիս մեկնելուն, որտեղ ավելի կառավարելի են: Պոլսում շերտավորում կա` իշխանական տոհմերի և գավառներից եկած հայերի: Իշխանական տոհմերի հայերի մեծ մասը 20-րդ դարասկզբին հեռացավ Պոլսից` տարբեր հարկատեսակներ էին դնում ու չէին թողնում աշխատել: Այսօր հայերը դիտվում են ոչ իբրև ազգային, այլ կրոնական փոքրամասնություն, նրանց միակ ներկայացուցչությունը պատրիարքարանն է: Եթե 1914 թ. Պոլսում ունեինք ազգային 64 վարժարան, այսօր ունենք 14-ը:
-Իսկ բավարար թվով սաներ կա՞ն այդ վարժարաններում:
-1914-ին 25000 հայ աշակերտ ունեինք, այսօր` 3000: Մի քանի վարժարաններում եղա, սքանչելի հայ մանուկներ էին, որ դասամիջոցին իրար հետ թուրքերեն են խոսում, թեպետ հայերեն գիտեն: Փաստորեն, հայերեն դասավանդվում են միայն լեզու, գրականություն, կրոնի պատմություն առարկաները, մնացածը` թուրքերեն: Թուրքիո կառավարության որոշումով պետական ծրագիր կա, որին համապատասխան էլ կազմակերպվում է ուսուցումը: Միջավայրը թուրքական է, չես մեղադրի, որ հաղորդակցվում են միմյանց հետ թուրքերեն: 50000-անոց հայ համայնքը երկու օրաթերթ ունի` «Ժամանակ» և «Մարմարա»: «Ժամանակը» ամբողջ աշխարհում տպագրվող ամենահին հայերեն թերթն է, որ 1908-ից սկսած անընդմեջ հրատարակվել է: «Մարմարան» 1940-ից է սկսել տպագրվել: 1500 տպաքանակ ունեն հայկական թերթերը: Պոլսում թերթերը երեկոյան են տպագրվում, որը օրվա նորությունները ներկայացնելու տեսակետից շատ հարմար է: Կա նաև Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» թերթը, որ թուրքերեն է ու երկու էջը միայն հայերեն, որովհետև հայախոսների թիվն արդեն նվազում է: Ցավ ի սիրտ նկատեմ, որ եթե 60-ն անց հայերի 30 տոկոսը հայախոս է, 19-24 տարեկանների միայն 8 տոկոսն է հայերեն խոսում: Հայերենի գործածության միջինը 18 տոկոս է: Պոլսում արդեն երկու տարի ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական, զուտ գեղարվեստական-մշակութային ամսագիր էլ է լույս տեսնում, որը կոչվում է «Փարոս»: Ամսագիրը, որ 3000 տպաքանակ ունի, ամենաբարձր մակարդակն ունի, կարողանում է ներկայացնել հայ մշակույթը սահմանի երկու կողմերում և անդրադառնում է Թուրքիայում ապրող ազգային մյուս փոքրամասնություններին ևս:
-Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած հայերը Պոլսում իրենց զավակներին կարողանու՞մ են հայկական դպրոցներում կրթել:
-Հայաստանից մեկնածները Պոլսում մոտ 40000 են, նրանք հիմնականում սպասավորությամբ ու առևտրով են զբաղված: Հայաստանցի երեխաների համար ստեղծվել է «Հրանտ Դինք» վարժարան, որտեղ արդեն 60 սան կա: Նոր մեկնածներն ընդհանրապես մշակութային գետնի վրա գոյություն չունեն, գաղութի հետ չեն մերվում, որովհետև լեզվական խնդիր ունեն: Եթե առաջ գոնե հայախոս քրիստոնեական թաղամասեր կային, հիմա հայաբնակ շրջաններ Պոլսում չունենք:
-Այսինքն, թուրքական պետական քաղաքականությունն ավելի ուժեղ է հայերի հայ մնալու ցանկությունից:
-Չէի ասի, հայերի հայ մնալու ցանկությունն է նրանց հայ պահում: Իմ երկշաբաթյա ուղևորության ժամանակ ես համոզվեցի, որ հայ կյանքը լավ կազմակերպված է: Օրինակ, գործում է սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցը ¥համարյա 120 տարեկան¤, որտեղ անվճար բուժում է իրականացվում, հիանալի մասնագետներ կան, գործում է և ծերանոց: ՈՒսուցիչը մեծ հարգանք է վայելում համայնքում: ՈՒսուցչաց հիմնարկը, որ ստեղծվել է 1965 թ., երեք ոլորտ է ընդգրկում` կրթական ¥բոլոր ուսանողների համար, որ ուզում են մանկավարժություն սովորել և ֆինանսական խնդիր ունեն, ՈՒսուցչաց հիմնարկը վճարում է, կատարելագործման դասընթացներ է կազմակերպում¤, երկրորդ ոլորտը հրատարակչականն է ¥դասագրքեր են տպագրում, որոնք, իհարկե, ստանում են կրթության նախարարության վավերացումը, «Ժպիտ» մանկական ամսագիրն է հրատարակվում և անվճար բաժանվում բոլոր վարժարաններում, ամեն տարի տպագրվում են հայկական օրացույցեր, վերահրատարակվում են հայ դասականները` Պարոնյան, Վարուժան, Զարիֆյան, Եսայան և այլք¤: Երրորդը ընկերային կամ սոցիալական օգնությունն է, որ ուսուցիչը ստանում է, եթե ինչ-ինչ պատճառներով մենակ է կամ անկյալ վիճակում, նրան մշտապես հոգ է տարվում, հիվանդության դեպքում սուրբ Փրկիչ հիվանդանոցը պատրաստ է դարմանելու, Իշխանաց կղզիներից մեկում վարձված հարկաբաժին կա, որտեղ բոլոր ցանկացողները գնում են տարեկան մեկ անգամ հանգստանալու: Ասեմ նաև, որ այնքան խնամված ու բարեկարգ տեսք ունեն գերեզմանոցները, որ մահից այլևս չես վախենում: Ես գնացի Շիշլիի գերեզմանոց, որ հայ արվեստագետների ու հոգևորականների պանթեոնն է, եվրոպական չափանիշներով գծագրված, մարմարակերտ, գեղեցիկ, ճաշակով կառուցված: Հանդիպեցի նաև Շիշլիի փոխքաղաքապետի հետ. Վազգեն Բարըն, գավառից եկած հայ է, որ հայերեն չի էլ իմացել: Ես երկար զրուցում էի պոլսաբնակ հայերի հետ, հասկանալու համար թուրքական իրականությունը, արտագաղթն արդեն հարվածել է նրանց ողնաշարին, հաջորդը լեզվի կորստի խնդիրն է, կա խառնամուսնությունների հարցը` բոլորը երանի են տալիս, երբ ամուսնանում են հայ զույգեր, բայց, որպես կանոն, լինում է` ինչ լինում է, միասին ուսանում են, աշխատում, և չես կարող արգելել: Սխալ մոտեցում է, որ մենք Պոլսին նայում ենք որպես սփյուռքի գաղթօջախի: Սա գաղթօջախ չէ, սա արևմտահայության միջնաբերդն է, որտեղ հավաքվել են վերջին մոհիկանները: Ճիշտ է, Հայաստանից դուրս է, բայց պակաս Հայաստան չի եղել, մշակութային կենտրոն է եղել: Իմ հանդիպումները ինձ համոզեցին, որ հայերը տարբեր ոլորտներում կարողանում են իրենց դրսևորել, իսկ եթե բարենպաստ միջավայր լինի, այդ դրսևորումները շատ ավելի շոշափելի կդառնան: Եթե դիվանագիտական հարաբերություններ լինեն, և եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, հայերի կենսապայմանները շատ ավելի նպաստավոր կլինեն հայ մնալու առումով:


Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ