Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Մարդն ինչքան էլ փորձի նյութականին տրվել, ի վերջո հոգու խորքում դատարկություն է զգալու»

«Մարդն ինչքան էլ փորձի նյութականին տրվել, ի վերջո հոգու խորքում դատարկություն է զգալու»
17.12.2013 | 00:17

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն» ծրագրի ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

-Չե՞ք կարծում, որ Ձեր ծրագրով ժամանակից մի քիչ առաջ եք անցնում. քանի դեռ Հայաստանի քաղաքական համակարգը, տնտեսությունը քրիստոնեական արժեքների նշաձողին չեն հասել, գործարարությունը չի կարող հասնել:
-Կարծում եմ` մենք պիտի սկսենք, պիտի փորձենք տարածել այդ լույսը. և կաթիլ առ կաթիլ ժամանակի ընթացքում կհասնենք հաջողության:
-Ձեր ծրագրերն ուղղված են ապագայի՞ն:
-Եվ ներկային, և ապագային: Մեր տեսլականը չի սահմանափակվում այսօր կամ վաղը շրջագծում, մեր տեսլականը հեռահար է` աշխատել երկարաժամկետ: Վստահ ենք մեր իրավացիությանը, և այդ վստահությունը հիմնված է հավատի վրա: Մենք հավատում ենք, որ, գործելով այդ դաշտում, կկարողանանք քիչ թե շատ փոփոխություն մտցնել գործարար դաշտում, որովհետև իրականության մեջ եթե մի քիչ ավելի հեռահար ենք մտածում, ակնհայտ է, որ այդպիսի գործարար միջավայրը ապագա չի ունենա:
-Մտավախություն չունե՞ք, որ Ձեր գեղեցիկ գաղափարներից կառուցված ամրոցը գործող բիզնես միջավայրի հետ առաջին իսկ բախումից փլվելու է և առաջացնելով մեծ հիասթափություն` աշխատելու է հակառակ սկզբունքով: Փաստ է, որ այսօր Հայաստանի գործարար դաշտում չկան այս կանոնները, և Ձեր ներշնչած սկզբունքներով աշխատող գործարարը պարզապես ձախողվելու է:
-Կան գործարարներ, որ առաջնորդվում են իրապես բարեպաշտ և առաքինի սկզբունքներով և մեծ հաջողությունների են հասել, իսկ այն գործարարները, որ այլ ճանապարհներով են ստեղծել իրենց միջոցները, եթե ուզում են շատ ավելի հաջողությունների հասնել, վաղ թե ուշ պիտի անդրադառնան այդ խնդիրներին, որովհետև միջազգային դաշտ դուրս գալու դեպքում նրանք չեն կարող առաջնորդվել իրենց «տեղական» գործելակերպով: Միջազգային ասպարեզում հստակ գործում են էթիկայի կանոններ, և եթե դու այդ կանոններով չես աշխատում, չես կարող մտնել շուկա, չես կարող իրենց հետ համագործակցել: Նրանք զիջումներ չեն անում, և ժամանակի հետ ավելի են խստացնում այդ կանոնները, որովհետև փնտրում են վստահելի գործընկերներ, ովքեր թափանցիկ են աշխատում:
-Ձեր ծրագրով կազմակերպված սեմինարների ժամանակ քննարկվե՞լ են ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով էթիկայի նորմերի տրանսֆորմացիայի մոդելները, ակնհայտ է, որ նորմալ գործառնող դաշտում գործարարները և սնանկացման գնացող գործարարները տարբեր վարք են դրսևորում:
-Քննարկել ենք, բայց ոչ շատ խորքային, ավելի շատ անդրադարձել ենք գործարար հարաբերություններին, աշխատող-գործարար խնդիրներին: Տնտեսական մոդելներին առանձին չենք անդրադարձել, որովհետև մտածել ենք, որ ամեն ինչի հիմքում մարդն է: Եթե մարդն առողջ մտքով է աշխատում, տնտեսական մոդելները հավասարակշռված և կայուն են, միջավայրն էլ է կայուն: Մենք գերադասել ենք անդրադառնալ խորքային պատճառին` մարդուն, փոփոխությունը սկսել մարդուց:
-Չե՞ք կարծում, որ այդ դեպքում մարդը հայտնվում է հերմետիկ վիճակում, որովհետև մարդը չի կարող չկրել միջավայրի ազդեցությունը: Երբ ճգնաժամի պատճառով քո բիզնեսը փլուզվում է, ու դու սնանկանում ես, այդ պահին ազնիվ-արդար էթիկական նորմերը կարող ես և մոռանալ:
-Հենց այդ պատճառով մենք շեշտադրել ենք քրիստոնեական էթիկան: Մարդը և հոգեղեն է, և հողեղեն է: Մարդն ինչքան էլ փորձի ամբողջովին նյութականին տրվել, ի վերջո իր հոգու խորքում դատարկություն է զգալու և այդ դատարկությունը լցնելու համար անդրադառնալու է հոգևորին: Այս առումով իր վճռական դերն է կատարում քրիստոնեությունը, քրիստոնեական բարոյագիտությունը: Շատ հետաքրքիր հրապարակումներ կան, որոնք բացատրում են, թե ինչ է լինում, երբ մարդն ամբողջովին տրվում է նյութականին, ինչ պատճառահետևանքային շղթա է գործում:
-Ի՞նչ է կատարվում:
-Բոլոր հիվանդությունների պատճառը մարդու հոգու մեջ է: Եթե մարդն ուզում է ապրել առողջ և երջանիկ, պետք է վերադառնա հոգևոր կյանքին: Եթե ուզում է երջանկություն ունենալ, հոգում պիտի ներդաշնակություն ունենա:
-Այո, բայց ինչպե՞ս այդ ներդաշնակությանը հասնել:
-Ճանապարհը ցույց է տալիս Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի օրինակով: Ինչպե՞ս պետք է ապրել, ի՞նչ կանոններով: Մեծագույն արժեքն աստվածային սերն է: Պողոս առաքյալն ասում է` հույս, հավատ և սեր, մեծագույնը սերն է: Եթե քո կյանքի կենտրոնում է աստվածային սերը, նաև գործարարության մեծագույն հաջողություններից մեկն է: Եթե դու տոգորված ես սիրով, հույսով և հավատով, բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբեք չես հուսահատվի, չես ընկճվի անհաջողությունների ժամանակ: Միշտ եռանդով ու լավատեսությամբ լի կլինես, միշտ կունենաս զորություն ու կգործես, կգտնես ելքը բոլոր փակուղիներից, որ ստեղծում է կյանքը: Սա փոքրիկ բանալի է, որ գործարարին տալիս է մեծ հաջողություն:
-Մարդիկ հակված են գործառնել շոշափելի կատեգորիաներով, ոչ Աստծուն, ոչ սերը հնարավոր չէ շոշափել, ինչպե՞ս եք հաղթահարում այդ խնդիրը:
-Ձեր առաջադրած այս և մյուս հարցերին մեր քննարկումներում մենք անդրադարձել ենք: Օրինակ` ինչպե՞ս կարող է աստվածային սերը լինել գործարարի հաջողությունը: Բանալին շատ պարզ է` աստվածային սերը մարդուն զորություն է տալիս, գործելու կարողություն ցանկացած իրավիճակում: Եթե դու ամբողջովին տրվում ես նյութական աշխարհին ու նյութական արժեքներին, ի վերջո բազում խնդիրների ես բախվելու և քո հոգևոր դաշտում, և ֆիզիկական դաշտում: Նյարդային լարվածություն, ընկճվածություն, որ անդրադառնում է մարդու առողջության վրա, իսկ եթե առողջ չես, չես էլ կարողանա լիարժեք կատարել քո գործը, կառավարել և աշխատել: Եթե ունես հոգևոր գիտակցություն, հոգևոր լույս քո մեջ, կարողանում ես խուսափել այդ խնդիրներից և պահպանել ներքին հավասարակշռություն, հավատ ու վստահություն ես ձեռք բերում, կարողանում ես շարունակել քո ծրագրերը: Աստված քեզ միշտ ուժ է տալիս, որ քո գործունեության մեջ հաղթահարես բոլոր փորձությունները:
-Այսինքն` այդ դաշտում փողը դիտվում է ոչ որպես նպատակ, այլ միջո՞ց:
-Միայն և միայն միջոց, որովհետև քրիստոնյա գործարարի համար շատ կարևոր է, որ ինքը կախվածության մեջ չլինի նյութից և իրերից: Երբ դու կապված չես ու կախված չես իրերից, դու ազատ ես: Իսկ ով ներքին ազատություն ունի, մեծ հաջողությունների է հասնում կյանքում: Ընդամենը ժամանակի խնդիր է այդ հաջողություններին հասնելը:
-Չե՞ք վախենում ներքին ազատությունից, որ անկանխատեսելի է դարձնում մարդուն:
-Ոչ, չեմ վախենում: Եթե մարդն ապրում է քրիստոնեական արժեքներով, ներքին ազատությունը մարդուն տալիս է ներքին անսահմանություն` քրիստոնեական սիրով առաջնորդվելիս դու միշտ տալիս ես, դու փոխանցում ես աստվածային սերը:
-Այո, բայց նաև ստանում ես ուրիշներից, որ նույնպես տալիս են իրենց ներսում եղած սերը:
-Մարդկային ու գործարար հարաբերություններում դու, իհարկե, ակնկալում ես ստանալ, բայց մարդկային հարաբերություններում գալիս է մի պահ, երբ ստանալիքը սպառվում է, իսկ մարդ-Աստված հարաբերություններում դու անսպառ ստանում ես, Աստված կարիք չունի քեզնից ստանալու: Նա անսահման է:
-Այս գաղափարները Ձեր քննարկումներում ընկալում ունեի՞ն, թե՞ մնում էին գեղեցիկ խոսքերի մակարդակում:
-Ոչ հոգևոր կրթություն, բայց հոգևոր գիտակցություն ունեցող երիտասարդները, իհարկե, ընկալում և վերադարձնում էին:
-Որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է` ինչպիսի՞ն էին Ձեր շահառուների պատկերացումները և մտադրությունները ծրագրի սկզբում և ծրագրի ավարտին:
-Սկզբում պատկերացում չկար, թե քրիստոնեությունն ի՞նչ կապ ունի գործարարության հետ, նոյեմբերին բոլորը պատրաստ էին իրենց ողջ կյանքում առաջնորդվել այդ գաղափարներով և արդեն չէին տարաբաժանում քրիստոնեությունն ու գործարար էթիկան:
-Եթե 100 տոկոսով գնահատեք, քանի՞ տոկոսով է ծրագիրը հասել իր նպատակին:
-70-80 տոկոսով:
-20 տոկոսը թողնում եք պրակտիկ փորձությունների՞ն:
-Տեսական գիտելիքների և պրակտիկ կիրառության տարբերություն, այո, կա:
-Ձեր մատնանշած էթիկայի շրջանակներում ինչպե՞ս եք վերաբերվում ֆետիշներին: Օրինակ` ոսկե հորթին:
-Դրանք կախվածություններ են մարդու համար: Երբ մարդը կախվածության մեջ է, նա կատարյալ չէ: Աստված կատարյալ սեր է` հոր և որդու հարաբերություն է, այստեղ կախվածություն չկա: Այդ դեպքում բոլորովին այլ հոգեվիճակ է, իսկ երբ կախված ես որևէ իրից կամ իրողությունից, չես ունենում այն ազատությունն ու հոգևոր ներդաշնակությունը, որ կարող ես ունենալ իբրև քրիստոնյա:
-Իսկ զոհաբերությո՞ւնը` Աստված զոհաբերեց իր միակ որդուն:
-Հովհաննեսի Ավետարանում ասվում է, որ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն զոհաբերեց, որ նրան հավատացողները չկորչեն, այլ հավիտենական կյանք ունենան: Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակում ասում է, որ մեղքի վարձը մահն է:
-Իսկ ապաշխարությո՞ւնը:
-Ապաշխարությունը փրկության ճանապարհն է: Ինչո՞վ էր կարևոր Քրիստոսի զոհաբերությունը: Մի հայացքով Հիսուսը կարող էր աշխարհը կործանել ու հավաքել, բայց նա ցույց տվեց, որ աստվածային սերը շատ ավելի բարձր է, քան կարողությունը, քան գերբնականությունը: Նա մեռյալներին էր հարություն տալիս, ծովի վրայով քայլում էր, բժշկում էր անբուժելի հիվանդներին և գնաց խաչելության, որպեսզի մարդկությանը ցույց տա, որ սերը շատ ավելի բարձր է որևէ կարողությունից, որ մարդիկ պիտի առաջնորդ ունենան սերը, և մարդու երջանկությունը սիրո մեջ է: Եթե դու կարողանում ես քո նպատակը դարձնել աստվածային սերը, դու ազատ ես կախվածություններից, ձեռք ես բերում և երջանկություն, և առողջ կենսակերպ:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ.- Հավարտ հարցազրույցի նշեմ, որ «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոնի» ծրագրի հետագա քայլերը ևս հստակ են` շարունակել թրեյնինգային, սեմինարային մոդուլները, գործարարների հետ «կլոր սեղան» հանդիպում-քննարկումները` ընդլայնելով համագործակցային ցանցի սահմանները` նրանց ուղղորդելու համար դեպի եկեղեցական համայնքները, հատկապես մարզեր` սոցիալական ծառայությունների մեջ ավելի ներգրավված լինելու համար: Բացի այդ, գիտություն և ձեռներեցություն ծրագրի ներքո համատեղ «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության հետ նորագույն տեխնոլոգիաների հետ կապված միջոցառումներ կազմակերպել: Այս ուղղությունը թույլ կտա գտնել նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես տեղեկատվական դաշտում գտնել շուկաներ և փորձել ծառայություններ մատուցել նաև այս ուղղության մեջ` հատկապես շեշտադրելով քրիստոնեական բիզնես էթիկայի կոդեքսները: ՀՀ-ում դեռևս մոնոպոլացված չէ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը և այստեղ բիզնես կրթական, խորհրդատվական, գործնական ծրագրերն ավելի հաջողությամբ կարելի է զարգացնել: Ծրագրի զարգացման ընթացքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական բազա` ունենալով կայք` «Վստահելի գործընկեր ունենալու» խորագրի ներքո, որը կռեյտինգավորի կրթական ծրագիրն անցած բիզնես կազմակերպություններին, բարձրացնելով նրանց վստահելու գործոնը: Այն կազմակերպությունները, որոնք կանցնեն այս ծրագրի մոդուլներով, կընդգրկվեն տեղեկատվական ռեյտինգավորման բազայում, որը կավելացնի իրենց հետ համագործակցող նոր այլ կազմակերպությունների, անհատների գործընկերությունը, կխթանի աշխատանք առաջարկողների և փնտրողների միջև կապի հաստատումը: Նախատեսվում է նաև ստեղծել ավելի սերտ, գործընկերային համագործակցություն այլ եկեղեցիների համանման կազմակերպությունների, ծրագրերի հետ` փոխանակելով տեղեկատվություն, փորձառություն, նաև այլ ֆոնդեր գտնելու ակնկալիքով: «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոնը» կշարունակի ստանալ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությունը իր հետագա քայլերն իրականացնելու համար:

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ