Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               

Հայաստանը կուլ չտվեց թուրքական խայծը

Հայաստանը կուլ չտվեց թուրքական խայծը
16.12.2013 | 12:51

Ի՞նչ նպատակ ուներ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան, և ինչի՞ հասավ թուրքական կողմը։ Այս հարցով զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

-Ահմեդ Դավութօղլուն այս այցով ցանկանում էր միջազգային հանրությանը ցույց տալ, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բացի այդ, այն նաև յուրօրինակ հաղորդագրություն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավելի է ակտիվանալու, ինչը սարսափեցնում է թուրքական իշխանություններին, հետևաբար վերջիններս Դավութօղլուի այցով փորձում են շոու կազմակերպել և միջազգային հանրությանը համոզել, որ եթե Ցեղասպանության ճանաչման գործընթացը չակտիվանա, ապա իրենք պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Իհարկե, սա վերջին տարիներին թուրքական դիվանագիտության ամենախորամանկ թեզերից մեկն է։ Ինչպես տեսանք հայ-թուրքական արձանագրությունների դեպքում անընդհատ թուրքական իշխանությունները կոչ էին անում միջազգային կազմակերպություններին և պետություններին չճանացել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա կարող է իբրև թե խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին։ Բացի այդ, ՌԴ նախագահը օրերս Հայաստանում հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից։ Այս հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց Հայաստան է ժամանում Թուրքիայի արտգործնախարարը, ինչը հստակ մեսիջ է ռուսական իշխանություններին այն մասին, որ Թուրքիան նույնպես չի հրաժարվում տարածաշրջանում իր ազդեցությունից, ընդհակառակը, ցանկանում է այդ ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի միջոցով էլ ավելի մեծացնել։ Երրորդ գործոնը՝ Թուրքիան վերջին տարիներին փորձում է արցախա-ադրբեջանական հարաբերություններում ստանձնել միջնորդի դեր, ինչը մեր կողմից անընդունելի է։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող հանդիսանալ միջնորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորման գործում։ Սակայն Էրդողանի կառավարությունն անընդհատ փորձում է հանդես գալ միջնորդի դերում, մինչդեռ բոլորս գիտենք, թե այդ միջնորդությունն ում օգտին է լինելու, հետևաբար Թուրքիայի բոլոր քայլերին պետք է ժամանակին և համարժեք հակադարձենք ու բացահայտենք բուն նպատակները։ Հետաքրքիր է նաև, որ Հայաստան այցելելուց մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք ոչ միայն պաշտպանում են Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, այլև տեսնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի կողմից ազատագրված տարածքները վերադարձնելու դեպքում։ Դավութօղլուն միաժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվելուն զուգընթաց։ Սա վկայությունն է այն բանի, որ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը չի փոխվել, և Դավութօղլուի այցը չի նշանակում, որ Թուրքիան իր վերաբերմունքը ԼՂՀ խնդրի և Հայոց ցեղասպանության շուրջ վերանայել է։ Թուրքիան փոխելու է միայն իր մարտավարությունը, ինչը մենք կտեսնենք մինչև 2015 թվականը՝ իր նպատակներն Անդրկովկասում փորձելով իրականացնել ավելի հեռահար, խորամանկ քայլերով։
-Այն, որ ՀՀ նախագահը չընդունեց Դավութօղլուին, նաև այդ հեռահար մարտավարության գիտակցո՞ւմն էր։
-Իհարկե, անուղղակի ձևով Թուրքիայի հասկացվեց՝ այն խնդիրները, քարոզչական նպատակները, որ Դավութօլուի այցով դրել են իրենց առջև, Հայաստանը շատ լավ հասկանում է և խայծը կուլ չի տալիս։ Ես համոզված եմ, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո թուրքական և ադրբեջանական ամբողջ մամուլը սկսելու էր իրեն հարազատ ոճով ներկայացնել, թե Թուրքիան բարեկամության ձեռք մեկնեց Հայաստանին, հայ-թուրքական հարաբերությունները գնում են դեպի կարգավորում, և Հայոց ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի հարաբերությունների բարելավմանը՝ առանց ներկայացնելու ենթատեքստը։ Այս համատեսքստում շատ ճիշտ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Դավութօղլուին չընդունելը։ ՀՀ Երկրի ղեկավարը շատ հստակ հասկացրեց, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, բայց նաև կուլ չենք տա թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի խայծը։
-Շատ հետաքրքիր էր Թուրքիայի արտգործնախարարի այցի հանրային արձագանքը։ Ընդամենը մի քանի տասնյակ երիտասարդ բողոքի ցույց կազմակերպեց Դավութօղլուի այցի կապակցությամբ, մինչդեռ մի քանի օր առաջ շատ ավելի մեծ թվով ցուցարարներ էին փողոց դուրս եկել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայաստանյան այցի դեմ։ Ինչո՞վ կպայմանավորեք այդ հանգամանքը։
-Մեր հասարակությունը տոլերանտ է, մենք միշտ էլ շատ հանդուրժող ենք եղել սովորական թուրք քաղաքացիների նկատմամբ, անգամ Ցեղասպանությունից հետո, երբ Առաջին Հանրապետությունում կար թուրք բնակչություն։ Այլ հարց է, թե ինչու Դավութօղլուին չդիմավորեցին մեծաթիվ երիտասարդներ, որոնք կպահանջեին Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն։ Շատ մտահոգիչ է այդ հարցը։ Բայց սա ունի խորքային մի քանի պատճառ։ Ես չեմ ուզում հարցը կուսակցականացնել, այն կուսակցությունների հետ ոչ մի աղերս չունի։ Խնդիրն այն է, որ մեր հասարակությունում այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք հետին պլան են մղում պահպանողական գաղափարները։ Իսկ պահպանողական և ազգային գաղափարախոսությունը երբ մղվում է հետին պլան, ազգային կարևորագույն հարցերում չի լինում միասնականություն։ Հաճախ տիրում է անտարբերություն, ինչը խիստ մտահոգիչ է։ Ես անկեղծ կցանկանայի, որ Դավութօղլուին դիմավորողները լինեին 10 անգամ ավելի։ Ուզում եմ նաև ողջունել այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել և իրենց կարծիքն էին արտահայտում Թուրքիայի արտգործնախարարի այցի վերաբերյալ։ Ես ինքս Ցեղասպանությունը վերապրածների սերնդից եմ։ Մենք ունենք բարոյական պատասխանատվություն մեր մեծերի առջև և մեր ձայնը պետք է անպայման բարձրացնենք։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ