Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայ հասարակությունն այնքան էլ անտարբեր չէ

Հայ հասարակությունն այնքան էլ անտարբեր չէ
13.12.2013 | 16:08

ՈՒկրաինական վերջին իրադարձությունների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում ՈՒկրաինայում։
-Իրականում, Մաքսային միությանը միանալու Հայաստանի անսպասելի որոշումը պետք է ահազանգ լիներ ՈՒկրաինայի համար, որ Ռուսաստանը չի թուլացնելու իր դիրքերը տարածաշրջանում։ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումն աշխարհաքաղաքական պարտություն է Ռուսաստանի համար, որը թույլ չտալու համար վերջինս կիրառելու է ճնշման տարբեր մեխանիզմներ: Եվ այն, ինչ տեղի է ունենում այսօր Մայդանում, հասարակության կողմից դրա հստակ գիտակցումն է, որը բավականին վճռական է տրամադրված։
-Վերջին իրադարձությունները հետխորհրդային տարածաշրջանում արդյոք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տապալումը չե՞ն։
-«Արևելյան գործընկերություն» նախագծի նպատակը հետխորհրդային վեց հանրապետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հետ Եվրամիության մերձեցումն է։ Ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացների հաջողության դեպքում եվրաինտեգրումն արդեն իսկ կհասնի Ռուսաստանի անմիջական սահմաններին, ինչը հակասում է վերջինիս աշխարհաքաղաքական շահերին։ Խոսելով «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջողությունների կամ անհաջողությունների մասին՝ պետք է նշել, որ ի սկզբանե եվրոպական և ռուսական մոտեցումները շատ հարցերի վերաբերյալ տարբեր են։ Համագործակցության «եվրոպական մոտեցումը» հիմնված է երկարաժամկետ կտրվածքով հանգամանալից բանակցությունների և քննարկումների արդյունքում համապատասխան որոշում կայացնելու վրա, «ռուսական մոտեցումը» դա որոշում է, այնուհետև՝ միգուցե և քննարկում։ Այստեղ հարցն այն է, թե որ դեպքում որ մոտեցումներն են առավել աշխատող, և այս առումով, այո՛, միգուցե եվրոպական մոտեցումների և քայլերի վերանայման խնդիր կա։ Առավել ևս, որ քաղաքականության մեջ չկա մի երևույթ, որ այս կամ այն չափով չառնչվի կողմերից յուրաքանչյուրի շահերի հետ։
-ՈՒկրաինայի իշխանություններն այսօր կատարյալ մեկուսացման մեջ են, այլևս չեն վայելում ո՛չ Արևմուտքի, ո՛չ ՌԴ-ի վստահությունը։ Այս ֆոնին ի՞նչ գնահատական կտաք ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը։ Փաստորեն, այն բավականին ճկուն գտնվեց. կարողացավ բարեհաջող իրականացնել ՄՄ անդամակցության հարցը՝ միաժամանակ փորձելով համագործակցության նոր ձևաչափ սահմանել ԵՄ-ի հետ։
-Կարծում եմ՝ Հայաստանի կողմից ՄՄ ադամակցության որոշումը սկզբնական շրջանում հասկանալի պատճառներով շատ ավելի քննադատաբար ընկալվեց Արևմուտքի կողմից։ Իսկ թե որքան ճկուն և բարեհաջող կիրականացվի այդ անդամակցությունը, ուղիղ համեմատականով կախված է դրանից բխող արդյունքներից. աբխազական երկաթգծի գործարկում, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցում, ղարաբաղյան հիմնախնդրում դրական տեղաշարժ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, արտահանման ծավալների մեծացում և այլն։
-Ի տարբերություն ուկրաինական, վրացական հասարակությունների՝ հայ հասարակությունն այսօր հուսահատվել է ու դարձել անտարբեր։ Ինչպե՞ս կգնահատեք դա։
-Չնայած Ռուսաստանին և ՈՒկրաինային կապում են սլավոնական արմատները, լեզուն և մշակույթը, այնուամենայնիվ, ուկրաինական հասարակությունը, հատկապես արևմտյան մասի, իրեն սկսել է նույնականացնել Արևմուտքի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ հասարակությունն այնքան էլ անտարբեր չէ ներքին և արտաքին քաղաքական տարբեր զարգացումների նկատմամբ։ Պարզապես այս հարցի կապակցությամբ ոչ միայն հայ հասարակությունը, այլև ընդդիմադիր ուժերն ունեն տարբեր դիրքորոշումներ։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ