Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հայկական դեղաբուսային թեյերն առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից են»

«Հայկական դեղաբուսային թեյերն  առողջության համար  ամենաօգտակար ըմպելիքներից են»
13.12.2013 | 12:05

Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է (International Tea Day): Այն սահմանվել է 2004-ին՝ համաշխարհային հասարակական ֆորումի որոշմամբ` միջազգային կազմակերպությունների և պրոֆմիությունների հետ բազմաթիվ քննարկումներից հետո:
Օրվա շրջանակներում անցկացվող տոնակատարությունները, որոնք հիմնականում նշում են թեյահումքի վերամշակման ու արտադրության մեջ մասնագիտացված և առաջատար երկրները (Հնդկաստան, Շրի Լանկա, Բանգլադեշ, Նեպալ, Վիետնամ, Ինդոնեզիա, Քենիա, Մալայզիա, ՈՒգանդա և Տանզանիա), նպատակաուղղված են կառավարությունների և քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու վերջինիս վաճառքի և արտահանման հետ կապված կարևորագույն խնդիրներին:
Նշենք, որ թեյը, որպես տաք ըմպելիք, առաջին անգամ հայտնաբերել, օգտագործել է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգը` մ.թ.ա. 2737 թվականին: Ռուսաստանում առաջին անգամ թեյ սկսել են օգտագործել, 1638, իսկ Անգլիայում` 1664 թվականից, որտեղ յուրաքանչուր բնակչին տարեկան բաժին է ընկնում ավելի քան 4500 գրամ թեյ: Հայաստանում թեյ օգտագործել են 18-րդ դարից: Այն մինչ օրս բուժիչ ըմպելիք է համարվում հիպերտոնիայի կարգավորման, օրգանիզմի տոնուսի (գործունեության) բարձրացման, արևայրուքի, մաշկի, աչքերի կոպերի բորբոքումների կանխման, կորյակների և ստամոքսահյութի ցածր թթվայնության (օրը 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ) բուժման համար: Շատ թեյասերներ ըմպելիքի մեջ ավելացնում են սոխ, կոճապղպեղ (իմբիր), համեմունքներ, կաթ, լիմոն, նարնջի շերտեր:
Հայաստանում տարեկան արտադրվում-իրացվում է մոտ 190 տոննա թեյ, որի մեջ իր մասնաբաժինն ունի «Բիո ունիվերսալ» ՍՊ ընկերությունը: Ի՞նչ թեյեր են դրանք, և երբվանի՞ց է ընկերությունը սկսել դրանց վերամշակումը: Այս հարցով սկսեցինք մեր զրույցը ձեռնարկության հիմնադիր տնօրեն ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Ընկերությունը (Նուբարաշենի Սարահարթ 2/2 հասցեում է) ՀՀ-ում դեղաբուսային թեյերի և եթերայուղերի արտադրությամբ սկսել է զբաղվել 2007 թվականից:
Ձեռնարկության միջազգային չափորոշիչներով կահավորված արտադրամասերում, որտեղ այսօր աշխատում են ավելի քան 40 բանվոր-մասնագետներ, տարեկան վերամշակվում են շուրջ 50-60 տոննա վայրի դեղաբույսեր (դաղձ, ուրց, ջիվանի (ղանթափա), արևքուրիկ (սրոհունդ), անթառամ), որոնք հետո վերածվում են տարբեր բաղադրությամբ յոթ տեսակի բուսաթեյերի: Ստացված հումքի 5 տոկոսը սպառվում է Հայաստանի մեծ բնակավայրերի կենտրոնական խանութներում և սուպերմարկետներում, մնացած 95 տոկոսն առաքվում է ԱՄՆ-ի (հիմնականում՝ Lոս Անջելես, Չիկագո), Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի պատվիրատու կազմակերպություններին:
-Հանրապետության ո՞ր տարածաշրջաններից է մթերվում հումքը:
-Ընկերությունը, նախօրոք կնքած պայմանագրերի համաձայն, հումքը մթերում է Վայոց ձորի (Եղեգնաձոր, Վայք), Սյունիքի, Արարատի մարզերի բարձրլեռնային էկոլոգիապես մաքուր, հիմնականում գյուղատնտեսական անջրդի տարածքներում գտնվող շուրջ 100 գյուղական համայնքներից: Յուրահատուկ համ ու բուրմունքով նշված դեղաբույսերի ծաղիկներն ու տերևները, որոնք կազմում են մթերված հումքի մոտ 15-20 տոկոսը, ցողունազատվելուց, 4-5 անգամ փոշեզատվելուց և կողմնակի խառնուրդներից ազատվելուց հետո, հատուկ տեխնոլոգիայով ոլորվում, տեսակավորվում է, այնուհետև փաթեթավորվում հերմետիկ եղանակով: Վերամշակողները միաժամանակ հետևում են, որ բուսաթեյը պահպանի ինչպես իր արժեքավոր հատկություններով եթերայուղերը, այնպես էլ հաճելի բույրը:
Նշված գործընթացից հետո ցողունային զանգվածը (80-85 տոկոս) հոսքագծերով ուղարկվում է եթերայուղի վերամշակման արտադրամաս:
-Քանի՞ տեսակի եթերայուղեր եք արտադրում:
-Հիմնականում՝ ուրցի և դաղձի: Երկու տեսակներն էլ, զարկերակային ճնշման, սրտանոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերի կարգավորման և այրվածքաբուժության բժշկական պրեպարատների (պատրաստուկ) մեջ կիրառվելուց բացի, խիստ պահանջարկ ունեն ինչպես ձկնամթերքի, մսամթերքի (հատկապես երշիկեղենի) մշակման, այնպես էլ կոսմետիկայի ոլորտում, քանի որ օժտված են թարմացնող, հակամիկրոբային, հակավիրուսային, հակասնկային, հակաճիճվային հատկություններով: Բացի դրանից, նշված պատրաստուկները չեզոքացնում են նաև կենդանական ծագմամբ մսեղիքի հոտերը, ապահովում հումքի օգտագործման, պահպանման ժամկետն ու յուրահատուկ հաճելի համուհոտ են հաղորդում մթերքին:
Ձեռնարկությունը, որն այսօր վերոնշյալ եթերայուղերով կարող է ապահովել մի քանի տասնյակ գործարաններ, միջոցներ է փնտրում նաև այն արտահանելու ուղղությամբ` հաշվի առնելով, որ եթերայուղի պահանջարկ կա նաև եվրոպական շուկայում:
Նշեմ, որ բարձրորակ թեյերի և եթերայուղերի արտադրման համար ձեռնարկությունն արդեն մեկուկես տարուց ավելի է, որ արժանացել է օրգանիկ բիովկայագրի: Այն տրամադրել է գերմանական «Էկոգլոբ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմնին հավատարմագրված ընկերությունը: Նշված կառույցը այդ փաստաթղթով (Համբուրգի լաբորատորիայում ախտորոշելուց հետո) որակավորման բարձր գնահատական է տալիս միայն այն արտադրանքին, որը, էկոլոգիապես մաքուր միջավայրում արտադրվելուց, եվրաչափորոշիչներին համապատասխան պայմաններում վերամշակվելուց բացի, ունի խիստ պահանջարկ:
-Ի՞նչ կասեք ձեռնարկության հետագա ծրագրերի մասին:
-Նկատի ունենալով եղած պահանջարկը, ընկերությունը մտադիր է հայկական մնացած դեղաբույսերի միջոցով արտադրատեսականին ավելացնել` յոթից հասցնելով մեկ տասնյակի: Այս տարի նպատակադրվել ենք մթերել նաև չորացրած ավելուկ: Անցած տարի փորձնական վաճառքի հանած շուրջ 2000 մետր ավելուկն ամբողջությամբ սպառվեց ԱՄՆ-ում:
Նշեմ նաև, որ գյուղացիական տնտեսությունների հետ արդեն կնքել ենք 70 մլն դրամի պայմանագրեր, որոնք կրկնակի ավելի են անցած տարվա ցուցանիշներից:
Հավելենք նաև, որ լավագույն արտադրանքի համար, բացի բիովկայագրից, ընկերությունն անցած տարի «Արմէքսպրոդեսպո» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսում արժանացել է «Ոսկե մեդալի» և լավագույն որակի համար պատվոգրի, իսկ այս տարի Նյուրնբերգում անցկացված «Բիոֆախ» միջազգային ցուցահանդեսում` բարձրագույն պարգևի: Ձեռնարկությունը վերջերս խանութներ է բացել ԱՄՆ-ում և Անգլիայում:
Ի դեպ, ձեռնարկությունն աջակցում է նաև իր ավելի քան 40 բանվոր-մասնագետներին, հընթացս լուծելով և գումարային տեսքով կարգավորելով նաև նրանց սոցիալական ու առողջապահական հարցերը:
-Ինչպիսի՞ օգտակար հատկություն ունի և ի՞նչ հիվանդություններ կարող է կանխել հայկական բուսաթեյը:
-Ասեմ, որ հայկական դեղաբուսային թեյերը, որոնք առանձնանում են անկրկնելի համով և բազմաթիվ բուժիչ հատկություններով, առողջության համար ամենաօգտակար ըմպելիքներից են։ Դրանք կանխարգելում են սրտանոթային և ուղեղային անոթների հիվանդությունները, աթերոսկլերոզը, ունեն երիտասարդացնող և նիհարեցնող, ինչպես նաև արյան շրջանառության և հիշողության կարգավորման հատկություն: Օրական 3 բաժակ կանաչ թեյի ընդունումը համարյա մեկ երրորդով կրճատում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Կանաչ բուսաթեյը հզոր հակաօքսիդանտ է և հանդիսանում է երկարակյացների կերակրացանկի կարևոր մասերից մեկը:
Հայտնի է, որ նիհարեցնող սննդակարգի անցնելու դեպքում օրգանիզմը հայտնվում է սթրեսային (ընկճախտային) վիճակում։ Նման պարագայում շատ օգտակար է ցածր կալորիականություն ունեցող և բազմաթիվ օգտակար նյութեր պարունակող կանաչ բուսաթեյի օգտագործումը։
Կանաչ թեյի թուրմը, լինելով հակասկլերոտիկ, իջեցնում է նաև օրգանիզմում եղած շաքարի տոկոսն ու խոլեստերինի մակարդակը։ Այն բարերար ազդեցություն ունի շագանակագեղձի, լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային, վահանաձև գեղձերի և սրտամկանի վրա։ ՈՒնի նաև հակաճառագայթային ազդեցություն, մաքրում է ոսկորները ստրոնցիումից, միաժամանակ օրգանիզմից հեռացնելով թույների որոշ տեսակներ:
ՈՒնենալով հակամանրէային ազդեցություն, կանաչ թեյն օգտագործվում է նաև մանկական դիզենտերիայի և աղիների լորձաթաղանթի բորբոքման դեպքերում։ (Բուժման նպատակով եռացրած ջրով պատրաստում են 5-տոկոսանոց կանաչ թեյի թուրմ: 30 րոպե անց թուրմը մեկ ժամ եռացնում են ջրաբաքի վրա` պարբերաբար խառնելով։ Եփուկը պետք է լցնել մանրէազերծ շշերի մեջ և պահել սառնարանում։ Կախված երեխայի տարիքից, պետք է այն խմեցնել օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, 1 թեյի գդալից մինչև 1 դեսերտի գդալ։ Հիվանդության սուր ընթացքի դեպքում պետք է խմեցնել 10 օր, իսկ քրոնիկ ընթացքի դեպքում՝ 15-20)։
Ասում են՝ ճապոնացիներն իրենց վայելուչ կազմվածքի ու առողջ մաշկի համար պարտական են կանաչ թեյին։ ՈՒշագրավ է նաև, որ այդ երկրում շատերը փոշիացնում են թեյը և խմում լավ հարելուց հետո: Այսինքն, այս ձևով օրգանիզմին հնարավորություն են տալիս յուրացնելու նաև ջրում չլուծվող, թեյի տերևի օգտակար բաղադրիչները։
Ճապոնուհիների շրջանում այսօր ավելի քիչ է գեր, հիպերտոնիայով, երակների վարիկոզ լայնացումով, օստեոպարոզով հիվանդ կանանց թիվը։ Շատ չնչին տոկոս են կազմում նաև կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները` շնորհիվ օրական ընդունած 12-13 գրամ թեյի, կամ 5-7 հատ խտացրած թեյահաբերի։


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 8427

Մեկնաբանություններ