Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

ՀԱՊԿ ինստիտուտն ու նրա տնօրենը արժանացել են Պուտինի բարձր գնահատանքին

ՀԱՊԿ ինստիտուտն ու նրա տնօրենը  արժանացել են Պուտինի բարձր գնահատանքին
13.12.2013 | 11:35

Հայաստանում արդեն 5 տարի գործում է ՀԱՊԿ ինստիտուտը: Այն գիտավերլուծական կառույց է, որն իրականացնում է քաղաքական, տնտեսական և այլ վերլուծություններ, ուսումնասիրություններ` ներկայացնելով դրանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն: ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու ՆՎԵՐ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցը նվիրված է այս կառույցի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:


-Պարոն Թորոսյան, օրերս Դուք արժանացել եք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգրին: Ի դեպ, Հայաստանում միայն Դուք եք արժանացել նման պատվի: Կմանրամասնե՞ք` ինչի համար էր պարգևը:
-Պատվոգիրը շնորհվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրմանն ուղղված աշխատանքում ակտիվ մասնակցության համար: Ինձ հետ միասին Վլադիմիր Պուտինը պարգևատրել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների: Պարգևատրման որոշումն ընդունել է Հավաքական անվտանգության խորհուրդը, որը ստորագրել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները:
-Ի դեպ, այս օրերին լրանում է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի ստեղծման 5-րդ տարեդարձը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ձեր ղեկավարած կառույցը Հայաստանում:
-ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտը ստեղծվել է 2008-ին` որպես ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոն: Հետագայում արդեն այն, ընդլայնելով իր գործառույթներն ու աշխատանքի ծավալները, մեր իսկ առաջարկով վերակազմավորվել է ՀԱՊԿ ինստիտուտի, որն իրականացնում է գիտավերլուծական գործունեություն: Կառույցը Եվրասիական տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում իրականացնում է ուսումնասիրություններ ՀԱՊԿ-ի դերի և տեղի վերաբերյալ, կատարում է տարածաշրջանում և աշխարհում առկա ռիսկերի ամենամսյա գնահատում և վերլուծություն, ՀԱՊԿ խնդիրների վերաբերյալ կազմակերպում է գիտական սեմինարներ, համաժողովներ, այլ միջոցառումներ: Մենք ունենք նաև շարժական խմբեր, որոնք պարբերաբար լինում են ՀՀ մարզերում, ունենում հանդիպումներ մարզային բնակչության հետ` վերջիններիս ծանոթացնելով ՀԱՊԿ-ի գործունեությանը: Ի դեպ, ավելացնեմ, որ ՀԱՊԿ ինստիտուտն իր գործունեության ընթացքում լայն ճանաչում է ձեռք բերել նաև արտասահմանում: Մենք համագործակցության հուշագրեր ունենք տարբեր երկրների գիտությունների ակադեմիաների, այլ կառույցների հետ, պարբերաբար ստանում ենք միջազգային համաժողովների մասնակցության հրավերներ:
-Զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք:
-ՀԱՊԿ ինստիտուտի զարգացումը բավականին դինամիկ է ընթանում, աստիճանաբար ավելի գլոբալ խնդիրներ ենք մեր առջև դնում` դառնալով բազմաֆունկցիոնալ կառույց: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ նպատակադրումները պետք է անընդհատ թարմացվեն, ընդլայնվեն, հակառակ դեպքում լճացումն անխուսափելի է: Վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել ենք միջազգային գիտաժողովներ, մեզ դիմում են ուսանողներ, որոնց օգնում ենք մագիստրոսական թեզեր պաշտպանելու հարցում: Ստանում ենք գիտակրթական ծրագրեր իրականացնելու առաջարկներ: Կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնում վերապատրաստվելու, աշխատելու անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ գործունեության այլ ճյուղերում: Հաշվի առնելով այս ամենը` 2012 թ. մենք դիմեցինք ՀԱՊԿ քարտուղարությանը` առաջարկելով ինստիտուտի բազայի վրա ստեղծել ՀԱՊԿ ակադեմիա, որն աշխատանքներ կտանի նաև գիտակրթական ծրագրերի ուղղությամբ, կիրականացնի ուսուցում, վերապատրաստում: Այսօր արդեն ստորագրվել է հուշագիր ՀԱՊԿ և Ազգային անվտանգության քարտուղարությունների միջև, համաձայն որի, ստեղծվել է «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամ: ՀՀ կառավարությունը տրամադրել է համապատասխան տարածք` աշխատանքներն իրականացնելու համար: Այնպես որ, առաջիկայում կսկսի գործել ՀԱՊԿ ակադեմիան, որը, ի դեպ, միակն է ՀԱՊԿ անդամ երկրների կազմում:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ