Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պահպանենք Երկիր մոլորակը, այն նաև մեր բնօրրանն է

Պահպանենք Երկիր մոլորակը,  այն նաև մեր բնօրրանն է
10.12.2013 | 11:10

Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպության մասնագետները արձանագրել են, որ վերջին 50 տարում Երկրի մթնոլոտային շերտի բազմամյա միջին ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի, բարձրացել է մոտ 0,8 աստիճանով:
Նշված գործոնն ազդել է Արկտիկայի սառցածածկույթի վրա, որի հաստությունը գարնանն ու ամռանը «կրճատվում» է 40, իսկ փռվածությունը` 10-15 տոկոսով: Մասնագետների հավաստմամբ, եթե չձեռնարկվեն համապատասխան կտրուկ միջոցներ և այդ միտումները պահպանվեն, ապա ընթացիկ դարի կեսերին Երկրագնդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1,5 աստիճանով, ինչի պատճառով կհալվեն բևեռային սառույցները: Հալքի հետևանքով, Համաշխարհային օվկիանոսի միջին մակարդակը մինչև 2030 թվականը կբարձրանա 65, իսկ դարավերջին` 150 սմ-ով: Այն անխուսափելի կդարձնի տարերային աղետները (ջրհեղեղ, երաշտ, ցրտահարություն, փոթորիկ և այլն):
«Իսկ ինչի՞ հետևանք են գլոբալ տաքացումները, և դրանց շարունակական միտումն ինչպիսի՞ երևույթների կհանգեցնի»,- այս հարցով սկսեցինք մեր զրույցը ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր ԹՐԱՀԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

- Գլոբալ տաքացումները վերջին մի քանի տասնամյակում Համաշխարհային օվկիանոսի ջրի միջին ջերմաստիճանի աստիճանական աճման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված, ջերմոցային էֆեկտ (ազդեցություն) առաջացնող գազերի (ածխածնի երկօքսիդ` CO2, մեթան` CH4, ազոտի ենթօքսիդ` N2O) դեպի մթնոլորտ տարեցտարի ավելացող արտանետումների հետևանքով են,- փաստում է զրուցակիցս:- Նշեմ, որ ջերմաէլեկտրակայանները, ավտոմեքենաները, գործարաններն ու արդյունաբերական մյուս կառույցները մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տոննա ածխաթթու և ջերմային այլ գազեր: Դրան զուգահեռ, մոտ 250 մլն տ մեթան էլ արտազատվում է պարարտանյութերից և ածխի այրումից: Նշված բոլոր գազերը` կլանելով դեպի տիեզերք ճառագայթվող երկրի ջերմային էներգիան, տաքացնում են մթնոլորտը` առաջացնելով ջերմոցային ազդեցություն:
Ըստ կլիմայի փոփոխության փորձագիտական միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) կանխատեսումների, բնության ներդաշնակությունը շարունակաբար խաթարող այդ գործոնների պատճառով, մինչև 2100 թվականը, կհաճախակիանան ջրօդերևութաբանական վտանգավոր երևույթները (փոթորիկներ, ջրհեղեղներ, անսովոր տաք օրեր, երաշտներ, ցրտահարություններ): Երկրի միջին ջերմաստիճանը նշված ժամանակահատվածում կբարձրանա մինչև 5,8 աստիճանով, ինչը կհանգեցնի աշխարհագրական թաղանթի բաղադրիչների թե՛ որակական, թե՛ քանակական փոփոխության:
Կլիմայի փոփոխությունների հետ ցամաքային շրջաններում կնվազեն ջրային ռեսուրսները, հետևաբար և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Կարագանա նաև հողերի էրոզիան` նպաստելով անապատացմանը: Ջերմաստիճանի բարձրացումը, մարդկանց առողջության վրա ազդելուց բացի, կազդի նաև համընդհանուր կենդանական աշխարհի վրա` հանգեցնելով մի շարք կենսաբանական տեսակների անհետացման։ Հատկապես երեխաների և մեծահասակների շրջանում կաճեն սրտանոթային և աղեստամոքսային համակարգերի սուր վարակիչ հիվանդությունները:
Ըստ ԿՓՓՄԽ-ի, 2002 թվականից սկսած, հատկապես շոգ տարիներին, մոտ երկու անգամ ավելացել են մահվան դեպքերը սուր վարակիչ հիվանդություններից: Հատկանշական է նաև, որ հայ հնագույն բժիշկներն ու մտածողները (Ամիրդովլաթ Ամասիացի, Մխիթար Գոշ, Եզնիկ Կողբացի, Մխիթար Հերացի) ևս այդ հիվանդությունների տարածման գործում էական դեր են հատկացրել կլիմայի գործոնին:
-Գլոբալ մասշտաբով Երկրի համար է՞լ ինչպիսի վտանգավոր երևույթներ կարող են առաջացնել կլիմայական փոփոխությունները:
-Երկրամերձ օդի ջերմաստիճանի աճի և բևեռային սառցադաշտերի հալքի պատճառով Երկրագնդի վրա կարող է վերաբաշխվել ջուր-ցամաք հարաբերակցությունը` խախտելով Երկիր մոլորակի ծանրության կենտրոնը: Խախտումից կնվազի Երկրագնդի պտտման արագությունն ու կտեղաշարժվեն նրա աշխարհագրական բևեռները` ազդելով մթնոլորտային ընդհանուր շրջանառության ու տեղումների բաշխման օրինաչափության վրա:
Զուգահեռաբար կփոփոխվեն օվկիանոսային հոսանքների ուղղություններն ու արագությունները. կտեղաշարժվեն կլիմայական բոլոր գոտիները: Այսինքն, կունենանք անկանխատեսելի հետևանքներով լի կլիմայական նոր պայմաններ, որոնք կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ ինչպես Երկիր մոլորակի, այնպես էլ նրա բնակչության համար:
-Գլոբալ տաքացումները մեղմելու, ջերմային գազերի արտանետումները կանխել-կրճատելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում զարգացած երկրները:
-Այդ նպատակով 1997 թվականի դեկտեմբերին զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներն ընդունել են Կիոտոյի (Ճապոնիա) արձանագրությունը: Ստորագրելով այն` մասնակից երկրները պարտավորվել էին 2008-2012 թվականներին` 1990 թ. համեմատությամբ կրճատել-կայունացնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալները:
Գիտաժողովի մասնակից Ճապոնիայի, Կանադայի և Եվրամիության երկրների ներկայացուցիչները, բացի Հնդկաստանից և Չինաստանից, պարտավորվել էին կատարելագործված, մաքուր մեխանիզմների համատեղ կիրառման միջոցով 6-8 տոկոսով նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները: Մնացած այն խոշոր տերությունները, որոնց արտանետումներն ավելի էին սահմանված չափանիշներից, ստանձնել էին լրացուցիչ իրավունք գնելու որոշված քվոտայից ցածր արտանետումներ ունեցող զարգացող երկրներից: Այսինքն` զարգացող երկրները (այդ թվում նաև` Հայաստանը), որոնք չունեն արտանետումների կրճատման վերաբերյալ պարտավորություններ, ըստ արձանագրության, իրենց քվոտային փաստաթղթերը (կամ կրճատման պարտավորությունները) կարող էին «վաճառել» զարգացած համագործակցող երկրներին:
Սակայն արտանետումների նվազեցման վերաբերյալ պարտավորությունները, որոնց իրականացման առաջին քայլերը նախատեսել էին ձեռնարկել Կոպենհագենի կոնֆերանսում` 2009 թվականի դեկտեմբերին, ձախողվեցին:
Այդուհանդերձ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դրանց վկայությունը վերջին երեք տարիների կոնվենցիայի շրջանակներում կայացած բազմաթիվ հանդիպումներն են, որոնք հուսադրող են և բխում են Կիոտոյի սկզբունքներից:
-Կլիմայի համամոլորակային փոփոխությունները ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի տարածքի վրա:
-Ըստ Հայպետհիդրոմետի հաշվարկների, գլոբալ տաքացումների պատճառով Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը 2040-2070 թվականներին կբարձրանա 2-3, իսկ 2071- 2099 թվականներին` 3,5-5,5 աստիճանով` էականորեն ազդելով Սևանա լճի հաշվեկշռի և մյուս ջրային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշների վրա: Մեր հաշվարկների համաձայն, 2100 թվականին ՀՀ-ի ջրային ռեսուրսները կնվազեն 18-23, իսկ մթնոլորտային տեղումները` շուրջ 10 տոկոսով:
Նշված երևույթների պատճառով կընդլայնվի հանրապետության կիսաանապատային գոտին, զուգահեռաբար կկրճատվեն լճերի մակերեսները, ալպյան մարգագետիններն ու գերխոնավ տարածքները` պատճառ դառնալով էնդեմիկ և հազվագյուտ բուսատեսակների անհետացման: Անտառային գոտու մոտ 100-200 մետր նահանջի հետ կավելանա բնադրող վնասատուների քանակը: Տեղի կունենա նաև բնակչության հարկադրական արտագաղթ ու բնակավայրերի ամայացում, որոնք կհանգեցնեն կենդանական աշխարհի որոշ տեսակների նվազմանն ու անհետացմանը:
Վերոնշյալ հարցերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ, ՀՀ-ում ուսումնասիրվել են դեռևս 1990-ական թվականներին: Մշակվել է նաև արտանետումների սահմանափակման ռազմավարություն, կազմվել ջերմոցային գազերի ազգային կադաստր:
Հայաստանը 1993-ին վավերացրել է կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանային կոնվենցիան, իսկ 2003-ին` Կիոտոյի արձանագրությունը:
Նշեմ, որ 1996-ից ՀՀ-ում գործողության մեջ է ՄԱԶԾ-ի ֆինանսավորած «Հայաստան. Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագիրը: Վերջինս, որի հիմնական նպատակն է երկրում ստեղծել կոնվենցիայի դրույթներին համապատասխան ներուժ, ընդգրկվել է Հայաստանի առաջին ազգային զեկույցում (ԱԱԶ): Զեկույցը ներառում է հանրապետության տարածքում ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսում, ինչպես նաև սպասվող փոփոխություններին հարմարվելու միջոցառումներ:
Ասեմ, որ վերոնշյալ ծրագրի իրականացման համար, Հայաստանից բացի, ՄԱԶԾ-ն տեխնիկական աջակցություն է հատկացրել նաև Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային: Միաժամանակ, ծրագրի «Մաքուր զարգացման մեխանիզմ» մասով զարգացող այդ երկրների միջև ստեղծվել է համագործակցություն` նպատակաուղղված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Հավելեմ նաև, որ Հայաստանում համամոլորակային կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները մեղմելու և տարեցտարի աճող գլոբալ տաքացման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, մինչև 2050 թվականը Հայաստանի անտառատարածքներն առնվազն երկու անգամ պետք է ավելացնել, և զուգահեռաբար, նոր տեխնոլոգիաների միջոցով ջրամատակարարման մեխանիզմներն ու ոռոգման համակարգերը կատարելագործել: Վերջինս, կրճատելով ջրային ռեսուրսների կորուստները, կնպաստի աղակալած և դեգրադացված հողերի վերականգնմանը:
-Երկրի մակերեսի գլոբալ տաքացումները մեղմելու ուղղությամբ ինչպիսի՞ մեխանիզմներ է առաջարկում գիտական միտքը:
-Երկրի մակերեսի գլոբալ տաքացումները մեղմել-կանխելու ուղղությամբ բազմաթիվ երկրներից գիտական մեթոդներ են ներկայացվել: Գիտնականների մի խումբ առաջարկել է Երկրագունդը շրջապատել Երկրի, Լուսնի կամ աստղակերպերի վրայի լեռնային մշակումներից ստացված մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստվերել արևադարձային գոտիները` այդ կերպ մեղմելով կլիման: (Ի դեպ, այս նախագծի շրջանակներում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ, իսկ մասնիկների վրա` մինչև 200 տրիլիոն դոլար):
Առաջարկվել է նաև հատուկ սարքավորումների միջոցով ծովաջրերից աղային գոլորշիներ ստանալ և դրանք վերածել նատրիում քլորով հագեցած ամենաիսկական ամպերի, որոնց ստվերում Երկիր մոլորակը կպաշտպանվի արևի ճառագայթներից:
Երկիր թափանցող արևային ճառագայթումը ցրելու համար մեկ այլ գիտնական առաջարկել է ջրային օբյեկտներում ստեղծել սպիտակ մակերեսով կամ պլաստիկ զանգվածով պատված լողացող արհեստական կղզյակներ:
Ասեմ, որ վերոհիշյալ մտահղացումները չնայած ֆանտաստիկ են թվում, բայց վաղ թե ուշ դրանցից շատերը կարող են պիտանի լինել:
Երկրի մթնոլորտից ջերմոցային գազերը հեռացնելու և գլոբալ տաքացումները մեղմելու համար մրցույթ է հայտարարել Virgin Earth Challeng ընկերությունը: Հաղթող կճանաչվի և 25 մլն դոլար կշահի այն անհատը կամ խումբը, որը կներկայացնի ամենակոմերցիոն և կենսունակ նախագիծը: Հարկ է նշել, որ մասնակիցները չպետք է առաջարկեն արտանետումների վերացման այնպիսի մեխանիզմներ ու միջոցներ, ինչպիսիք են ջերմաէլեկտրակայանների և գործարանների փակումը, որի մասին մտածելն իսկ անհանգստանալու տեղիք է տալիս:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հ. Գ.- Չնայած դրան, այսօր Երկիր մոլորակի մարդկությունը քայլ առ քայլ մոտենում է բնաջնջման վտանգին, քանի որ ընդերքից անխնա կորզվող նավթի կեսից ավելին օգտագործվում է բենզինի, կերոսինի, իսկ օգտակար հանածոների (երկաթ, ալյումին, ցինկ և այլ բազմամետաղներ) 65-70 տոկոսը` ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրության համար: Այսօր, ավտոսիրողների ու ավիաճանապարհորդների այրած վառելիքի ֆոնին, ծովային և երկաթուղային փոխադրամիջոցների ծախսածը համարյա ոչինչ է և լիովին զիջում է իր դիրքերը: Զուգահեռաբար, հիմնականում քաղաքային և հասարակական մյուս փոխադրամիջոցների ուղեվարձի թանկացման պատճառով, շարունակում է ավելանալ անձնական օգտագործման ավտոմեքենաների թիվը:
Նշեմ, որ վերոնշյալ գործոնը գիտնականների մեկ այլ խմբի ստիպել է աշխատել բնական գազից ջրածնային վառելիքի ստեղծման ուղղությամբ: Այդ գիտնականները համոզված են, որ մեկ դար հետո տրանսպորտային բոլոր միջոցները կաշխատեն միայն ջրածնային վառելիքով, և մարդկությունը վերջապես կձերբազատվի բնաջնջման վտանգից: Թեև բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը համոզված է, որ մարդկության փրկությունը կախված է տիեզերքում նոր մոլորակներ հայտնաբերելու և այնտեղ ապրելու հնարավորությունից միայն:
Սակայն կլիմայի փոփոխության հետևանքները մեղմող ինչպիսի մեթոդներ-միջոցառումներ էլ առաջարկվեն-ձեռնարկվեն ու գումարներ ծախսվեն, մարդը բնությանը նախ և առաջ պետք է տեր կանգնի հոգով-սրտով: Բնապահպանական օրենքներ ու կոնվենցիաներ մշակելով, ինչպես նաև բնության կանոնները խախտողներին պատժելով, Երկիր մոլորակն ու նրա բնությունը ավերումից չենք փրկի: Այդ գործում ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները, այլև ամեն ոք պետք է առաջին հերթին` սեր և ավելին` բնապաշտություն ներդնի-ցուցաբերի: Մեզնից յուրաքանչյուրը, լինելով մայր մոլորակի մի մասնիկը, պետք է պատասխանատվություն զգա ինչպես նրա հետագա ճակատագրի, այնպես էլ նրա անձեռակերտ բնությունը անխաթար պահելու գործում:
Այս գիտակցությունը կյանքի կոչելով միայն կապահովենք ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդների բնականոն կյանքն ու բարեկեցիկ ապագան Աստծու կողմից մեզ տրված բնօրրանում:

Դիտվել է՝ 5950

Մեկնաբանություններ