Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ես առավոտից իրիկուն տառապում եմ միայն լավ գործ անելու համար»

«Ես առավոտից իրիկուն տառապում եմ միայն լավ գործ անելու համար»
10.12.2013 | 00:32

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ (սփյուռքի նախարար)


-Տիկին Հակոբյան, Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի անկախությունը չի՞ վտանգելու:
-Բոլորովին, դրանք ավելորդ, շինծու խոսակցություններ են: Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Եղել է, կա ու կշարունակի լինել, եկեք ավելորդ տեղը մեր ինքնիշխանությունը չդնենք հարցականի տակ:
-Այդ դեպքում ինչո՞ւ ինքնիշխան պետության շատ ձեռնարկություններ հարյուր տոկոսով այլ երկրի ձեռքում են:
-Յուրաքանչյուրը տնտեսական հաշվարկի արդյունքում է եղել: Հենց այնպես չի տրվում, հենց այնպես հաշվարկներ չեն արվում: Կան համապատասխան փորձագետներ, մասնագետներ, որոնք հաշվարկում են, ճշտում են և որը համարում են առավել ընդունելի տարբերակ, դա էլ ընտրվում է: Ես տնտեսագետ չեմ, որ համապարփակ պատասխանեմ Ձեր հարցին, բայց եթե Հայաստանի համար ընդունելի տարբերակ չլիներ՝ չէին ընդունի:
-Հայաստանի իշխանություննե՞րն են որոշում՝ ո՛րն է ընդունելի: Իսկ հանրությանը հարցրե՞լ են:
-Գիտե՞ք, յուրաքանչյուր հարց հանրաքվեի չի դրվում: Ցանկացած քայլ կատարելուց առաջ հաշվարկներ կատարվում են:
-Հաշվարկել են, որ դա հանրության շահերի՞ց է բխում:
-Նորից կրկնում եմ, ցանկացած քայլ անելիս և՛ քաղաքական, և՛ տնտեսական հաշվարկներ արվում են: Բայց ես ուզում եմ, որ մի քիչ բարություն, պարզություն լինի մեր լրագրողական աշխարհում, ընդունեք, որ մենք ունենք ռազմավարական գործընկերներ, անվտանգության և սփյուռքի խնդիր: Կան խնդիրներ, որոնք շատ ավելի կարևոր են, անհրաժեշտ են, քան մանր, փոքր հարցերը:
-Էլի՞ լրագրողներն են մեղավոր:
-Որովհետև դուք եք այդ մթնոլորտը ստեղծում, սիրելիս: Ես կուզենայի մի քիչ բարության, ջերմության, լավի օրինակների մասին գրվեր:
-Լավ բաներ արեք՝ կգրվի:
-Ես առավոտից իրիկուն տառապում եմ միայն լավ գործ անելու համար: Պետք է նկատել, պետք է գեղեցիկ աչքերով գործին նայել: Անընդհատ չար աչքերով մի նայեք: Պետք է թացը չորից տարբերել, պետք է լավին լավ ասել, վատին` վատ: Չկա համատարած վատ կամ լավ: Իմ հորդորը, խնդրանքը մեր բոլոր հայերին` հայրենիքը սիրեք, հայրենիքի հանդեպ վերաբերմունք ունեցեք: Պիտի մտածել` ես ի՞նչ արեցի այսօր այս երկիրը լավացնելու համար: Ոչ թե մի սուր բան գրենք, որ մեր թշնամիներին ուրախացնենք: Ես ցավ եմ ապրում, որ լավը չեք տեսնում: Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Մեր պապերն են որոշել, ոչ թե մենք, իսկ մենք շարունակում ենք դարերի պահանջը: Երկրի անկախացումից հետո մեր ռազմավարական առաջին գործընկերը Ռուսաստանն է եղել:
-Հիմա կասեք՝ էլի «չար» հարց եմ տալիս. խորհրդարանական մեծամասնությունն ինչո՞ւ ընդառաջ չգնաց ընդդիմությանն ու քաղաքացիներին և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով չհետաձգեց:
-Երբ ԱՊՊԱ էին անում, ժողովուրդը նույն ձևով էլի ըմբոստացել էր, ամրագոտիները պիտի կապեին, էլի բողոքում էին: Քայլ առ քայլ հասկացան, որ դա ճիշտ էր: Այս փոփոխությունը շոշափելի չէ, վաղը մյուս օրը չեն զգա դրա առավելությունը, դրա համար զայրույթը շատ է: Բայց տարիներ հետո կասեն` էս ինչ լավ բան են արել, որ ընդունել են այս համակարգը:
-Փաստորեն, հանրությունը չի՞ հասկանում, որ սա դրական փոփոխություն է:
-Ես այդպես չեմ ուզում ասել: Բոլոր բարեփոխումները ցավոտ են լինում, որովհետև դա նորություն է, փոփոխություն ու հեշտ չի ընկալվում: Ես հասկանում եմ ժողովրդին, ցավ եմ ապրում, որ աղքատություն կա մեր երկրում: Կարծում եմ՝ ում վստահված է պաշտոնը, նա պարտավոր է նվիրումով, սիրով, մաքրությամբ, օբյեկտիվությամբ ծառայել էս ժողովրդին: Վայ էն մարդուն, ով իր պաշտոնն ի չարս կօգտագործի:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ