Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Ռուսական շահի սպասարկումն է ստիպում հազարավոր կիլոմետրեր հեռվից բերել գազը, որը կա և մեր կողքին»

«Ռուսական շահի սպասարկումն է ստիպում հազարավոր  կիլոմետրեր հեռվից բերել գազը, որը կա և մեր կողքին»
10.12.2013 | 00:13

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-ՌԴ նախագահը եկավ-գնաց, Ձեր կարծիքով` այցի ակնկալիքները հայկական ու ռուսական կողմերից արդարացա՞ն:
-Արդարացան բոլոր առումներով: Այցի նպատակը մեկն էր` ՌԴ նախագահը գալիս էր հաստատելու սեպտեմբերի 3-ից սկսված զարգացումները: Հայաստանը մեկ հայտարարությամբ կորցրեց իր ինքնուրույնությունը, քաղաքական գործընթացների վրա ներգործելու հնարավորությունը, մեր ինքնիշխանությունն այդ օրից գրեթե ամբողջապես նվիրաբերեցինք Ռուսաստանին: Պատահական չէ, որ այդ ենթատեքստում կորցրինք «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի մեր վերջին 20 տոկոսը: Սա միանշանակ հիմնավորեց այդ իրողությունը: Առավել լուրջ հիմնավորում էր, որ Պուտինը եկավ ոչ թե Երևան, այլ Գյումրի, բայց ոչ թե Գյումրի քաղաք, այլ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազա: Այցի մեխը ռազմաբազան էր: ՌԴ նախագահը պետական այցով անկախ պետություն չէր եկել, եկել էր ՌԴ ռազմաբազա, դա է վկայում և այն փաստը, որ չպահպանվեցին պետական այցի արարողակարգային շրջանակները. նա անգամ Երևանում չգիշերեց: Հենց ռազմաբազայում հնչեց կարևորագույն հայտարարությունը, որ Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից:
-Այդ հայտարարության հասցեատերը մե՞նք էինք:
-Նա չասաց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանի անվտանգության խնդիրները Ռուսաստանի խնդիրներն են, Պուտինը բարձրաձայնեց Ռուսաստանի քաղաքական օրակարգը Անդրկովկասի վերաբերյալ:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Նշանակում է, որ այցը և հայտարարությունը բովանդակային առումով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին չէն ուղղված, այլ Ռուսաստանի` որպես տարածաշրջանում հավակնություններ ունեցող պետության նշաձողը հաստատելուն: Իսկ բաժնետոմսերի 20 տոկոսի հանձնումն արձանագրում էր, որ Հայաստանն իր անկախությունը հանձնեց Ռուսաստանին: Սա էր գլխավոր «մեսիջը»: Պուտինն ընդհանուր առմամբ արդարացրեց կանխատեսումները:
-Նկատի ունեք նաև այցի դեմ ընդվզողների՞ն:
-Հասարակության այն հատվածը, որ տեսնում է Հայաստանի ապագան ժողովրդավարական զարգացումների շրջանակում, բախվեց կառավարման ավտորիտար ռեժիմին: Ընդդեմ Մաքսային միության ակցիայի մասնակիցներս տեսանք, որ բացառապես խաղաղ ցուցարարների վրա, որ ոչ հայհոյում էին, ոչ որևէ զենք կամ իր ունեին ձեռքներին, ազատ, անկախ Հայաստան էին պահանջում, որը սահմանադրական նորմ է, նախահարձակ եղավ ոստիկանությունը: Իրենից երկու մետր հեռու գտնվող ցուցարարների վրա: Այսինքն` քաղաքացիական այդ հատվածի սպասելիքները ևս արդարացան` նրանք շատ լավ հասկանում էին, որ Պուտինի` Հայաստան այցելելով մենք կորցնում ենք անկախության վերջին փշրանքները: Նույնիսկ ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու իրենց ձգտումներում առաջ են ընկնում գրաֆիկից, վազելով են առաջ գնում: Ի տարբերություն իրենց, որ ասում են` Հայաստանն անկախության կորուստ չի ունենալու ՄՄ մտնելով, Ռուսաստանի դեսպանը նշեց, որ Հայաստանն ունենալու է անկախության որոշակի կորուստ, որովհետև ՄՄ կանոններով ստեղծվում է վերպետական մարմին, որն էլ սահմանում է տնտեսական քաղաքականությունը: Բայց հարցը միայն ՄՄ-ն չէ, ՄՄ-ից հետո կա Եվրասիական միությունը, որն արդեն քաղաքական կառույց է: «Ժառանգությունը», քաղաքացիական հասարակությունը լավ հասկանում են, որ կառավարման այս մոդելով Հայաստանը գնում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ուղղությամբ` ավտորիտար, բռնատիրական, կոռումպացված, օլիգարխիկ կառավարման համակարգ, որը ոչինչ դրական չի կարող տալ Հայաստանին: Այն ամենը, ինչ դեկտեմբերի 2-ին ձեռնարկեց ոստիկանությունը, ասվածի ապացույցն է: Արդարացան նաև ընդդիմության մի հատվածի կանխատեսումները:
-Ընդդիմությունը Հայաստանում հատվածակա՞ն է արդեն:
-Գոնե այս հարցում ընդդիմությունը երկբևեռ է: Մի հատվածը դեմ է ՄՄ մտնելուն և Հայաստանում ավտորիտար կառավարման խորացմանը, դեմ է Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանի հետ զենքի վաճառքի բազմամիլիարդ գործարքներին, դեմ է Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու փոխարեն կառավարման այն համակարգին վերադարձին, որի դեմ ժամանակին պայքարել ենք:
-Ընդդիմության մյուս հատվածը կո՞ղմ է այդ ամենին:
-Ընդդիմության մյուս հատվածը ակնկալում էր, որ այս այցով Հայաստանն ավելի կմոտենա ՄՄ-ին, ու Ռուսաստանին հանձնվելու գործընթացն ավելի առաջ կգնա, ինչը և եղավ:
-Նկատի ունեք ստորագրված 12 համաձայնագրե՞րը:
-Չեմ կարծում, որ այդ համաձայնագրերը կյանքի են կոչվելու, բայց հստակ է, որ ՄՄ-ն Հայաստանի նոր գաղութացում է բերում: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները անգամ մեծ ու փոքր եղբայրների հարաբերություններ չեն, եղբայրությունը գոնե փոխադարձ հարգանք է նշանակում, մինչդեռ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վասալի ու սյուզերենի հարաբերություններ են: Պատահական չէ, որ ռուս չինովնիկներն արդեն պահանջում են, որ Հայաստանում ռուսերենը պետական լեզու դառնա: Բնակչության 98 տոկոսից ավելին հայ է, բայց կազակական միավորումներ են ստեղծվում: Վերջապես` կատարվեց նաև իշխանությունների երազանքը` փորձել երկար պահել իշխանությունը և կուտակած հարստությունը Ռուսաստանի աջակցությամբ:
-Այսինքն` որոշակի պահից ոչ միայն իշխանությունը, այլև հարստությունը կիսելու խնդիր է ծագելու:
-Բնականաբար: Խանջյանի, Մյասնիկյանի, Չարենցի և բոլոր նրանց օրինակները, ովքեր պայքարում էին Խորհրդային Հայաստանի համար, բայց սպանվեցին, ակնհայտ է դարձնում մտադրությունների ու իրականության տարբերությունը: Մեր օլիգարխների համար էլ պետք է ակնհայտ լինի, որ ավելի մեծ օլիգարխներ էլ կան, որ ժամանակի ընթացքում կարող են կլանել իրենց ունեցվածքը: Եթե ամփոփեմ` ՌԴ նախագահի այցը արդարացրեց հասարակության բոլոր խմբերի սպասումները և ամրապնդեց բոլորի տեսակետները:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանն ինքնաբերաբար դառնում է թիրախ բոլոր այն ուժերի համար, ովքեր բարեկամ չեն Ռուսաստանին:
-Ցավոք, Հայաստանն այլևս իրենից չի ներկայացնում անկախ միավոր, որին ուղղված ինչ-որ քայլեր են կատարվում, մենք նույնիսկ զոհ չենք դառնում, մանրադրամ ենք դառնում ուրիշների խաղերում: Զոհ կդառնայինք, եթե փորձեին մեր դեմ պայքարել, բայց բոլորը ոչ թե մեր դեմ են պայքարելու, այլ մեկ ուրիշի, որն այդ պայքարի ընթացքում Հայաստանն օգտագործելու է որպես մանրադրամ: 100 տարի առաջ Ռուսաստանը բարեկամացավ Թուրքիայի հետ, և մենք ունեցանք տարածքային կորուստներ` Կարս, Արդահան, Սարիղամիշ, հետո նաև Նախիջևան ու Ղարաբաղ, այդ բարեկամությունը միշտ հայերի հաշվին է լինում: Այսօր նորից նմանատիպ իրավիճակ է ստեղծվում: Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում Եվրոպայում որևէ մեկը չհիշեց, որ ազատագրված Արցախի հողեր կան, բայց հենց Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացումից, անմիջապես հետևեց Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ արդեն եվրոպացիները հիշեցին 1993 թ. ՄԱԿ-ի բանաձևերը: Մինչդեռ ասոցացման պայմանագրում Եվրոպան Ղարաբաղի հետ կապված ընդունել էր Հայաստանի իշխանությունների առաջարկած ձևակերպումները, այսինքն` Ղարաբաղին առնչվող խնդիր չկար: Եթե Հայաստանն ասոցացման համաձայնագիր էր ստորագրում, դառնում էր ժողովրդավարական պետությունների ընտանիքի մի մաս, աշխարհում չկա որևէ նախադեպ, որ առավել ժողովրդավարական երկիրը միացվի ոչ ժողովրդավարական երկրի: Իշխանությունների ակտիվ ջանքերով այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին նույն հարթության վրա, մինչդեռ հնարավորություն ունեինք առաջանցիկ տեմպերով տարբերվել Ադրբեջանից և իրական գործընկերներ ունենալով աշխարհում` մեր շահը հետապնդել և պետությունը զարգացնելով ունենալ այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտար Արցախի հարցում իրական անվտանգություն ունենալ: Հետո` պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հեռանում է մի գիշերում:
-Եթե Թուրքիան Հայաստանի թշնամին չէ, եթե ՄԽ համանախագահներից սկսած ու նախագահներով վերջացրած հայտարարում են, որ հարցը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ, ո՞վ է մեր թշնամին, որից մեզ պաշտպանելով պաշտպանում է Ռուսաստանը: Մնում են Իրանն ու Վրաստա՞նը:
-Ո՛չ Իրանը, ո՛չ Վրաստանը ոչ միայն թշնամի չեն, այլև բարեկամ են: Անվտանգության խնդիր չկա: Թուրքիան ունի ներքին խնդիրներ և եթե Հայաստանի վրա հարձակվելու հնարավորություն ունենար, կաներ մինչև 1994 թվականը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականն է հայտարարել, որ կազմակերպությունը նախկին ԽՍՀՄ որևէ երկրի դեմ չի գործի, իսկ Ադրբեջանը հենց այդ երկրներից է: Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ասաց, որ լրագրողները սխալ են հասկացել 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Պարզ է, որ ՀԱՊԿ-ում դոմինանտ Ռուսաստանի այս դիրքորոշման դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունող Բելառուսն ու Ղազախստանը չեն շտապելու պաշտպանել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Հակառակ պարագայում Հայաստանի սահմանների վրա այսքան ոտնձգությունների հետ կապված գոնե մեկ պատասխան քայլ կանեին:
-Լավ, իսկ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանը:
-Հայաստանը պետք է որպես ֆորպոստ` Անդրկովկասի պաշտպանության համար: Ռուսաստանի ամենաթույլ տեղն այսօր հարավն է` խնդիրներ ծագում են հենց այս ուղղությամբ` Չեչնիան, Ինգուշեթիան, Դաղստանը լուրջ վտանգ են Ռուսաստանի համար, որը կանխել է փորձում 102-րդ ռազմաբազայով: Հայաստանում եթե վստահելի իշխանություն լիներ, կարող էր այդ մտահոգությունը հաշվի առնելով` պայմանավորվել Ռուսաստանի հետ, որ Հայաստանն ընտրում է եվրաինտեգրումը, զարգացումը տնտեսապես, մարդկային ռեսուրսներով, քաղաքականապես: Բայց Ռուսաստանը չի վստահում Հայաստանի իշխանություններին և այդ իսկ պատճառով գնաց այս քայլերին:
-Եվրամիության պարագան արդեն հասկանալի է, Ռուսաստանն ի՞նչ ունի Հայաստանին չվստահելու:
-Եթե մեկին խաբում ես, կխաբես և մյուսին, ի՞նչ տարբերություն: Հայաստանի իշխանությունները վստահության որևէ տեղ չեն թողել: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին ու Իրանին, երկուսն էլ բարեկամ երկրներ են: Եթե Հայաստանը ասոցացման համաձայնագիր ստորագրեր ԵՄ-ի հետ, Վրաստանի հետ հայտնվում էր նույն գոտու մեջ, և դա բազում խնդիրներ լուծելու հնարավորություն էր տալիս: Վրաստան պետությունը կդառնար ոչ թե Ադրբեջանի գործընկերը, այլ Հայաստանի` շաղկապված լինելով ոչ միայն պատմությամբ, հավատով, այլև զուտ պրակտիկ շահերով: Իրանը անցած տասնամյակներում ապացուցել է Հայաստանին իր անդավաճան բարեկամ երկիր լինելը: Իր վերջին ասուլիսում այդ հանգամանքը շեշտեց նաև Հայաստանում Իրանի դեսպանը:
-Արդեն որերորդ անգամ ասվում է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել, բայց Հայաստանը չի բանակցում ոչ ծավալների, ոչ գնի շուրջ: Պարտադի՞ր է հեռվից թանկ գազ բերել, թե՞ հարևանի էժան գազը չի տաքացնի ու լույս չի տա:
-Ռուսական շահի սպասարկումն է ստիպում հազարավոր կիլոմետրեր հեռվից բերել գազը, որը կա և մեր կողքին:
-Բայց կա և տարրական տնտեսական շահավետության գործոնը:
-Այո, եթե կա պետական մտածողություն: Իրանը ոչ միայն հայտարարեց, որ բանակցություններ չեն վարվել, այլև շեշտեց, որ Թուրքիային գազը վաճառում է միջազգային գներով, բայց բարեկամ Հայաստանի հետ հնարավոր են բանակցություններ ու պայմանավորվածություններ` նույնիսկ 400 դոլարը 100 դոլար կարող է դառնալ: Սա կարևորագույն ուղերձ է, որ նշանակում է` հետագա զարգացումները պետք է կապել Իրանի հետ: Երբ Իրանի ու վեցյակի բանակցությունները դրական արդյունք ունեցան, միջազգային շուկայում անմիջապես ընկան նավթի գները: Արևմուտքն Իրանի հետ ինտենսիվ բանակցություններ է վարում, Իրանը նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է մեծ ծավալներով նավթ արտահանել անգամ եթե այն լինի 20 դոլար: Եթե ԻԻՀ դեսպանն ասում է` Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է և տարբերակված մոտեցում է լինելու, պարզ է, որ գազ Հայաստանին միջազգային գնով չի տրվի: Նույնիսկ ամենախիստ էմբարգոյի պայմաններում Հայաստանն Իրանի հետ ազատ առևտրային հարաբերություններ ուներ: Իրանն այն պետությունն է, որ ամենանեղ պահերին օգնել է Հայաստանին և ուզում էր, որ Հայաստանի տարածքով լայնամասշտաբ խողովակաշար անցկացվի: ԻԻՀ դեսպանը կարևորագույն «մեսիջներ» ուղարկեց:
-Կլսվե՞ն այդ «մեսիջները» Հայաստանում:
-Եթե մենք ունենանք Հայաստանում այնպիսի իշխանություն, որ պաշտպանում է պետության ու քաղաքացու շահը, այո:
-Իրանն այդքան կսպասի՞:
-Իրանը կարող է սպասել, բայց մենք ժամանակ չունենք այդքան սպասելու:
-Ի՞նչ պետք է անենք, ուրեմն:
-Հայաստանում արդեն կա որոշակի պատկերացում, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Մենք անընդհատ լսում ենք տարբեր խմբերի բողոքներ, նաև շատ մեծ գործարարներից, որ տնտեսական դաշտի վրա լուրջ ներգործություն ունեն, արդեն նրանք էլ հայտարարում են, որ Հայաստանում մոնոպոլիաները խնդիր են, և այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկել: Հայաստանի գործարար շրջանակներում էլ հասկանում են, որ գործընթացների այս զարգացումը որոշակի խնդիրներ է հարուցելու: Հայաստանին պետք են արմատական բարեփոխումներ: Եթե արտաքին ներգործություն լինի, գործընթացներն ավելի կարագանան: Քանի որ մենք մտել ենք ռուսական ներգործության գոտի, նաև ռուսական գործոնն է լուրջ դեր խաղալու: 2014-ի ՌԴ-ի բյուջեն դեֆիցիտային է լինելու, իսկ բյուջեի եկամուտների կեսը էներգակիրների վաճառքից է ձևավորվում: Եթե 6 ամսից էմբարգոն վերանա Իրանի վրայից, և Իրանը նավթի մեծածավալ արտահանում սկսի, նավթի գինն ընկնելու է: ԱՄՆ-ը վաղուց թերթաքարային գազ է արդյունահանում, նույն մեթոդին է անցնելու Լեհաստանը եկող տարվանից, ՈՒկրաինան` 2015-ից: Այս ամենը նվազեցնելու է էներգակիրների գինը, և Ռուսաստանը խնդիր է ունենալու, որը լուծելիս բնականաբար նախապատվությունը տալու է նախ ինքն իրեն, հետո մյուս երկրներին: Նույնիսկ եթե անկարող գտնվեն ընդդիմադիր կուսակցությունները, ապատիայի վիճակում լինի հասարակությունը, միևնույն է, իշխանությունը այս պայմաններում երկար չի կարող դիմակայել:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ