Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Պետք է իրերը կոչել իրենց անուններով և չզբաղվել մանիպուլյացիայով»

«Պետք է իրերը կոչել իրենց անուններով և չզբաղվել մանիպուլյացիայով»
06.12.2013 | 00:58

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)

-Պարոն Ասատրյան, հիշո՞ւմ եք, երբ Դուք սոցապնախարարության կենսաթոշակների վարչության պետն էիք, իսկ Արծվիկ Մինասյանը, ով այսօր կրակ դառած պայքարում է Ձեր դեմ, սոցապ փոխնախարար էր, հետն էլ դաշնակցական չէր, դուք էն ժամանակվանից համատեղ զբաղվում էիք կուտակային կենսաթոշակային համակարգի սաղմերը «հասունացնելով», չէ՞:
-Ճիշտ եք` մասամբ: Ես, այո, զբաղվում էի այդ խնդրով, բայց փոխնախարար Արծվիկ Մինասյանն այդ հարցերով չէր զբաղվում:
-Եվ, այնուհանդերձ, ոլորտի պատասխանատուներից մեկն էր և ընդհանուր ռազմավարություն էր, չէ՞, վարվում:
-Այո:
-Ինչպիսի՞ն էր այդ ժամանակ Արծվիկ Մինասյանի դիրքորոշումը:
-Անկեղծ ասած` չեմ հիշում, որովհետև, ասացի, ինքն այդ հարցերով չէր զբաղվում:
-Հնարավո՞ր է, որ ինքն այն ժամանակ, որպես փոխնախարար, «այլընտրանքային» դիրքորոշում ունենար:
-Իհարկե ոչ:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իր դիրքորոշումը:
-Ես մեկ բան հստակ կարող եմ ասել. այն օրերի և այսօրվա մոտեցումները, որոնք արդեն օրենքի տեսք են ստացել, լրիվ տարբեր բաներ են: Եվ այն մոդելը, որը ներդրվում է այսօր, գրեթե կապ չունի այն մոդելների հետ, որոնք առաջ քննարկվում էին մեր կողմից. դրանք հիմնովին փոփոխվել ու արդիականացվել են: Արծվիկ Մինասյանն ասում է, որ օրենքն ունի զուտ ֆինանսական բաղադրիչ, չունի սոցիալական պաշտպանության բաղադրիչ: Ի դեպ, այն օրերին ինքս էլ էի այդ մասին ասում: Սակայն այն օրենքը, որը 2014-ի հունվարի 1-ից պետք է կյանքի կոչվի, ունի հետևյալ բաղադրիչները. երկու բաղադրիչ պետական են, երկու բաղադրիչ` կուտակային: Այն օրերին բացակայում էր պետական բաղկացուցիչը:
-Լավ, բոլոր դեպքերում, ինչո՞վ եք բացատրում թե՛ ՀՅԴ, թե՛ ԲՀԿ պահվածքը, երբ իրենք են եղել կուտակային կենսաթոշակի «հիմքում», ասել է` իրենց ժամանակ են եղել բուն և հետագա քննարկումները: Նրանք երկու-երեքական նախարարներ են ունեցել` ոլորտի քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակող:
-Իրենց պետք է հարցնեք:
-Որպես իրավահաջորդ նախարար, Ձեր գնահատականն այդ ամենին:
-Իմ գնահատականը հետևյալն է. պետք է իրերը կոչել իրենց անուններով և չզբաղվել մանիպուլյացիայով:
-Իսկ Դուք այդ մասին Ձեր նախարար ընկերներին ասե՞լ եք, ասե՞լ եք` տղերք, էս ի՞նչ եք անում:
-Ո՛չ:
-Իսկ կարո՞ղ է, որ վաղը Դուք էլ, երբ նախարար չլինեք, Ձեր «իրավասության» տակ գտնվող հարցերի նկատմամբ նույնական վերաբերմունք դրսևորեք:
-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր գործողությունների համար է պատասխանատու: Եվ ես այս պահին ներկայացնում եմ այն, ինչին վստահ եմ, և ինչը, իմ գնահատմամբ, ճիշտ է: Իսկ քաղաքական գնահատականներ ես չեմ ցանկանում տալ, թե ով, ինչպես և ինչու է դա անում:
-Խորհրդարանական «ընդդիմադիրները» չհաջողեցին, իրենք էլ շատ լավ գիտեին, որ չեն հաջողելու: Եվ այնուհանդերձ, հանուն ինչի՞ էր այս ամենն արվում:
-Խոսելու, զրուցելու, մի տեղ էլ գուցե` մտահոգություն ցուցադրելու:
-Պարոն Ասատրյա՜ն, ասում են` ԱԺ նախագահն է կանգնած այս ամենի հետևում, որպես կառավարության «կոնկուրենտ ֆիրմա»:
-Չի կարող էդպիսի բան լինել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ