Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ասոցացման պայմանագրի չստորագրման առիթով տեղի՞ն են այսօր քաղաքական որոշ ուժերի կոկորդիլոսի արցունքները»

«Ասոցացման պայմանագրի չստորագրման  առիթով տեղի՞ն են այսօր քաղաքական որոշ  ուժերի կոկորդիլոսի արցունքները»
08.12.2013 | 11:53

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, 2006-2008 թթ. ՀՀ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ:

-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ի՞նչ ակնկալիք պիտի ունենալ այս անդամակցությունից, և ի՞նչ կորուստներ կարող են լինել։
-Նախ, ավելի ճշգրիտ լինելու համար հարկ է նշել, որ Հայաստանն առայժմ, ի դեմս երկրի նախագահի, անդամության ցանկություն է հայտնել: Անդամակցությունը տեղի կունենա ավելի ուշ` համապատասխան ընթացակարգերից հետո: Սա նշանակում է, որ գործընթացը դեռևս ավարտված չէ և, գոնե տեսականորեն, կարող է ունենալ տարբեր զարգացումներ: Հետևաբար, այսօր պետք է խոսել ոչ թե արդյունքների, այլ հնարավորությունների մասին: Առավել ևս Հայաստանի պարագայում, երբ նախընտրությունը տրվում է ոչ թե ձգտումների ու նպատակների հայեցակարգերի հրապարակմանը, այլ գործողություններին: Պատահական չէ, որ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ զարգացումների սպասվող ընթացքին ընդամենը մեկ ամիս առաջ տեղյակ չէին ոչ վարչապետը, ոչ փոխարտգործնախարարը: Մինչ սեպտեմբերի սկիզբը Հայաստանն ուներ ինտեգրման երկու այլընտրանք` Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագիր կամ անդամակցություն Մաքսային միությանը: Իհարկե, խիստ տեսական ու վերացական գնահատմամբ առաջինն ակնհայտորեն ավելի գրավիչ է` Եվրամիությունն անհամեմատ ավելի տևական գործունեության պատմություն ունի, այդ ընթացքում թեև եղել են դժվարություններ ու երբեմն` ճգնաժամեր, սակայն դրանք առայժմ հաջողությամբ հաղթահարվել են, միության շրջանակներում հարաբերությունները հիմնականում կառուցվում են հայտնի` արևմտյան արժեքային համակարգի վրա, այդ միության անդամ երկրները թեև ունեն բարեկեցության տարբեր մակարդակներ, սակայն անգամ ամենաքիչ բարեկեցիկ երկրներում մարդկանց ճնշող մեծամասնությունն ապրում է ավելի արժանապատիվ կյանքով, քան հետխորհրդային երկրներում և այլն: Սակայն յուրաքանչյուր կոնկրետ երկրի կոնկրետ ինտեգրման պարագայում անպայման պետք է հաշվի առնվեն մի շարք առանձնահատկություններ: Նախ, շատ կարևոր է, թե ինչքան են միմյանց համապատասխանում ինտեգրվող երկրի ու ինտեգրման միջավայրի արժեքները, ընթացակարգերն ու աշխարհայացքը, քանի որ միայն դրանց որոշակի ընդհանրությունների դեպքում կարելի է խոսել ինտեգրման հնարավորությունների օգտագործման մասին: Ի վերջո, յուրաքանչյուր երկրի համար կարևոր են ոչ այնքան ինտեգրման միջավայրի հնարավորությունները, որքան այն, թե այդ երկիրն ինչքանով կարող է մոտակա կամ հեռավոր ապագայում այդ հնարավորություններն օգտագործել: Ընդ որում, ինտեգրման յուրաքանչյուր այլընտրանքի համար խնդիրը պետք է դիտարկել բոլոր ուղղություններով` երկրի կառավարման համակարգի բարելավման, սոցիալ-տնտեսական իրավիճակի շտկման, աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմակայման, հակամարտությունների լուծման և այլն: Ընդ որում, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ անհրաժեշտ է հսկայածավալ փաստաթղթային ու քաղաքական վերլուծություն, ինչը, ցավոք, Հայաստանի պարագայում բացակայում է թե՛ եվրոպական ինտեգրման, թե՛ Մաքսային միությանն անդամակցության ջատագովների պարագայում: Հայաստանյան ներկայիս իրողություններն ու տեսանելի ապագայի հնարավոր զարգացումները հաշվի առնելիս դժվար չէ նկատել, որ եվրոպական ինտեգրման հնարավորությունները մեծապես տեսական նշանակություն ունեն: Եվրոպական ինտեգրման իրական հեռանկարների մասին խոսելիս կարևոր է արձանագրել, թե ինչպիսին են ինտեգրվող երկրի հաջողությունները երեք հիմնարար արժեքների` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Դժվար չէ նկատել, որ այդ հաջողությունների մասին կարելի է խոսել միայն շատ լուրջ վերապահումներով: Ընդամենը մեկ օրինակ: Առանց կայացած բազմակուսակցական համակարգի պարզապես հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական վարչակարգ, քանի որ այն համակարգաստեղծ նշանակություն ունի: Սակայն տեսեք, թե ինչ աղետալի պատկեր ունի Հայաստանի բազմակուսակցական համակարգը:
Պատահական չէ, որ եվրաինտեգրման ուղղությամբ առայժմ խոսք է եղել միայն ասոցացման մասին, ու դեռևս ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները չեն քննարկում իրական անդամակցության հարցը, քանի որ դա չափազանց բարդ և տևական գործընթաց է ենթադրում: Մեկ այլ հանգամանք ևս կա: Եթե Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները թերանում են եվրոպական արժեհամակարգի կիրառման հարցերում, ապա եվրոպական կառույցների ներկայացուցիչներն էլ թերանում են այդ երկրներում կատարվող իրադարձությունների ճիշտ ընկալման հարցում: Սեպտեմբերի սկզբին նրանք հայտարարեցին, որ ցնցված են Հայաստանի իշխանության շրջադարձից: Սակայն մի՞թե դեռևս երեք տարի առաջ ակնհայտ չէր, որ իրադարձությունները վկայում են բոլորովին էլ ոչ ասոցացման համաձայնագրի կնքման իրական հեռանկարների մասին: Հայաստանն առկա համաձայնագրով սահմանված ժամկետից տասնմեկ տարի առաջ երկարաձգեց երկրում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը: Մի՞թե որևէ մեկը կարող է լրջորեն մտածել, որ հետագա մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում, ռուսական ռազմաբազաների առկայությանը զուգահեռ, կխորանա Հայաստանի եվրոպական ինտեգրումը` անգամ ասոցացման ձևաչափով: Կարելի է բերել նման մեկ տասնյակի հասնող այլ օրինակներ ևս, սակայն բերված օրինակի ենթատեքստում արժե անդրադառնալ նաև երկարաձգման համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական կուսակցությունների պահվածքին: Դրանցից որևէ մեկի խմբակցության անունից այդ քննարկման ընթացքում անգամ ելույթ չեղավ: ՈՒրեմն, արդյո՞ք տեղին են այսօր այդ քաղաքական ուժերի կոկորդիլոսի արցունքները ասոցացման պայմանագրի չստորագրման առիթով: Իրական եվրոպական ինտեգրման ձգտող քաղաքական ուժերի թե արժեհամակարգը, թե գիտելիքներն ու պատկերացումները, թե գործողությունները բոլորովին այլ որակներ են ենթադրում, քանի որ յուրաքանչյուր երկրի ինտեգրման գործընթացի հիմքը երկրում առկա արժեքներն են, կառույցների որակները, գիտելիքներն ու պատկերացումները: Սակայն կա ևս մեկ հանգամանք, որը հայաստանյան քաղաքական ուժերն ու «փորձագետները» հաշվի չեն առնում: Հարավային Կովկասը, որպես Եվրասիական կենտրոնի մի մաս, ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվել է նոր աշխարհակարգի ձևավորման նպատակ հետապնդող մրցակցության շրջապտույտում, որտեղ գլխավոր դերակատարներն են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, մասամբ էլ` Եվրամիությունը՝ բուֆերային գոտիների ձևավորման առումով: Ինտեգրման գործընթացներն ունեն այդ մրցակցության ընդգծված ազդեցությունը: Ինտեգրման այլընտրանքների` Եվրամիության ասոցացման և Մաքսային միության անդամակցության միջև ընտրություն կատարող երկրները չեն կարող հաշվի չառնել այդ մրցակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները: Իսկ այդ դեպքում ընտրությունն ավելի է բարդանում, քանի որ պահանջվում է հաշվի առնել ոչ միայն ինտեգրման միջավայրերի տեսական գրավչությունը կամ վանող հատկանիշներն ընդհանուր առմամբ, այլև ինտեգրվող երկրի շահերը տեսանելի ապագայում: Շատ հատկանշական մեկ օրինակ: Մոտ հարյուր տարի առաջ, քսանական թվականներին, երբ նոր ձևավորված կոմունիստական կայսրությունը Արևմուտքի ոխերիմ թշնամին էր համարվում, բզկտված Թուրքիայի համար այն դարձավ փրկօղակ: Ռուսաստանի հետ դաշինքի ստեղծումը Թուրքիային ոչ միայն տվեց Օսմանյան կայսրության կորիզը փրկելու հնարավորություն, այլև ԽՍՀՄ կազմում ձևավորելու երկրորդ թուրքական պետական միավորը՝ Ադրբեջանը, վերջինիս կազմում ընդգրկելով Նախիջևանն ու ԼՂԻՄ-ը: Մի քանի տասնամյակ էլ չէր անցել, որ Թուրքիան կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքական վեկտորը և դարձավ Արևմուտքի հավատարիմ «շունը» խորհրդային սահմանին: Սակայն կենսական ձեռքբերումներն արդեն փաստ էին: Հետաքրքիր է, որ այսօր Ադրբեջանը որդեգրել է նախորդ դարի քսանականներից տարբերվող ինտեգրման դիրքորոշում: Եթե այն ժամանակ Բաքուն Հարավային Կովկասի խորհրդայնացման կենտրոնն էր և դրա շնորհիվ կարողացավ ամբողջությամբ լուծել Նախիջևանի և մասամբ` Արցախի հարցերը, ապա այսօր Ադրբեջանի դիրքորոշումն ակնհայտորեն պասիվ է: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն էր: Այն ժամանակ Հայաստանը նախընտրեց Եվրոպան և Միացյալ Նահանգները` հայտնի արդյունքով: Իհարկե, այսօր կողմնորոշումների փոփոխությունը, հարյուրամյա վաղեմության իրողությունների համեմատ, դեռ չի նշանակում, որ արդեն ապագա տասնամյակների զարգացումները նախանշված են կամ ինչ-ինչ հարցերի լուծումներն ապահովված: Ճիշտ հակառակը: Ինտեգրման այլընտրանքներից ցանկացածի ընտրության դեպքում ինտեգրվող երկրի խնդիրները ոչ թե վերանում են կամ միանգամից լուծվում, այլ շատ ավելի կոնկրետանում են: Շատ հաճախ ինտեգրման արդյունքների առումով շատ ավելի կարևոր է դառնում ոչ թե այս կամ այն այլընտրանքի ընտրությունը, այլ թե ինչ արդյունավետությամբ է աշխատում երկիրն ընտրված ուղղությամբ: Ի վերջո, նման ընտրությունները հավերժական չեն, և երբ երկիրը պատրաստ է այլ ընտրության և դրանից ակնկալում է ավելի մեծ արդյունավետություն, կարող է վերանայել իր արտաքին քաղաքական զարգացման ուղղությունը: Հետևաբար, առջևում հսկայական աշխատանք կա անելու, և դրանից է կախված, թե Հայաստանը կամ մյուս հետխորհրդային երկրները, ի վերջո, ինչ ձեռքբերումներով ու կորուստներով կավարտեն այս աշխարհաքաղաքական վերադասավորումների հերթական փուլը, որը կրկնվում է գրեթե ճշգրիտ` հարյուրամյա պարբերությամբ:
-Բայց Մաքսային միությանը կողմ արտահայտվողները շեշտում են, որ այս ընտրությամբ Հայաստանն անվտանգության խնդիր է լուծում:
-Իհարկե, դժվար չէ նկատել, որ այս ընտրության դեպքում այդ խնդիրը եղել է որոշիչ, քանի որ Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը ձևավորված է գրեթե բացառապես ռուսական արտադրության զինատեսակների վրա, դեռևս չի վերացել ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը և այլն: Սակայն հենց ղարաբաղյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ որևէ երկրի անվտանգության խնդիրները լուծում է այդ երկիրը: Երբ սկսվեց պատերազմը, մենք զգալիորեն զիջում էինք Ադրբեջանին թե՛ սպառազինությամբ, թե՛ բնակչության թվով: Ավելին, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ադրբեջանական զինուժին մեծապես աջակցում էին այդ երկրում տեղակայված ռուսական ստորաբաժանումները, ինչի արդյունքում գրավվեց ԼՂՀ տարածքի 48 տոկոսը: Սակայն պատերազմի արդյունքներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ, ի վերջո, հաղթանակ է բերում մարդկային գործոնը` ոգին, հայրենիքը պաշտպանելու վճռականությունն ու նվիրումը: Այնպես որ, արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական ոլորտում կարևոր է, սակայն երկրի անվտանգությունն ապահովելու խնդիրն առաջին հերթին պայմանավորված է հայկական բանակի ներուժով ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմամբ: Արտագաղթը, հատկապես դրա ահագնացող չափերը երիտասարդության շրջանում, ծանր սոցիալ-տնտեսական պայմանները լուրջ ազդեցություն ունեն նաև երկրի անվտանգության վրա: Հետևաբար, այդ առումով ևս Հայաստանում արմատական բարեփոխումների խնդիրը խիստ հրատապ է:
-Տևական ընդմիջումից հետո տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը` ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում: Սա համարենք հերթակա՞ն հանդիպում, թե՞ այն որոշակի ուղերձներ ունի: ՄՄ-ին անդամակցելու որոշումն ի՞նչ նրբերանգներ կհաղորդի այս գործընթացին:
-Իհարկե` հերթական, քանի որ նման հակամարտությունների լուծումը կախված չէ միայն կողմերի հանդիպումների արդյունքներից: Վերոհիշյալ աշխարհաքաղաքական մրցակցությունը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև էական ազդեցություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Երեք միջնորդներից երկուսի շահերի կոշտ բախումը տարածաշրջանում չափազանց լուրջ խոչընդոտ է հակամարտության լուծման համար: Թեև ոմանք, այդ թվում և՝ միջնորդները, ժամանակ առ ժամանակ խոսում են միջազգային իրավունքի անկատարության մասին հակամարտությունների կարգավորման տեսակետից, սակայն իրականությունը միանգամայն այլ է: Միջազգային իրավունքը շատ հստակ պատասխաններ ունի հակամարտությունների կարգավորմանն առնչվող ցանկացած հարցի առնչությամբ. հստակ է, թե երբ և ով կարող է կիրառել ինքնորոշման իրավունքը, որ ինքնորոշվող տարածքի ժողովուրդն է միայն իրավասու որոշելու իր քաղաքական կարգավիճակը` իր կամքի ազատ արտահայտմամբ: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի դեպքում ամեն ինչ ճշգրտորեն համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այլ բան է, որ աշխարհաքաղաքական մրցակցության գործընթացներում հակամարտությունները հիմնական գործիքներից են գործընթացների ուղղության վրա ազդեցության տեսակետից, և այս տարածաշրջանում նման կարևոր գործիքը պահպանելու նպատակով միջնորդները նախընտրում են օգտագործել մշուշոտ և երկիմաստ ձևակերպումներ: Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, պատահական չէ, որ վերջին վեց-յոթ տարիներին այդ գործընթացում փոխնիփոխ ակտիվանում են մերթ Ռուսաստանը, մերթ Միացյալ Նահանգները: Բայց դեռևս որևէ մեկը չի դիմում կտրուկ գործողությունների, քանի որ, Վրաստանի միանշանակ արևմտյան կողմնորոշման պայմաններում Ռուսաստանի համար ձեռնտու չէ խնդրի կարգավորումը` դրանից դժգոհ մնացած կողմի միանգամայն իրական արևմտյան կողմնորոշման հնարավորության հեռանկարով, իսկ Միացյալ Նահանգները դեռևս փորձում է ավելի թույլ մեխանիզմներով ակտիվացնել գործընթացը` կարգավորման պարագայում Ռուսաստանից դժգոհ մնացած կողմին գրավելու ակնկալիքով: Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասում լիարժեք ազդեցություն ունի այն ուժային կենտրոնը, որը լիարժեք ազդեցություն ունի տարածաշրջանի երեք ճանաչված պետություններից առնվազն երկուսում: Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները կարող էր իր կողմը գրավել Հայաստանին` նախաձեռնելով Կոսովոյի ճանաչման գործընթացի նման գործընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Առավել ևս, որ միջազգային իրավունքի տեսակետից վերջինս անթերի է: Սակայն միջնորդ կողմերը դեռևս նախընտրում են սպասել` հավանաբար աշխարհաքաղաքական մրցակցության տեսակետից ավելի բարենպաստ իրավիճակների ակնկալիքով: Տեսանելի ապագայում էական տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր չէ ակնկալել` անկախ երկու երկրների նախագահների հանդիպումների հաճախականությունից: Հակամարտության լուծումը, ինչպես Կոսովոյի դեպքում, կարող է լինել միայն պարտադրված` միջազգային իրավունքի շրջանակներում: Սակայն դա չի նշանակում, որ պետք է նստել ու սպասել մինչև Հարավային Կովկասում Մոսկվայի ու Վաշինգտոնի մրցակցության ավարտը: Կողմերի համար դիրքային պայքարի շրջան է սա, և այդ ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն է ապահովելու վճռական պահին կողմերի դիրքերն ու ակնկալիքները:
-Պարոն Թորոսյան, մի տեսակ հեռու եք կանգնած քաղաքական գործընթացներից: Նպատակ չունե՞ք քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու:
-Քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է: Դրանով իմաստ ունի զբաղվել, երբ առկա են անհրաժեշտ թվով համախոհներ և լուրջ քաղաքական ծրագիր: 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այս գումարման ԱԺ-ի քաղաքական ուժերից մի քանիսն առաջարկում էին միասին գնալ ընտրությունների, սակայն վերոհիշյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը որևէ մեկի դեպքում չէի տեսնում, ու խորհրդարանի գործունեությունը հաստատում է դրա հիմնավորվածությունը: Այդ պատճառով որոշեցի զբաղվել գիտակրթական ծրագրերի իրականացմամբ: Հայաստանում քաղաքագիտության աղետալի վիճակի պարագայում, ինչը առանձին լուրջ խոսակցության առարկա է, նման ծրագրի իրականացումն ավելի կարևոր է, քան խորհրդարանական գործունեությունը: Վստահ եմ, որ որևէ ոլորտում, այդ թվում և՝ քաղաքական, իրական, լուրջ հաջողությունների հնարավոր է հասնել միայն բարձրակարգ մասնագետների առկայության պարագայում: Հետևաբար նման մասնագետների պատրաստումը յուրաքանչյուր երկրում ունի ռազմավարական նշանակություն: Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և եվրոպագիտության ամբիոնի շրջանակներում իրականացվում է գիտակրթական ծրագիր, որի նպատակն է 5-6 տարվա ընթացքում Հայաստանում ապահովել արևմտյան լավագույն համալսարաններում քաղաքագիտության ոլորտում առաջարկվող կրթական ծրագրեր և միջազգային մակարդակի գիտական արդյունք` հոդվածներ, մենագրություններ և այլն: Արդեն հաջողվել է ստեղծել կառուցվածքային պայմաններ, մագիստրատուրայում կա երեք քաղաքագիտական մասնագիտություն` միջազգային հարաբերություններ, եվրոպագիտություն, քաղաքագիտություն` իր մասնագիտացումներով, երկու քաղաքագիտական մասնագիտություններով բացվել է ասպիրանտուրա, և արդեն կան հետազոտությունների առաջին արդյունքները: Դրանք հրապարակվելու են հիմնադրված քաղաքագիտական հանդեսում և միջազգային հանդեսներում:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ