Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Չպետք է մեր էներգետիկ անվտանգությունը կապենք բացառապես Ռուսաստանի հետ»

«Չպետք է մեր էներգետիկ անվտանգությունը կապենք բացառապես Ռուսաստանի հետ»
05.12.2013 | 12:25

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցելության շուրջ զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

-Հակասական կարծիքներ են հնչում ՌԴ նախագահի այցելության վերաբերյալ: Ձեր մեկնաբանությունը:
-Պուտինի այցը Հայաստան ուներ պատմական նշանակություն: Վերջին տարիներին մամուլում շրջանառվում էր այն տեսակետը, թե հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրի եվրոպական վեկտորի զարգացմանը զուգընթաց սկսում էին սառչել: Պուտինի այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընտրված քաղաքականությունը ճիշտ է: Հայաստանը մի երկիր է, որն ունի եվրոպական արժեքներ, բայց գտնվում է ռազմական սպառնալիքներով լի տարածաշրջանում, երկու հարևանների հետ ունենք անվտանգության և սահմանների խնդիր, և այս համատեքստում Պուտինի այցը պատմական էր: Նրա այցով ևս մեկ անգամ հաստատվեց, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ խոր է: Այդ այցն ուներ նաև կարևոր տնտեսական բաղադրիչներ, որոնց մասին քննադատները հաճախ մոռանում են: Հայաստանը, մտնելով Մաքսային միության կազմի մեջ, կարողանալու է էլ ավելի հզորացնել իր տնտեսությունը ոչ միայն Ռուսաստանի, այլև Մաքսային միության անդամ մյուս երկրների հետ համագործակցության արդյունքում: Ի վերջո, մեր երկիր եկավ մի երկրի ղեկավար, որը կարողացավ կասեցնել Սիրիայի վրա արտաքին ռազմական հարձակումը և վերջիվերջո կարողացավ վեցյակի պետություններին համախմբել Իրանի խնդիրը խաղաղ կարգավորելու հարցում: Թերագնահատել այցը, համարել դա երկրորդական նշանակության, ճիշտ չեմ համարում: ՌԴ նախագահ Պուտինն իր ուժն արդեն ցույց է տվել Սիրիայի և Իրանի հարցերում:
-Վլադիմիր Պուտինը, Հայաստան գալով, 1-2 շատ կարևոր ուղերձ հղեց` ՌԴ-ն ոչ մի դեպքում չի զիջելու Հարավային Կովկասը:
-ՌԴ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ միայն չի հրաժարվելու Կովկասում իր քաղաքականությունից, այլև ամրապնդելու է դիրքերն այս տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ ռուսական 102-րդ ռազմական բազան էլ ավելի է թարմացվում նոր տեխնիկայով: Եվ տեսնելով, թե ինչպիսի հակառուսական արձագանքներ եղան վերջին օրերին Ադրբեջանում և Թուրքիայում, կարող ենք հստակ ասել, որ այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընտրված քաղաքականությունը շատ ճիշտ է, քանի որ տարածաշրջանում մեր և Ռուսաստանի շահերը մեծ մասամբ համընկնում են, և չօգտվել շահերի համընկնումից տվյալ պահին ճիշտ չի լինի, մանավանդ որ տարածաշրջանն այսօր գտնվում է շատ փխրուն վիճակում, և մեզ համար ՌԴ աջակցությունն ու ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս պահի դրությամբ շատ կարևոր են: Պուտինի այցը նաև ուղերձ էր արևմտյան երկրներին, ինչու ոչ, նաև Թուրքիային, այն մասին, որ Ռուսաստանը չի հրաժարվելու Կովկասն իր ազդեցության գոտում պահելու քաղաքականությունից: Մենք ՌԴ հարավային դարպասներն ենք, իսկ այդ հարավային դարպասները Ռուսաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն: Եթե հիշում եք, չեչենական պատերազմի ժամանակ ամենամեծ գլխացավանքը Ռուսաստանի համար առաջացնում էր այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում իրավիճակն անկայուն էր, և մուսուլման ծայրահեղականները կարողանում էին, դա օգտագործելով, Ռուսաստանի հարավում ստեղծել լուրջ խնդիրներ ռուսական պետականության համար: Հետևաբար Ռուսաստանի համար հարավկովկասյան քաղաքականությունն առաջնահերթ է, և այս այցը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում: Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազայի հզորացմանը, ապա դա բխում է Հայաստանի շահերից: Շատ դեպքերում լսում ենք քննադատություններ, թե Հայաստանը վերածվում է ռազմաբազայի, Հայաստանը զրկվում է ինքնուրույնությունից: Այսօր որքան 102-րդ ռազմաբազան հզոր լինի, այնքան Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի: Չմոռանանք, որ խորհրդային տարիներին մնացած զենքը մենք կարողացանք օգտագործել Արցախի պաշտպանությունն իրականացնելու համար: Իմ կարծիքով` հնարավոր ռազմական բախման դեպքում, այդ թվում նաև` Արցախում, այս ռազմաբազայի հնարավորությունները նույնպես կօգտագործվեն Արցախի ժողովրդի պաշտպանության նպատակով:
-Այցի ընթացքում ռուսական կողմին հանձնվեց Հայռուսգազարդի 20 տոկոսը: Հայաստանի էներգետիկ համակարգը, փաստորեն, գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:
-Մենք խնդիր ունենք մեր անկախ էներգետիկ համակարգն ունենալու, և չպետք է մեր էներգետիկ անվտանգությունը կապենք բացառապես Ռուսաստանի հետ: Միամտություն կլինի կարծել, որ մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող խնդիրների լուծումը պետք է ակնկալել թեկուզ մեզ բարեկամ երկրից: Ընդհակառակը, մենք մեր տնտեսած միջոցները պետք է ուղղենք և՛ Իրանի հետ երկաթուղու, և՛ նոր ատոմակայանի կառուցմանը: Սրանք ՀՀ-ի ռազմավարության և հզորության համար ամենակարևոր գրավականներն են: Պատմությունը ցույց է տվել, որ պետք չէ սպասել որևէ երկրի օգնությանը, ինքներս պետք է կարողանանք մեր միջոցներով բռնել զարգացման ուղին: Այս համատեքստում կարևորվում են բնապահպանական ռիսկեր չպարունակող նոր հէկերի կառուցումը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը:
-Պուտինյան այցից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ տեղաշարժ կլինի, ըստ Ձեզ:
-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը մի փոքր թուլացել է: Կարծում եմ` դա պայմանավորված է ոչ միայն մեր ճիշտ դիվանագիտությամբ, այլև նրանով, որ այսօր տարածաշրջանում ընթացող գործընթացներն այնպիսին են, որ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից մենք տեսնում ենք ճնշումներ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թուլացնի հակահայկական քաղաքականությունը: Պուտինի այցից հետո հիստերիկ արձագանքը, որ եղավ Ադրբեջանում, հատկապես կառավարական մակարդակում, ցույց տվեց, որ անվտանգության խնդիրներում մեր համագործակցությունը բերում է նրան, որ Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության դիմելը դառնում է անիմաստ: ՌԴ նախագահը հստակ հասկացրեց, որ ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը Ռուսաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, և չի պատրաստվում այս տարածաշրջանում որևէ զիջում անել արևմտյան կամ թուրքական խաղերում:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ