Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ավելանում է»

«Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ավելանում է»
03.12.2013 | 11:20

Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ուղեկցվեց բողոքի ակցիաներով, եղան նաև ձերբակալություններ։ Մինչ այս իրադարձությունը Սերժ Սարգսյանը Վիլնյուսի գագաթնաժողովում վերստին հայտարարեց, թե Հայաստանը շարունակելու է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները։ Այս իրադարձությունների ֆոնին զրուցեցինք ԱԺ ՀՀԿ կուսակցության անդամ, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ։

-Պարոն Զոհրաբյան, Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ուղեկցվեց բողոքներով, ձերբակալություններով։ Ձեր դիրքորոշումն այս առնչությամբ։
-Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, ունենք համատեղ բազմաթիվ պայմանագրեր։ Այսինքն, արտասովոր բան չկա այս այցի մեջ։ Գործընկեր պետության ղեկավարը պաշտոնական այցով գալիս է դաշնակից երկիր։ Գուցե նաև Մաքսային միության անդամակցության և ռուսական ռազմաբազայի պայմանագրի երկարաձգումով էլ էր պայմանավորված այդ այցը, որը սպասելի էր։ Ռազմաբազայի առումով պիտի նկատել, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ավելանում է։ Մենք Մաքսային միություն ենք մտնում Ղարաբաղի հետ, ինչին Մաքսային միության անդամները համաձայնություն են տվել: Սա նշանակում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղարաբաղն այսուհետ պաշտպանված են։ Շուտով մտնելու ենք Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգի մեջ։ Պատերազմի հավանականությունը սրանով փոքրանում է, Ադրբեջանն այլևս չպետք է երազի տարածքների մասին։ Ասել է՝ այս քայլով ապահովում ենք առաջնայինը՝ մեր անվտանգությունը։
-Հայաստանում ՄՄ-ի կողմնակիցները մշտապես նշում են անվտանգության խնդիրը։ Պատմությունը, սակայն, փաստում է, որ եթե Ռուսաստանի շահը թելադրում է Հայաստանից տարածքներ տալ հարևան երկրներին, առանց վարանելու նա այդպես էլ վարվում է։ Ըստ Ձեզ, եթե ինչ-որ պահի Ռուսաստանը որոշի, թե Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Հայաստանի հետ հաշվի կնստի՞։
-Չեմ կարծում, թե մոտ ապագայում Ռուսաստանի շահից բխի Ղարաբաղը Ադրբեջանին տալը, պաշտպանել նրա շահերը, Հայաստանը հանձնել թուրքական աշխարհին։ Ռուսաստանի ռազմավարական շահերից է բխում համագործակցությունը Հայաստանի հետ։ Այնպես չէ, որ միայն մեզ է պետք այդ անվտանգությունը։ ՄՄ մտնելը չի նշանակում, որ մենք մեր կապերը կտրում ենք Եվրոպայի հետ։ Հենց հիմա էլ Եվրոպայի հետ զարգացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները։
-Դուք նշում եք, թե մենք պահեցինք մեր անկախությունը։ Բայց արդյո՞ք այդպես է իրականում։ Հայաստանում, օրինակ, իշխում է այն համոզմունքը, որ այսուհետ Ռուսաստանն է ամեն ինչ թելադրելու Հայաստանին, քաղաքական որոշումները բացառապես ՌԴ-ն է կայացնելու։ Ավելին, ոմանք անգամ պնդում են, թե իրականանում է ԽՍՀՄ-ի երկրորդ «գալուստը»։
-Եկեք այս ամենը չհամեմատենք ԽՍՀՄ-ի հետ, քանի որ այն ժամանակ մենք ընդհանրապես իրավունքներ չունեինք։ Չունեինք բանակ, անկախ պետության դրոշը, դրամը և այլն, և այլն։ Այսօր աշխարհում այնպիսի գործընթացներ չեն, որ ինչ-որ մեկից կարիք կա անկախությունը խլելու։ Հիմա աշխարհը գնում է միությունների, միավորումների ձևավորման ճանապարհով։ Այնպես չէ, որ պետք է գրավեն մեկի տարածքն ու ստրկացնեն, գաղութացնեն։ Ընդամենը փոխշահավետ համաձայնություններ են լինում։ Որքան մենք գցեցինք-բռնեցինք, մեզ համար ամենաճիշտ ճանապարհը սա էր։ Ռուսաստանին էլ ձեռնտու չէ Խորհրդային Միության վերածնունդը։ Այնպես որ, այստեղ անկախության կորուստ չկա։ Բայց եթե որոշակի միավորման մեջ ես, ուրեմն ունես անկախության որոշակի կորուստ։ Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի պարագայում, չէ՞ որ փոխշահավետ պայմանագրեր գոյություն ունեն։ Բացարձակ անկախ պետություններ չկան։ Օրինակ, Հնդկաստանը ևս ցանկություն է հայտնել լինելու այդ միությունում։ Պատկերացնո՞ւմ եք, Հնդկաստանի նման պետությանը Ռուսաստանը պետք է ինչ-որ բան թելադրի։ Դրա համար ՄՄ-ն համարվում է փոխշահավետ համագործակցություն։ Եթե մենք ճար ունենայինք, կլինեինք բացարձակ անկախ, բայց չունենք այդ հնարավորությունը։ Հանրապետության նախագահի դերը հենց այն է, որ ընտրել է ամենաիմաստուն ճանապարհը, որ չկորցնենք անկախությունը, լինենք որևէ միության մեջ և ունենանք փոխշահավետ համագործակցություն։
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ժողովուրդն ավելի շատ ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ։
-Կարծում եմ, «50+1»-ը ռուսամետ է։ Քանի որ Հայաստանը խաչմերուկում է, մեր մեջ կա և՛ ռուսամետություն, և՛ արևմտամետություն։
-Անդրադառնանք նաև Վիլնյուսի գագաթնաժողովին։ Մեջբերենք Սերժ Սարգսյանի տողերը. «Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է»։ Ինչպե՞ս է շարունակվում, հայտարարություն «չհիշեցնող» այդ փաստաթուղթն ի՞նչ կտա Հայաստանին։
-Այդ հայտարարությունը փաստում է, որ Հայաստանն իր ողջ պատմությամբ քաղաքակիրթ երկիր է։ Մենք Եվրոպայի հետ շարունակելու ենք մեր երկխոսությունը՝ իրավական պետություն դառնալու, մարդու իրավունքները հարգելու ճանապարհով։ Սա է «կյանքը շարունակվում է» նախադասության իմաստը, այսինքն՝ մենք չկտրվեցինք ԵՄ-ից։ Շատ լավ է, որ իրենք մեզ հասկացան, ու գոնե իրավական առումով մեր համագործակցությունը կշարունակվի։ Հայաստանը մոտ ապագայում այսպես էլ լինելու է՝ և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ