Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Հայաստանը եղել է, կա ու լինելու է եվրոպական ընտանիքի անդամ»

«Հայաստանը եղել է, կա ու լինելու է  եվրոպական ընտանիքի անդամ»
03.12.2013 | 11:09

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ավարտվեց վիլնյուսյան գագաթնաժողովը, որի մասին ամիսներ շարունակ խոսում էին գրեթե ամբողջ Եվրոպան ու Հայաստանը, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց Վիլնյուսում:
-Վիլնյուսյան համաժողովը, որի մասին, իրավացի եք, խոսում էին բոլորը, ովքեր իրենց քիչ թե շատ գիտակ են համարում արտաքին քաղաքական և եվրոպական խնդիրներում, խոսում էին սպասելիքներով, չարությամբ, թույնով, լուրջ սպասումներով և այլ երանգներով: Բարեբախտաբար, եկավ նաև այս օրը, երբ բոլոր չարախոսները և հոռետեսները, ուզեն թե չուզեն, տեսան և լսեցին, որ Հայաստանի մասնակցությունը այս կարևոր համաժողովին արդեն կատարված փաստ է, որ ստորագրվեց համատեղ հայտարարություն, որ մեր երկրի եվրոպացի բարեկամները և գործընկերները ընկալեցին, հասկացան և ընդունեցին մեր երկրի ղեկավարի ներկայացրած փաստերը և փաստարկները և, արդյունքում, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը եղել է, կա ու լինելու է եվրոպական մեծ ընտանիքի անդամ, եվրոպական արժեքներով առաջնորդվող, այդ արժեքների դերակատարությունը մեր երկրում առավել ամրապնդող և ամրապնդման ձգտող պետություն: Այս ամենը հասկանալի և տեսանելի էր նաև մինչ վիլնյուսյան ժողովը, բայց ևս մեկ անգամ հստակեցվեց, որ առանց խոր և համապարփակ առևտրի մասին համաձայնագրի էլ մեր երկիրը գնալու է դեպի Եվրոպա, և նույն Եվրոպան պատրաստակամ է օգտակար լինելու: Տնտեսական խնդիրները չմիախառնվեցին քաղաքական խնդիրներին, եվրոպական արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների և այս կարգի արժեհամակարգի ձգտող մեր երկրի շահերը հարգվեցին, ընկալվեցին և ընդունվեցին:
-Սակայն չորս տարի խոսվում էր ամբողջական փաթեթի մասին, այդ թվում նաև՝ խոր ու համապարփակի:
-Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, քաղաքական խնդիրները լուծվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ թեորեմների և բանաձևերի օգնությամբ, և եթե մեկ դեպքում ճիշտն ու կարևորը հարաբերականության տեսությունն է, մեկ այլ դեպքում նույն այդ խնդիրը լուծելու համար առավել կարևոր է դառնում պարզ և հանրամատչելի թվաբանական գործողությունը` գումարում-հանում և կրկին գումարում: Շատ կարևոր է, թե թվաբանական փակագծերը որտեղ են դրված: Մեր երկրի դեպքում պարզ թվաբանական գործողությունները կատարվեցին խելացի քայլերով, և ստացանք այն, ինչին չէին հավատում, կամ` ինչի մասին մեր ընդդիմախոսները խոսում էին քմծիծաղով: Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, և այսօր կատարվեց քայլ, որը բացառապես հանուն մեր պետական և տնտեսական շահերի էր: Ինչպես նշեց մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակել ու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է: Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ:
-Այո, սակայն մնաց անհասկանալի, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ինչպես է համադրվելու դեպի Եվրոպա ձգտող Հայաստանի շահերի հետ: Հավատո՞ւմ եք, որ բոլոր կողմերի հետ ստացվեն ներդաշնակ և ընդունելի հարաբերություններ, երկակի խաղ չէ՞: Պատմությունը վկայում է, որ ժամանակի մեջ մենք միշտ կորցնում ենք:
-Չկա խաղ, երկակի խաղ չկա առավել ևս, կա լուրջ քաղաքական գործընթաց, կա լրջագույն իրավիճակ, որից ելքերը գտնված են վարպետորեն: Ինչ վերաբերում է պատմությանը, հենց նրա դասերից հետևություններ անելով ենք եկել այս հանգրվանին` Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ Եվրոպան` մեզ համար ընդունելի արժեհամակարգը, որին էլ ձգտում ենք: Մի մոռացեք, որ բազմիցս է հայտարարվել այն մասին, որ Եվրոպայի հետ թե երկկողմ, թե բազմակողմ համագործակցության խորացումը Արևելյան գործընկերության շրջանակներում մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկն է: Այո, որքան էլ սա ոմանց դուր գա կամ դուր չգա, ընդունեն կամ չընդունեն, հավատան, թե ոչ` Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին և սկզբունքներին: Ի դեպ, մեկ մեջբերում անեմ համատեղ ընդունված հայտարարությունից, որը չափազանց կարևոր է ընդհանրապես և, այս դեպքում` հատուկ կարգով. «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության կարևորությունը որպես ԵՄ և շահագրգռված գործընկերների միջև քաղաքական ասոցացման ամրապնդման կարևոր բաղադրիչ»:
-ՈՒզում եք ասել, որ վիլնյուսյան գագաթնաժողովով ոչինչ չավարտվեց և ամեն ինչ շարունակվո՞ւմ է, չե՞ք կարծում, որ ԵՄ-ին այս ռևերանսները կարող են դուր չգալ նույն Ռուսաստանին:
-Ապրելու ենք հանգիստ և հավասարակշռված, քանի որ քաղաքականությունը ոչ միայն հնարավորինի, այլև անհնարինի արվեստ է, և հաղթում են նրանք, ովքեր առաջ են գնում ոչ թե մեկքայլանոց կոմբինացիաներով, այլ բազմաքայլ, տեսնելով ամբողջ դաշտը և հաշվարկելով բոլոր քայլերի հետևանքներն ու օգուտները: Կարծում եմ` այն, ինչ այսօր իրականացվում է մեր երկրի իշխանությունների կողմից, մի գործընթաց է, որն ուղղված է երկրի տնտեսական զարգացման, էներգետիկ և ռազմավարական անվտանգության ապահովման հեռանկարին, և այս ամենը չի սահմանափակելու մեր հանձնառությունները և Եվրոպական միության հետ մեր ակտիվ երկխոսությունը: Մեզ համար ԵՄ-ի հետ մերձեցումը նշանակում է քաղաքական և վարչական համակարգերում իրականացվող լուրջ բարեփոխումների գործընթացի շարունակություն` ուղղված երկրի կայուն զարգացմանը: Այսպես գնալու դեպքում մեր շանսերը անառարկելի են և շահավետ մեր երկրի համար: Իզուր չէր, որ Վիլնյուսում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահը հարկ համարեց խոսել նաև արտաքին քաղաքական խնդիրներից, մասնավորապես շեշտելով, որ մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել մեր տարածաշրջանում. «Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»:
-Դուք վերջերս ԱԺ նախագահի հետ պաշտոնական այցով գտնվում էիք Լատինական Ամերիկայի երկրներում, ի՞նչ տվեց այցը, ի՞նչ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, և որքա՞ն էր այդ այցի ՕԳԳ-ն:
-Նկատի ունեցեք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ԱԺ նախագահի այցն աննախադեպ էր, երբևէ մեր երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը կամ պատգամավորները չէին մեկնել այդ երկրներ պաշտոնական այցով, իսկ Բրազիլիան, ՈՒրուգվայը և Արգենտիան բարեկամ երկրներ են, և տեղի հայկական համայնքների ակտիվ ջանքերի շնորհիվ նաև հենց այս երկրներից են սկսվում Հայաստանի և Հայկական հարցի նկատմամբ դրական և հայանպաստ քայլերը: ՈՒրուգվայն էր, որ դեռ հեռավոր 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ այս երկրի օրենսդիր մարմնի պատգամավորների ջանքերով Մոնտեվիդեոյում կկառուցվի ցեղասպանության թանգարան, մեր լատինաամերիկյան գործընկերները շարունակ նույնի մասին էին հարցնում` ինչո՞վ օգտակար լինենք ձեզ, ուրիշ ի՞նչ կարող ենք անել Հայաստանի և հայերի համար: Ղարաբաղի հարցում մեր գործընկերները բավականաչափ ակտիվ են, տեղեկացված և ահազանգում են, որ Ադրբեջանը, չունենալով այս երկրներում համայնք և համակիրներ, փորձում է իր նավթադոլարների հաշվին համախոհներ գնել, բարեբախտաբար, հայկական կառույցները և կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները և մեր երկրի դեսպանատները այս երկրներում բավականին ակտիվ են և տիրապետում են իրավիճակին: ԱԺ նախագահի այցը խիստ կարևոր և անհրաժեշտ էր նաև այս առումով: Մեկ բան է հեռվից հեռու բարեկամություն անելը, մեկ այլ` մոտիկից մարդկանց տեսնելը, լսելը, խորհրդակցելը: Որպես ԱԺ պատգամավոր, խիստ արդյունավետ և տեղին եմ համարում ԱԺ նախագահի այցը:
-Ձեր կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ նախագահի այս այցը փոփոխություն բերելո՞ւ է, թե՞ ոչ:
- Մենք ռազմավարական գործընկերներ ենք, և մեր գործընկեր պետության ղեկավարի այցը հարկ է դիտարկել այդ համատեքստում, իսկ փոփոխությունները կատարվում են ամեն պահի: Մի՞թե տեսանելի չէ, թե այսօր մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը ինչ աննախադեպ վերելք է ապրում, դրանից բխող բոլոր հետևանքներով:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ