Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Ավելի համարձակ ձևակերպենք մեր շահերը, եթե կառուցողական մասնակցություն ենք ուզում ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»

«Ավելի համարձակ ձևակերպենք մեր շահերը,  եթե կառուցողական մասնակցություն ենք ուզում ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին»
29.11.2013 | 00:09

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Հայ-ռուսական հարաբերություններում հիմա ի՞նչ վիճակ է:
-Հայ-ռուսական հարաբերություններում շատ կարևոր իրադարձություն էր սեպտեմբերի 3-ը` ՀՀ նախագահը երկրի անունից հայտարարեց, որ աջակցում է Մաքսային միության ծավալման գործընթացին և ցանկություն է հայտնում դառնալ ՄՄ-ի և ապագա Եվրասիական միության անդամ: Սա քաղաքական աջակցություն էր նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը, որի հանդեպ, ինչպես մեր սոցիոլոգիական հետազոտությունը ցույց տվեց, ՀՀ բնակչության մեծ մասը արտակարգ լավ է տրամադրված:
-Որքանո՞վ է Ձեր հետազոտությունը ադեկվատ արտացոլում հասարակության տրամադրությունները:
-Որ հասարակության ճնշող մեծամասնությունը վստահում է Ռուսաստանին և բարյացակամ է նրա առաջնորդությամբ ընթացող ինտեգրման գործընթացին, մեծ նորություն չէ: Վերջին 12 տարվա սոցիոլոգիական բոլոր հետազոտությունները, այդ թվում` ամերիկացիների, ցույց են տվել, որ հայ ժողովուրդը դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Նորությունն այն էր, որ հայ ժողովուրդը, վստահելով Ռուսաստանին, ինտեգրացիոն գործընթացների համաձայնություն է տալիս` առանձնապես տեղյակ չլինելով, թե այդ գործընթացներն ուր են տանում: Մեր հարցումները վկայեցին, որ բնակչության միայն 10 տոկոսը հստակ պատկերացում ունի, թե ինչ է Մաքսային միությունը, ինչ է ապագա Եվրասիական տնտեսական միությունը: Սա դրական ֆոն է, որ պարունակում է և վտանգներ:
-Այդ վտանգները ներսո՞ւմ են, թե՞ դրսում:
-Վտանգը հիասթափության սպառնալիքն է: Եթե հիմա հասարակությանը չբացատրենք, թե ինչ է ՄՄ-ն, ի՞նչ սկզբունքներ է որդեգրել Ռուսաստանն իր մերձավոր դաշնակիցների հետ` գլոբալ տնտեսական մրցակցության մեջ կուլ չգնալու և սեփական տեղը հաստատելու համար, ժողովրդի մի մասը կարող է հիասթափվել: Մենք պիտի մասնակցենք միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Ցավով արձանագրում եմ, որ այսքան տարվա խոսակցություններից հետո ¥թեման արդեն երրորդ տարին է քննարկվում¤, ՄՄ երկրները դեմքով չեն շրջվել դեպի ինտեգրացիոն գործընթացների զարգացում: Սա վկայում է, որ գործընթացը անցնում է դժվարին աշխարհաքաղաքական մրցակցության միջով:
-Դժվարությունները տնտեսակա՞ն են:
-Պատճառը տնտեսությունների գլոբալ մրցակցությունն է: Մինչև հիմա ԵՄ-ն ու Չինաստանը, բանակցելով ՌԴ-ի և նրա դաշնակիցների հետ, չեն համարձակվում մեծացնել առանց սահմանների և մաքսատուրքերի շուկան: Երբ ՌԴ նախագահը 2012-ի մայիսին բարձրացնում էր ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններ զարգացնելու հարցը, ուզում էր, որ այդ հարաբերությունները ծավալվեն մեկ մեծ շուկայի շրջանակներում, որ նաև քաղաքակրթական տարածք է` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ: Հրապարակումից երկու տարի է անցել, եվրոպական քաղաքական առաջնորդները այս տեսլականի իրականացմանը չեն անդրադառնում, 5-7 տարի հետո դա կարող է դառնալ կյանքի թելադրանք աշխարհի մեծագույն տարածքի համար: Հիմա Ռուսաստանը խնդիր ունի իր դաշնակիցների հետ ու նրանց անունից վարել բանակցություններ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների` մի կողմից, մյուս կողմից` ԵՄ երկրների հետ: Հայաստանը համեստ ռեսուրսներ ունեցող, փոքր երկիր է և արել է մի քայլ, որով իր դերն ու ազդեցությունը այդ տարածքում անհամեմատ մեծացել են: Հիմա պիտի զարգացնենք և շահույթի վերածենք մեր առավելությունը:
-Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Առաջին հերթին պետք է վարենք թափանցիկ բանակցություններ ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կարողանա մասնակցել այս գործընթացներին: Երկրորդ` պիտի կարողանանք մեր փոքրիկ երկրի, որ ՄՄ-ի իմաստով կղզիացած է Հարավային Կովկասում, տնտեսական մակարդակը բարձրացնել: Այս առումով կարևոր էր նոյեմբերի 17-ին խորհրդարանում կայացած ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ ԱՊՀ երկրների եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը: Առաջին անգամ համակողմանիորեն քննարկվեց ՄՄ-ի ծավալման և զարգացման գործընթացների տրամաբանությունը: Կարծում եմ` այդ նիստի քննարկումների վերծանությունը հարուստ նյութ կտա մասնագետներին ու քաղաքացիական սեկտորին` հասկանալու, թե ինչ խնդիրներ ունենք մեր տնտեսության զարգացման մեջ:
-ՀՀ շարքային քաղաքացու համար ի՞նչ է նշանակում իր երկրի անդամակցումը ՄՄ-ին, ինչպե՞ս է անդրադառնալու նրա կենսամակարդակի վրա:
-Անցած չորս ամիսներին «Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպությունը նախաձեռնել և ներգրավվել է բոլոր այն նախաձեռնություններում ու քննարկումներում, որտեղ ցանկանում էին մշակել ՄՄ-ին մեր մասնակցության լավագույն տարբերակը: Եվրասիական տնտեսական միության ինստիտուտը, որի փորձագիտական խորհրդի անդամ եմ ես, օրինակ, այդ հարցին հստակ մոտեցում ունի` ցանկանում է, որ Հայաստանը պարզ ձևակերպի իր ազգային-պետական շահը, իր ակնկալիքները: Ես համոզված եմ, որ ՄՄ-ին անդամակցելով` Հայաստանը հնարավորություն ունի մոդեռնացված ծրագրի ձևավորման և այդ ծրագիրը իրականացնելու համար լուրջ գումարներ ստանալու: Այդ ներդրումների կարիքը Հայաստանը շատ ունի, որովհետև մեր տնտեսությունը զարգանում է շատ ավելի համեստ տեմպերով, քան մեր հարևաններինը: Մենք արդեն հետ ենք մնում, և դա ճակատագրական կարող է լինել մեր երկրի ժողովրդագրական-սոցիալական, գուցե նաև քաղաքական դիմագծի համար: Մեզ անհրաժեշտ են թռիչքային, արագընթաց զարգացման հնարավորություններ: Մենք կարող ենք` ներգրավելով լավագույն մասնագետներին, միատեղելով իշխանության և հասարակության ուժերը, բանավեճ սկսել երկրի ներսում, թե ինչպիսին պետք է լինի մեր զարգացումը, ո՞ր բնագավառներում, որքա՞ն ներդրումների կարիք կա: Ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանում փող կա, և այդ փողը կարող է գալ Հայաստան: Ավելի ճիշտ կլիներ, որ հայերը և վրացիները կարողանային պրագմատիկ հենքի վրա զարգացնել հայ-վրացական հարաբերությունները այնպես, որ ներգրավվեր Ռուսաստանը, և մեծ ներդրումներ լինեին ոչ թե առանձին Հայաստանում կամ առանձին Վրաստանում, այլ երկու երկրներում միասին:
-Բայց Վրաստանը բացահայտորեն գնում է դեպի Արևմուտք:
-Այո, և տեսանելի հեռանկարում չի փոխելու իր քաղաքականությունը, բայց երբ Վրաստանում ասում ենք` եկեք միասին աշխատենք, ընկալվում է: Հայ-վրացական փոխադարձ շահի հարգման ու գիտակցման հենքով համագործակցությունը լավ միջոց է Վրաստանում հակակշռելու թուրք-ադրբեջանական գերիշխող ազդեցությանը Վրաստանի տնտեսության վրա: Վրաստանում և քաղաքական շատ գործիչներ, և ձեռներեցներ կան, որ դա հասկանում են: Վրաստանն իր բարեփոխումների շնորհիվ առաջ գնաց, բայց այսօր վրացական տնտեսությունը միակողմանի կախված է թուրքական և ադրբեջանական ներդրումներից, որոնք պետք է հավասարակշռել, այլապես դառնում է սպառնալիք Վրաստանի անվտանգությանն ու անկախությանը, որ վրացիներն էլ հասկանում են:
-Տնտեսական նպատակահարմարությունը կարո՞ղ է քաղաքական կոնֆիգուրացիա փոխել:
-Այո: Երկու տարի ՄՄ-ում շատ խոսեցին աշխարհայացքի ընդհանրության մշակման անհրաժեշտության, ռազմաքաղաքական ասպեկտների, անվտանգության մասին և վերջում ասացին, որ ՄՄ-ն ու ապագա Եվրասիական տնտեսական միությունը պրագմատիկ տնտեսական շահի վրա հիմնված ռեգիոնալ կազմակերպություններ են: Ռուսաստանը և նրա դաշնակիցները հայտարարեցին, որ սխալ է այս կազմակերպության մեջ փնտրել աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական գործոններ: Դրանցով զբաղվում են այլ կառույցներ, օրինակ` ՀԱՊԿ-ը: Սա արվեց, որ բանակցությունների տեղ լինի և ԵՄ-ի, և Չինաստանի հետ: Երբ մեր տնտեսությունները մի քանի տարի կհամագործակցեն ընդհանուր շուկայի սահմաններում, կարելի է քննարկել և այլ հարցեր: Եթե ՈՒկրաինան չդառնա ՄՄ անդամ, դժվար է սկսել ընդհանուր տարադրամի մասին բանակցություններ: Իսկ եթե դառնա, 250-միլիոնանոց շուկա ունեցող տնտեսական կազմակերպությունում բնական կդառնա ընդհանուր տարադրամի գոյությունը: Եթե Կենտրոնական Ասիայի երկրները` ՈՒզբեկստանը, Թուրքմենստանը, ցանկություն հայտնեն ՄՄ-ին անդամակցելու, բոլորովին ուրիշ թափի կազմակերպություն է լինելու, եթե մնա Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան-Հայաստան-Ղրղզստան, արդեն ավելի երկար զարգացման ճանապարհ անցնելու կազմակերպություն է, որովհետև սեփական տարադրամ ունենալը ազդեցիկ ծրագիր է: Միասնական տարադրամի հարցը լուրջ տնտեսագիտական հաշվարկ է ուզում` մեր տնտեսությունները կշահեն, թե կկորցնեն, բայց այդ հաշվարկի ժամանակը 5-7 տարի հետո է, երբ միասնական տնտեսական տարածքը կսկսի գործել ու զարգանալ:
-Ներդրումների տնօրինումը, որ Ռուսաստանից կարող են Հայաստան գալ, որոշվելու է Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում: Հայաստանն իր ժողովրդագրական վիճակով այդ ներդրումները աշխատեցնելու հնարավորություն ունի՞:
-Այդ հարցը տնտեսագիտական փորձաքննություն է պահանջում, մինչդեռ ընդհանրապես ուսումնասիրված չէ: Բնական կլիներ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ծավալմանը զուգահեռ Հայաստանում ունենալ մի քանի գիտական կենտրոններ, որոնք այդ գործընթացների տնտեսագիտական ու քաղաքագիտական վերլուծությունը կանեին: Բնական կլիներ, որ այդ կենտրոնները համագործակցեին Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համանման կենտրոնների հետ, որպեսզի մշակվեին միասնական տեսակետներ ներդրումների և դրանց վերադարձելիության քաղաքականության վերաբերյալ: ՄՄ-ին անդամակցության ռեգլամենտների համաձայնեցման բանակցություններին զուգահեռ պետք է ռազմավարական ծրագրավորում իրականացվի: Աշխարհում դա միանգամայն հաջողությամբ լուծվող խնդիր է, բազում վերլուծական կենտրոններ ու գիտական հաստատություններ կառավարությունների համար զբաղվում են այդ խնդրով: Ես համոզված եմ, որ եթե մեր տնտեսությունը սկսի զարգանալ, պետությունը միայն ամրապնդվելու է: Մեր սպառնալիքը այն չէ, որ եթե ՄՄ-ում ռուսերեն խոսեն, պետությունը կխարխլվի: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մատենադարանը, մեր գիտամշակութային համակարգը ձևավորվել են Խորհրդային Միության մեջ: Մեր սպառնալիքը ռուսերեն խոսելուց չէ, ոչ էլ տարադրամից, որի վրա հայերեն կգրվի, կամ չի գրվի, մեր անկախության ամենամեծ գրավականը անկախ և ուժեղ տնտեսությունն է: Կունենա՞նք տնտեսություն, կունենա՞նք հողին կպած մարդիկ, որ սիրում են իրենց երկիրը, ուզում են ապրել, արարել, բազմանալ իրենց երկրում, կունենանք կենսունակ պետություն, չե՞նք ինտեգրվի ավելի մեծ կառույցներին, չե՞նք ապացուցի մեր կենսունակությունը, կդառնանք համաշխարհային հետնախորշ: Իսկ հետնախորշերի ճակատագիրը միշտ դաժան է եղել:
-Ժողովրդագրական պատկեր փոխելու հնարավորություն կստանա՞նք:
-Ֆիլիպիններից մինչև Մեքսիկա ամբողջ աշխարհում փորձում են հասկանալ` հնարավո՞ր է կառավարել ու կառուցողական դարձնել միգրացիոն գործընթացները: Գլոբալ տնտեսության պայմաններում տասնյակ երկրներ այդ հարցն այսօր ունեն: Եթե մեզ հաջողվի կառավարել միգրացիոն գործընթացները, որ մարդիկ չգնան ու կտրվեն իրենց տնից, հայրենիքի մեջ տեսնեն զգացմունքային և շոշափելի անհրաժեշտություն, միգրացիայից կարող ենք օգուտներ ունենալ: Ռուսաստանից հայ միգրանտներն ուղարկում են ՀՀ բյուջեի աշխատավարձի ֆոնդի 60 տոկոսին հավասար գումար: Վերջին 7 տարում ԱՄՆ-ից ու Եվրոպայից Հայաստան ուղարկվող գումարները նվազում են, Ռուսաստանից եկող գումարները` ավելանում: Ոչ թե պետք է խոչընդոտել միգրացիան, որ կենսամակարդակ ապահովելու միակ ռացիոնալ միջոցն է, այլ փորձել կառավարել և ուղղորդել ներդրումները փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:
-Տրանսֆերտով ապրող պետությունը օրապահիկով է ապրում, գնողունակության անկումը ինչպե՞ս վերականգնել:
-Հայաստանն իր ՀՆԱ-ի արդյունքով զիջում է և՛ Ռուսաստանին, և՛ Ղազախստանին, և՛ Բելառուսին, մենք պիտի ժամանակի ընթացքում մեր կենսամակարդակը բարձրացնելու հնարավորություններ գտնենք, այդ դեպքում միգրացիոն հոսքերն էապես կնվազեն: Բայց մինչ այդ Հայաստանում կարող է շատ քիչ մարդ մնալ, ուստի հիմա պիտի կարողանանք ՄՄ երկրներից ներդրումների այնպիս դաշտ ապահովել, որը հնարավորինս շատ մարդկանց մանր ու միջին բիզնեսով զբաղվելու հնարավորություն տա: Մենք պիտի գտնենք մեր զարգացման նիշաները, մեր հարկային ու մաքսային քաղաքականությունը պիտի այնպիսին լինի, որ հնարավորինս շատ մարդիկ կարողանան աշխատել փոքր ու միջին բիզնեսում: Ներդրումները շատ կարևոր են էներգետիկ ասպարեզում, օրինակ, նոր ատոմակայան ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար: Հայաստանը միջուկային ֆիզիկայի երկիր է, այս ոլորտի զարգացումը հազարավոր մարդկանց կարող է և աշխատատեղ ապահովել, և տնտեսության վրա վճռական ազդեցություն ունենալ: Այնուհետև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությամբ, որ թվում է շատ ծախսատար, Հայաստանը երկրորդ կամուրջ է դառնալու, որ միշտ զբաղված է լինելու: Ինչքան էլ ասեն, թե ՄՄ-ին անդամակցելով մեր հարաբերությունները մյուս երկրների հետ կարող են նվազել, դա հավանական չէ: Ռուսաստանը զարգացնելու է իր հարաբերությունները թե Իրանի, թե Հարավային Ասիայի երկրների հետ, և այդ ճանապարհին ևս մեկ կամուրջ ունենալը բոլորովին վնաս չէ: 2 միլիարդ դոլարն այդ երկաթուղու համար մեծ գումար չէ` Նիկոլայ Երկրորդը երկաթուղի է կառուցել, որ մինչև հիմա գործում է: Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք ու աշխարհաքաղաքական խնդիրներ ենք լուծում, երկաթուղու շինարարության ծախսի հատուցումը տարիներով չի հաշվվում:
-Իրան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման համապատկերում Հայաստանը չի՞ կորցնում իր նշանակությունն Իրանի համար:
-Ոչ, ես համոզված եմ, որ հետաքրքրությունը մեծանալու է: Եթե բանակցությունները հաջողվեն և Իրանի հետ առևտրի միջազգային մյուս արգելքներն էլ հանվեն, հայ բիզնեսմեններն այնքան հմուտ են ու այնքան կապեր ունեն ռուս բիզնեսմենների հետ, որ իրենց օգուտները կունենան:
-Աբխազական երկաթուղու վերաբացման խոսակցությունները ռեալ հիմքեր ունե՞ն:
-Դա քաղաքական պայմանավորվածության հարց է` կան ռուսական, աբխազական, վրացական, հայկական շահեր, բոլոր շահերը միատեղելը բարդ է: Բայց եթե առանց այդ երկաթուղու վերաբացման մեր մասնակցությունը եվրասիական գլոբալ գործընթացներին դառնում է զուտ խորհրդանշական, ուրեմն խնդրի լուծման համար պետք է ջանքեր գործադրել: ՈՒժեղ տնտեսություն ու աշխարհաքաղաքական կշիռ ունեցող համակարգը չպետք է վախենա այդ երկաթուղու վերագործարկումից:
-Բայց կան նաև այդ երկաթուղու դեմ գործող ուժեր, օրինակ, Ադրբեջանը:
-Անշուշտ, Ադրբեջանը Վրաստանում ուժեղ լոբբի ունի, Ռուսաստանում էլ կան մարդիկ, որ ասում են` չարժի, շուկան փոքր է: Քաղաքական պայքար է, որի մեջ պետք է քաղաքական շահը պաշտպանել: Իմ հարգելի գործընկեր Վլադիմիր Լեպեխինը վերջին մեկ ամսում անընդհատ դա էր կրկնում` ավելի համարձակ ձևակերպեք ձեր շահերը, եթե կառուցողական մասնակցություն եք ուզում ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը այդ հնարավորությունը կտա՞:
-Ես կարծում եմ` ՌԴ նախագահի այցը լավագույն դրսևորումն է այն իրողության, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր երկիր է, և Ռուսաստանը երբեք չի ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք թուլացնելու են Հայաստանի տեղն ու դիրքը Հարավային Կովկասում, և դա որոշակի վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ, որն իր մեծամասնությամբ ավանդաբար ռուսամետ է և վստահում է Ռուսաստանին:


Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ