Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Վաղը Սերժ Սարգսյանին ե՛ս եմ պաշտպանելու իր այսօրվա մոլի «պաշտպաններից»

«Վաղը Սերժ Սարգսյանին ե՛ս եմ պաշտպանելու իր այսօրվա մոլի «պաշտպաններից»
24.11.2013 | 16:05

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Ձեր վերջին հարցազրույցը մեր թերթին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց` զայրույթից մինչև անկեղծ ցանկություն` հասկանալու, թե ո՛ւմ եք ակնարկում «Անառակ որդու վերադարձը» առակը հիշատակելիս:
-Ես կարծում եմ, որ եթե մարդը եկեղեցի է հաճախում և ներկայանում որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալ, ապա առնվազն մեկ անգամ պետք է կարդացած լինի Աստվածաշունչն ամբողջությամբ, իսկ Նոր կտակարանը պետք է լինի նրա սեղանի ամենաթանկ մասունքը: Եթե ուշադիր կարդանք «Անառակ որդու վերադարձը» առակը և հետևենք մեր հոգևոր հայրերի մեկնություններին, կապված այդ առակի հետ, ապա թույլ տվեք կրկնելով ասել, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է տեսնել ու հասկանալ, որ որևէ մեկս անառակ որդուց լավը չէ, և որ մեր երկրավոր կյանքում նրանից ավելի հանցանքներ ու մեղքեր ունենք, և այս գիտակցումով ու զղջումով, եթե տուն դառնանք, մեր Հայրը մեզ կգթա, կընդունի ու կների և կվերադարձնի ավելին, քան այն ամենը, ինչ մենք կորցրել էինք մեղանչելով: Ասել է՝ ինչ-որ առումով, ինչ-որ չափով յուրաքանչյուրս էլ անառակ որդի ենք, բայց ոչ բոլորս ենք, որ կարողանում ենք ապաշխարել ու ներկայանալ անկեղծ խոնարհումով:
-Այսինքն՝ վերադարձի միտքը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրի՞ն և ի մասնավորի՝ նաև Ձե՞զ:
-Այո՛, բարոյական և մշտնջենական իմաստով այն վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին, ուրեմն և ինձ։ Չմոռանանք նաև, որ առակում առկա է նաև ավագ որդու կերպարը: Խորանալով առակի բուն իմաստի մեջ` պարզ կարելի է տեսնել, որ ավագ որդին էլ պակաս անառակ չէր: Եվ երանի՜ նրան, ով կհայտնվի կրտսեր որդու կերպարի մեջ, որի պարագայում մեղքը հայտնի էր ու դատապարտվեց, ով մեղանչեց, անկեղծորեն զղջաց ու վերադարձավ, վերադարձավ ծառա դառնալու, բայց որդի կնքվեց: Ավագը, որ կրտսերի վերադառնալուց ոչ թե ուրախացավ, այլ վիշտ ապրեց, ատելության դրսևորում էր, նրա թաքնված հպարտության ու անառակության դիմակը պատռվեց, և նրա կերպարը է՛լ ավելի ողբերգական է: Այնպես որ, այս առակը կամ կրտսեր որդու կերպարը, որ, անտարակույս, դրական է իր իմաստով, որևէ մեկի համար վիրավորական լինել չի կարող: Իսկ կոնկրետ հարցազրույցի պարագայում ես ուղղակի ակնարկել եմ Ավետարանը, մատնանշել առակը` նկատի ունենալով նրա ընդհանրական իմաստը, որ վերաբերում է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի, և աշխարհիկ մտքերն ու ընկալումներն այս պարագայում անտեղի են, շահարկումները` անպտուղ:
-Վերջերս Դուք հանդես էիք եկել ՀՀ երեք նախագահների համատեղ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Այդ համատեքստում ինչպե՞ս հասկանալ գործող նախագահին ուղղված հրաժարականի Ձեր կոչը:
-Այդ իմաստով ստիպված եմ ևս մեկ անգամ հստակ շեշտադրումներ կատարել: Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական իրավիճակը հասել է մի աստիճանի, որից այն կողմ կարող են սկսվել անկանխատեսելի գործընթացներ` վտանգելով անկախ պետականության գոյությունն ընդհանրապես: Երեք նախագահների հանդիպման իմ նախաձեռնությունը բխում է հենց այս տրամաբանությունից, սակայն պարզվում է` բավականին դժվար է նույնիսկ այդ մակարդակում հաղթահարել անձնական ամբիցիաները և նստել սեղանի շուրջը` պետության առաջ ծառացած խնդիրները քննարկելու նպատակով: Նույնիսկ եթե կա դրա հեռանկարը (որին ես հավատում եմ), ապա կյանքը շարունակվում է, ու բոլոր այն բացասական երևույթները, որոնց մասին բազմիցս նշել եմ, հասարակության մեջ առաջացրել են հեղափոխական տրամադրություններ: Այժմ ևս մեկ անգամ հստակ առաջարկում եմ հանրապետության նախագահին անել այդ հեղափոխությունը վերևից, որի հնարավորությունը դեռ կա, և դրա համար պատրաստակամություն ենք հայտնում աջակցելու նրան: Վաղն արդեն ուշ կլինի, և հեղափոխությունն անխուսափելի կլինի ներքևից, ինչը կլինի ցավոտ ու կորուստներով:
-Ի դեպ, չեմ կարող չտալ այս հարցը. իշխանության ներկայացուցիչներից շատերը պնդում են, թե վերջին շրջանի Ձեր ելույթները պայմանավորված են նրանով, որ այժմ պաշտոն չունեք ու պարզապես «աբիժնիկ» եք:
-Կարելի է և չմեկնաբանել ու չանդրադառնալ այդ տեսակետներին։ Ովքեր ծանոթ են իմ կենսագրությանը` թեկուզ թռուցիկ, շատ լավ գիտեն, որ ես միշտ բարձրացրել եմ այն հարցերը, որոնք համարել եմ անհրաժեշտ, և չեմ վախեցել արտահայտել իմ տեսակետները բոլոր այն պարագաներում, երբ դրանք հակասել են երկրի ղեկավարների տեսակետներին: Դրա վառ օրինակները, ի տարբերություն շատ շատերի, շատ լավ գիտի նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Իշխանության ու քաղաքական վերնախավի մյուս ներկայացուցիչների կարծիքները ինձ համար ընդհանրապես կարևոր չեն, բայց մեկ դիտարկում, այնուհանդերձ, ցանկանում եմ անել. ինձ համար խոր ցավ է, երբ «որոշողին» հաճելի են դառնում քծնանքն ու շողոքորթությունը: Ոչինչ չէր խանգարում ինձ հաճոյանալ ու քծնել, ինչպես շատերը, բայց դա հատուկ չէ հայի այն տեսակին, որին պատկանում եմ ես: Ցավոք, քծնող ու շողոքորթող տեսակն այսօր պահանջված է, և դա է առկա սխալների ու թերացումների հիմնական պատճառը: Եվ քանի դեռ չենք վերացրել պատճառները, հետևանքներն անխուսափելի են:
-Փաստորեն, Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ ասելով՝ հեղափոխություն վերևից, ակնարկում եք թիմի և ծրագրի ամբողջական փոփոխություն նոր թիմով ու ծրագրով: Եթե դա չի արվում, ապա կանխատեսում եք հեղափոխություն, որն անխուսափելի է և նախատեսում է ՀՀ նախագահի հրաժարականը և, որպես հետևանք՝ համակարգի ամբողջական փոփոխություն:
-Ըստ էության, Դուք ոչ միայն կատարեցիք հարցադրում, այլև հնչեցրիք Ձեր իսկ հարցի ամփոփ և բովանդակալից պատասխանը:
-Իսկը տեղին է անդրադառնալ շրջանառվող լուրերին, թե Դուք նախապատրաստում եք Քոչարյանի վերադարձը: Ինչքանո՞վ է այդ տեսակետը համապատասխանում իրականությանը:
-«Անապատում կանչողի ձայնը, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները»:
Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ ես ընկալվում եմ որպես Հովհաննես Մկրտիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Մեսիա, որի շավիղներն եմ ես հարթեցնում: Քավ լիցի, քանզի ոմանք շատ սուր են ընկալում աստվածաշնչյան մեջբերումները, այդ իսկ պատճառով ես՝ մեղավորս, անդրադարձ կատարեցի Ավետարանի այս տողերին: Նաիվ են ու պրիմիտիվ նման պնդումները: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եթե անկեղծ հարց է բարձրացնում ու որևէ խնդրի լուծում առաջարկում, պետք չէ դրա տակ այլ իմաստներ փնտրել: Ես այսօր հավասարապես բարյացակամ եմ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հավատացնում եմ՝ վաղը (այդ երևույթը նախկին նախագահների նկատմամբ արդեն տեղի է ունեցել) գործող նախագահ Սերժ Սարգսյանին ես եմ պաշտպանելու (գուցե շատերը հեգնեն՝ պնդելով, որ դրա կարիքը չի լինելու) իր այսօրվա մոլի «պաշտպաններից»: Եվ ի՞նչ:
Կարծում եք՝ այն ժամանակ ինքս ինձ պետք է համոզե՞մ, որ ես Սերժ Սարգսյանի մարդը չեմ:
-Հավարտ չեմ կարող չասել՝ Ձեր խոսքն իր բովանդակությամբ ավելի շատ առակ է հիշեցնում, քան հստակ պատասխան:
-Ներող եղեք, բայց հենց Դո՛ւք եք Ձեր հարցերով ինձ մղել խոսքի այդ ձևին:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ