Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Շանթը չթաքնվեց լպրծունության թիկունքում

Շանթը չթաքնվեց լպրծունության թիկունքում
24.11.2013 | 17:03

irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Շանթ Հարությունյանի ակցիան նոյեմբերի 5-ից մինչ օրս արժանացել է ամենատարբեր, իրարամերժ գնահատականների: Եթե հանրագումարի բերենք տեղի ունեցածն ու դրան հաջորդած իրադարձությունները, հասարակական պրոցեսների, հասարակական գիտակցության վրա ազդեցության տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել:

-22-ամյա Հայաստանի բնակչությունը մշտապես վախեցել է իր իշխանություններից, որոնք չեն զլացել գազանություններ գործել: Այդ վախի մթնոլորտն առաջին անգամ հիմնավորապես սասանվեց 2007թ. «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի համարձակ քարոզչությամբ, ինչն էլ հիմք դարձավ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ծավալված համաժողովրդական հուժկու շարժման համար: Պարոն Շանթ Հարությունյանին, ըստ էության, իր 20 քաջերի հետ հաջողվեց կոտրել կրկին արմատավորվող համատարած վախի և հուսալքության մթնոլորտն ու հոգեբանական առավելությունը խլել դրածո ռեժիմից: Ավելին՝ պարոն Շանթ Հարությունյանն առաջին անգամ մեր 22-ամյա պետության պատմության մեջ իր, ինչպես Դուք եք ասում, ակցիայով ապացուցեց, որ անհրաժեշտ է իրապես քաղաքական նպատակների պայքար ծավալել՝ չթաքնվելով լպրծունության թիկունքում: Եվ, ըստ իմ դիտարկման, հասարակությունն ընդունել է այդ պասը:

-Սպասելի՞ են նման գործողություններ առաջիկայում, թե՞ ոչ:

- Կապրենք՝ կտեսնենք:

-Շանթ Հարությունյանի ակցիան այս կամ այն չափով ուներ նաև արտաքին աշխարհին հղված ուղերձներ: Նրա ակցիայից հետո Երևանում տեղի ունեցավ երթ, որի մասնակիցները կրում էին հակառուսական, հակապուտինյան տրամադրություններ արտահայտող ցուցապաստառներ: Ի՞նչ փոփոխություններ կարող է այդ քայլն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

- Հայ-ռուսական հարաբերություններ չկան, ինչպես որ չկան, ասենք, կալինինգրադա-ռուսական կամ կուրսկա-ռուսական հարաբերություններ: Բացառված չէ, որ հայ-ռուսական հարաբերություններ ձևավորվեն պարոն Շանթ Հարությունյանի գործողության արդյունքում:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանում այսօր տարբեր քաղաքական ուժերն ի՞նչ ազդեցություն ունեն հասարակության ներսում խմորվող, հասունացող պրոցեսների վրա և որքանո՞վ կարող են դրանք քաղաքացիական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

-Հասարակության ներսում հասունացող, բայց, ըստ իս, դեռևս չխմորվող գործընթացների վրա Հայաստանի քաղաքական անվանվող ուժերն ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ իրենք ինքնածին չեն և իրենք են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ: Այսինքն՝ կփորձեն ունենալ այն ազդեցությունը, ինչ իրենց կհրահանգվի Մոսկվայից. օրինակ՝ բուռն և երկարատև կծափահարեն հայոց լեզվի հանդեպ ռուսական կայսրության հերթական վայրենի գրոհը: Պետք չէ վհատվել. Հայաստանին լուսավոր ապագա է սպասվում, մանավանդ երբ ունի Շանթ Հարությունյանի պես լուսավոր զավակներ: Մեր Հայրենիքը և Մայրենին ավելի երկարակյաց գտնվեցին, քան իրենց ոչնչացնել փորձող պատմության այլ քոչվոր կայսրություններ. ներկա ռուսական իմպերիան բացառություն չէ: Ընդամենը դիմանալ է պետք, ամենաշատը՝ ևս մեկ սերունդ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ