Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը»

«Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը,  ազնվությունը և անձեռնմխելիությունը»
19.11.2013 | 10:48

Վերջին ժամանակներս ակտիվացել են քննարկումները փաստաբանական գործունեության դերի ու նշանակության, հանրության վստահության և այլ հարցերի շուրջ:
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների դոկտոր, երկարամյա դատախազ, ներկայումս «Ճանաչիր քո իրավունքը» միջազգային իրավաբանական միության գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:

-Պարոն Աբրահամյան, շրջանառվող խոսակցությունների համաձայն, փաստաբաններից շատերն են դիմում տարբեր անբարո հնարքների, խարդախությունների: Այդ խոսակցությունները, ի դեպ, անհիմն չեն, բերվում են կոնկրետ փաստեր, թե ինչպես է փաստաբանը ստանձնում կեղծ միջնորդի դեր պաշտպանյալի ու դատավորի միջև, կամ երկակի խաղ խաղում: Դուք չէիք կարող քաջատեղյակ չլինել այդ ամենի մասին. անգամ բազմաթիվ աղմկոտ քրեական գործեր են եղել, իսկ Դուք դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնելով, անշուշտ, մոտիկից էիք ծանոթ դրանց: Այդ հողի վրա, շատերի կարծիքով, փաստաբանական համակարգը վստահություն չի ներշնչում: Մտնելով այդ համակարգ, ո՞րն է Ձեր առաքելությունը, ի՞նչ անելիքներ եք տեսնում:
-Համակարգը վստահություն ներշնչում է, հազարավոր մարդիկ են դիմում փաստաբանների օգնությանը: Չմոռանանք, որ ՀՀ Սահմանադրության 18, 19 և 20 հոդվածներում ամրագրված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու, իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին... »:
Մարդիկ ակտիվորեն օգտվում են իրենց իրավունքներից: Փաստաբանների օգնությանը դիմած մարդկանց հիմնական մասը գոհ Է: Այլ խնդիր է, որ, չգիտես ինչու, բացասական օրինակներն են թմբկահարվում: Բայց չէ՞ որ կան նաև բազմաթիվ բարեխիղճ մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմը հիացնում է ոչ միայն իրենց վստահորդին, այլև դատարանին, դատախազին: Հարկ է դրական բազմաթիվ օրինակները նույնպես դարձնել հանրության սեփականությունը: Չէ՞ որ համակարգը կայացման փուլում է, բոլորիս համակարգն է, եկեք օգնենք, միասին կայացնենք:
Ի դեպ, քրեական դատավարությունում փաստաբանական ծառայությունից օգտվելու իրավունք ունեն ոչ միայն կասկածյալները, մեղադրյալները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, վկան իրավունք ունի «քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ»: Սակայն, այժմ տեղին չեմ համարում խոսել փաստաբանի դերի ու նշանակության մասին, այն մասին, թե ինչ համբավ ունի այդ համակարգը զարգացած երկրներում: Ընդամենը եկեք չմոռանանք, որ մենք իրավական պետության կայացման ճանապարհին ենք, իսկ փաստաբանների կայացած բանակը, ինչպես գիտեք, իրավական պետության լուրջ հենասյուներից է, եթե կուզեք` նաև իրական երաշխիք:
-Դուք նշեցիք, թե փաստաբանի պրոֆեսիոնալիզմը կարող է հիացնել նաև դատախազին. ինչպե՞ս, չէ՞ որ դրանք, այսպես ասած, տարբեր բանակներ են և մեկի թույլ, խոցելի լինելը պետք է որ շահեկան լինի մյուսի համար:
-Կարծում եմ, անջրպետ դնել պետք չէ, ընդհակառակը, ես կասեի` դատախազը և փաստաբանը իրենց գործունեությամբ, հավասար մրցակցության պայմաններում, կարող են լրացնել մեկը մյուսին` հանուն ճշմարտության բացահայտման:
Այսպես, ՀՀ քր. դատ. օր.-ի 73 հոդվածի համաձայն, պաշտպանն իրավունք ունի «բողոքարկելու հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը...»:
Այդ առումով, դեռևս քննիչ աշխատած տարիներին, ես գերադասել եմ գործ ունենալ բանիմաց պաշտպանի հետ, որովհետև նա իր հիմնավոր միջնորդություններով, բողոքներով իր հերթին նպաստել է օբյեկտիվ, բազմակողմանի քննությանը: Խելացի քննիչի համար ցանկալի է իր վարույթում քննվող գործով փորձառու պաշտպան ներգրավված լինելը, ի վերջո քննիչն էլ երաշխավորված չէ սխալներից: Իսկ, օրինակ, դատարանում, եթե փաստաբանը ներկայացնում է լուրջ, հիմնավոր առարկություններ, ասենք, վիճարկելով հանցակազմի առկայությունը, մեղադրող դատախազին ստիպում է ևս մեկ անգամ վերանայել ձեռք բերված ապացույցները, անդրադառնալ արարքի որակման հիմնավորվածությանը և, որ շատ կարևոր է, դրա հետ հաշվի է նստում դատարանը:
-Կարծիք կա նաև, որ նախկին դատախազների համար դժվար է փաստաբան աշխատելը` մեկ բանակից անցնելով հակառակ կողմի բանակ:
-Կրկնում եմ, տեղին չէ բանակների բաժանելը, որովհետև, ճշմարտությունը վեր հանելու իմաստով, վերջին հաշվով նպատակը նույնն է: Օրինակ, հայտնի է, որ հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազի խնդիրն է օգնել քննիչին, իր ցուցումներով ապահովել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այսպես. ՀՀ քր. դատ. օր.-ի 53-րդ հոդվածի համաձայն, մինչդատական վարույթում դատախազի իրավունքն է «հետաքննության մարմնին, քննիչին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ»: Մյուս կողմից, փաստաբանը հիմնավոր բողոքարկելով քննիչի, դատախազի գործողությունները, կարող է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր խախտումները, թերությունները, որոնք, իհարկե, ենթակա են քննարկման, լուծման: Ես ոչ թե խրախուսում կամ արդարացնում եմ ոչ պրոֆեսիոնալ քննիչին կամ դատախազին, այլ գործ ունենք մարդու ճակատագրի հետ, և ոչ ոք սխալներից երաշխավորված չէ: Կրկնում եմ, վերջին հաշվով և՛ փաստաբանը, և՛ դատախազը կոչված են իրենց գործողություններով օգնելու արդարադատության իրականացմանը:
Ինչ վերաբերում է «բանակներին», ապա կարող եմ ասել, որ նախկին «բանակում» ինձ վատ դատախազ չէին համարում: Բազմաթիվ գործեր «շահել եմ» նաև, երբ գործ եմ ունեցել շատ փորձառու, ճանաչված փաստաբանների հետ: Սակայն դատախազական փորձը ամենևին չի խանգարում, ընդհակառակը, կարծում եմ, նաև այդ փորձի շնորհիվ է, որ ներկայումս, որպես փաստաբան, արդեն իսկ իրավունք եմ ձեռք բերել արձանագրելու որոշակի համեստ հաջողություններ: Ի դեպ, չպետք է մոռանալ, որ ՀՀ քր. դատ. օր.-ի 54 հոդվածի համաձայն, գործը դատարանում քննելիս, մեղադրողը լիազորված է «հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց»: Այսինքն, որպես դատախազ, ես արդեն իսկ պարտավոր էի ինչ-որ տեղ պաշտպանական դեր ստանձնել, հանուն արդարության:
Իսկ փաստաբանական գործունեության անցնելիս, դատախազի վարքագծի կանոններին գումարվել են փաստաբանի վարքագծի կանոններն այն մասին, որ «Իրավունքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում: Փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ: Փաստաբանը կոչված է ծառայելու արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պաշտպանելու իր վստահորդի շահերը։ Փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն): Փաստաբանը վստահորդի շահերը ներկայացնելիս պետք է օգտվի արդար դատաքննության հնարավոր միջոցներից և իր հերթին նպաստի դատավարության արդար իրականացմանը...»: Այստեղ տեղին է հիշել ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը` «Արդար դատաքննության իրավունք». «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք...»:
Եվ կարծում եմ, անվիճելի է, որ թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանական կողմի գործունեությունը պետք է նպատակաուղղված լինի նպաստելու անձանց վերոհիշյալ իրավունքների իրականացմանը:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, թե նախկին դատախազները պատվաբեր չեն համարում փաստաբանի աշխատանքը:
-Ես ինձ վատ չեմ զգում:
-Ձեր կարծիքը նշանավոր դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի մասին: Ավտովթարի պատճառով նա նույնպես տուժել է, վիրահատվել, կարիք ունի բուժման, հրապարակավ խոստացել է, որ չի խուսափի քննությունից, հանցանքը հիմնավորվելու դեպքում պատրաստ է կրելու պատիժը: Մինչդեռ նրան կալանքի են վերցրել, պատճառաբանելով, թե մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է խիստ պատիժ` ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով:
-Կալանքի հարցը քննարկելիս` պատժի խիստ լինելը էական, բայց ոչ բավարար պայման է: Եկեք չբացառենք այլընտրանքային միջոցի հնարավորությունը:


Զրույցը`
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ