Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները»

«Ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես  կանայք են ինձ վիրավորում և հասցնում  ամենածանր ու ցավալի հարվածները»
19.11.2013 | 00:41

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
(ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ)

-Պարոն ՈՒրիխանյան, ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն ցանկանում է անդամակցել Եվրոպայի պահպանողական և ռեֆորմիստական կուսակցությանը: Պարոն ՈՒրիխանյան, խնդրում եմ կոնկրետ պատասխանեք, թե չէ երբեք կոնկրետ պատասխան չենք ստանում. ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այնքա՜ն երկար խոսել և գրեթե ոչինչ չասել. թրեյնինգնե՞ր եք անցել, թե՞ դա «ինքնակամ» է ստացվում:
-Գիտե՞ք ինչու է այդպես. Դուք ուզում եք, որ ես անպայման ասեմ այն, ինչ Ձեզ պետք է, բայց եթե ես չունեմ այդ ասելիքը, ինչպե՞ս ասեմ:
-Դուք ոչ մի անգամ ասելիք չունե՞ք:
-Վա՜յ, էս ի՞նչ եք ասում. ախր ես հետո նայում եմ իմ` Ձեզ հետ զրույցները և տեսնում, որ շատ կոնկրետ պատասխաններ եմ տվել:
-Դա իմ «տաղանդի» արդյունքում է «ստացվել» և ոչ թե Ձեր:
-Անշուշտ-անշուշտ, «խոնարհվում եմ»:
-Էդպես «խոնարհված» գնում ենք դեպ Մաքսային միություն ու շատ արագ-կոնկրետ պատասխանում հարցին. ի՞նչ մոտեցում ունի ԲՀԿ-ն Հայաստանի` Մաքսային միության անդամակցությանը, բացի նրանից, որ պիտի «նայի փաստաթղթերը»: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս գիտենք, որ ԲՀԿ-ն ռուսական «գծում»… լավ, չասեմ` «գծում» եք, որպեսզի Լևոն Զուրաբյանն ու պարոն Օսկանյանը չնեղանան, բայց «գիծը» հարգող եք:
-Մաքսային միությունը տնտեսական պայմանագիր է: Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ցանկանում եմ տեսնել, թե ինչ կոնկրետ շահ եմ ունենալու ՄՄ-ին միանալուց: Կարծում եմ՝ տվեցի շատ սպառիչ պատասխան: Ի դեպ, նույնը վերաբերում է Եվրոպային: Դուք ասացիք` ռուսական «գիծ». Ռուսաստանի հետ հարաբերությունները ես անձամբ չեմ դիտում Մաքսային միության հետ հարաբերությունների կոնտեքստում:
-Մի խոսքով, կո՞ղմ եք Մաքսային միությանը: Եթե` այո, ինչո՞ւ որպես կուսակցություն չեք հայտարարում այդ մասին. կարող է, չէ՞, Ռուսաստանն անհամբեր սպասում է ԲՀԿ-ի հայտարարությանը, իսկ ԲՀԿ-ն դա չի անում, չէ՞ որ ՄՄ-ում դոմինանտ է Ռուսաստանը:
-Իմ ասելիքն այն էր, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցենք առանց որևէ վերապահման: Մնացած երկրների հետ արդեն պետք է նայենք` ըստ ՄՄ պայմանագրի:
-Բա Գլազևը, բա Զեյնալովան, նրանք Ռուսաստան չե՞ն:
-Ինչ վերաբերում է նրանց, ապա շարունակեմ շարքը. Լեոնտևն է այնտեղ նաև. երգչին նկատի չունեմ, կարծում եմ Ձեր «տաղանդը» հասկացավ դա, նման մարդիկ կարող են լինել, որոնք արջի ծառայություն են մատուցում` անտակտ ու ոչ կոռեկտ հայտարարություններով, փորձելով առիթներ ստեղծել, որ հետո պաշտոնական Մոսկվայի տարբեր ներկայացուցիչներ պարզաբանումներ ու ճշգրտումներ մտցնեն նրանց հայտարարությունների մեջ: Առնվազն Ձեր խոնարհ ծառան բոլոր առիթներով իր կարծիքն այդ առնչությամբ արտահայտել է:
-Իսկ էն վոլեյբոլի ֆեդերացիայի հարցն ինչո՞վ ավարտվեց:
-Ես «կոմպետենտ» եմ խոսելու կուսակցության, խմբակցության, իմ անունից և ոչ` ՀԱՕԿ-ի:
-Դուք, պարոն ՈՒրիխանյան, «պարտավոր» եք ոչ միայն «խոնարհ», այլև քաղաքացի լինել, որպես քաղաքացի էի հարցնում:
-Ի դեպ, ես բասկետբոլի ֆեդերացիայի պատվավոր անդամ եմ և շատ եմ սիրում բասկետբոլը:
-Ցրել չկա:
-Իմ կոմպետենտության ոլորտից հարցեր հղեք:
-Այ, հիմա Ձեր աշխատասենյակի պատերին ողջը Հրաչ Ռոստոմյանի նկարներն են:
-«Խոնարհաբար» սխալվեցիք։ Դա Մկրտչյան Արսենն է. բոլորը շփոթում են:
-Թանկագին «խոնարհ» գործընկեր. մեկ շատ անկեղծ հարց, ինչպես եք հաջողեցրել` Ձեր այսքան կարճ աշխատանքային կենսագրության ընթացքում, որպես մամուլի խոսնակ, բավականին լրատվամիջոցների, խմբագիրների, լրագրողների հետ «կռվել»: Օրինակ, ես, լինելով այսքան «վատը», այսքան անտի-ԲՀԿ-ական, այսքան «ի՜ժ» ու «տաղանդավոր», երբևէ Ձեզ անվանարկե՞լ եմ:
-Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ես բարեկամական-գործակցային հարաբերությունների մեջ եմ, թերևս, բոլոր լրատվամիջոցների հետ, և կարող եք տարբեր լրատվամիջոցներից ճշտել դա: Իսկ ինձ Դուք «անդրադարձել» եք դեռ սկսած այն ժամանակից, երբ ես խոսնակի լիազորություններ չունեի: Ի դեպ, ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները: Հատկապես աչքի ընկնող կանայք առանձնակի տաղանդ ունեն էդ բանն անելու։
-Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ փորձ ունի Ձեր տառապանքը. էդ հաստատ ես չեմ. էդ ո՞ւմ նկատի ունեք. միայն չասեք, թե` ինձ: Էլի մեկի՞ն: Անկեղծացեք-անկեղծացեք:
-Ինչպես միշտ, դուք «անկրկնելի» եք հարվածը վերցնելու և հետ շպրտելու առումով:
-Ոչինչ, դիմացեք. բայց վերադառնանք կրկին Ֆրոյդին. ո՞վ է այդպես Ձեզ նեղացրել, չեք էլ ամուսնացել էս տարիքում:
-Բազմաթիվ կանայք. ակնառու կանայք, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում:
-Էդ լավ նշան չի. դա լավ չի խոսում Ձեր մասին: Եվ այնուհանդերձ, պատմեք` ինչ է եղել, ինչու է եղել, ումով է եղել:
-Սիրով պատասխանեմ. վստահ եմ` իմ համեստ անձը, այդ թվում և՝ իմ անձնական կյանքը, բացարձակապես չի հետաքրքրում ոչ ձեր թերթի ընթերցողին, ոչ էլ մեր հանրությանն առհասարակ, դա մի հարց է, որ մասին չարժե խոսել:
-Մի՜ ասեք, մի ասե՜ք, թանկագին ՈՒրիխանյան, Դուք մեզ հետաքրքիր եք Ձեր ամեն ինչով, զի նուրբ աշխարհում մենք բոլորս նույնն ենք, ոնց կարող ենք թողնել, որ Ձեզ «այլք» նեղացնեն, երբ աշխարհը շարժող միակ ուժը սերն է. թույլ տվեք հանդես գալ կոչով (չնայած ձեր ԲՀԿ-ի բամբ ձայնով «կոչողները» դա ավելի լավ կանեին). կանա՛յք, մի՛ նեղացրեք մեր երիտասադներին` ոճային, ինտելեկտուալ, խոստումնալից երիտասարդներին: Ասի՛:
-Ապրե՛ս:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ