Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Հարկային վարչարարությունն ու պետբյուջեն

Հարկային վարչարարությունն  ու պետբյուջեն
19.11.2013 | 00:19

Յուրաքանչյուր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատուն պետբյուջեն է, ուստի ՀՀ 2014-ի պետբյուջեի նախագծի շուրջ «իրարուտոցին» միանգամայն բնական էր: Ինչպես քաղաքական տարբեր ուժերի, այնպես էլ շատ գործարարների մտահոգում է հատկապես եկամուտների ապահովման հարցը: Ի՞նչ են մտածում այս մասին գործադիրն ու գործարարը:

«ՄՈՒՏՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՇՏ ԷԼ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ (էկոնոմիկայի նախարար)


- Չե՞ք կարծում, որ 2014-ի պետբյուջեի եկամտային մասի ապահովումը մի փոքր ծանր կլինի` հաշվի առնելով առկա տնտեսական ցուցանիշները: Եկամտային հատվածում Դուք ռիսկայնություն տեսնո՞ւմ եք, որպես էկոնոմիկայի նախարար:
-Մուտքերի ապահովման հարցը միշտ էլ ռիսկայնություն է պարունակում, սակայն, երբ դիտարկում ենք 2014-ի պետբյուջեի նախագծով ՀՆԱ-ի սահմանված տոկոսը, ապա տեսնում ենք, որ վերջին հինգ տարիներին առաջին անգամ է, որ կառավարությունը նման բյուջե է ներկայացնում, որի համաձայն` ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի աճ չի նախատեսվում:
-Սա առավելությո՞ւն եք համարում։
-Այո։ Ինչ վերաբերում է մուտքերի ապահովման հարցին, ապա այդ խնդիրը մեզ համար պետք է լինի առաջնային, որովհետև շատ բան կախված է նրանից, որ պետբյուջեն, սոցիալական ուղղվածություն ունենալով, հնարավորություն չի տալիս ծախսերի կրճատում անել: Այդ տեսանկյունից բյուջեի եկամտային մասի կատարումը շատ լուրջ խնդիր է: Պետք է նկատել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ, սակայն չի կարելի ասել, որ դրանք բավարար են:
-Այսինքն, Դուք որպես նախարար, Ձեր ոլորտում իրականացվող աշխատանքներից գոհ չեք։
-Խոսքը միայն իմ մասին չէ, այլ ընդհանուր իրավիճակի: Իհարկե, ոչ մի գերատեսչության ղեկավար չի կարող բավարարվել միայն իրականացվող աշխատանքներով: Ընդգծեմ, որ արդեն կատարվող աշխատանքները իրենց դրական արդյունքները տալիս են։ Այսինքն, տնտեսությունն ակտիվացնելու ուղղությամբ հիմնական աշխատանքները տարվում են, ուղղակի այդ գործընթացը մերթընդմերթ հակասության մեջ է մտնում հարկերի հետ:
-Հարկային և մաքսային համակարգերում իրականացվող վարչարարությունը և դրա դերի բարձրացումը, որը նախատեսվում է 2014-ին, չի՞ ճնշում գործարարներին:
-Կողմնակից չեմ միակողմանի գնահատականներին: Մի բան շատ հստակ է` բոլոր երկրներում հարկային տեսուչները առանձնակի սեր չեն վայելում բնակչության շրջանում։ Չգիտեմ այնպիսի մի երկիր, որտեղ գործարարների համար նրանք շատ հարազատ լինեն: Եթե նման երկիր կա, ապա կարծում եմ, որ այդ երկրում դժվար թե կարողանան հարկերի հավաքագրում ապահովել: Միևնույն ժամանակ, ինձ համար միանշանակ է, որ ոչ միայն հարկային, այլև այլ ոլորտներում, որտեղ իրականացնում ենք վարչարարություն, այդ մեթոդների ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք կատարելու: Դրանք ոչ միայն իդեալականին մոտ չեն, այլև շատ հեռու են: Բայց, նորից եմ կրկնում, եթե խիստ չլինես հարկային բնագավառում, հարկերի հավաքագրումը շատ դժվար կլինի: Միևնույն ժամանակ, պետք է այդ գործընթացն այնպես կազմակերպել, որ պարտաճանաչ և բարեխիղճ հարկատուները չտուժեն. շեշտը պետք է դրա վրա դրվի: Դա ամենաառաջնային խնդիրն է: Կարծում եմ` սա հիմնական առանցքն է, որն ապահովելու համար դեռ առաջ գնալու տեղ ունենք:
-2014-ի բյուջեի նախագծով եկամտային մասի ապահովումը նախատեսվում է իրականացնել նաև ստվերից դուրս բերված միջոցների հաշվին, սակայն չի նշվում, թե որտեղ է այդ ստվերը։ Ձեր ոլորտում այն որտե՞ղ է:
-Ամենառիսկայինը շարունակում են մնալ առևտրի, ծառայությունների, շինարարության ոլորտները: Համեմատության մեջ եթե դիտարկելու լինենք, ստվերի հետ կապված խնդիրներն ամենաքիչը արդյունաբերությունում են: Իհարկե, ունենք ոլորտներ, որտեղ ստվեր ասվածը ոչ ֆորմալ բնույթի է:
-Օրինա՞կ:
-Գյուղատնտեսությունը։ Այն, որ այս ոլորտը չի հարկվում` ընդհանուր արժեքային շղթայում էական խնդիր է ստեղծում` ստվերային տնտեսության ձևավորման տեսանկյունից: Չեմ ասում` այս ոլորտը պետք է հարկել, բայց խնդիրներ կան:

«ԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՄԼԻՉԻ ՃՆՇՄԱՆԸ»
ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ (ԱԺ պատգամավոր)


-Պարոն Նուշիկյան, որպես գործարար պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում 2014-ի պետբյուջեի նախագծի եկամտային մասը: Այն ռիսկայի՞ն է, թե՞ ոչ, և եթե ռիսկեր տեսնում եք, ապա ո՞ր հատվածում։
-Եկամտային մասում ռիսկեր տեսնում եմ, մասնավորապես` ֆիսկալ տնտեսության աճի և ստվերային տնտեսության կրճատման հարցում: Ինձ համար անհասկանալի է, թե ստվերային տնտեսություն ասվածը ո՛ր ոլորտներում է, և որտեղից են գումարներ հավաքագրելու: Նկատեմ, որ այսօր մենք ունենք տնտեսավարողներ, որոնք բարեխիղճ հարկատուներ են, բայց ենթարկվում են վարչարարության մամլիչի ճնշմանը:
-Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ փորձ է արվելու եկամտային մասը ապահովել վարչարարության հաշվին, ինչը նշանակում է, որ գործարարներին անհարկի «կմաշկեն»:
-Դե, ինչպե՞ս է աշխատում պետեկամուտների կոմիտեն. երբ «պլանը» դժվարանում է կատարել, ապա դա անում է ցանկացած գնով:


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ