Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գագիկ Ջհանգիրյանն այլևս քաղբանտարկյալ չէ, այլ՝ ԱԺ պատգամավոր

Գագիկ Ջհանգիրյանն այլևս քաղբանտարկյալ չէ, այլ՝ ԱԺ պատգամավոր
18.11.2013 | 16:39

ՀՀ նախկին զինդատախազ, այժմ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ընդարձակ հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին, և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաև Շանթ Հարությունյանի հեղափոխությանը:

«15 հոգով հեղափոխություն չեն անում, հետո էլ ասացի, որ կողմ չլինելով կամ համակարծիք չլինելով այդ մեթոդներին, կարծում եմ, որ պետք է դրա պատճառները տեսնենք, ոչ թե արտաքին դրսևորումը»,- հարցազրույցում, ի մասնավորի, նշել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորը: Հարցազրույցում եղել է անդրադարձ նաև Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությանը, նրան տեսակցելու գնացած ԱԺ պատգամավորների մուտքը ՔԿՀ արգելելուն և այլն:

«ԱԺ պատգամավորների պահանջը իրավաչափ է եղել: Գործող օրենսդրությունը պատգամավորին լիարժեք հնարավորություն է տալիս ոչ միայն ազատ մուտք ու ելք ունենալ ՔԿՀ-ներ և ձերբակալվածներին պահելու վայրեր, այլ՝ նաև խցեր, բուժկետեր, ճաշարաններ, պահեստներ և այլն, այդ թվում՝ ազատ տեսակցություն ունենալ»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը, ով արդարադատության նախարարի որոշումը համարել է կամայական:

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի նկատմամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կիրառած բռնությանը, ապա Գագիկ Ջհանգիրյանը, որպես առաջին հավաստի տեղեկատվության աղբյուր, մեջբերել է Շանթ Հարությունյանի փաստաբանին:

«Որքանով տեղեկացված եմ՝ փաստաբանը հերքում է»,- նշել է Գագիկ Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր է, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, գրագետ ու երկարամյա փորձ ունեցող իրավաբան, որը ԱԺ-ում, հարկ եղած դեպքերում, վեր է հանում օրենքներում տեղ գտած բացթողումները, քաջատեղյակ է օրենսդրական ոլորտի նրբություններին:

Գագիկ Ջհանգիրյանը թեև Շանթ Հարությունյանի նման տասնհինգ հոգով հեղափոխություն չի արել, բայց 2008 թ. հետընտրական իրադարձություններից հետո ազատազրկվել էր ընդդիմությանը միանալու և, ի պաշտպանություն ընդդիմադիր շարժման՝ Ազատության հրապարակում ելույթ ունենալու համար: Ազատազրկման ընթացքում նրա նկատմամբ ևս կիրառվել էին բռնություններ: Այն ժամանակ Գագիկ Ջհանգիրյանին էին այցելում ԱԺ ընդդիմադիր <Ժառանգություն> խմբակցության պատգամավորները, ահազանգում, որ բացառվեն քաղբանտարկյալների նկատմամբ բռնության դեպքերը: Եվ Գագիկ Ջհանգիրյանին նրանք այցելում էին ոչ ամենևին նրա համար, որ հիացած էին (մեղմ ասած-Թ. Հ.) նախկին զինդատախազի գործունեությամբ կամ էլ ողջունում էին նրա քաղաքական հայացքները:

Հիմա Գագիկ Ջհանգիրյանը ունի հնարավորություն՝ անձամբ այցելելու կալանավորված Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, տեղեկանալու՝ կիրառվե՞լ են նրանց նկատմամբ բռնություններ, թե՞ ոչ: Նա հայտարարում է, որ ընդդիմությունը տքնաջան աշխատում է ԱԺ-ում, պայքարում իշխանության սխալների ու բացթողումների դեմ: Լավ են անում: Բայց անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում է ԱԺ-ում ընդդիմությունը պայքարել Գագիկ Ջհանգիրյանի նշած սցենարով, իսկ թե ինչ արդյունքի է հասել՝ տեսանելի է:

Մենք, իհարկե, կոչ չենք անում, որ Գագիկ Ջհանգիրյանն ու մյուս ընդդիմադիրներն էլ Շանթի նման տասնհինգ հոգով հեղափոխություն անեն: Հատկապես, որ նրանք միշտ մերժել են հեղափոխական լուծումները: Բայց եթե Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ում իր իրավական գիտելիքները կիրառելուն զուգահեռ՝ քայլ աներ և այցելեր Շանթին ու նրա ընկերներին, դրանից հաստատ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենա: Նկատի ունենանք, որ Շանթ Հարությունյանը 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո էլ նույնպես քաղբանտարկյալ էր, ինչպես Գագիկ Ջհանգիրյանը: Տարիներ անց Գագիկ Ջհանգիրյանը դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ Շանթ Հարությունյանը՝ ոչ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ