Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Մենք ենք մեղավոր, որ այն ամենը, ինչ բոլոր ժողովուրդների համար անցյալ է, մեզ համար ապագա է»

«Մենք ենք մեղավոր, որ այն ամենը, ինչ բոլոր  ժողովուրդների համար անցյալ է, մեզ համար ապագա է»
15.11.2013 | 00:18

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

-Պատրա՞ստ եք Դուք առաջիկայում հագնել ղազախական հագուստ, երթևեկել «Նիվայով», դիտել բելառուսական արտադրության հեռուստացույց կամ բելառուսական սառնարանին պահ տալ մթերքները:
-Ես պատրաստ եմ ցանկացած ժողովրդի մշակութային իրողությունները հարգել, իսկ ղազախական հագուստը, ռուսական «Նիվան», բելառուսական տեխնիկան չեն համապատասխանում համաշխարհային չափորոշիչներին: Վստահ չեմ, որ եթե ինքս հանդուրժող գտնվեմ ստանդարտների նվազեցման հետ, այն մարդիկ, ովքեր աշխատում են Մաքսային միությանն անդամակցելու պայմանագրի օգտին, պատրաստ են հանդերձավորվել ղազախական հագուստներով, վարել «Նիվա» ու բելառուսական տեխնիկայով կենցաղային կարիքները հոգալ: Նրանք սպառելու են լավագույն ստանդարտներին համապատասխանող ապրանքներ` քաղաքացիներին վերապահելով նվազագույնը: Այդ պահվածքը ես համարում եմ հանցավոր:
-Այո, բայց նրանք պետության անունից հայտարարում են, որ հայկական արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, մրցունակ չէ եվրոպական շուկայում, առավելագույնը՝ կսպառվի ասիական ծակուծուկերում:
-Ինչպե՞ս պատահեց, որ մեր շնորհալի, իշխանությունների կողմից թմբկահարվող, պրոֆեսիոնալ ու հանճարեղ ազգը, որ ծնել է աշխարհի բոլոր հանճարներին տարբեր երկրներում, չի կարողանում արտադրել 3-4 ապրանքատեսակ: Համաշխարհային շուկայում որևէ պետություն չի կարող մրցունակ լինել բոլոր ապրանքներով: Ինչո՞ւ մեր ամբողջ տնտեսությունը դարձավ իմպոտենտ:
-Նախորդ հանցավոր ռեժիմն է մեղավոր:
-«Նախորդ հանցավոր ռեժիմ» հասկացությունը Հայաստանի պես փոքր պետության մեջ ոչ պրոֆեսիոնալ կատեգորիա է: Մեծ տարածքներում դժվար է արագ արձագանքման միջոցառումներ իրականացնել: Հայաստանի նման փոքր աշխարհագրական միավորում ցանկացած ռեֆորմ, եթե իրականացվում է իրականում, հաջողություն ունենում է: Չի կարող լինել որևէ բարեփոխում, որին հաջորդում է մարդանց որոշակի բարեկեցությունը, որը չիրականացվի: Նրանք ընդունում են խաղի այս կանոնները, որոնցով աղքատանում են, չէի՞ն ընդունի արդար տնտեսավարման կամ ազատ կառավարման կանոնները: Իհարկե, կընդունեին: ՈՒղղակի ոչ մի ռեժիմ չառաջարկեց այդ սկզբունքները:
-Ինչո՞ւ:
-Ձեռնտու չէր: Պետական սեփականաշորթումը հնարավոր է դիկտատուրայի պայմաններում: Երկու տիպի դիկտատուրա կա: Կա կաստրոյական, չավեսյան դիկտատուրա, որ ենթադրում է` դիկտատորն առաջադրում է որևէ գաղափար և իր օրինակով ստիպում, որ ժողովուրդն առաջնորդվի այդ գաղափարով: Որպես կանոն, այդ դիկտատորները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ունենում են մեծ ժողովրդականություն, անմասն են կոռուպցիայից և կարևորում են հերոս լինելը հարուստ լինելուց: Կա նաև այլ դիկտատուրա, երբ մարդն ուզում է կառավարել, ինչպես Ստալինը, և ապրել, ինչպես Աբրամովիչը: Այս դիկտատուրան օլիգարխների իշխանություն է, որոնց իշխանությունը պետք է հանուն ունեցվածքի: Եթե այդ չափորոշիչից դուրս գա ունեցվածքը, Հայաստանում շատ քչերը կուզենան իշխանություն ունենալ:
-ՈՒրեմն ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը:
-Նայած` ում: Ես վախենում եմ, որ հաջորդ քայլերի ցանկը սպառվում է: Սպառվում է երկուստեք` թե՛ իշխանության, թե՛ հասարակության: Ընդդիմություն հասկացությունը չեմ ուզում օգտագործել: Ողջ հանրության քայլերի ընտրության հնարավորությունները սպառվում են: Դու չես կարող կղզիացնել մի համակարգ, որն իր բոլոր չափորոշիչներով անարդյունավետ է: Կառավարումն անարդյունավետ է, տնտեսավարումն անարդյունավետ է, օրենքներն անարդյունավետ են` ավելի շատ ադաթային, քան ստանդարտային: Մաքսային միության ղազախ-բելառուսական մասը բնավ չի ուզում վայելել մեր կղզիացած ընկերակցությունը: Համակարգը զուրկ է ռեսուրսներից` ռուսական կուլակաթափության ջանքերով նաև: Նրանք հասկանում են, որ այսպիսի աշխարհագրական, ռազմավարական կոնֆլիկտներ ունեցող միավորը լավ գործընկեր չէ: Ինչպե՞ս կարող ենք լավ գործընկեր լինել ուրիշի համար, երբ լավ գործընկեր չենք մեզ համար: Երբ չենք կայացրել մի պետություն, որը գրավիչ լինի: Անգամ բելառուսների ու ղազախների համար, որ հեռու են օրինակելի լինելուց:
-Չե՞ք կարծում, որ Մաքսային, Եվրասիական միության ստեղծման պատճառը մեկն է` Ռուսաստանը չի կարողանում լիարժեք ինտեգրվել ԵՄ-ին:
-Ոչ, դա ծիծաղելի վարկած է: Ռուսաստանը անհնար է, որ ինտեգրվի ԵՄ-ին:
-ՆԱՏՕ-ի պատճառո՞վ:
-Ռուսաստանում միշտ եղել է անձնավորված կառավարման համակարգ, որ հայելային արտացոլել է իր լիդերի կերպը: Ստալինի ժամանակ ճամբարներն էին, Բրեժնևի ժամանակ` լճացումը, Պուտինի դեպքում` ռուսական կայսերապաշտական կագեբեիզմը: ՈՒշադրություն դարձրե՞լ եք ռուսական հիմնական հեռուստաալիքներով գովազդվող թեմատիկային. փառաբանվում է Ստալինը` մի կողմից, մյուս կողմից` միապետական դինաստիան: «Ռեգնումը» գրում է, որ Ռուսաստանի բնակչության 1/3-ը կողմ է միապետության վերականգնմանը: Լիիրավ` կառավարական միապետության:
-Ռոմանովների՞, թե՞ նոր դինաստիայով:
-Ինչո՞ւ ոչ Պուտինյան դինաստիայով: Նա խնդիր ունի. առաջին՝ լինել ինքնիշխան միապետ հավերժաբար և բոլոր չափորոշիչներով, երկրորդ` միապետականության մեջ բարձրացնել Ռուսաստանի եթե ոչ իրական նշանակությունն ու դերակատարումը, գոնե ֆիկտիվ:
-Ո՞րն է տարբերությունը:
-Իրական դերակատարումը` քեզ հետ հաշվի են նստում, որովհետև դու տիրապետում ես տեխնոլոգիաներին, կառավարման ձևերին, ֆիկտիվ` երբ քեզնից վախենում են: Առաջին չափորոշիչով մրցունակ չլինելով` Պուտինը գործարկում է երկրորդը աղքատ, քաղցած, կիսափուլ երկրում, որի իրական պատկերը արդեն ռուսներն իրենք են ցույց տալիս: Ռուսաստանի անծայրածիր տարածքի ու անծայրածիր ռեսուրսների պարագայում հմուտ կառավարիչը երկիրը կդարձներ հզոր պետություն: ԵՄ-ի չափանիշների հետ համեմատությունը Հայաստանի իշխանության համար կլիներ իրական վերջի իրական սկիզբը: Հիմա մենք ինտեգրվում ենք կառավարման վաշխառուական մոդելի մեջ` մեզ շատ հասկանալի, բայց կործանարար: Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, կատարվելու է և Հայաստանում, բայց Ռուսաստանն իր ռեսուրսներով մի 30 տարի կգոյատևի իներցիայով: Ի՞նչ ենք անելու մենք: 30-ը 10-ի բաժանեք և կստանաք 3 տարի, որից հետո հայտնի չէ` ինչ է լինելու: Մենք կրկնում ենք Ռուսաստանի ժողովրդագրական պատկերը, բայց Ռուսաստանը դեռ համալրում է բնակչության թիվը ներգաղթյալներով: Մենք ներհոսք չունենք: Կարելի է անվերջ ասել` արի տուն, բայց տունը չկա: Մեզ միշտ թվացել է, որ տունը տարածքն է: Տունը հայրենիքի աբստրակցիան է, Քամյուն ասում է` ես չափազանց շատ եմ սիրում իմ հայրենիքը, որ ազգայնական դառնամ: Հայրենիքը սիրելու համար պետք է մանրադիտակի տակ դիտես մաս առ մաս ու տեսնես, որ կառավարման պետական համակարգը բերում է պետության բոլոր իրավասությունների խախտմանը` դատական իշխանությունը չի աշխատում, գործադիրը նույն փողոցը հինգ անգամ ասֆալտում է, որ որևէ ռացիոնալ կազմակերպված պետության մեջ կհանգեցներ աշխատանքի կորստի` ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման համար: Մեր դեպքում` ոչ, պատրաստվում են վեցերորդ ասֆալտապատմանը` կողքի քանդված փողոցը թողած: Տնտեսական նպատակահարմարության տեսակետից աբսուրդ է, բայց մենք ապրում ենք կառավարման աբսուրդի մեջ: Նման շքեղություն կարող է իրեն թույլ տալ նավթի վրա նստած երկիրը: Հայաստանում յուրաքանչյուր ավազահատիկը պետք է ռացիոնալ օգտագործվի:
-Ռուսաստանը չունի այդքան սուր որևէ կոնֆլիկտ, ինչպես մենք Լեռնային Ղարաբաղում: Կոնֆլիկտ, որի շուրջ պարբերաբար անհասկանալի շարժումներ են սկսվում` համանախագահներից որևէ մեկը նոր տարբերակ է գտնում, հարևաններն են որոշում միջնորդ դառնալ, երկու նախագահներն էլ, որ առաջ ասում էին` հանդիպենք, ի՞նչ անենք, համաձայնել են մինչև տարեվերջ հանդիպել: Ռուսաստանն էլ ռազմական լուծումն է մեջտեղ բերում:
-Ռուսական մշտաթունդ բրոկերությունը Ղարաբաղի հարցում զարմանալի չէ: Բոլոր վիճարկվող տարածքները այն լծակն են, որ օգտագործում են գերտերությունները: Նրանց բարոյականությունից ու ժողովրդավարական չափանիշներից է կախված, թե ինչպես են այդ քարտը խաղարկում: Զարմանալի է, որ Ղարաբաղը դառնում է հաղթաթուղթ տնտեսական հարցերում` եվրաինտեգրումը այնքան էլ քաղաքական հարց չէ: Այնուհանդերձ, հնազանդության ցանկացած մանիֆեստացիայի դեպքում ոչ մի ելք կանխորոշված չէ: Երբ դու հանձնում ես քո սուվերենությունը, հանձնում ես քո պաշտպանությունն ուրիշին: Ռուսական զորքերի ակտիվ ներհոսքը Հայաստան դա է նշանակում, դու ասում ես` ես լավ չեմ կարող ինձ պաշտպանել, եկեք` պաշտպանեք: Ով գալիս է պաշտպանելու, նա էլ որոշում է` ով և երբ կհարձակվի քեզ վրա, ով` ոչ: Վաղը եթե նույնիսկ Ռուսաստանը հայտարարի, որ ՀԱՊԿ-ի զորքերով պաշտպանում է Հայաստանը, ու Ղարաբաղի համար պատերազմ սկսվի, Հայաստանի համար դա կործանարար է լինելու: Քանի դեռ երկիրը մանևրելու, տնտեսական անկախություն պահպանելու հնարավորություն ունի, կարող է դիմել միջազգային ատյաններին: Ո՞Ւմ ենք մենք դիմելու: Մաքսային միության խորհրդի՞ն: Ակնհայտ է պետական կառավարման ճգնաժամը` երբ իշխանությունը կառավարման կնճռոտ հարցերը հանձնում է ուրիշի լուծմանը` ռուսական կայսրությանը, հետո մեղադրում սխալ կամ վատ լուծման համար: Հասարակության ինքնակազմակերպման սխալ ձևն է բերում նման հետևանքների, որը շատ տխուր է:
-Ի՞նչ է պետք, որ տխրությունը գիտակցենք` փոփոխության նպատակով: 20 տարի բողոքում ենք գլխացավից` գլխով անընդհատ պատին բախվելով, հետո՞:
-Մենք մեր ամբողջ պատմության ընթացքում ենք բողոքել գլխացավից: 21-րդ դարում կառավարումը բաղկացած է մանր, ճղճիմ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների հանրագումարից: Ո՞Ւմ գրպանն են գնում հարկերը, ո՞ւր է գնում արևմտյան մեծածավալ օգնությունը, ռուսական վարկն ինչպե՞ս մսխվեց, ո՞րն է ատկատների վերջնակետը` այս հարցերն են դառնում արտագաղթի պատճառ: Երբ այդ խնդիրները սկսում են ավելի առարկայական հնչել, իշխանությունները իրական ճակատին զուգահեռ ստեղծում են կեղծ գաղափարների ճակատ, որտեղ հնչում են կեղծ հարցեր: Օրինակ` ի՞նչ է գենդերը: Հայաստանի ժողովուրդը կործանվում է գենդերի պատճառով: Հայաստանից 100 արտագաղթողներից ոչ մեկը գենդերային պատճառներով չի հեռանում: Կամ` մեզ վրա կհարձակվեն թուրքերը: Կամ` ինչո՞ւ մենք պիտի իրար միս ուտենք, երբ դրսում այդքան թշնամիներ ունենք: Արտաքին թշնամու գործոնով ներքին խնդիրներ չլուծելը կեղծ մարտադաշտ է, որով ամեն վայրկյան ազդում են հասարակության գիտակցության վրա: Հենց տեսնում են, որ մանավանդ երիտասարդները սկսում են իրատեսորեն նայել դաշտին, անմիջապես այս գումարտակը դուրս է գալիս առաջին գիծ և սկսում է ազգային արժեքներից խոսել` դուք հայ չեք, դուք ուզում եք, որ բոլորը դառնան հոմոսեքսուալիստ, կոսմոպոլիտ: Դա շատ հին հնարք է:
-Ինչքա՞ն ենք այդ խայծերը կուլ տալու: Վերջը չկա՞:
-Այդ խայծերը հարմար է կուլ տալ:
-Այո, երբ սպասում ես, որ ուրիշը գա` հարցերդ լուծի:
-Իսկ տարբերվո՞ւմ են պետությունը, որը դրսից է հրավիրում, որ գան ու իրեն պաշտպանեն, և հասարակությունը, որ ուրիշ երկրում է իր անձնական հարցերի լուծումը փնտրում: Պարտությունը երկուստեք է` բոլորին շատ հարմար է թաքնվել կա՛մ ազգայնական ճիչերի տակ, կա՛մ ադաթի հզոր զրահի, կամ հայ եկեղեցու ունիկալության թեզի: Այս թեզերը հավասարապես իդեալիստական են, որևէ մեկի դեմ հնարավոր չէ խոսել, միևնույն ժամանակ` ավերիչ աշխատանք են կատարում հոգեբանության մեջ` չթողնելով, որ մարդը մտնի առօրյա խնդիրների լուծման դաշտ:
-Ա՞յդ պատճառով է Հայաստանում ընդդիմությունը վերանում:
-Ընդդիմությունը վերանում է, որովհետև չկա ավելի մեծ ընդդիմություն, քան Հայաստանի ժողովուրդը: Ընդդիմությունը բարգավաճում է, երբ խնդիր ունի ինչ-որ մեկին համոզելու, բայց դու ընդդիմադիր ես և ոչ մեկին ոչինչ չունես համոզելու, բոլորը քեզ հետ հիմնականում համաձայն են, գուցե մեթոդների ու տեսանկյունների ինչ-ինչ տարակարծություններ կան միայն: Ակնհայտ համաձայնության մեջ, սակայն, խնդիր կա` երբևէ մեր քաղաքական օրակարգը չենք կարողացել ենթաթեմաների մեջ դնել: Օրինակ` Մաքսային միությունը: Մինսկում փաստաթուղթ ստորագրվեց, բայց ՄՄ-ի որևէ կողմնակից մինչև հիմա որևէ հոդաբաշխ խոսք չի ասել (բացի թուրքական ագրեսիայից և Ղարաբաղյան վիճելի հարցից) Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր հեռանկարների մասին, կա՞ն կոնկրետ թվեր, պետք է հրապարակվեն, կամ էլ ասվի, որ ֆիկցիա է:
-Կա՞ գաղափար, որ այդ ընդդիմադիր ժողովրդին հավաքի ու տանի որոշակի հաջողության:
-Այդ գաղափարը հումանիզմն է: Նույնիսկ քրիստոնեության պես վերազգային գաղափարախոսությանը մենք էպիտետ ենք հավելում` հայ քրիստոնյա, չկա ազգային առաջադիմություն` առանց մարդային առաջադիմության: Եթե անհատը չի զարգանում, չունի իդեալներ, հաջողությունն անհնար է: Հայաստանում ամեն ինչի համար պայքարում են, բայց ոչ իդեալների:
-Որովհետև ապրիորի գաղափար է, մեզ կոնկրետ արժեք է պետք:
-Չկա ավելի կոնկրետ բաղադրիչների բաժանվող գաղափար, քան մարդու հանդեպ սերը: Դրա մեջ մտնում է և՛ այն, որ ինքը հանրային ունեցվածքից պետք է բաժին ունենա, և՛ այն, որ մարդուց չի կարելի շորթել իր հասանելիքը, և՛ հանդուրժողականությունը քո տեսակից տարբեր տեսակի հանդեպ: Հայաստանի քաղաքական օրակարգում երբեք չի հնչել մարդու հանդեպ սիրո գաղափարը: Արդեն ժամանակն է, որ հանրային քննարկումների կամ քաղաքական շարժումների առաջնահերթությունը դա լինի: Միստիցիզմով ապրող ժողովուրդը չի կարող գրանցել կառավարման կամ տնտեսական առաջընթաց: Միստիցիզմից պրագմատիզմ անցումը բոլորն են ապրել:
-Մենք ինչո՞ւ ենք տեղում դոփում:
-Պարզ պատճառով` մեր էլիտար մտածողությունն աշխատել է սխալ ուղղությամբ, մենք միշտ ապրել ենք գոյապահպանության գաղափարով, մոռանալով, որ գոյատևելը լիովին բացառում է ապրելը: Իսկ ապրելը ստեղծագործաբար գոյություն ունենալն է: Ֆիզիկական գոյության շրջանակներում ապրող թե՛ մարդը, թե՛ պետությունը դատապարտված են:
-Քննարկումներում քանիցս հնչել է, որ հրաժարվելով ԵՄ-ից, մենք ընտրում ենք ճանապարհ դեպի անցյալը, դեպի ապագա գնալու փոխարեն: Չե՞ք կարծում, որ Եվրոպան էլ մեզ շատ հեշտ լքեց:
-Լավ արեց, մենք ի լուր բոլորի ասացինք, որ անհուսալի գործընկեր ենք: Երեքուկես տարի բանակցեցինք, պատվիրակություններ փոխանակեցինք, գումարներ ծախսեցինք, որ մի օրում հակառակ որոշում կայացնենք: Բանավոր ու գրավոր խոսքին հավատարիմ լինելն էլ արևմտյան չափանիշ է, խոսքին տեր լինելը, եթե անգամ իրավական որևէ նորմ քո գործողությունները չի սահմանափակում, քաղաքական գործչի քո կոդեքսի շրջանակներում պիտի մնաս: Բացի այն, որ մենք տնտեսապես անկայուն գործընկեր ենք, նաև անհասկանալի վարքագծով ու անորոշ բարոյականությամբ պետություն ենք: Մենք ենք մեղավոր, որ այն ամենը, ինչ բոլոր ժողովուրդների համար անցյալ է, մեզ համար ապագա է: Եթե կարողանանք գոնե մեկ սերունդ հետ պահել արտագաղթից, իսկ արտագաղթում է հիմնականում մրցունակը, այլ պատկեր կունենանք: Նրանք իրենց մտովի հեղափոխությունն արել են. եթե բոլոր եվրոպական երկրներում հայրեր-որդիներ կոնֆլիկտը բուռն անցավ` հայտնի վեպերով, նիհիլիստների ու դադաիստների ի հայտ գալով, թվում էր` Հայաստանում մի քյաբաբ ուտող սերունդը ծնունդ կտա հաջորդ քյաբաբ ուտող սերնդին: Ոչ, այդպես չեղավ, եղավ սերնդափոխություն` խաղաղ, անարյուն, և դա հիմք է մտածելու, որ Հայաստանում կլինի խաղաղ, անարյուն հեղափոխություն, որի կենտրոնում կլինի մարդը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ