Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Գորգի տակ կռվող բուլդոգների կռիվը» Հայաստանի համար է»

«Գորգի տակ կռվող բուլդոգների կռիվը» Հայաստանի համար է»
13.11.2013 | 20:21

Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում հայ-ռուսական հարաբերությունները վերլուծում է ինչպես անցյալի, այնպես էլ ներկա իրողությունների դիտանկյունից:

-Պարոն Արշակյան, Դուք երկար տարիներ պայքարել եք Հայաստանի ազատության և անկախության համար: Հատկապես Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշումից հետո Հայաստանում շատերից ենք լսում, որ քսանհինգ տարվա մեր անկախությունը «փուռը տվեցին»:
-1921 թվականին հայկական պետությունը լիկվիդացվեց: Երկու հաղթող պետությունները Արաքս գետով սահմանը կիսեցին, թուրքական մասում ամբողջությամբ վերացվեց հայկականը, ռուսական՝ բոլշևիկյան մասում մնաց Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որն իրենից ներկայացնում էր մշակութային ավտոնոմ մարզ: Այնտեղ կարող էր զարգանալ հայկական մշակույթը, որը հաջողությամբ զարգացավ և պետականացավ: Հայ ժողովրդի մեջ չմեռավ պետականության ձգտումը. փոքրիկ, 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա կառուցեց հայկական պետություն: Ձևով ազգային, բովանդակությամբ ապազգային կառույցի մեջ պապերն ու հայրերը ստեղծեցին պետություն: Այդ պետությունը սովետական կայսրության փլուզման ժամանակ իրեն դրսևորեց որպես պետական միավորում: Մենք ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետությունը, իսկ ռուսական հհհՀ-ի իրավահաջորդը՝ Ռուսաստանը, տպավորություն ստեղծվեց, որ հասկացել է իր սխալը և ուզում է ուղղել այն: Այսինքն՝ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի դրույթները պետք է վերանայեր: Ռուսաստանը պետք է ոչ միայն ճանաչի իր տարածքում տեղի ունեցած սխալներն ու թյուրիմացությունները, հանցագործությունները: Բոլշևիզմը դատապարտվեց ոչ միայն դատարանում, այլև բարոյապես, համարվեց հանցագործ ռեժիմ: Ռուսաստանում ուղղվեցին սխալները, օրինակ՝ խղճի ազատությունը, խոսքի ազատությունը սկսեցին գործել ՌԴ-ում, ուղղվեցին նաև արտաքին հարաբերություններում, դաշնակիցների նկատմամբ թույլ տրված սխալները: Օրինակ, նրանք պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եթե ռուսները չպաշտպանեին մեզ, պաշտպանեին հակառակորդին, ապա Ղարաբաղյան շարժումը կտապալվեր: Ադրբեջանից մենք չէինք կարող ազատագրել մեր հայրենիքը: Թվում էր, որ ՌԴ-ն մեղմ, սահուն ձևով, փուլ առ փուլ կհրաժարվի ռուս-թուրքական դաշնագրից, ինչ-որ կերպ կհայտարարի այդ մասին, և մենք, աստիճանաբար, հաղթված և պարտված հարաբերություններից անցում կկատարեինք դաշնակցի, կդառնայինք ՌԴ-ի գործընկեր երկիր: Սակայն սեպտեմբերի 3-ը արձանագրեց ստոպ: Հիմա ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետագայում: Մոսկվայում հայտարարելը, որ Հայաստանն ուզում է միանալ Մաքսային միությանը, հրաժարվել իր ինքնիշխանության շատ մասերից, պատրաստ է հրաժարվելու իր քաղաքակրթական կողմնորոշումից, կարծում եմ, մեծ բիծ թողեց ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունների վրա: Ես այն տպավորությունը ստացա, որ, ինչպես Վ. Մայակովսկին է ձևակերպել, «մեզ սիրող նավակը բախվեց խութերին»: Հիմա խութերը կշրջանցի՞ այդ նավակը, թե՞ ոչ, չգիտեմ:
-Նոյեմբերի 9-ին Երևանում, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և իր ընկերների, տեղի ունեցավ երթ, որի ժամանակ երթի մասնակիցները հակապուտինյան ցուցապաստառներ էին կրում, իսկ գլխավոր դատախազության շենքի առջև վանկարկեցին՝ «Առանց չեկիստ Հայաստան»: Ի՞նչ եք կարծում, հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները չե՞ն խորանա և սրի հակապուտինյան տրամադրությունները Հայաստանում:
-Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ նախկինում էլ են եղել: Բոլշևիկյան պետության ագրեսիան հայկական պետության դեմ եղել է, պատմության այդ էջը փակված չէր: 1990-ական թվականներին, երբ տեղի էր ունենում փլուզում, Հայաստանի Հանրապետությունը գուցե մեծահոգաբար կամ անխոհեմաբար չպահանջեց, որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների մեկնարկ, այդ պայմանագրի չեղյալ հայտարարելը: Հիմա երբ նայում ենք հետադարձ հայացքով, կարծում եմ՝ ճիշտը դա կլիներ՝ պահանջել այդ պայմանագիրը չեղյալ հայտարարել և ՌԴ-ի հետ հարաբերությունները սկսել սկզբից: Դա տեղի չի ունեցել, և այդ սահուն անցումը, որն իբր պետք է լիներ, չի եղել. չսպիացած վերքն այդ հարաբերություններում անընդհատ մխացել է: Հայաստանի սահմանների բլոկադան, էներգետիկ անվտանգությունը, սննդամթերքի անվտանգությունը, հանրապետությունում աղետի դեպքում, ինչպես եղավ 88-ի երկրաշարժի ժամանակ, նույնիսկ էվակուացիայի տեղ չլինելը, ապացուցում էր, որ 30 հազ. քառ. կմ-ի վրա անհնար է կենսունակ, ինքնիշխան, ինքնաբավ պետություն ունենալը: Այսինքն, դա անընդհատ ապացուցում էր հայ-ռուսական հարաբերությունների խեղվածությունը: Եվ գուցե դա էր պատճառը, որ ԼՂ հարցում Ռուսաստանը աջակցեց մեզ: Այդ հարաբերություններում, սակայն, եղել է մշտապես լռություն. մենք չենք հարցրել, նրանք չեն պատասխանել:
Այս վերջին միջադեպից հետո ես կարծում եմ, որ մեր դաշնակից ռուսները կսթափվեն: Ռուսաստանը չի վերադառնա, չի կարող վերադառնալ: Նույն գետը երկրորդ անգամ չի հաջողվում մտնել: Նրանք կա՛մ կդադարեցնեն իրենց կայսերական ոտնձգությունները հայկական պետության դեմ, կա՛մ կկրկնվի այն, ինչ եղավ ցարական Ռուսաստանի դեմ: Այսինքն՝ կլինի նորից Միկոյան, կլինի նորից Գայ: Ռուսաստանում կլինեն խառնակ ժամանակներ, և այդ խառնակ ժամանակներում իրենց հավանած, իրենց դրածո որևէ Միկոյան կկազմի գնդակահարությունների ցուցակ: Ռուսաստանը ոչնչացրեց հայկական պետությունը և ստացավ Միկոյաններ: Իրենց հոգևորականներին ոչնչացնողներին, իրենց ազնվականությանը, մտավորականությանը, գյուղացիությանը ազգային պատկանելության պատճառով ոչնչացնող միկոյանիզմը նրանք մինչև հիմա էլ գնահատում են: Դա՞ է սպասվում, որը խիստ անցանկալի է: Դա ռեալ էլ չէ:
Ինչ վերաբերում է հակապուտինյան ցուցապաստառներին, կարծում եմ, որ պետք չէ անձնավորել: Միայն Պուտինը չէ, 400 տարի եղել են Ռոմանովներ:
-Բայց այսօր ՌԴ իշխանության գլխին կանգնած է Պուտինը:
-Ինձ համար կարևոր չէ, թե ում համադասարանցին, համակուրսեցին, գործընկերն ինչ աթոռ է զբաղեցնում, ովքեր են այդ աթոռներին նստած: Ինձ հետաքրքրում է քաղաքական կուրսը, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը և ինչ ուղղությամբ է գնում Ռուսաստանը: Ռուսական պետությունը չի ցանկանում, չի հաշտվում այն մտքի հետ, որ Եվրոպայի ծայրագավառն է՝ «ՉՏրՑՏփվՈÿ չսցոՌվՍՈ»: ՌԴ-ն չի հաշտվում, որ ինքը կայսրություն չէ, չկան վասալներ, չկան քծնողներ, չկան երկրորդ կարգի մարդիկ, որոնց իրենք կարող են հրավիրել որպես ծաղրածու: ՌԴ-ն ուզում է անպայման ունենալ երկրորդ կարգի մարդիկ, աբորիգեններ և այս կտրվածքով կարծում է, որ Հայաստանն էլ հավակնորդ է: ՌԴ-ն կարծում է, որ կարելի է փայլփլուն ուլունքներ ուղարկել Հայաստանին: Ռուսաստանը նորանալ, ժամանակակից պետություն դառնալ կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում ունենալ դաշնակիցներ, հարևաններ: ՌԴ-ն ուզում է ունենալ վասալներ:
-Դուք տեսնո՞ւմ եք այն ռեսուրսը Հայաստանում, որը կարող է արժանապատիվ հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ:
-Մենք դա տեսնում ենք ամեն օր: Նույնիսկ մեկ հոգին բավարար է: Օրինակ՝ Շանթ Հարությունյանն ասաց. «Ես խաղասեղանին եմ դնում իմ և իմ միակ որդու կյանքը»: Ձեր կողմից, փայլփլուն ականջօղեր կրողների կողմից կա՞ որևէ մեկը, որ իր կյանքը կդնի որպես խաղադրույք այդ պայքարում: Մեկ հոգի արդեն ասել է՝ ես իմ կյանքը դնում եմ գրավ: Հարգանքի է միայն արժանի այն մարդը, որը խաղասեղանին է դնում իր, իր զավակի կյանքը, անկախ այն բանից՝ համաձա՞յն ես նրա գաղափարների հետ, թե՞ ոչ: Դա նշանակում է, որ մենք կարող ենք ասել՝ մենք համաձայն չենք այս վիճակի հետ, մենք չենք ստրկանա, մենք ունենք անձնազոհ մարդկանց ստվար զանգված: Ով չի հավատում, թող գնա Եռաբլուր, ով չի հավատում, թող գնա Շանթի հետ հանդիպման: Նրանք, ովքեր անհարգալից են խոսում Շանթի մասին, հենց իրենց որակն են ի ցույց դնում: Իսկ հասարակական կազմակերպությունները, որոշ քաղաքական ուժեր ամեն օր հայտարարում են իրենց անհամաձայնությունը: Եվ դա ցույց է տալիս, որ քաղաքական կյանքը մեռած չէ: Հայաստանում կա պայքար, կա ձգտում դեպի առաջընթաց: Մենք գնում ենք դեպի առաջ, այլ բան է, որ դրսից մեզ պարտադրվում է այլ ռեժիմ՝ հետադիմական ռեժիմ: Դա ընդհանրապես մեր գործն էլ չէ: Մեր գործը չէ այն իմաստով, որ մեր բաժին աշխատանքը անում ենք: Հայաստանի ազատության, ինքնիշխանության համար պայքարը եղել է անընդմեջ: Այդ գիշատիչ հակառակորդը անընդհատ կերել է մեր կյանքը: Մենք խարույկի մեջ անընդհատ նետել ենք մեր կյանքը, միշտ վառ ենք պահել այդ կրակը: Իսկ դրսի սցենարիստները, ինչպես հայտնի մի քաղաքական գործիչ է ասել, նմանվում են «գորգի տակ կռվող բուլդոգների»: Այդ «գորգի տակ կռվող բուլդոգների կռիվը» Հայաստանի համար է: Իրենք կռվում են, թող կռվեն: Մենք հայտ ենք ներկայացնում ամեն օր: Մենք ուզում ենք լինել ինքնուրույն, լինել ազատ: Մենք ժամանակակից քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Իսկ բուլդոգներից ո՞ր մեկը կհաղթի մյուսին, դա մեզ չի վերաբերում: Ես կարծում եմ, որ Եվրոպան, Եվրամիությունը, Հեռավոր Արևելքը, Եվրասիան, «Ասիոպան» երբ կռվում են, դա մեզ չի վերաբերում, դա մեր պայքարը չէ: Մենք գիշատիչների պայքարին չենք ուզում մասնակցել: Մենք չպետք է թույլ տանք անզգույշ քայլեր, որ այդ գիշատիչներից որևէ մեկը չխժռի մեր հայրենիքը:
Մենք ժամանակին չուզեցինք, որ նոր ազատագրված, նորացող Ռուսաստանին՝ մեր դաշնակցին, ճնշել, թողնել անհարմար դրության մեջ, մտածեցինք, որ կամրապնդվի ժողովրդավարությունը, իրենք կանեն քայլ: Ես դեռ չեմ կորցնում հույսս, որ Ռուսաստանը կազատագրվի, կդառնա ժողովրդավարական, մարդասիրական և կզղջա իր սխալների համար, այդ թվում՝ հայ ժողովրդի, հայկական պետության դեմ թույլ տված սխալների համար: Ինքը դեռ կզղջա:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 2060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ