Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Վարչակարգն ի վիճակի չէ դիմակայելու արտաքին մարտահրավերներին»

«Վարչակարգն ի վիճակի չէ դիմակայելու արտաքին մարտահրավերներին»
07.11.2013 | 15:58

irates.am-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գործող «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարո Կարապետյանը.

-Վերջին տասը տարում ԱՄՆ-ի հայկական համայնքը ՀՀ նախագահի ամեն մի ընտրությունից հետո ոտքի է կանգնել և բողոքել կեղծված ընտրությունների, ապօրինությունների դեմ: Այսօր ի՞նչ տրամադրություններ են տիրում ամերիկահայերի շրջանում, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը շրջադարձային է դարձել Հայաստանի կյանքում:
-Համայնքում տիրող տրամադրությունները, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա հիմնական խնդիրների հետ կապված, ինչպիսիք են` օրինական (լեգիտիմ) ընտրություններ, իրավական պետություն, օրենքի գերակայություն, կոռուպցիա, արտագաղթ և այլն, նույնն են` խիստ բացասական: Համայնքը հիմնականում չունի վստահություն այսօրվա քրեաօլիգարխիկ վարչակարգի հանդեպ: Կան որոշակի փոքրաթիվ խմբեր և առանձին անձինք, ովքեր, ի դեպ, ունենալով նույն բացասական վերաբերմունքը, այնուամենայնիվ, այս կամ այն ձևով համագործակցում են վարչակարգի հետ: Դրանցից շատերը ուղղակի չեն ուզում ունենալ ոչ ցանկալի վերաբերմունք վարչակարգի կողմից` այս կամ այն պատճառաբանությամբ: Հակասությունները համայնքի տարբեր շերտերի և առանձին անձանց միջև, եթե կան, ապա չեն վերաբերվում վերոնշված սկզբունքային հարցերին, դրանք հիմնականում անձնավորված են կապված այս կամ այն քաղաքական գործչի կամ խմբի հետ: Կարճ ասած, մեր համայնքը եղել է ընդդիմադիր և մնում է ընդդիմադիր թե ռեժիմին և թե նրա պահապան վարչախմբին: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա շրջանառվող բոլոր կարծիքները կամ վերաբերմունքը շատ մակերեսային են: Դա այն բանի հետևանքն է, որ բոլորի համար էլ անընդունելի էր նման կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչախմբի ոչ պետական մոտեցումը: Ակնհայտ է, որ որոշումը պարտադրված է և կապ չունի ոչ մեր պետության, ոչ էլ մեր հասարակության հետ: Մենք ավելի քան համոզված ենք, որ նման կարգի համապետական խնդիր լուծող իշխանությունը պետք է ունենա հասարակական վստահություն, լինի օրինական: Պետականությունը փոշիացնող, պետության և տնտեսության զարգացումը կասեցնող վարչակարգը ի վիճակի չէ դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որոնք կարող են առաջադրվել վերոնշյալ միություններին անդամակցելուց հետո: Եթե պետական համակարգը գործուն չէ, պետությունը չի վայելում հասարակության վստահությունը, չունի հեղինակություն, ապա նա ի զորու չէ լուծելու թե՛ ներքին, թե՛ արտաքին որևէ տեսակի խնդիր: Ինչպես արդեն համոզվել ենք, «պետություն» կոչված վարչակարգի խնդիրը մնում է միայն այս կամ այն քայլերով երկարաձգել իր անօրինական գոյատևումը:
-ՀՀ նախագահի վերջին ընտրությունից առաջ խոսակցություններ էին շրջանառվում, որ պետք է սփյուռքահայերին տալ հնարավորություն, որպեսզի նրանք մասնակցեն ՀՀ ընտրություններին: Ըստ Ձեզ՝ այդ տարբերակը որքա՞ն կարող է լինել արդյունավետ` Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու տեսանկյունից:
-Ճիշտն ասած, ես չեմ հավատում, որ այս իշխանությունները, որոնք իրավահաջորդն են նախկին իշխանությունների, կամավոր կարգով կհանձնեն իշխանությունը ժողովրդին: Այս իշխանությունները տիրացել են պետական իշխանությանը պետական հեղաշրջման արդյունքում: Եթե հիշում եք, մինչև 2007թ պառլամենտական ընտրությունները մենք, ասել է` սփյուռքում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ունեինք ընտրություններին մասնակցելու իրավունք, որը ապօրինի կարգով և ակնհայտ անհեթեթ բացատրություններով խլեցին մեզանից: Պատճառը մեկն էր` Ձեր նշած ազդեցությունը: Բանն այն է, որ ԱՄՆ-ի հայ համայնքը միշտ դեմ էր քվեարկում ռեժիմին: Օրինակ, 2003 թթ. նախագահական ընտրությանը ռեժիմի ներկայացուցիչ Քոչարյանը ստացավ մեր համայնքի ընտրողների ընդամենը 3 թե 4 տոկոս ձայները: Ի դեպ, հետագայում հենց սա էլ դարձավ մեզ քվեարկելու իրավունքից ապօրինաբար զրկելու հիմնական պատճառը: Ամբողջ խնդիրն այն էր, որ մեզ մոտ արձանագրված արդյունքները Հայաստանում տեղի ունեցած քվեարկության իրական արդյունքների արտացոլումն էին: Մենք ավելի քան համոզված ենք, որ նույն պատկերն էր նաև Հայաստանում, ասել է` Քոչարյանը ստացել էր շատ քիչ քանակությամբ ձայներ: Ընտրությանը մասնակցել էին աշխարհի տարբեր մասերում բնակվող ՀՀ քաղաքացիները, ուղղակի մեզ մոտ հնարավոր չեղավ կեղծել ընտրությունների արդյունքները: Այսինքն, եթե նույնը պայմանները այն ժամանակ լինեին Հայաստանում, երբ բոլոր ընտրողները պաշտպանված լինեին պետության կողմից, բնականաբար լինելու էր նույն արդյունքը` նախագահ էր դառնալու այն մարդը, ում որ ընտրել էին: Եթե այսօր իշխանությունները մտադիր են թույլ տալու, նկատի ունեցեք, ոչ թե վերադարձնելու, այլ թույլ տալու, ապա դա պայմանավորված է միմիայն իրավիճակի փոփոխությամբ: Հիմա հնարավոր է, որ իշխանությանը ձեռնտու լինի լեգիտիմացնել իրենց ապօրինի ընտրությունների արդյունքները իրենց ազդեցության տակ գտնվող հավելյալ քաղաքացիների հաշվին: Հաշվարկը շատ պարզ է. ԱՄՆ-ն օրինական երկիր է, հնարավոր չի լինի այստեղ կեղծել ընտրությունները, և բնական է, որ վարչախմբի ցանկացած թեկնածու մեզ մոտ կստանա ամենանվազագույն ձայները: Միևնուն ժամանակ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ռուսաստանյան համայնքի մասնակցությունն ընտրություններին կլինի այնպիսին, ինչպես կհրահանգի այդ երկրի իշխանությունը: Միլիոնից ավելի մարդկանց մասնակցությունը այս պարագայում բնականաբար կունենա բավականին, այն էլ բացասական, ազդեցություն մեր պետականության համար` այն ուղղակի կցեմենտի մեր, այսպես կոչված, չընտրական համակարգը: Այս դեպքում շատ հավանական է, որ հայաստանյան հասարակությունը կհայտնվի պատանդի կարգավիճակում, և շարունակվող արտագաղթի պայմաններում այն ուղղակի կախված կլինի արտաքին աշխարհից:
-Հեռվից հետևելով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին՝ ի՞նչ հետևություններ եք արել: Կա՞ն այսօր քաղաքական ուժեր, որոնք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին, ի՞նչ ճանապարհով է դա հնարավոր:
-Անկեղծ ասած, հարցը մի քիչ կիսատ է, որովհետև այս կամ այն կարող, կամ, ասենք, ունակ քաղաքական ուժի առկայությունը դեռ բավարար պայման չէ Ձեր կողմից նշված խնդրի լուծման համար: Ես կասեի` ավելի կարևոր են հասարակության ցանկությունը, հասարակական տրամադրությունները: Առանց հասարակության լայն շերտերի մասնակցության ոչինչ լինել չի կարող:
-Ամեն մի ընտրությունից հետո հասարակության որոշակի մի հատված, տեսնելով, որ չի կարողանում երկրում փոփոխությունների հասնել, ճարահատյալ արտագաղթում է: Վերջին տարիներին ԱՄՆ արտագաղթածների վերաբերյալ վիճակագրական ի՞նչ պատկեր գոյություն ունի. ովքե՞ր են հիմնականում արտագաղթել, նրանցից մոտավոր հաշվարկներով քանի՞ տոկոսը կարող է վերադառնալ Հայաստան:

-Սկսենք հարցի վերջից։ Շատերը պատրաստ են վերադառնալու, շատ են ցանկանում վերադառնալ և կվերադառնան, երբ Հայաստանում կձևավորվեն օրինական իշխանություններ: Արևմուտքում մեկ տասնյակից ավելի տարի ապրած մարդը սովոր է ապրելու օրինականության և ազատ մրցակցության պայմաններում: Վիճակագրական տվյալների չեմ տիրապետում, բայց մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագաղթողների մեծ մասը վերջին շրջանում սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ չեն, շատերը պետական կառավարման միջին օղակի ներկայացուցիչներ են: Բոլորն էլ բողոքում են իրավական համակարգից, համատարած անօրինականություններից, տնտեսության օլիգարխիկ համակարգից և ամենակարևորը` որևէ բան փոխելու կամ բարելավելու անզորությունից: Կցանկանայի անպայման շեշտել, որ արտագաղթողների գերակշիռ մեծամասնությունը դեմ է արտագաղթին, այն համարում է ազգային աղետ:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ