Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Չկա երկու ավելի մոտ ժողովուրդ, քան հայն ու վրացին»

«Չկա երկու ավելի մոտ  ժողովուրդ, քան հայն ու վրացին»
05.11.2013 | 14:47

Վրաստանի նախագահական ընտրություններից հետո հայ-վրացական հարաբերություններն ի՞նչ տեղաշարժեր կունենան, ջավախահայությունը նոր իշխանությունից ի՞նչ ակնկալիքներ ունի։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ։
-Գեորգի Մարգվելաշվիլին մեզ համար նախընտրելի թեկնածու էր,- ասաց Վարդապետյանը: -Չեմ ուզում միանշանակ այս կարծիքը պնդել, որ հետագայում դրա պատանդը չդառնամ: Դժվար է ասել, թե մեր հարաբերություններն ինչպիսի զարգացում կունենան, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: Մարգվելաշվիլին, որպես քաղաքական գործիչ, առանձնապես հարուստ կենսագրություն չունի, բայց նա ինտելեկտով օժտված քաղաքական գործիչ է: Իմ վերաբերմունքը պայմանավորված է նաև նրանով, որ նա Բիձինա Իվանիշվիլու թիմի ներկայացուցիչ է: Վերջինս բավական հետաքրքիր նախընտրական խոստումներ տվեց, թեև դրանք շատ դանդաղ են իրականություն դառնում:
-Նոր վարչախումբը չի՞ գնա Սաակաշվիլու հետքերով, որի օրոք Ջավախքում գրեթե ոչ մի խնդիր չլուծվեց:
-Անցած-գնացած էտապ է, ու չեմ ուզում Սաակաշվիլու հասցեին լուտանքներ տեղալով «հերոսանալ»: Նրա օրոք, այդ թվում և՝ Ջավախքում, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծվեցին, սակայն լեզվի խնդիրը, ազգային ինքնության պահպանման հարցը, Հայաստանից Վրաստան դասագրքերի մուտքը, մշակույթի զարգացումը դեռևս խնդրահարույց ու արգելքի տակ էին: Կարծես տարածաշրջանում կար վախի մթնոլորտ, անվտանգության մարմինները անհարկի հետապնդումներ էին իրականացնում: Սաակաշվիլին Վրաստանի համար քիչ բան չարեց, բայց կոնկրետ Ջավախքի հարցում նրա քաղաքականությունը չենք կարող միանշանակ դրական գնահատել:
-Հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ կլինեն:
-Այստեղ ակնկալում եմ ջերմացում, դրական փոփոխություններ: Մենք Մաքսային միությանն անդամակցելու մասին ենք հայտարարել, իսկ Սաակաշվիլին ակնհայտ արևմտամետ էր, Իվանիշվիլու թիմը, չխզելով Արևմուտքի հետ կապը, հստակ մեղմ վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ: Սա ևս երկու երկրների հարաբերությունների վրա դրականորեն է անդրադառնալու:
-Ինչպե՞ս եք պատկերացնում «ջերմացումը», եթե Վրաստանը հստակ քայլերով ԵՄ է գնում, Հայաստանը` Մաքսային միություն:
-Մեր մերձեցումը չպետք է պայմանավորված լինի մեկ այլ երկրի հետ հարաբերություններով: Այսպես թե այնպես, Հայաստանն ու Վրաստանը պետք է իրենց եղբայրական հարաբերությունները կառուցեն: Մոլորակի վրա չկա երկու ավելի մոտ ժողովուրդ, քան հայն ու վրացին:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ