Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Էս մարդը հո ձեր «պլենը» չի՞»

«Էս մարդը հո ձեր  «պլենը» չի՞»
05.11.2013 | 00:31

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ (ՀՀ ֆինանսների փոխնախարար)

-Պարոն Սաֆարյան, մեր բոլոր բյուջեներն ունեցել են «անուն, ազգանուն, հայրանուն», ինչպես նաև` ավազանի անուն…
-Նաև` մականուն:
-Նաև` մականուն, և Դուք, որպես բյուջեի կնքահայր, ամեն տարի ասել եք, որ բյուջեն բաշխում է սեր, հույս, հավատ: Ի՞նչ է այս տարվա «նորածնի» անունը:
-Նրա անունն է «2014-ի պետական բյուջե». օրիգինալ է, կարծում եմ, մնացած բոլոր` գոյատևման, զարգացման, լոմբարդային, անլոմբարդային, անունների կողքին:
-Ձեզ ամենից շատ ո՞ր մականունն է դուր գալիս:
-Ինձ շատ դուր եկավ, որ պատգամավորներն ասացին` սա սոցիալական ուղղվածության բյուջե է:
-Ի՜նչ եք ասում. երևի ՀՀԿ-ի պատգամավորներից են եղել, նրանց սոցիալական վիճակը շուտով կլավանա` աշխատավարձերի բարձրացմամբ: Իսկ եթե չլինեիք ֆինանսների փոխնախարար, ի՞նչ անուն կտայիք այս բյուջեին. ճշմարիտ-ճշմարիտ ասեք, պարոն Սաֆարյան, զի «ճիշտը մի հատ է»:
-Ես նույնպես այն կանվանեի սոցիալական բյուջե:
-Պարզ է, Ձեր աշխատավարձն էլ է բարձրանալու, դրա համար, չնայած ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը շատ վիրավորված է, որ ԲՀԿ պատգամավորների և ձեր` փոխնախարարներիդ աշխատավարձերը հավասար են լինելու: Անցնենք առաջ. եթե փոխնախարար չլինեիք, կողքից նայելու դեպքում ի՞նչ կմտածեիք այս ամենի մասին:
-Նուրբ լարերիս դիպաք. այս ողջ ժամանակում հասաք Ձեր նպատակին` «հուզեցիք» ինձ:
-«Մի տխրիր, իմ զավակ», կասեր Մուշեղ Իշխանը, զի մի ողջ ժողովուրդ բյուջեի «պահով» տխուր է արդեն` հազար տարի: Մի փոքրիկ էլ տխրեցնենք Ձեզ ու` պըրծ: Բյուջեի ավազանի անունը «թալանի ու լափումի» էր, որը Ձեր հուզմունքի պատճառով մոռացաք ասել. ինքներդ եք դրել:
-Չէ, պատմությունն այսպես էր. կան լրագրողներ, որոնք Ձեզ նման անպայման ուզում են էդ կտրվածքով անուններ դնել, ես էլ իրենց օգնելու համար, ասացի` ձեզ ի՞նչ դուր կգար, որ մենք ասեինք` «լափելո՞ւ» բյուջե. որովհետև ես ասում եմ` բյուջեի նախագիծ ենք բերել, իրենք անմիջապես հարցնում են` դրա ինչքա՞ն մասն են «լափելու»:
-Եվ որքանն է «լափվելո՞ւ», պարոն Սաֆարյան:
-Վերադարձեք այն գերատեսչությունը, ուր Դուք մամլո խոսնակ էիք աշխատում և կիմանաք:
-ՎՊ-ն ասաց` ութսուն տոկոսը:
-Դե, որ ասել են, ուրեմն մի բան գիտեն:
-Բա էլ ո՞ւր եք եկել պառլամենտ։ Եվ, այսուհանդերձ, մեկ հարց ևս «լափման» գործընթացի առնչությամբ…
-Էս ի՜նչ լրջացաք:
-Թեման է պահանջում, Դուք և՞ս լուրջ եք:
-Մի՜շտ լուրջ և զգաստ:
-Հավսա՜ր, ուշադրությունը դեպի «լափման» գործընթացը: Վանոն կասեր` երկոտանու ո՞ր տեսակը պետք էր լինել, որ նպաստների կրճատումն ու չինովնիկների աշխատավարձերի բարձրացումը նույն փաթեթում դիտվեին, և, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, «դիվիդի» շահվեր` էս նեղ մաջալին:
-Շատ բարդ հարց տվեցիք: Հիմա ես չգիտեմ` հարցի գեղարվեստակա՞ն մասին անդրադառնամ, թե՞ ֆինանսական: Պատասխանեմ` միայն ֆինանսականին:
-Ոչ, պարոն Սաֆարյան, երիցս` ոչ: Նեկրասովն ասում է` ֆինանսիստ լինելուց առաջ դու պարտավոր ես քաղաքացի լինել:
-Վանոն ասաց, Նեկրասովն ասաց, բա մի հատ էլ ասա` Սեյրան Օհանյա՞նն ինչ ասաց. էն օրը բյուջեի քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց` էս մարդը, այսինքն` ես, հո ձեր «պլենը» չի՞:
-Ամբողջ կյանքում, որքան Ձեզ հիշում ենք, եղել եք բյուջեն ներկայացնող պաշտոնյա. մեր ենթագիտակցությունում Դուք և բյուջեն անբաժան եք, որովհետև նստել եք ՆԷՊ-ի, Նիկոլայի, Ալեքսանդրի օրոք. չե՞ք ուզում մի քանի օրով մեր «պլենը» լինել. չէ՞ որ տարվա մնացած օրերին մենք ու համայնքն է Ձեր «պլենը»։ Մի մոռացեք` համայնքը զորավոր է, համայնքը չի ների:
-Րաֆֆին կասեր` զորավա՜ր է:
-Ասիք զորավար, հիշեցի. Անդրանիկ Մարգարյանի ժամանակ մի լավ սովորույթ կար. բյուջեն ընդունելուց հետո այն «տարժեստվեննի»` Գրիգորիչ Գալուստի սենյակում կոնյակով «թրջվում» էր. էս քանի տարի է` նման բան չկա: Կարո՞ղ է անհարմար եք զգում, դրա համար:
-Ով նշում էր, նրանից հարցրեք, ես ընդամենը մասնակից եմ եղել` հրավիրյալ:
-Վերջին անգամ եմ հարցնում, պարոն Սաֆարյան. բոլոր այս բյուջեների մեջ ամենաառինքնող անունը ո՞ր տարվա բյուջեն է ունեցել:
-Դուք անունը դնում, դուք ասում-խոսում-ուրախանում եք: Ես աշխատում եմ այդ անունները մոռանալ: Մեզ համար բովանդակային խնդիրներն են էական: Թե չէ անուն դնելը ո՞րն է, հո տղա՞ չի, որ անունը դնես` Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ:
-«Ոչ` էն, ոչ` էն, ոչ` էն, ոչ էն, դու ես իմ կյանքի բոխչեն»:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ