Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Ո՞վ է ասում, որ ինչ-որ ապրանքի հետ պետք է ներմուծենք նաև բարքերը»

«Ո՞վ է ասում, որ ինչ-որ ապրանքի հետ պետք է ներմուծենք նաև բարքերը»
10.11.2013 | 16:34

Օրերս ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը «ութ կետ»-հիմնավորումով հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, քանի որ ձախողել է նախ և առաջ արտաքին քաղաքականությունը: «Նախագահն արտաքին քաղաքականության մեջ չի ձախողվել, այլ ձեռքբերումներ ունի: Սերժ Սարգսյանի հավասարակշիռ քաղաքականությունն իր հակառակորդներին նման քննադատությունների տեղիք չի տալիս: Այն, ինչ կա, գերագույն ջանքերի, ճիգերի արդյունք է: Այսօր խոսել մեր արտաքին քաղաքական անհաջողությունների մասին ուղղակի անիմաստ է: Այդ հրաժարականի պահանջը ոչ մի հիմնավորում չունի: Մենք ունեցել ենք երեք նախագահ, որոնցից յուրաքանչյուրի պաշտոնավարման ժամանակահատվածներն իրենց բարդություններն են ունեցել: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է Ղարաբաղի հարցը լուծել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, առայժմ Սերժ Սարգսյանն էլ չի կարող լուծել, բայց այդ ճանապարհին հստակ քայլեր է անում: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի նշած կետերից որևիցե մեկը ճիշտ լիներ, այսօր ընդդիմությունն այսպիսի թշվառ վիճակում չէր լինի: Ընդդիմությունը հզորանում, համախմբվում է, եթե իշխանության առնչությամբ ճիշտ խնդիրներ է առաջ քաշում»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Արտաքին քաղաքականությունն այնպիսի բարդ բնագավառ է, որ միանշանակ գնահատելը ճիշտ չէ,- շարունակեց պարոն Հարությունյանը,- որովհետև այդ ոլորտի հաջողությունները պայմանավորված են նաև արտաքին ուժերի կամեցողությամբ: Ով ուզում է նախագահ լինի, եթե արտաքին ուժերը չեն ուզում, որ դու հաջողություններ գրանցես, երբեք չես կարող գրանցել: Այն, ինչ կա, Սերժ Սարգսյանի հավասարակշռված, տրամաբանված արտաքին քաղաքականությամբ է պայմանավորված:
-Ասում են՝ Հայաստանը կորցրել է անկախ որոշումներ կայացնելու ունակությունը: Մեր փոխարեն Ռուսաստանն է որոշումներ կայացնում:
-Դեռ որևէ որոշում Ռուսաստանը չի կայացրել: Իսկ ենթադրություններով չեմ առաջնորդվում: Հայաստանն ընդամենը ստորագրել է Մաքսային միություն մտնելու հայտարարությունը, ու դեռ քննարկվում է՝ Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի այդ միության մեջ: Այդ ի՞նչ ճակատագրական, համաժողովրդական բան է եղել, որ ռուսները միջամտել են:
-ՄՄ-ում լինել-չլինելու մասին վերջերս նաև ռուսական Առաջին ալիքով «մեսիջներ» հնչեցին: Հայաստանին ինչ-որ բա՞ն են ուզում հասկացնել:
-Այդ աղջիկը` Զեյնալովան, բավականին սկանդալային թղթակցի հեղինակություն ունի: Այդքան ուշադրություն դարձնել թրքուհու ասածներին անիմաստ է: Առաջին ալիքով այնքա՜ն բաներ են եթեր հեռարձակվում` հակապուտինյան, սկանդալային նյութեր: Հետևապես, Զեյնալովան ո՞վ է, որ նրա տեսակետը պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը լինի: Պաշտոնական Ռուսաստանի տեսակետը ամրագրվել է դեռևս 18-րդ դարի սկզբին: Եթե որոշ մարդիկ Գյուլիստանից են սկսում, ես կարող եմ ասել, որ դա սկսվել է Պետրոս Մեծի կասպիական արշավանքներից, երբ կայսրությունը ստեղծվել էր, և անհրաժեշտ էր դուրս գալ «տաք ջրեր»` Միջերկրական ծով: Այդ ճանապարհն անցնում էր Հայաստանով, հետևաբար, Ռուսաստանը ոչ թե օգնում էր Դավիթ Բեկին, Մխիթար Սպարապետին, այլ իրականացնում էր իր քաղաքական ծրագիրը: Երբ ասում են` Հայաստանը ստրատեգիական շատ անհաջող տեղանքում է, ես ասում եմ, որ դա ունի նաև իր պլյուսները: Հայաստանն այնպիսի կարևոր դիրք ունի, որ գերտերությունները երբեք անուշադրության չեն մատնի: Հուրախություն մեզ, խոշոր պետությունները, որոնք աշխարհի բախտն են որոշում, շահագրգռված չեն, որ այս իրավիճակը փոխվի, իրագործվի պանթուրքիզմի ծրագիրը: Պանթուրքիզմի ճանապարհին պատնեշ է Հայաստանը, որտեղ խաչվում են բազմաթիվ պետությունների հետաքրքրություններ` ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն:
-Եթե մեր հանդեպ այդքան մեծ հետաքրքրություն կա, այդ երկրները շահեր ունեն այստեղ, ինչո՞ւ ենք միայն մեկի «պոչից» բռնել ու չենք փորձում մյուսներից էլ հնարավորինս օգուտներ քաղել:
-Հայաստանն այդպես էլ վարվում է` փորձելով օգուտներ քաղել բոլորից: ԵՄ-Հայաստան բանակցությունները դրա ապացույցը չե՞ն։
-Այդ բանակցությունները չե՞ն դադարել:
-Ոչ, այդ հարցում ես ավելի տեղեկացված եմ: Ավելին, ասոցացման համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանի ղեկավարը, այս առումով, շատ ավելի խոր և հեռուն է տեսնում, քան մենք ու դուք:
-Ի՞նչ արժեք ունի այդ համաձայնագիրն առանց «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու»:
-Եթե Մաքսային միությանն ես միանում, քո «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին» այստեղ ես «բացում»: Տնտեսագետ չեմ, բայց Ռուսաստանի շուկան մեզ ավելի ձեռնտու է, քան եվրոպական շուկան, քանի որ մենք այդքան մրցունակ չենք: Հայաստանի ապրանքները շատ ավելի մրցունակ կլինեն ռուսական շուկայում:
-Այլ խոսքով, մենք այլընտրանք չունեինք, Մաքսային միությունն է մեր միակ ընտրությունը:
-Ես անձամբ կողմ եմ այդ ընտրությանը: Ինչ-որ միության միանալիս պիտի ունենաս տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական, սովորութային ընդհանրություններ: Ի վերջո, մենք երբեք Եվրոպայի հետ չենք համագործակցել և ընդհանուր աղերսներ չենք ունեցել: Ես ինքս եվրոպական արժեքային համակարգի կողմնակից եմ, բայց պիտի առաջնորդվել «Փորձված թանը անփորձ մածնից լավ է» սկզբունքով: ԵՄ-ին անդամակցած Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան հիմա արդեն փոշմանել են: Երեկ իմացա, որ ԵՄ-ը Հունաստանը ներառել է ոչ զարգացող երկրների ցուցակում, Բուլղարիայում իրավիճակը սարսափելի է: Առաջին անգամ Նապոլեոն Առաջինն է փորձել Եվրոպական միություն ստեղծել, ինչը չի հաջողվել: Տնտեսական, մշակութային, ֆինանսական հակասությունները թույլ չեն տվել: Այսօր էլ ԵՄ-ը 100 տոկոսով կայացած կազմակերպություն չէ, որովհետև այնպիսի հակասություններ կան հիմնադիր երկրների միջև, որ այդ կազմակերպությունը կարող է երկար կյանք չունենալ:
-Ո՞րն է Ձեր պատասխանը հայաստանյան արևմտամետներին, ովքեր կարծում են, թե Մաքսային միություն գնալով, Հայաստանում ժողովրդավարությունը խոր անկում է ապրելու, Ռուսաստանի վատ բարքերը ներթափանցելու են Հայաստան։
-Այսինքն, եվրոպական բարքերն ավելի՞ լավն են` միասեռականությունը, չգիտեմ էլ ինչ այլանդակություններ: Ռուսաստանում միշտ խմելն է, չէ՞, եղել Իվանի «այիբը»: Ավելի լավ չէ՞` խմող լինի, քան միասեռական: Խնդրեմ, եվրոպական արժեք են կոմայգին, ընտանեկան-բարեկամական հարաբերությունների սառնությունն ու չարությունը, եղբայրների միջև հակասությունը: Եվրոպացիներն ունե՞ն մեր արժեքները` փոխադարձ օգնություն, հարազատական խոր և ամուր կապեր, ծնողների հանդեպ պաշտամունքը, երեխաների նկատմամբ նվիրվածությունը:
-Ռուսներն էլ չունեն:
-Բայց ո՞վ է ասում, որ ինչ-որ ապրանքի հետ պետք է ներմուծենք նաև բարքերը: Ռուսական մշակույթն աշխարհն է ընդունում: Ռուսաստանը Տոլստոյ է տվել, Դոստոևսկի, Չեխով, Չայկովսկի: Հա, իրենք էլ են տվել: Դուք հիմա տեսնում եք ուղղակի մի քանի հարբեցողի, մինչդեռ ռուսական մշակույթը երբեք չի զիջել եվրոպականին: Եվրոպացինե՞րը մեզ պիտի սովորեցնեն վարվեցողության կանոնները, որ չի կարելի փողոցում հայհոյել, ծխախոտը գցել... Եվրոպայում հենց այդ կենցաղային բաներն են, որ ուշադրության են արժանանում: Ի՞նչն է մեր վաճառողներին խանգարում, որ ժպտալով սպասարկեն հաճախորդներին, անպայման ԵՄ-ին պիտի միանանք, հետո՞ դրանք սովորենք: Ամենակարևորը այս երկու ընտրությունում անվտանգության հարցն է:
-Շատերը կարծում են, որ այս աշխարհաքաղաքական «խաղերում» Ղարաբաղը մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ձեռքին մանրադրամ է լինելու: Այս հարցում վտանգավոր զարգացումներ հնարավո՞ր են:
-Այսօր, վաղը, միշտ մենք վտանգի առաջ ենք, քանի որ շրջապատված ենք Թուրքիայով ու Ադրբեջանով, որը մշտապես սպառնալիքներ է հնչեցում: Ադրբեջանը վերածվել է միլիտարիստական մի երկրի, որի ողջ գաղափարախոսությունը և տնտեսական գործունեությունն ուղղված են ռազմական ռևանշի: Այս պարագայում վտանգ միշտ էլ կա: ՈՒզում ես ԵՄ-ին միացիր, ուզում ես՝ Մաքսային միությանը, այդ վտանգները չեն վերանում: Դրանց առաջին հերթին մենք ինքներս պիտի դիմագրավենք: Տեղին-անտեղի չասենք՝ նախագահը պետք է հրաժարական տա, վարկաբեկենք մեր պետությունն ու ղեկավարին, չպետք է իրար հետ լինենք «շուն ու կատու»: ՈՒնենալով տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ, վտանգի պահին պիտի բռունցքվենք, ինչպես եղավ պատերազմի տարիներին:
-ԵՄ-Մաքսային միություն թնջուկում այնքան է հասարակական, քաղաքական միտքը խորացել, որ ներքին խնդիրներից, կարծես, հեռացել ենք: Նման «շռայլություն» իշխանությունը կարող է իրեն թույլ տալ, հաշվի առնելով, որ արտագաղթի ցուցանիշները, սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, լավ բանի մասին չեն խոսում:
-Կարծում եմ, ներքին խնդիրների լուծմամբ ավելի շատ իշխանություններն են զբաղված: Բայց և չենք կարող ասել, որ գործազրկությունը վերացրել ենք, արտագաղթ չկա: Իսկ ո՞վ է ասում, որ իշխանություններն անսխալական են: Այնքան չինովնիկներ կան, որ պետք է պատժվեն, այնքան մարդ կա, որ իր տեղում չէ, գռփում են, թալանում են բյուջեն: Ո՞վ է ասում, որ այսպիսի բաներ չկան:
-Բռնեք թալանողների, գռփողների ձեռքը:
-Ես, դժբախտաբար, «բռնող» օրգան չեմ: Ես լինեի՝ կբռնեի: Ավելին, փոխանակ այս հարցերից խոսելու, որ մեր ցավն է, խոսում են արտաքին քաղաքականության մասին, որտեղ հաջողություններ ունենք: Թող դեղատոմս տան, տեսնենք՝ այս արտագաղթը ո՞նց ենք կանգնեցնում, ի՞նչ է, նախագահը պետք է միայն այդ դեղատո՞մսը տա: Դուք տեսե՞լ եք, որ մի չինովնիկ, նախարար այսքան տարվա մեջ մի բան ասի, որը այս երկրի զարգացմանը օգտակար լինի: Բոլորը սպասում են, թե նախագահն ինչ պիտի ասի: Իրենց վրա պատասխանատվություն չեն ուզում վերցնել, ամեն ինչ գցում են նախագահի վրա, որ հետո նրան քննադատեն, իրենք էլ իրենց տաքուկ տեղերում ապրեն: Ես չեմ տեսել, որ մի կարգին քննադատություն հնչի, միայն անձնավորված է լինում` այսինչը լավ է, այնինչը` վատ: Փոխանակ ասելու՝ դու այս բնագավառի պատասխանատուն ես, ու այս-այս բաները սխալ են: Օրինակ, գիտեմ դպրոցի տնօրենի, որ ութսուն տարեկան է, բայց դեռ տնօրեն է, իր մարդուն «դրել» է ու դպրոցը սեփականաշնորհել: Ի՞նչ է, նախարարը չգիտի՞ այդ մասին: Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց ոլորտների համար: Խորհրդային տարիներին նախարարներ կային, որոնց անունով տնտեսական ծրագրեր էին կոչվում, իրենք էին տանում այդ ծրագրերը «ցեկա»՝ հաստատում-բերում: Մի նախարարություն կա ընդամենը, որ անհատական պատասխանատվություն է կրում` պաշտպանության նախարարությունը:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ