Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Մոտ ապագայում վճռորոշ դեր կխաղա Բաղրամյան 26-ը»

«Մոտ ապագայում վճռորոշ դեր կխաղա Բաղրամյան 26-ը»
28.10.2013 | 15:56

irates.am-ի հարցերին պատասխանում է Նյու Յորքում ապրող մեր հայրենակից, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, այսօր ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների պառակտումները, նույնիսկ կարևորագույն հարցերին վերաբերող քվեարկությունների ժամանակ միասնական դիրքորոշում չցուցաբերելը ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտը փոշիացած է: Ի՞նչ եք կարծում, Հայաստանում հնարավո՞ր է, որ ի հայտ գա նոր ընդդիմադիր ուժ, կա՞ դրա պահանջարկը, թե՞ հասարակական ապատիան այնքան խորն է, որ ոչ մի ուժ չի կարող ժողովրդին դուրս բերել փողոց, մինչև վերջին տարիների իրադարձությունները չվերաիմաստավորվեն:

-Ես չգիտեմ, ճիշտն ասած, թե ինչ է նշանակում վերաիմաստավորել վերջին տարիների իրադարձությունները: Դրանք մեկ շարունակական շղթայի օղակներ են, որոնք անընդհատ կրկնվում են: Վերաիմաստավորելու ժամանակ շատ կար և հիմա չէ, որ պետք է դասեր քաղել դրանցից: Ինչ վերաբերում է ապատիային, ապա դա ամենավտանգավոր հանգամանքն է: Ապատիան միտում ունի անակնկալ, անսպասելի կրքի վերածվելու և այդպիսի թեժ կրքերի պարագայում այն կարող է ցունամիի ուժ ստանալ:

-Ըստ Ձեզ՝ կանխատեսելի՞ էին այսօրվա իրողությունները: Ինչու՞ այդքան բուռն, ինքնաբուխ պայքարից հետո հասանք այս հանգրվանին, երբ չկա հանրային աջակցություն վայելող որևէ քաղաքական ուժ: Ոչ մեկը նոր տեքստ, նոր ասելիք չի ձևակերպում, որը կարող է բխել հանրության շահերից:

-Խնդիրը տեքստերի մեջ չէ: Տեքստ ասողներ շատ կան, և շատերի տեքստերը հաճախ շատ լավն են: Խնդիրը այդ տեքստերն իրականացնելու ցանկության և դրա սեղանին դրվող զոհերի մեջ է: Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը համբերատար է, անչափ համբերատար:

-Հաճախ ընդդիմադիր ուժերը իշխանափոխության չհասնելու պատճառները տեսնում են արտաքին խաղացողների միջամտության մեջ: Որքանո՞վ են արտաքին գործոնները, արտաքին խաղացողները դեր խաղում ՀՀ-ում իշխանության վերարտադրման գործում:

-Եթե մեկ կամ երկու միլիոնանոց երկրում հինգհարյուր հազար հոգի ոտքի է կանգնում և վճռական վարքագիծ դրսևորում` բոլոր արտաքին գործոնները չեզոքանում են: Հայաստանում երբևէ այդ երկուսը չեն զուգակցվել: Դրանում է իշխանության հարատևության և ընդդիմության ջախջախելիության գաղտնիքը:

-Առաջիկա չորս-հինգ տարիներին ո՞ր քաղաքական ուժերը վճռորոշ դեր կխաղան Հայաստանի կյանքում. կծնվե՞ն նոր քաղաքական ուժեր, թե՞ ոչ:

-Անշուշտ: Առանց դրա հնարավոր չէ: Հենց դաշտի մաքրված լինելն էլ խոսում է այն մասին, որ հրապարակն ազատ է նոր ուժերի համար: Հատկապես քաղաքականության մեջ` թափուր տեղեր չեն լինում: Նախագահական ընտրություններից դեռ քիչ ժամանակ է անցել: Առջևում են նոր նախագահի նոր ընտրությունները: Դրանք անպայմանորեն նոր իրավիճակ են բերելու: Ինչ վերաբերում է առաջիկայում դեր խաղացող քաղաքական ուժերին, ապա Հայաստանում այժմ միայն մեկ քաղաքական ուժ կա` Բաղրամյան 26-ը: Հենց Բաղրամյան 26-ն էլ, ինչպես վերջին տասնհինգ տարիների ընթացքում, այնպես էլ մոտ ապագայում կխաղա վճռորոշ բոլոր դերերը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ