Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Դժվար է ամբողջ կյանքը նվիրել գործիքին. դրանից շատ բան տուժում է»

«Դժվար է ամբողջ կյանքը նվիրել գործիքին. դրանից շատ բան տուժում է»
27.10.2013 | 23:28

ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆՆ անվանի դաշնակահարուհի է։ Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում։ Հյուրախաղերով ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում։ Արուս Աճեմյանի երկացանկում տեղ են գտել հայ, ռուս, արևմտաեվրոպական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2009 թվականին Ա. Աճեմյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:

Դաշնակահարուհու հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

-Արուս, Դուք ծնվել եք երաժիշտների ընտանիքում։ Ձեր ծնողներն ի՞նչ դեր են խաղացել դաշնամուր ընտրելու Ձեր որոշման վրա։

-Դաշնակահարի մասնագիտությունն ինքնաբերաբար ընտրվեց։ Ծնողներս ինձ տարան Չայկովսկու անվան դպրոց՝ երաժշտական կրթություն ստանալու։ Արդեն 5-րդ դասարանում, երբ մասնակցեցի համերգների, մրցույթների, ունեցա հաջողություններ, շահեցի մրցանակներ, հասկացա, որ կյանքս առանց դաշնամուր պատկերացնել չեմ կարող և ինքնաբերաբար գնացի այդ ուղղությամբ։

-Երաժիշտների կյանքում, որպես կանոն, մեծ դեր են կատարում նրանց ուսուցիչները։ Ովքե՞ր են Ձեզ համար մասնագիտական ճանապարհ հարթել։

-Իմ ուսուցիչը՝ պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանը, շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում։ Նրա մոտ ես սովորել եմ 5 տարեկանից. դպրոցն եմ ավարտել, կոնսերվատորիան, ասպիրանտուրան, և մինչ օրս նա իմ լավագույն խորհրդատուն է։ Իմ նվագի վերաբերյալ ամենակարևոր կարծիքը ես միշտ նրանից եմ ստանում։ Նա որոշիչ դեր ունեցավ և՜ իմ մասնագիտության ընտրության, և՜ որպես երաժիշտ ու անձ իմ կայացման գործում։ Իմ երախտիքի խոսքը ես աշխատում եմ նրան հայտնել իմ համերգներով։ Բացի այդ, ես մասնակցել եմ նաև Դ. Պոլակի, Ն. Պետրովի, Գ. Չերնի-Ստեֆանսկայայի, Մ. Վոսկրոսենսկու, Ն. Յուժանինի, Օ. Յաբլոնսկայայի, Մ. Պրոսլերի և Ն. Սվետլանովայի վարպետության դասընթացներին: Իմ մասնագիտական կայացման գործում մեծ դեր են խաղացել նաև դիրիժորներ Սպիվակովը, Օրբելյանը, ում հետ ես համերգներ եմ ունեցել։

-Արուս, դաշնակահարները հյուրախաղեր գնալիս հանդիպում են անծանոթ դաշնամուրի։ Հե՞շտ է մի քանի ժամվա ընթացքում ընտելանալ գործիքին և կարողանալ լավագույն ձևով ներկայանալ հանդիսատեսին։

-Մեր մասնագիտության մեջ դա դժվար պահերից մեկն է։ Երբեմն առանց փորձի, օդանավից իջնում ես ու անմիջապես գնում համերգային դահլիճ։ Իհարկե, հեշտ չէ, և դա հաղթահարելու համար անհրաժեշտ է փորձ, պրոֆեսիոնալիզմ ու մեծ նվիրվածություն, որպեսզի այդ դժվարությունները հաղթահարես։

-Կա՞ տարբերություն կին և տղամարդ դաշնակահարների միջև։ Նրանց նվագն ի՞նչ առանձնահատկություններ ունի։

-Որևէ էական տարբերության մասին խոսել չեմ կարող։ Միայն այն կարող եմ ասել, որ դաշնակահարների մեջ կանայք շատ ավելի քիչ են, որովհետև կենցաղային տարբեր խնդիրները չեն թողնում կանանց բեմում լինել։ Ի վերջո շատ քչերն են մնում երաժշտության ասպարեզում, որովհետև դժվար է ամբողջ կյանքը նվիրել գործիքին, ինչից շատ բաներ տուժում են։

-Մենահամերգներով շատ եք լինում տարբեր երկրներում։ Հատկապես ո՞ր երկրի բեմն է եղել տպավորիչ։

-Դրսում բոլոր համերգներս էլ հիշում եմ մի առանձնահատուկ ջերմությամբ։ Բայց կուզենայի նշել իմ 6 համերգը 2003 թվականին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) Բրազիլիայում և Ուրուգվայում, երբ նվագում էի Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները: Մեծ ջերմությամբ եմ հիշում այդ համերգները, որոնք ընթանում էին շատ հանրահայտ դահլիճներում։ Իմ հիշողության մեջ այդ ելույթները առանձնահատուկ են տպավորվել։

-Այս տարի նշվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Դուք հաճա՞խ եք կատարում Խաչատրյանի գործերը։

-Շատ հաճախ եմ կատարում, մասնավորապես Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը, որը բազմիցս ներկայացրել եմ և՜ Հայաստանում, և՜ արտասահմանում՝ օտարազգի դիրիժորների ղեկավարությամբ, և՜ ձայնագրել եմ այն։ Շատ եմ սիրում այդ ստեղծագործությունը և համարում եմ, որ լավագույն կոնցերտներից մեկն է։ Պատահական չէ, որ հենց կոմպոզիտորի 110-ամյակի ծրագրերի շրջանակներում նախաձեռնել եմ կատարել այդ կոնցերտը։

-Հայաստանում երաժշտին, հատկապես երիտասարդ, հե՞շտ է կայանալ, ինքնադրսևորվել։

-Իհարկե, հեշտ չէ։ Ցավոք, դասական արվեստը բոլորի համար չէ, այն միայն հատուկ լսարանի համար է, և հնարավորություններն էլ շատ չեն։ Փառք Աստծո, որ վերջին տարիներին կան դրսում սովորելու, համերգներ ունենալու հնարավորություններ։ Սակայն համերգներ տալուհամար էլ կապեր են պետք, ճանաչում, որպեսզի հրավիրեն։ Իհարկե, առաջ գնալը շատ դժվար է, բայց ցանկության և շնորհքի դեպքում՝ կարելի է։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ