Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինչու «Ժանտախտ»-ը պետք է գնել 4000 դրամով, այլ ոչ թե` 350

Ինչու «Ժանտախտ»-ը պետք է գնել 4000 դրամով, այլ ոչ թե` 350
25.10.2013 | 17:53

irates.am-ի հարցերին պատասխանում է թարգմանիչ, թարգմանաբան, ԵՊՀ դասախոս Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Տիկին Հակոբյան, Ձեր հիմնադրած «Աննա և Միքայել» հրատարակչությունը տարիներ շարունակ զբաղված էր ֆրանսիական ժամանակակից գրականությունը թարգմանաբար հայ ընթերցողին ներկայացնելով: Ինչո՞վ է զբաղված հիմա Ձեր հրատարակչությունը, ի՞նչ նոր գրքեր եք պատրաստվում հրատարակել:

-Հիմա մենք չենք ստանում ֆինանսավորում, շատ քիչ գրքեր կան, որոնք ծրագրել ենք թարգմանել: Ես կցանկանայի, որ մեր հրատարակչությունը գործեր ինքնաֆինանսավորմամբ, բայց դա հնարավոր չէ: Կա առաջարկ, որ մենք միանանք և համատեղ գործենք «Զանգակ-97» հրատարակչության հետ, ինչպես «Փրինթինֆո»-ն և «Սարգիս Խաչենց»-ն են գործում: Դեռ չեմ որոշել, քանի որ պետք է պայմանագիր կնքել: Բացի այդ, ես չեմ ուզում, որ կորչի մեր հրատարակչության քսան տարիների աշխատանքը: Այն գրականությունը, որը բարձրակարգ է, այսօր քիչ ընթերցողներ է ունենում և շահույթ չի բերում հրատարակչություններին:

-Դուք հաճախ եք լինում արտերկրում: Ո՞ր հեղինակներն են այսօր առավել պահանջված Եվրոպայում, ո՞ր հեղինակներին արժե թարգմանել հայերեն:

-Շատ կան: Օրինակ՝ Ֆրեդերիկ Բեգբեդերը, ով մրցանակների է արժանացել, Ամելի Նոթոմբը, այլք: Կարելի է մի ամբողջ ցուցակ ներկայացնել: Ես ժամանակին նամակ գրեցի Գրահրատարակչության վարչության պետ, Գրողների միության ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, Մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանին, ասացի, որ պետք է թարգմանել համաշխարհային գրականության լավ գործերը, որպեսզի իմանանք, թե աշխարհում ինչ է կատարվում, ոչ թե միայն մեր գրողների գործերը կարդանք: Ներկայացրել էի Ամելի Նոթոմբին, իրենք ասացին, որ չեն ճանաչում, ի՞նչ կարիք կա թարգմանելու, թող Ալբեր Քամյուի ստեղծագործությունները թարգմանվեն: Հետո պարզվեց, որ Ա. Քամյուն էլ պետք չէ: Հիմա շատ են կապերը արտերկրի հետ, մտավորականները, գրողները կազմակերպում են հանդիպումներ, քննարկումներ: Ցավոք, ես առողջական խնդիրների պատճառով չեմ կաողանում մասնակցել այդ քննարկումներին:

-Իսկ հետաքրքրվո՞ւմ եք, թե ովքեր են Ձեր ընթերցողները:

-Ես հենց սոցիալական ցանցերի արձագանքներից տեսնում եմ, թե ովքեր են հետաքրքրվում և ընթերցում ժամանակակից արտասահմանյան գրականությունը: Մեջբերումներ են անում, օրինակ, Ա. Քամյուի գրքերից և ջերմ խոսքեր ուղղում ինձ՝ որպես թարգմանչի: Իմ ուսանողներն են ընթերցում ու ծանոթանում: Ես Քամյուի երեք հատորը ներկայացրեցի, որպեսզի ֆինանսավորեն թարգմանության համար: Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովը մերժեց: Այն ժամանակ ասել էին, որ Քամյուի գործերը ներկայացնեմ, որպեսզի տպագրեն: Եկավ պահը, զանգեցի, ասացին, որ Քամյու պետք չէ իրենց, որովհետև արդեն տպագրվել է: Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանն ասել էր, որ մենք ունենք Քամյուի թարգմանությունները, և, որպես օրինակ, բերել էր տարիներ առաջ, «Ապոլոն» հրատարակչության տպագրած «Սիզիփոսի առասպելը»: Մինչդեռ՝ Ա. Քամյուի ստեղծագործություններից մի ստվար հատված չունենք թարգմանված: Հենց թեկուզ՝ «Ընդվզող մարդը», որն արժեքավոր ստեղծագործություն է:

-«Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը մի անգամ մեր զրույցի ժամանակ նշեց, որ մենք այսօր չունենք փիլիսոփայության, կրոնի, գիտության առանձին ճյուղերի, արվեստի ոլորտներում մասնագիտացած թարգմանիչներ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք այդ բացը լրացնելու համար:

-Ունենք լավ թարգմանիչներ: Ամբողջ խնդիրը ֆինանսավորումն է: Օրինակ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ֆինանսավորում է այն թարգմանությունները, որոնք իրենց հետաքրքրում են: Կա նաև հարցի մյուս կողմը: Փիլիսոփայական, արվեստին, գիտությանը վերաբերող թարգմանական գրականությունը ո՞վ է գնելու, ո՞վ է լինելու նրա սպառողը: Օրինակ, ես ֆրանսերենից թարգմանել և հրատարակել եմ Ա. Քամյուի «Ժանտախտը» վեպը: Այդ վեպը ժամանակին թարգմանել էր Գրիգոր Քեշիշյանը, որը տպագրվել էր սևագիր տարբերակից և կարելի է ասել, որ խոտան էր: Առ այսօր մեր ընթերցողը հայերեն «Ժանտախտ»-ին ծանոթացել է «Ապոլոն» հրատարակչության՝ ժամանակին լույս ընծայած այդ գրքից: Այդ գիրքը վաճառվում է «Բուկինիստ»-ում, 350 դրամով, մարդիկ էլ նախընտրում են գնել այն և ոչ թե իմ թարգմանած «Ժանտախտ»-ը, որն արժե 4000 դրամ:

Թարգմանաբանությունն էլ նրա համար է, որ ուսումնասիրի և քննի, թե որոնք են լավ թարգմանությունները, կարողանա դրանք արժևորել: Կան չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս օբեյկտիվորեն գնահատելու՝ դա լա՞վ թարգմանություն է, թե՞ վատ, որպեսզի յուրաքանչյուր թարգմանիչ իր գործը չհամարի ամենալավը:

Մեր ամենալավ թարգմանաբանը Արման Նազարյանն էր, շատ մեծ գործ արեց: Մինչև հիմա էլ շատերը թարգմանությունը համարում են գրականագիտության մի ճյուղը: Թարգմանաբանությունը թարգմանության տեսությունն է, և ուսանողները, գիտնականները շատ բան ունեն անելու այս ոլորտում:

Այսօր նույնիսկ Եվրախորհրդում և Եվրամիությունում կան հստակ չափանիշներ, համաձայն որոնց՝ թարգմանիչներին ընդունում են այնտեղ աշխատանքի:

Թարգմանությունը, կարծում եմ, պետք է կատարվի այնպիսի որակով, որ ոչ միայն այսօր ընթերցվի, այլև՝ հարյուր տարի հետո:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ