Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արագ զարգացող աշխարհում դանդաղ քայլելը վնաս է

Արագ զարգացող աշխարհում դանդաղ քայլելը վնաս է
24.10.2013 | 16:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սկզբից մինչև վերջ համակ ուշադրությամբ լսեց ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական Պյոտր Շչեդրովիցկու զեկույցը և ոչ միայն լսեց, այլև առաջինը հարցեր ուղղեց նրան։ «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցին ներկա էին նաև էկոնոմիկայի, ֆինանսների փոխնախարարները, ֆինանսական կազմակերպությունների, միությունների, ինչպես նաև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կազմակերպությունների ղեկավարներ։ Ռուս գիտնականի հետ հանդիպումը կազմակերպել էր «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամը` «Հայաստանը որպես իրականացնող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակներում։ Եվ այսպես, Պյոտր Շչեդրովիցկու բերանից լսեցինք համաշխարհային տնտեսությունում զարգացման միտումների, ռոբոտացման, այսինքն` բարձր տեխնոլոգիաների կիրառման նվաճումների մասին։ Մի խոսքով, պարզվեց, որ արագ զարգացող աշխարհում դանդաղ քայլելը վնաս է։ Թեև այս պարզ ճշմարտությունը բոլորին է հայտնի, բայց այսօրվա տնտեսության համաշխարհային զարգացումներից հետ չմնալու առումով այս զեկույցը շատ հետաքրքիր էր։ Ինչևէ, մեզ հետաքրքրող հարցերի շուրջ ՊՅՈՏՐ ՇՉԵԴՐՈՎԻՑԿՈՒ տեսակետը փորձեցինք ճշտել ճեպազրույցով։

-Դասախոսության ժամանակ ասացիք, որ տարիներ առաջ ուսանողների հետ զրույցում կանխատեսել եք, որ 2008-ին կլինի գլոբալ տնտեսական ճգնաժամ։ Այդպիսի մի «պատահականությամբ» էլ խնդրում եմ կանխատեսեք ճգնաժամի երկրորդ ալիքի ժամկետը, ինչի մասին խոսում է աշխարհը։
-Այսպես կասեի. դա ոչ թե գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքն է լինելու, այլ նույն ճգնաժամի շարունակությունը։ Կարծում եմ` ճգնաժամի ակտիվությունը կպահպանվի մինչև 2018 թվականը, իսկ դրանից դուրս գալը` ավելի ուշ։
-ՀՀ իշխանությունները և որոշ տնտեսագետներ համոզված են, որ Հայաստանը արդեն հաղթահարել է ճգնաժամը։ Դուք ի՞նչ եք կարծում։
-Հայաստանի տնտեսության մասին ոչինչ չգիտեմ և այս առումով հստակ որևէ բան ասել չեմ կարող։ Միևնույն ժամանակ, նման տեսակետը հնարավոր համարում եմ, քանի որ Հայաստանի տնտեսության մեջ բաղադրիչները քիչ են։ Չեմ ուզում ասել, թե դրանք հասարակ են, ուղղակի ավելի լոկալ մակարդակի են, ուստի ավելի հեշտ են խոշոր փոփոխությունների ազդեցությունը հաղթահարում։ Որքան տնտեսության մեջ շատ ու բազմազան են լինում ոլորտները, զբաղվածության մակարդակը, այդքան դժվար է նոր համակարգում իր տեղը գտնում տնտեսությունը։ Դրա համար գուցե Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, չեմ կարող ասել։
-Ասացիք, որ ճգնաժամի երկրորդ ալիք չկա, կա առաջինի շարունակություն։ Այդ դեպքում ինչո՞ւ են միջազգային փորձագետները խոսում երկրորդ ալիքի մասին։
-Ճգնաժամի ծագման, բնույթի շուրջ կարծիքները շատ են և տարբեր։ Դրանով են պայմանավորված այդպիսի կանխատեսումներն ու գնահատականները։
-Ինչո՞ւ առաջացավ ճգնաժամը։
-Կարծում եմ` սա առաջին հերթին հին ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ազդեցությունն է։ Հիշենք 19-րդ դարի վերջի տնտեսական ճգնաժամը, երբ համաշխարհային տնտեսությունում արդյունաբերության զարգացումը գերիշխեց ավանդական գործընթացների նկատմամբ։ Այժմ նույն բանն է` ինովացիոն տեղաշարժ է կատարվում, և ճգնաժամը պայմանավորված է լինելու նոր տեխնոլոգիական լուծումների փաթեթներով։
-Եվ վերջին հարցը, որը կապ չունի տնտեսության հետ։ Այլ երկրներում, երբ հանդես եք գալիս դասախոսություններով, տվյալ երկրի վարչապետը ներկա՞ է լինում սկզբից մինչև վերջ և հարցեր ուղղում Ձեզ։
-Այնպիսի հարց եք տալիս... Կասեի էսպես. այդ առումով Հայաստանը եզակի դեպքը չէ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ