Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ՄՄ մտնելով մենք կանխում ենք տարածաշրջանում հավասարակշռության հնարավոր խախտումները»

«ՄՄ մտնելով մենք կանխում ենք տարածաշրջանում հավասարակշռության հնարավոր խախտումները»
19.10.2013 | 11:35

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

-Սեպտեմբերից մինչև հիմա Մաքսային միությանը կամ Եվրամիությանն ասոցացման վերաբերյալ քննարկումները Ձեզ բավարարո՞ւմ են իրենց որակով:
-Քննարկումները եղել և շարունակվում են շահագրգիռ շրջանակներում, բայց այսօր զուգահեռ գործընթացների ժամանակաշրջանն է, երբ ակտիվանում են գործնական քայլերը` Մաքսային միությանն անդամակցելու հաջորդական գործողությունների իրականացման, համապատասխան փաստաթղթեր պատրաստելու, բանակցային գործընթացները կազմակերպելու իրավասու մարմիններ ձևավորելու շրջանակներում: Զուգահեռ նաև փորձ է արվում պահպանել աշխատանքների ամբողջ ծավալը և ձեռքբերումները, որոնք ունեցել ենք Արևելյան գործընկերության շրջանակներում` եվրոպական մերձեցման քաղաքականության ուղղությամբ: Թե ինչպիսին կլինի ընթացքը, միայն Հայաստանի կամքից չի կախված` մեր գործընկերների տեսակետները ևս կարևոր նշանակություն ունեն:
-Ձեր կարծիքով` ՄՄ-ի ընտրությունը զուտ տնտեսակա՞ն շահ էր հետապնդում, թե՞ արժեքահամակարգային էր:
-Արժեքահամակարգային բաղադրիչը ՄՄ-ի շրջանակներում, իհարկե, կա, բայց դա չէ ՄՄ անդամներին կապակցող օղակը. փոխկապակցվածությունը պայմանավորում են տնտեսական, էներգետիկ, անվտանգության ապահովման խնդիրները: Եթե «հայացք Երևանից» ձևաչափով նայենք, ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտություն են համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում` տարածաշրջանում անվտանգության ապահովման համար բավարար ռեսուրսների ներգրավումը, հայ-ռուսական համագործակցությունը, որ, անկախ որևէ ձևաչափից, միշտ կայուն է եղել ու լինելու է, տնտեսական փոխշահավետ ինտեգրումը և նոր շուկաներում հայ տնտեսավարողների ազատ ներգրավումը, էներգետիկ անվտանգության խնդիրները` ավելի էժան և ավելի մատչելի էներգառեսուրսներ ունենալու և զարգացնելու հեռանկարները, կոմունիկացիոն հեռանկարները, որոնք ավելի մատչելի և շահավետ կդարձնեն տնտեսական փոխադրումները: Արժեքային համակարգի առումով մենք բազմաթիվ թելերով կապված ենք աշխարհի տարբեր քաղաքակրթական չափումների հետ` նկատի ունեմ մեր բազմահազարանոց սփյուռքը տարբեր երկրներում, այդ թվում նաև մահմեդական: Արժեքային և դավանաբանական առումով մեր հիմնական ընդհանրությունները Եվրամիության հետ են` քրիստոնեական արժեքների վրա կառուցված մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարության ձևերի, անհատի սոցիալականացման, պետություն-անձ հարաբերությունների կառուցման գործուն մեխանիզմների, արդարադատության կիրառման և շատ այլ մոդելներով, բնականաբար, մենք փորձելու ենք զարգացնել կապերը ԵՄ-ի հետ և ապահովել մեր տեղն ու դերը եվրոպական միասնական ընտանիքում երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևով:
-Մտավախություն չի՞ հարուցում, որ ՄՄ-ն որպես քաղաքական, տնտեսական կառույց դեռ կայացած չէ, խնդիրներ կան ռուս-բելառուսական հարաբերություններում, Ղազախստանը հանրաքվե է ուզում անցկացնել, ՈՒկրաինան գնում է դեպի ԵՄ:
-Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, աշխարհաքաղաքական գործընթացներն առավել քան դինամիկ են, աշխարհում գոյություն չունի պետությունների որևէ միջազգային միավորում, որտեղ չլինեն ներքին խնդիրներ, հակասություններ, դա նորմալ, ներհամակարգային գործընթաց է: Բնականաբար, ՄՄ-ն ևս ներսում ունի խնդիրներ, այդ խնդիրներն են հենց պետություններին մղում համագործակցելու, բանակցելու, քննարկելու: Նմանատիպ խնդիրներ կան և ԵՄ-ում, ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում: Հայաստանը փոքր պետություն է, և մեզ համար արտաքին հարաբերությունները էական են մեր շահերը պաշտպանելու դիտանկյունից: Այդ հարաբերությունները պետք է կարողանանք զարգացնել և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերով: Եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ այս համակարգում խնդիրներ կան, ուրեմն պետք է խուսափենք, ճիշտ չի լինի: Հաշվի առնելով բոլոր գործոններն ու սպառնալիքները, հակասությունները, առավելությունները` պետք է կարողանանք մեր շահերը համադրել:
-Մեր շահերն ինչպե՞ս ենք համադրելու Եվրամիությանն ասոցացվող Վրաստանի և մեր` ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենալու հանգամանքի հետ:
-Վրաստանը և Հայաստանը շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ և համագործակցությամբ: Վրաստանի հետ մենք ունենք երկարատև բարեկամական հարաբերություններ և համագործակցություն տարբեր ոլորտներում: Վրաստանի ընտրությունը դեպի ԵՄ չի կարող խոչընդոտ լինել Հայաստանի բազմակողմ հարաբերություններին: Չեմ կարծում, որ զուտ տեխնիկական կամ կանոնակարգային հարաբերություններում խնդրահարույց հարցեր լինեն:
-Հայաստանը ի՞նչ տարիֆներով է մաքսատուրք վճարելու:
-Այդ հարցին այսօր դեռևս ստույգ պատասխանել դժվար է. բնականաբար մեր մաքսային քաղաքականությունը ներդաշնակ է լինելու ՄՄ անդամ երկրների քաղաքականությանը: Հետևաբար հայ-վրացական մաքսային հարաբերությունները պետք է կառուցվեն այնպես, որ տեղավորվեն ընդհանուր տրամաբանության մեջ: Աշխարհը չի բաժանվում երկու միմյանց հետ չհաղորդակցվող շրջանակների` սա պետք է նկատի ունենալ, գոյություն ունեն բազմաթիվ մեխանիզմներ, բնականաբար, մենք փորձելու ենք փոխշահավետ լուծումներ գտնել:
-Եթե Հայաստանը անվտանգության նկատառումներով գնում է ՄՄ` գտնվելով ՀԱՊԿ համակարգում, վտանգ չե՞ք տեսնում, երբ ՀԱՊԿ անդամները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղազախստանի նախագահը առարկում է, որ Հայաստանը ՄՄ մտնի Ղարաբաղի հետ:
-Ղազախստանի այդ մոտեցումը հենց վկայում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացներում ընդգծված կարևորում ու պաշտպանում է իր շահերը: Եթե որոշ դեպքերում Ղազախստանը պաշտպանում է Ադրբեջանի շահերը, դա պետք է ընդունել ի գիտություն, ցանկացած հարթակում մենք պետք է կարողանանք տարանջատել գոյություն ունեցող բաղադրիչները: Մենք անկախ ամեն ինչից միշտ արդյունավետ ենք համարել անդամակցությունը ՀԱՊԿ-ին ու մասնակցությունը համակարգի գործունեությանը:
-Նույնիսկ այն պարագայում, որ Ռուսաստանը միլիարդների զենք է վաճառում Ադրբեջանի՞ն:
-ՌԴ փոխկապակցվածությունը Հարավային Կովկասի հետ աշխարհաքաղաքական բաղադրիչ է և ավելի ծանրակշիռ է, քան տարածաշրջանի մյուս երկրների փոխհարաբերությունները: Մենք պետք է հավասարակշռությունը կարողանանք պահել, դրա դրսևորումներից մեկն էլ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումն է. ՄՄ մտնելով մենք կանխում ենք տարածաշրջանում հավասարակշռության հնարավոր խախտումները` քաղաքական աջակցությունների, անվտանգության, տնտեսական շահերի: Նման խնդիրներ ունենք նաև ԵՄ անդամ երկրների հետ: Կան երկրներ, որ շատ ակտիվ պաշտպանում են Ադրբեջանի շահերը, որովհետև ունեն ֆինանսական, նավթային և գազային տնտեսական հետաքրքրություններ: Հայաստանի քաղաքականության ամբողջ հմայքը հնարավորինս քիչ ռեսուրսներով հնարավորինս մեծ արդյունքների հասնելու մեջ է:
-Այս ընթացքում ռուս փորձագետները նշեցին, որ Հայաստանը ՄՄ մղելով` Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ի մուտքը: Այդպե՞ս է:
-Փորձագետների խնդիրը քննարկման բազմազանության ապահովումն է, որի մեջ ճշմարտության տարրեր կարող են լինել, կարող են չլինել: ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը ՄՄ մտնելով չի դադարում: Քաղաքական բաղադրիչով և այն խնդիրների մեծ մասով, որոնք փորձում ենք ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում լուծել, հետաքրքրված է և ՆԱՏՕ-ն, ու դա գաղտնիք չէ:
-Ստացվում է` քաղաքական խնդիրները Հայաստանն ուզում է լուծել ԵՄ-ի հետ, անվտանգությունը` ՄՄ-ի, բայց քանի դեռ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները առանձնապես բարեկամական չեն, Հայաստանը չի կարող ասոցացվել ԵՄ-ին, եթե իրավիճակը ոչ դիվանագիտական լեզվի թարգմանենք:
-ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում տարբեր ծրագրերի հետ մեկտեղ մենք խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում, և դա կիրառական նշանակություն ունի: Սակայն մեր ռազմաքաղաքական համագործակցության ու անվտանգության ապահովման առանցքը եղել ու մնում է ՀԱՊԿ-ը: Հայաստանը ամենաշահագրգիռ պետություններից մեկն է ՀԱՊԿ-ի զարգացման, բայց դա երբեք չի կաշկանդել Հայաստանին համագործակցել նաև ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը կապեր ունի ինչպես դաշինքի, այնպես էլ դաշինքի անդամ պետությունների հետ, վերջերս խորհրդարանը վավերացրեց Իտալիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրը, այսինքն` մեր ձեռքերը կաշկանդված չեն: ՀՀ քաղաքականությունը կարող է կաշկանդել սեփական շահերի վտանգվածությունը միայն:
-Անդամակցելով ՄՄ-ին և ստանձնելով որոշակի պարտավորություններ, մենք չե՞նք կաշկանդում մեր քաղաքականությունը:
-Բնականաբար, մենք ստանձնում ենք պարտավորություններ և որոշակի լիազորություններ փոխանցում ենք վերազգային մարմին, բայց դրանք հիմնականում տնտեսական են: Նույնը նաև ԵՄ-ի հետ խոր և համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրի դեպքում է: Մեզ համար ամենամեծ վտանգը մեկ հարթության վրա բոլոր շահերը տեղավորելն է: Որքան էլ անհնար թվա, որքան էլ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ տարակուսեն, մենք ենք մեր ճակատագիրը կերտում և պետք է պահանջենք, որ մեր գործընկերները հարգանքով վերաբերվեն մեր շահերին, որ բխում են մեր պետության անվտանգության և զարգացման նկատառումներից:
-ԵՄ շուկան ավելի մեծ հնարավորություններ ունի, Ռուսաստանն ինքն էլ ընդունում է իր տեխնոլոգիական հետամնացությունը Արևմուտքից, ժողովրդավարության զարգացման տեսակետից` առավել ևս, բոլոր չափորոշիչներով մենք ընտրում ենք ավելի թույլը, հետամնացը և նվազ հեռանկարայինը, ինչո՞ւ, այդքա՞ն են մեր հնարավորությունները:
-Մենք ելնում ենք մեր պետության բազմակողմանի անվտանգության նկատառումներից: ՌԴ տնտեսությունը բավականին ակտիվ վերելք է ապրում, ՌԴ-ն ևս շահագրգիռ համագործակցում է արևմտյան էկոնոմիկայի հետ, այդ թվում՝ տեխնոլոգիաների առումով:
-Այդ դեպքում ի՞նչ անմիջական սպառնալիքներ կան մեզ համար:
-Այն իրավիճակը, որում գտնվում ենք: Մեր որոշ հարևաններ, փակ սահմանները, խնդրահարույց տարածաշրջանը, որտեղ տարատեսակ պրոբլեմներ կան: Որևէ մեկը մեզ չի համոզել, խնդրել կամ պարտադրել, մենք ելնում ենք այն իրավիճակից, որում գտնվում է մեր պետությունը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում: Յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շուրջը գոյություն ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով, այսօր մեզ համար գերխնդիր է անվտանգությունը, ինչպես գերխնդիր են Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, արտահանման և ներմուծման հնարավորությունների ապահովումը, ներդրումների ներգրավումը: Եթե խոսենք մաթեմատիկայի լեզվով, որ աշխարհում ամենակարճ լեզուն է, սա մեկ անհայտով հավասարում չէ, որը լուծելով քաղաքական որևէ գործիչ կարող է ասել` ճիշտը ՄՄ-ն է, իսկ մյուսը կարող է եզրակացնել, որ ճիշտը ԵՄ-ն է: Բազմաթիվ անհայտներով տարբեր հավասարումներ կան, որոնք համակարգված լուծումներ են պահանջում:
-ԵՄ-ի հետ համագործակցություն սկսելիս այս ամենը չգիտեի՞նք:
-Ես չեմ կարծում, որ մենք սխալ ենք արել, հակառակը` Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում բանակցություններն ավելի են մոտեցրել մեզ ԵՄ-ին, փոխադարձաբար ավելի ճանաչելի և հասկանալի ենք դարձել, իրական է դարձել մեր ընթացիկ ու հետագա համագործակցությունը: Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու բազմաթիվ հնարավորություններ ենք ստացել` տարբեր մոդելների ներդրմամբ պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում: Մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ, ժողովրդավարության կայացման հարթությունը մեզ համար եվրոպական միասնական ընտանիքն է: Մենք «կամ-կամ»-ի խնդիր չենք դնում, Հայաստանին «կամ-կամ» «պարտադրողները» ավելի բարդ ու անելանելի վիճակ կստեղծեն: «Եվ-և»-ը նշանակում է ոչ թե երկու կողմեր, այլ տարբեր հնարավորությունների համադրում, որպեսզի անցանելի պահենք բոլոր կամուրջները և գործունակ` բոլոր հարաբերությունները:
-Ձեզ չի՞ թվում, որ որևէ միությանն անդամակցությունը, այնուամենայնիվ, չի լուծի այն խնդիրները, որ ներսում 20 տարի չենք կարողանում լուծել:
-Շատ հարցեր կախված են մեզնից, այո, կան խնդիրներ, որ աշխարհի ամենախոշոր միավորումներն էլ չեն կարող լուծել, եթե ինքը Հայաստանը չի ցանկանում լուծել: Մենք բազում հարցեր արդեն լուծել ենք, շատ խնդիրների լուծման ճանապարհին ենք` դանդաղ, բայց արդյունավետ: Այսօր ՀՀ-ն իր ժողովրդավարական ազատությունների ու իրավունքների տեսանկյունից հետխորհրդային տարածքում բարձր ցուցանիշներ ունի: Այլ հարց է, որ այդ ամենը պետք է զուգորդվի բավարար կենսամակարդակի ապահովմամբ և սոցիալական խնդիրների լուծմամբ, ինչի համարժեք հնարավորություններ մենք դեռևս չունենք:
-Ե՞րբ ենք խոսքային մակարդակից անցնելու գործնականին:
-Շատ խնդիրներ, որ կանխանշել էինք, արդեն լուծել ենք:
-Դիվերսիֆիկացրե՞լ ենք մեր տնտեսությունը:
-Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով որոշ բարեփոխումներ դանդաղեցին, որոշ բարեփոխումներ չունեցան ցանկալի արդյունք: Բարձր տեխնոլոգիաների, կառավարման ոլորտներում որոշակի առաջընթաց կա, բայց դժվար է ասել, որ դրանք հնարավորություն են տալու ինքնուրույն տնտեսություն զարգացնել: Օրինակ, քանի դեռ մեր հասարակությունում կան մարդիկ, որ կարծում են` պետությանը խաբելն օգուտ է, մեր հաջողությունները դանդաղելու են:
-Ինչո՞ւ:
-Տարբեր պատճառներով` սկսած կրթական ցենզից, գիտակցական մակարդակից մինչև աշխարհաքաղաքական համընդհանուր երևույթներ: Լավ քաղաքացին պայքարում է իր իրավունքների համար, չի ընկրկում դժվարություններից, բանակից չի փախչում, չի ընդունվում բուհ, որպեսզի չսովորի, կատարում է իր պարտականությունները:
-Ո՞րն է լավ պետությունը:
-Լավ պետությունը կարողանում է և՛ խրախուսման, և՛ պատժի մեխանիզմները ճիշտ գործադրել, պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, հնարավորություն է տալիս, որ հասարակության բոլոր բաղկացուցիչ մասերը ներդաշնակ զարգանան, ճիշտ է կատարում իր գործառույթները արտաքին և ներքին քաղաքականության մեջ: Ամենակարևորը` լավ պետությունը ազգային պետությունն է իր բոլոր խնդիրներով հանդերձ:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք է, որ հանդիպեն լավ քաղաքացին և լավ պետությունը:
-Ես չգիտեմ պետություն, որի քաղաքացիները վատն են: Ես համոզված եմ, որ մեր պետությունը լավ պետություն է հենց միայն նրա համար, որ մերն է:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ